Ալբերտո Մորատե. Ավանդույթի և ներկայի միջև-իսպանական գրականություն/ Աղավնի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Իմ զրուցակիցն է Ալբերտո Մորատեն՝ իսպանացի գրող, դրամատուրգ և թատերական քննադատ, պոեզիայի ժողովածուների հեղինակ, որոնցից են «Քարվանսարա», «Բանաստեղծների ընծան», «Հեռավորություններ և բացակայություններ», պիեսներ՝ «Թղթե ինքնաթիռը» «Ալյաբանություններ», «Վճարումը՝ ստացողի կողմից» և այլ գործեր։

 

  • Իսպանական գրականությունը շարունակում է մնալ և լինել ամենասիրված ու սպասվածներից: Ի՞նչ հիմնական գծեր կառանձնացնեք այսօր։ Ինչի՞ մասին են գրում ժամանակակից իսպանացի հեղինակները։

– Ինչպես յուրաքանչյուր արժեքավոր գրականության դեպքում, բնականաբար, թեմաները լայն են, բազմազան և շատ հետաքրքիր։ Առանձնացնեմ մասնավորապես այն թեմաները, որոնք ինձ անձամբ ավելի են գրավում, քանի որ հենց դրանք եմ կարդում։ Նախ և առաջ ես կարդում եմ պոեզիա՝ ցանկացած տեսակի՝ դասական, ժամանակակից, անցյալ դարի մեծ գրական հոսանքների պոեզիան և բոլոր ժամանակների պոեզիան։ Ինչ վերաբերում է արձակին, ապա կարելի է ասել, որ այսօր մեծ միտում կա գրելու պատմական հիշողության մասին, ինչը միշտ անհրաժեշտ է, ինչպես նաև հասարակական այն խնդիրների մասին, որոնք անհանգստացնում են բոլորին։ Շատ մեծ տարածում և հաջողություն են ձեռք բերել նաև պատմավեպն ու դետեկտիվ վեպը։ Անձամբ ես սիրում եմ նաև էսսեներ և կենսագրություններ կարդալ, որոնք ինձ մոտեցնում են տարբեր ոլորտների նշանավոր մարդկանց։

 

  • Բանաստեղծները միշտ եղել են առաջնագծում. բարձրաձայնել են խնդիրներ և իրենց խոսքը դարձրել պայքարի ու հասարակական կյանքին ներգրավվածության ձև։ Այսօր էլ Իսպանիայում կան հետաքրքիր ժամանակակից պոետներ, բայց տպավորություն է, որ բանաստեղծական խոսքն այլևս այնքան կարևոր կամ լսելի չէ, որքան նախկինում։ Գուցե ժամանակներն են այդպիսին, գուցե ես եմ սխալվում, բայց այդպիսի զգացողություն կա, նույնիսկ մի երկրում, որը Լորկայի, Մաչադոյի և Էռնանդեսի հայրենիքն է։ Համաձա՞յն եք այս տպավորությանը։ Ինչպե՞ս եք այսօր տեսնում պոեզիայի վիճակը։

– Ինձ թվում է՝ պոեզիան ոչ թե մահացել կամ լռել է, այլ` հակառակը՝ ավելի կենդանի է, քան երբևէ, և ավելի ու ավելի շատ մարդիկ են գրում պոեզիա ու համարձակվում իրենց զգացմունքներն ու փորձառությունները արտահայտել բանաստեղծությամբ։ Կուզեի, որ նույնը լիներ նաև ընթերցանության մակարդակում։ Եթե Լոպե դե Վեգայի, Բեկկերի, Մաչադոյի, Լորկայի, Միգել Էռնանդեսի կամ Անխել Գոնսալեսի պես պոետներ տված երկրում երբեմն լսելի չէ բանաստեղծն ու նրա խոսքը, ապա, իմ կարծիքով, դա պայմանավորված է սոցիալական ցանցերով լեցուն իրականության մեջ ուշադրության մասնատմամբ, հաղորդագրությունների ակնթարթայնությամբ ու անցողիկությամբ, նաև քաղաքական հարմարվողականությամբ և այն ցավալի մտայնությամբ, թե պոեզիան միայն մտավորականների համար է, դժվար հասկանալի է և չի հասնում լայն հասարակությանը։ Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է։

 

  • Թատրոնը շարունակում է ապրել, և նոր պիեսներ են գրվում։ Ինչպե՞ս է թատրոնը դիմանում այսօրվա մշակութային մրցակցությանը։ Ձեր դիտած կամ բեմադրած ո՞ր գործերն եք համարում առավել կարևոր, և արդյոք դրանք դիպե՞լ են հանդիսատեսի սրտին ու երկխոսել նրա հետ։

– Թատրոնը մեծ հաղորդակցական, մշակութային և գեղարվեստական ուժ է ձեռք բերել հենց տեխնոլոգիայի և վիրտուալի հակադրության շնորհիվ։ Թատրոն գնալը և դերասանների կենդանի խաղը տեսնելը, պատմությունները նրանցից անմիջապես լսելը, այդ կենդանի էներգիան զգալը թատրոնը դարձնում է յուրահատուկ և անհրաժեշտ՝ մեդիական այս աղմուկից դուրս գալու համար։ Բացի այդ, բեմական լեզվի առավելությունն այն է, որ այն կարող է իր օգտին ծառայեցնել այդ բոլոր տեխնիկաներն ու դրանք միավորել մեկ ներկայացման մեջ։ Այսպես՝ կարելի է օգտվել տեսալսողական միջոցներից, որոնք այսօր ավելի լայն կիրառություն ունեն, ինչպես նաև, իհարկե, պարից, երաժշտությունից, կերպարվեստից, զգեստների նորաձևությունից և նույնիսկ արհեստական բանականությունից։

Ինչ վերաբերում է առավել կարևոր ներկայացումներին, հաշվի առնելով, որ ես տարեկան միջինը մոտ 180 բեմադրություն եմ դիտում, կարող եմ նշել, օրինակ, «1936»-ը, որն ուժեղ ազդեցություն թողեց ինձ վրա՝ կապված պատմական հիշողության թեմայի հետ, ինչպես նաև բազմաթիվ մենախոսություններ, որոնք անդրադառնում են կանանց նկատմամբ բռնությանը, միայնությանը, մարդկային հարաբերություններին։ Մեծ նշանակություն է ձեռք բերել նաև փաստավավերագրական թատրոնը՝ իր ճշմարտացիության շնորհիվ։ Չեմ կարող չնշել նաև, որ անձամբ ինձ շարունակում են հետաքրքրել իսպանական բարոկկոյի մեծ դասականները։ Մեկ այլ աճող միտում է արձակ ստեղծագործությունների, վեպերի և բանաստեղծությունների բեմականացումը, այս դեպքում ավելի շատ ներկայացվում են այն հեղինակները, որոնք առավել ճանաչում են ունեցել իրենց ժամանակաշրջանում։

 

  • Երկար տարիներ աշխատել եք երիտասարդների հետ՝ որպես գրականության ուսուցիչ։ Արդյոք ընթերցանությունն ու գրականությունը շարունակո՞ւմ են հետաքրքրել երիտասարդներին։ Ինչպե՞ս կարողացաք Ձեր աշակերտներին մոտեցնել գրականությանն ու ընթերցանությանը։

Ուզում եմ հավատալ, որ տեխնոլոգիան չի սպանել գիրքը։ Ուզում եմ հավատալ, որ դեռ կան շատ երիտասարդներ, որոնք կարդում են, նույնիսկ եթե դա բացահայտ չեն ասում։ Կարծում եմ և զգում եմ, որ նույնիսկ եթե նրանք չեն կարդում մեծածավալ գործեր, միևնույն է, հետաքրքրվում են կարճ պատմություններով և որոշ դասականներով, որոնց մասին տեղեկություններ են ստանում։

Ես ամեն օր դասերս սկսում էի նրանց համար մի բանաստեղծություն կարդալով։ Գիտեմ, որ շատերը գուցե առանձնապես ուշադրություն չէին դարձնում, բայց նաև համոզվել եմ, որ ոմանք իսկապես սիրում էին դա և նույնիսկ հիշեցնում էին ինձ, եթե մոռանում էի։ Նրանք հատկապես սիրում էին բարձրաձայն ընթերցանությունը, իսկ դասական պատմությունները հեքիաթասացի ձևով ներկայացնելը, արտասանությունը կամ դերային մեկնաբանությունը նրանց մեջ արթնացնում էին զարմանք ու հետաքրքրասիրություն։

 

  • Գրողին անհրաժեշտ է ներշնչանք։ Ո՞րն է այսօր Ձեր ներշնչանքի աղբյուրը։

Ես միշտ ասում եմ, որ հարցը ոչ այնքան ներշնչանքն է, որքան դիտարկումը։ Պետք է ուշադիր լինել շրջապատի, տեղի ունեցող իրադարձությունների և, իհարկե, սեփական և ուրիշների զգացմունքների ու հույզերի հանդեպ։ Հենց դա է ինձ մղում գրելուն՝ դիտարկելը, աշխարհում դիրքավորվելը և կյանքի մասնակիցը լինելը, կամ առնվազն դրա մի մասը կազմելը։

 

  • Քանի որ այս հարցազրույցը կկարդան Հայաստանում, խոսենք մի փոքր նաև այն դժվարությունների մասին, որոնց այսօր բախվում է իսպանացի գրողը։ Հեռվից թվում է, թե Եվրոպայում ամեն ինչ ավելի հեշտ է, բայց միշտ չէ, որ այդպես է։

Ինձ համար մեծ պատիվ է խոսել Հայաստանի ընթերցողների հետ։ Թեև դեռ չեմ եղել Հայաստանում, գիտեմ, որ այն ունի մեծ մշակութային և պատմական հարստություն։ Ինչ վերաբերում է իսպանացի գրողի առջև ծառացած դժվարություններին, կարծում եմ, դրանք նույնն են, ինչ այլ երկրներում՝ տնտեսական խնդիրը, ստեղծագործելով ապրելու հնարավորությունը, ինչպես նաև այն, որ գրքերը գնահատվեն և հասնեն բավարար թվով ընթերցողների՝ դուրս գալով միայն ամենանեղ շրջանակից։

Իսպանիայում տարեկան հրատարակվում է մոտ 80 000 գիրք, ինչը չափազանց մեծ թիվ է։ Դա նշանակում է, որ մրցակցությունը շատ մեծ է, տարածումը՝ բարդ, և այն, որ քո գիրքը հասնի շատ ընթերցողների, իսկապես դժվար մարտահրավեր է։ Հրատարակչությունից գրողին հասնող տոկոսը շատ փոքր է՝ մոտ 10%, երբեմն նույնիսկ ավելի քիչ։ Այդ պատճառով շատերը դիմում են ինքնահրատարակման, որն իր հերթին բերում է նոր խնդիրների՝ գիրքը շուկա հասցնելու հարցում։ Այդ պատճառով էլ շատ քիչ հեղինակներ կարող են ասել, որ ապրում են միայն գրելով, և մեծ մասը ստիպված է համատեղել այլ աշխատանքների հետ, որոնք հաճախ ընդհանրապես կապ չունեն գրականության հետ։ Դրան էլ ավելանում է տարածված այն կարծիքը, թե եթե անում ես այն, ինչ սիրում ես, ապա պարտադիր չէ, որ դրա դիմաց վարձատրվես, որովհետև քեզ արդեն իսկ «արտոնյալ» են համարում։ Մի խոսքով՝ Իսպանիայում գրող լինելը ամենևին հեշտ չէ։ Այդ մասին դեռ 19-րդ դարում գրել էր Մարիանո Խոսե դե Լառան։

 

  • Մեր զրույցն ամփոփենք Ձեր ստեղծագործություններից որևէ հատվածով կամ բանաստեղծությամբ, որի շնորիվ կճանաչեն Ձեզ՝ իբրև հեղինակի կամ կծանոթանան Ձեր աշխարհընկալմանը։

Ես փորձում եմ աշխարհընկալումս արտահայտել զգայունության, թատրոնի և կիսված խոսքի միջոցով՝ կարևորելով առօրյա տագնապների հաղթահարումն ու գոյությունը որպես ամենօրյա արկած գնահատելը։ Զգացմունքներն ու գեղեցկությունը ներկա են նույնիսկ ամենադժվար պահերին։

 

Գլխապտույտ

Զգալու

այն, ինչ երբեք չի սկսվում,
այն, ինչ երբեք չի ավարտվում՝
կրկնակի մուտքով ու ելքով…
մարմինը հնազանդեցնելով,
մարմնին՝ հնազանդ,
աշխատելով հանգստյան օրերին,
գիտակցելով, որ բացարձակ լռություն
գոյություն չունի,
և ուզում եմ, որ սիրես ինձ,
ուզում եմ հիշել նույնիսկ չապրածը,
լինել ու գոյություն ունենալ՝ հենց այնպես,
հաղթահարելով տագնապները,
մի ընթերցում, մի գավաթ գարեջուր,
մի զբոսանք, մի երգ,
կամ ավելին,  ընկնելով,
որովհետև կարևոր չէ՝ ինչ եղավ։
Որովհետև կարող եմ զգալ
անձրևը, նույնիսկ, երբ չի անձրևում,
և անցնել կյանքիս ուղին
ինչպես մի արկած՝
առանց ցնցումների,
ու սովորական մի օր
կգիտակցեմ,
թե ինչ ունեմ։

 

Զրուցեց Աղավնի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ