ԿԱՐԿՏԱԲԵՐ ԱՄՊԵՐ / Վահան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

«Ձագ ջան, պուտըմ կյանք է,

համով ապրեցեք»:

Մորս խոսքերից:

 

Տարին անցավ մեկ լույս, մեկ մառախուղ հոլովույթում, ու մեր ներսի տերևաթափ գլխավերևում ծիածանն իր կամարը այդպես էլ չկապեց:

Սիրեցինք, ատեցինք, մեր հոգու խորքում ինքներս մեզ հետ երբեմն հաշտ, երբեմն անհաշտ ալեկոծվեցինք, դարձյալ խաղաղվեցինք ու, կարծես թե, վերջնականապես հասկացանք, որ եկել է պահը, որ մենք, մեր հավաքական մտքի զորությանն ապավինելով, մեզանից ավելի խոհեմ ու մեզանից ավելի իմաստուն լինենք, որպեսզի ծոցում պահելու չափ մեր երկիրը մեզանով ջերմանա ու մեզ ջերմացնի: Լավաշի համով ու լավաշի բույրով մեր երկիրը, մեզ կյանք ու արև պարգևած մեր հնամենի երկիրը: Նահանջի մամռակալած արահետների տառապանքն այլևս ծրարված համարելով՝ ինքներս մեր մեջ խոհեմաբար արձանագրեցինք, որ եկել է սեփական չկամության կազմաբանությունը փշրելու, սեփական ես-ի գիշատիչ քմահաճույքին չտրվելու դժվարագույն պահը, ինքներս մեզ վեհացնելու, Աստծո  և մարդկանց  աչքին ինքներս  մեզ  պանծացնելու բարենպաստ  պահը, որովհետև դա և միայն դա է հոգու երանությունը, երկիրը երկիր և մարդուն մարդ պահելու երանությունը: Բայց չէ՜, թանի մեջ ընկած ճանճը միշտ ու ամեն պահի է հարամում: Դու հենց այդ ճանճի կերպի մեջ էիր, տղա, ճանճի բնազդով ու ճանճի աներես համառությամբ դու ապականեցիր ու հարամեցիր գեղեցիկը, վեհը, Աստվածայինը… Աշխարհն էլ քանդվի՝ դու անդրդվելի ես, լծից փախչող եզան պես քո խոտոր վարքի տարուբեր խորքում դիվոտում ու համերաշխության սպիտակ երեսը սևով ես ներկում: Քո տան պատուհանից աշխարհին նայում ու իմ ծանր խոսքն ու մտահոգությունը քամահրանքով անտեսում, քամուն ես տալիս: Վանքի նկարի պես անմեղ նայում ես, բայց աչքերիդ խորքում օձի նենգությունը սարդոստայն է կապել, չես թաքցնի, տղա: Քեզ եմ ասում, բայց դու միայն դու չես, դու տեսակ ես, քեզ նման հազարից մեկը: Ու իմ խոսքը հիմա քո և քո տեսակի մասին է: Քեզ ասեմ՝ թող քեզ նման հազարը լսեն: Երևի թե լսում են: Եթե չեն ծամում, ուրեմն, լսում են. ծամելը նրանց  մտքի ընդգծված բաղադրիչն է: Դու ոչ դիմություն ես, ոչ ընդդիմություն, ոչ խիղճ ունես, ոչ սրբություն, միտքն ու գաղափարը դեռ մանկապարտեզից մերժել, ինքդ սովորելու մեջ անընդունակ՝ ուրիշներին ես սովորեցնում… Դրա համար էլ ասում եմ, որ դու հատո՜ւկ տեսակ ես՝ հարուստ ու տգետ, օրենքի ուժն անտեսող ու ուժի օրենքը փառաբանող, ուտող ու չկշտացող, ուտող ու ուրացող, լեզվով օրհնող ու սրտով անիծող, խղճակեր ու խեղճակեր, որ նախ քո խիղճն ես լափում, հետո ընկնում ես խեղճերի ջանին… Հայրերից խլում ու որդիներին սարսափի մեջ ես պահում: Դալար մտքի զորավոր փայլատակումը դու քո տեսակի ոհմակով հենց բնի մեջ խեղդեցիք ու  ագռավակերպ ձեր ճտին կառավար կարգեցիք նրանց անպաշտպան գլխին. խավարասերի արթուն բնազդ էր՝ վախենում էիք՝ նրանց պայծառ մտքի առկայծումից ձեր խավար աչքը ավելի խավարեր: Էդպես՝ տիեզերական թափի զորավոր տղերքին անզոր դարձրիք ու սանձը տվիք փողի ձեռքը: Ու փողը հռչակեցիք հայրենիք: Քո և քո տեսակին բանաստեղծը ուղնուծուծով էր ճանաչել. «Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում, մարդ կա` ելել է շալակն աշխարհի»: Դու այդ շալակի բեռն էիր: Թշնամի ասենք, ոսոխ ասենք, յաթաղանի սարսափ ասենք թե բռնակալ վայրենի, նրանց մեջ ու նրանցից առավել սարսափելին դու ես, որ քաղցկեղի պես չանչավորվել ու երկրի հյութը քամում, ցամաքացնում ես: Ինքդ լափում, ուրիշից պահանջում ես: Աղբյուրի ակին չոքած հեքիաթի յոթգլխանի վիշապի պես: Ու մեկ-մեկ էլ թատրոն ես խաղում. չոփը տալիս ու գերանի թամաշա ես սարքում: Ու անունը դնում՝ բարեգործություն: Եղել էին, չէ՞, բարեգործներ Մանթաշով ու Արամյանց էին եղել, որ Հայոց հանճարը սատարող, Հայոց լուսավոր մտքին թևութիկունք էին եղել: Հայոց զորավոր մտքի հարատևության ջանքի վրա մոմի պես վառվել ու հալվել էին: Ու դուք ձեր «բարեգործ» վարքով պղծեցիք նրանց անունն ու հիշատակը: Էսքան մեղքը շալակած` դու ո՜նց ես ապրում, տղա: Քիչ մնաց ասեի՝ երանի՜ քեզ: Իսկ իրականում՝ ոչ երանի քեզ, քանզի էս  արևալույս ու պայծառ, իր խելքի ձեռը կրակն ընկած աշխարհում միտքդ դեռ խավարի զնդանում է. անմեղսունակության զրահով պաշտպանված ու մոգության կախարդանքով հմայված՝ ինքդ քեզ խաբում ու չես էլ գիտակցում, որ քո տեսակի համար աղքատ երկրում հարուստ լինելը մեղք է, որովհետև էդ հարստության վրայից թալանի գարշահոտություն է փչում… Իսկ իրականությունն այն է, որ եթե խելք ու շնորհքով չես հարստացել, ուրեմն, ձեռքդ օտար արգելվածին ես մեկնել ու աչքդ ու ականջդ փակ ես պահել խղճիդ առաջ: Ու բնազդիդ քմահաճույքը հուշում է դարձել այլոց համար՝ աղքատ երկրում հարուստ լինելու համար պիտի որ քո մեջ բնավորված անասունը միշտ արթուն լինի… Բայց դու անհաղորդ ես էդ տեսակ նրբություններին, քո մտքի ու խղճի վրա ընկալման գալարը ջնջված է, չկա: Փոխարենը ապրելու դասը գերազա՜նց ես սերտել. կրծքիդ տակ մարմրող ես-դ խնամքով փոշիացնում ու քո ծպտյալ տիրոջ ես-ի  թաթի  տակ  վառեկի պես  ճկռում ես: Հենց քո  բանաձևումով.      ուժեղին՝ փառաբանում, թույլին՝ խոստում: Էս է՞ քո ապրածն ու վայելածը, տղա, դու սրանից ե՞ս գոհ: Ես ասեմ՝ դու պատկերացրու. գոմաղբի գլխին աճած սիրուն կակաչ՝ մի օր քամին կխփի, թերթիկդ կտանի: Վերջ: Մութ ու խավար: Քո բաժին հեքիաթն էլ կավարտվի, ու երկնքից երեք խնձոր չի ընկնի,  որովհետև   հեքիաթի   խնձորները   գլխանց   էիր  լափել: Էս է:    Շախմատի խաղ. խաղավերջում արքային  ու զինվորին նույն տուփի մեջ են լցնում: Էս է: Մեր ծանր, հոգեմաշ նեղությանը դուք հասու չեղաք, ու տառապանքի դուռը կիսաբաց թողիք մեր մոլորված ու շվար վիճակի առաջ: Ու մեր անելանելի վիճակը ձեզ կատաղեցրեց: Չէ, մերը ապրուստի բողոք չի, տղա, մերը նամուս թասիբի բողոք է, մեր տեսակը արևի տակ ու Հայոց աշխարհում ձեզանից զերծ պահելու բողոք է: Բայց դուք բողոքներն իրարից զատել չկարողանալով ու մեզ ընդհանրապես բողոքավոր կարծելով՝ մեր բերանը փակեցիք, թե՝ «Զահլեքս տարաք, թողեք մարդավարի ապրենք, էլի: Պարապ խոսքը անգործ մարդու զբաղմունք է, իշխանության ձգտեք, իշխանություն  ունեցեք ու գործ արեք, գո՜րծ…»: Ապրելու սկզբունք է՝ իշխանության դրոշի տակ՝ ամառը՝ հով, ձմեռը՝ տաք: Միմյանցից իշխանություն խլելու ձեր այս պարզունակ թատրոնը թատրոն չէր  ու խեղկատակների թամաշա էր, որ դրսից  ձեզ ապականեց, ներսից՝ մեզ: Մեր կամքն ու կորովը լարելով՝ ձեզ հետ վիճեցինք, կռվեցինք, հաշտ ու անհաշտ   մեր էության  խորքում ջլատվեցինք, տեսանք՝ բան դուրս չի գալիս, քաշվեցինք պատյան: Գիտեինք, համոզվել էինք, որ եթե ցավը չի մեռցնում, ուժեղացնում է: Բայց մեր խոսքը պարապ խոսք չէր, տղա, մեր խոսքը ծանր ու արդար խոսք էր, որ երևի թե ձեզ էլ կապրեցներ, բայց դուք աշխարհի հետ ձեր պղտոր հաշիվներն ունեիք, դիզելով ապրելու ձեր անհագ  մոլուցքն  ուրիշ  տրամաբանությամբ ու ուրիշ  ուղեծրով  էր պտտվում: Դուք ձեր ճակատի Աստվածային գիրը ջնջել ու նոր գիր եք փորագրել՝ որտեղ հաց, այնտեղ կաց: Հանճարի միտքը ջնջել ու բանջարի անհոդաբաշխ զառանցանքն եք փառաբանել՝ թագավոր լինելուց լավ բան… Աշխարհի լուսավոր միտքը երկինք հասել ու երկնքի գաղտնիքներն է քրքրում-բացազատում, բայց դուք դեռ տգիտության մերանով եք չափակշռում ամեն ինչ ու ամեն բան, տգիտության չափակշիռը ձեր մեջ այնքա՜ն շատ է, որ անգամ չեք էլ գիտակցում, որ տգետ եք… Բայց, ցավոք, քո և քո տեսակի տգիտությունը իր խորքում զորություն ունի, ու հենց էդ զորությամբ է, որ էն խեղճուկրակ, ձեր ողորմածությանը հավերժ հպատակ, անհուսության տոլապն ընկած  ու  չգոյության  եզրին  հայտնված  մարդկանց կաշառելով, վախեցնելով, ստորացնելով՝ դարձնում եք հիշողությունը կորցրած մանկուրտ, որ ձեր հրահանգով սեփական հորն էլ կսպանի: Եվ զարմանալի չէ, որ նրանց բերանով տգիտությունը հաճախ այնպիսի՜ եռանդով է փառաբանվում, որ պարզապես վերածվում է  տգիտության տոնահանդեսի: Էդ ո՞ր մի քաղաքակիրթ երկրում է տգիտությունը փառաբանվում, տղա: Տգիտության դեմը խոնարհվող պատեհապաշտ ասենք, պնակալեզ ասենք, շահամոլ ու պիղծ հոգի ասենք, թե պարզապես անմեղսունակ ջրատար՝ էդ մարդու ուսերին երկրի հոգս չեն դնում, տղա, էդ երկիրը մեղք է, էդ երկիրը չի շենանա, ապրելու երկիր չի դառնա: Անհույս բան է: Կույր մոլորություն: Էդպես է՝ որտեղ փողի ու տգիտության համատեղում, էնտեղ այլասերում: Որտեղ այլասերում, էնտեղ լրբի ու սրբի փոխատեղում: Որտեղ լրբի ու սրբի փոխատեղում, էնտեղ փտախտ ու գարշահոտություն: Բայց մեր միտքն ու խոսքը աղերս չուներ ձեր խոտոր վարքի հետ, մեր խոսքը աղոթք դառնալու ճանապարհին գուցե թե արդեն աղոթք է դարձել, բայց քո և քո տեսակի մեջ քարացած  ժանգատիղմը մեր խոսքի դեմն առնում է՝ մեր ջուրը մեր առվով հոսում է, ձեր ի՞նչ գործն է, ի՞նչ եք ուզում մեզանից: Բան չենք ուզում, տղա, մենք ձեզանից սպասելիք չունենք, պարզապես հոգիներս է դառնանում, ասում ենք՝ գոնե աղոթքն ու անեծքն իրարից տարբերեք ու մարդկանց մի թունավորեք:

Բայց արի տգիտությանը իր տգիտության մեջ թողնենք ու մի քիչ հեռվից գանք, արի նախ քո անցյալին անդրադառնանք, քո սկիզբը վերհիշենք ու ճշմարտության դառնությունը անդիմակ ու բացապարզ ներկայացնենք: Նախնիներիդ հիշատակը  հարգելով՝ քեզ տոհմիկ տականք չասենք, բայց արի իրականությունից էլ շատ չհեռանանք ու  քեզ  չհիշեցնելով՝ հիշեցնենք. ի սկզբանե ոջլոտ էիր, քո  մարդկային   թերմացք  շաղախով, հոգով ու  մարմնով ոջիլների  կեր էիր, տառապանքի ճիրաններում ոջիլների վարքը մանրամասն ուսումնասիրեցիր, մակաբույծի նրանց արյունածուծ բնազդի ողջ կազմաբանությունը խորապես ընկալեցիր, ոջիլի անդարդ վարքը ինքդ քո մեջ փառաբանեցիր, և, ի վերջո, ինքդ դարձար ոջիլ: Փորձառության դասն ուսանելի էր. շատ արագ կերպափոխվեցիր ու դարձար գազան՝ ոջիլի ուղեղով ու գազանի վարքով: Ու ընկար երկրի ջանին: Արյունատար մի երակի վրա հիմնավորապես արմատակալեցիր ու աշխարհի տաք ու պաղին անհաղորդ՝ տրվեցիր որկրամոլության փափուկ  երանությանը: Ցերեկը երկրի արյունն էիր ծծում, գիշերը՝ կենացը խմում: Երկիր-Հայրենիքի կենացը: Իսկ ի՞նչ ասել է՝ հայրենիք: Ասացի՝ հայրենիք, ու անցած-գնացած մի հին պատկեր արթնացավ իմ մեջ. Օպերայի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքը հայրենասիրական մտքի հատուկ մի սևեռումով ինքն իր մեջ եռում-ալեկոծվում  էր: Համատարած ժխորի մեջ անհայտ ծագումով մի ցմփոր խոսափողը բերանին լալահառաչ ճառում էր: Ճերմակամորուք մի մարդ նրա օսլայված, արդուկած խոսքերից խիստ ազդվել, մենախոսության հանգով նրա ինքնությունը ժողովրդի աչքի առաջ ոչնչացնում էր. «Հայրենիք… Մեզ համար հողուջրի հավերժություն,  մանկան ճիչ ու երազանք, սեր ու գուրգուրանք, տքնանք ու տառապանք, հոգս ու ծափուծիծաղ, ձեզ համար՝ ծաղկած մարգագետին, կանաչ արոտավայր, մեկմեկու պոզահարելով անհագ երանությամբ արածեցիք ու թրքեցիք, ձեր թրիքով պարարտացվեցիք, զորեղացաք ու  փորձանք դառաք ազգի գլխին: Դու և քո տեսակը»: Էս էլ՝ քեզ գնահատական: Թե՞ դա քո մասին չէ, դա դու չէիր ու քո բնազդի բունկալում թուխս նստած էն աճպարար դիմակավորն էր, որ օրնիբուն կչկչում ու ճուտ չէր հանում: Բայց թատրոնի թամաշան մեջդ արթու՜ն էր, հայրենիք բառն արտաբերելիս խմիչքից զեղված աչքերդ ջրակալում, ու խոսքդ բերանիդ մեջ հուզախառն բեկբեկվում էր՝ հայրենի՜քս, հայրենիքիս համար կյանքս կտամ, իմ արև: Լո՞ւրջ: Կրկնվենք ու դարձյալ ասենք՝ հայրենիքի կյանքը հարամողը հայրենիքի համար կյանքը չի տա, տղա, քեզ մի խաբիր, դու հայրենիք չունես, քո և քո անհայրենիք տեսակի համար էս աշխարհն ընդամենը ախոռի երանություն է: Էությամբ՝ ախոռի, իսկ իրականում՝ կաղամբի խլությամբ ինքն իր մեջ կուլ գնացած, յոթնաշերտ պատերով պարսպապատված, քեզ աշխարհից ու աշխարհը քեզանից քողարկած դղյակի անթափանց  ու անհաղորդ առանձնություն: Մի հարցնողը լինի՝ երկրային քո դղյակը երկինք ե՞ս տանելու, տղա, քո երկրային դղյակը երկնքում էլ ե՞ս պատկերացնում, թե՞ քո թլպատված երևակայությամբ հավերժության ճտվտուն պատրանքը աչքիդ առաջ մի պահ իրականություն կարծեցիր: Բայց արի  երեխայի էն մաքուր հոգու Աստվածային դրախտում մի պահ մանկանանք, քեզ քո կուշտ աղետի մեջ թողնենք ու ականջիդ հենց երեխայի միամիտ անմիջականությամբ մի բան ասենք՝ դու երբևիցե որբ երեխայի աչքերի մեջ նայած կա՞ս, դու և քո տեսակը ձեր խրախճանքի բթամիտ թանձրույթում երբևիցե Խորենացուց, Նարեկացուց դաս առա՞ք, Թումանյանին, Կոմիտասին հիշեցի՞ք, Համբարձումյանի աստղերի լույսը նկատեցի՞ք, թե՞ ձերը միայն որոճալու երանությունն է: Աշուղի բերանով ասված խոսքը, թե՝ «Մեծամեծ մարդիկ հեռու են կանգնած, ասպարեզը համբակներուն են թողած», դու հեգնանքով քամահրեցիր. «Է՜, էդ երբ էր, հին հեքիաթ ես պատմում, ժամանակները հիմա փոխվել են, ու մեծամեծները վաղուց փոքրամեծ են դարձել»: Ու որձաձիու պես խրխնջացիր:

Չգիտեմ, քո տեսակին հասկանալը դժվար գործ է, բայց մի բան հաստատ գիտեմ՝ էս ջերմ ու պայծառ արևի տակ ամեն ոք ինքն է, ի վերջո, իր կյանքը պանծացնողն էլ, հարամողն էլ: Գնահատականն, իհարկե, վերջում Աստված է տալու, բայց իմ հորդորի վրա էլ ականջդ մի փակիր, տղա, քո փորացավը ինձ համար գլխացավ մի սարքիր, ու չափի չեկող քո վարքը իմ վզին մի փաթաթիր: Քո մարող օրերի հեքիաթը ինձ մի պատմիր, իմ կյանքի հեքիաթն ինձ բավական է: Երկնքից ընկնող երեք խնձորն էլ՝ վրադիր: Ունայնության քաջքաքամին քեզ (նաև՝ մեզ) իր շուրջպարի մեջ առել-պտտում է, իսկ դու՝ էշի ականջում քնա՜ծ… Չես էլ մտածում, որ հողի սև աչքը դիպվածի անակնկալով մի օր  քեզ (նաև՝ մեզ) իր կոպի տակ է առնելու, ծրարի, բայց դու դեռ քո ջահել օրերի անսանձ թափով  ու քո թերամիտ   խանդավառությամբ   ճախրում   ես   հավերժության տեսիլքներում, կարծում ես անցյալդ պիտի շրջվի ու ապագայիդ մեջ փռվի: Մեղք ես, տղա, ուշքի արի, թեպետ խրատ առնելու տարիքը վաղուց ես շրջանցել ու ինքդ ես դարձել խրատի քարոզիչ, բայց գոնե երբեմն մայրամուտի պաղ արևին նայիր ու ականջդ բաց պահիր, որ լսես երկնքից մաղվող հորդորը՝ Աստծո տաճարում ղումար չեն խաղում, մեղք է, աչքերդ կբռնի: Պուտըմ կյանք է, դարձի արի, տղա, հոգի ունես տալու…