ՔԱՌՅԱԿՆԵՐ/ Արտաշես ԱՐԱՄ

Լեռը՝ հավերժ, դաշտը՝ հավերժ, դու՝ անցորդ,

Կյանքը՝ ջրվեժ մի գահավեժ, դու՝ անցորդ,

Աննշմար կետ՝ շրջագծում կապտածիր,

Անվախճան հո՛ւյս, անանց՝ ցավեր, դու՝ անցորդ:

*

Զուր է հարցը՝ ո՞ւր գնալ,

Կյանքի ճամփով շիտա՛կ քայլել, լո՛ւռ գնալ:

Մերժած ամեն խոստումնալից հրավեր`

Վերում բազմած հրեշտակին հյո՛ւր գնալ:

*

Օրորվում ենք քաոսի մեջ ահարկու,

Եսիդ խորքում ուրվականներ կան երկո՛ւ:

Դու, անտեղյա՛կ նրանց վարքին խելագար,

Քո անորոշ եսն ես անվերջ օրհներգում:

*

Սա վերջը չէ, մի օր կրկին ե՛տ կգաս,

Զինվորի պես կարեվեր, բայց պսակավոր՝ ետ գաս:

Կգաս թրծվա՛ծ, իմաստնացա՛ծ ու հպա՛րտ,

Սեգ պատկերով քո նախահո՛ր, մի օր կրկին ե՛տ գաս:

*

Մի՞թե իրոք քեզ գինին է խանգարել,

Քեզնից առաջ Խայամին է խանգարել:

Ոչ թե գինին, այլ` խոհերը դառնածին,

Կույր խռովքը ամենքի՛ն է խանգարել:

*

Մի քանի բառ, մի քանի տող ու… վախճա՛ն,

Կայարան է, կայարան չէ, բա ի՞նչ է:

Ճառագող լո՛ւյս: Մութը վերից կախվող ճա՛նկ,

Եթե կյա՛նքը չհասկացար, մահն ի՞նչ է:

*

Արհավիրքներ տեսա՛ծ հին կամուրջո՛վ անցար,

Սուրը միշտ անտեսած, ձեռքիդ մուրճո՛վ անցար:

Մարմնիդ բեռը հոգսի ճահիճներին թողած՝

Դու հար եթերայի՛ն, լուրթ անուրջո՛վ անցար:

*

Երազեցի՛նք, մտորեցի՛նք, օ՛րն անցավ,

Ահը սրտից վտարեցի՛նք, օ՛րն անցավ,

Լուսաբացը մեզ ի՞նչ ընծա կբերի,

Մենք-ը մեզնից օտարեցինք, օ՛րն անցավ:

*

Մե՛ծ լոռեցի, ներո՛ղ եղիր, ես քառյա՛կ եմ հորինում,

Վերից ոգուդ լո՛ւյսը հեղիր. ես քառյա՛կ եմ հորինում:

«Եթերային» երգի այգուց միայն փշեր քաղեցի,

Կրկի՛ն, կրկի՛ն իջել հողին, ես քառյա՛կ եմ հորինում:

*

 

Կյանքը շուկա՛, շքեղ տո՛ն է, շի՛կ հանդես,

Մահը կյանքից յո՛թ ծովն այն կողմ, անջրպետված ու անտե՛ս:

Տե՛ս, անզո՛ր մարդ, քո խոհերի ու խենթության քլունգով

Կյանքը մահից վարագուրող պարիսպն հանկարծ չքանդե՛ս:

*

Գիշե՛ր, պանդո՛կ ու խրախճա՛նք ու գինի՛,

Ով հարբել է, թող տուն գնա ու քնի,

Թող նա, մթնում խարխափելով, մղկտա,

Ով իր սրտում անբուժելի վերք ունի:

*

Ապշեցնո՛ւմ ես, ոգեշնչո՛ւմ և չկա՛ս,

Հեռվից դու մեզ տո՛ւն ես կանչում և չկա՛ս,

Օ՛, ոչ, կա՛ս, Հո՛ւյս, մենք ենք հաճախ խո՛ւլ ու կո՛ւյր,

Դու կա՛ս և մեր վերջին շնչո՛ւմ և չկա՛ս:

*

Գողգոթա է հավերժական արտագաղթի ուղի՛ն,

Չարն է հաճախ հետքից գալիս, որ ճիշտ ճամփից շեղի՛:

Հեռվից ձայներ են քեզ հասնում տագնապալի՛ց, վհա՛տ,

Կերած հացդ դարձնում դա՛ռը, խմած ջուրդ՝ լեղի:

*

Թացը չորից պետք է զատե՛լ, դու միշտ զգո՛ն եղիր,

Որձաքարն է ցրտից ճաքե՛լ, դու միշտ զգո՛ն եղիր:

Ո՞ւմ աստղիկն էր ցոլաց-մարեց, մի՛ հարցրու, պոե՛տ,

Անհայտն ինքն է քո դեմ ծնկել, դու միշտ զգո՛ն եղիր…

*

Աստղը լճում պո՛չն է թրջում, ե՛րգն է իմ,

Ձուկն արտասվե՛ց, ջո՛ւրն է սառչում, ե՛րգն է իմ:

Ինձնից հետո որքա՞ն կապրի իմ երգը,

Արնոտ թևով մի խենթ թռչո՛ւն, ե՛րգն է իմ…

*

Նմանակում է գազա՛նը մարդուն,

Նմանակում է մարդը գազանին:

Եվ դղրդում է ու ահագնանում

Քայլքը մոտեցող Մարդագազանի…

*

Ի՞նչ ենք տենչում, ի՞նչ ենք փնտրում տենդագին,

Կյանքը՝ մռա՛յլ, անհյուրընկալ տան տիկին:

Ա՜խ, գոնե մենք իրար ժպտա՛նք ու ներե՛նք

Ու ողջունենք հայացքներով խնդագի՛ն:

*

Երբ մենության դողն ինձ փայի՛, ինձ ո՞վ պիտի հասկանա,

Վհատության մռայլ պահին ինձ ո՞վ պիտի հասկանա:

Քույրե՞րը իմ, դստրիկնե՞րն իմ կամ մի օտար, հեռավո՞ր…

Գուցե ոգի՞ն աստվածային… ինձ ո՞վ պիտի հասկանա:

*

Պապենական քարուտներում վար անելուց հոգնեցի՛,

Պայծառ բառեր ու պատկերներ որոնելուց հոգնեցի:

Տե՛ր, ուզում եմ առանձնանալ, ցույց տուր խաղաղ մի անկյուն,

Մի ամբողջ կյանք՝ խռովքի՛ մեջ, վարանելուց հոգնեցի:

*

Այստեղ՝ դժո՛խք, այնտեղ՝ դրա՛խտ, մի՛ թախծիր,

Այստեղ-այնտեղ՝ լոկ եթերա՛խտ, մի՛ թախծիր:

Քոնը սա է՝ այս անպտուղ տքնանքը և լերկ հողը,

Ճշմարիտ է Վճի՛ռն անխախտ, մի՛ թախծիր:

*

Տե՛ր, ովքե՞ր կան հեռուներում՝ մթան մեջ,

Քեզնից բացի՝ ո՞վ է ապրում քո Տան մեջ:

Քո տարագիր զավակնե՛րն են ամենուրեք սփռվա՛ծ,

Իրար անհա՛յտ և անծանո՛թ, բայց ապրում են մի Տա՛ն մեջ:

*

  • Ո՞վ կհաղթի, գառնո՛ւկ ախպեր, չա՞րը արդյոք, թե՞ բարին:
  • Բարի՛ն, եթե փրկիչ Հոգին իր ճառագայթը բերի:
  • Բայց ո՞ւր է նա, ո՞ր երկնքում, մի՞թե դեռ շատ կուշանա…
  • Ոտնաձայնին ո՛ւնկդ պահած, ո՛վ մարդ, քի՛չ էլ համբերի…

*

Մի օր պիտի հավերժ քնե՛ս, արթո՛ւն կաց:

Մի տրտնջա, թե վե՛րք ունես, արթո՛ւն կաց:

Ո՞վ վերք չունի այս բզկտվա՛ծ ու հողմածե՛ծ աշխարհում,

Փոխարենը դու սփոփա՛նք ու ձի՛րք ունես, արթո՛ւն կաց:

*

Մի աշուն էլ եկա՛վ, անցա՛վ աշխարհով,

Հոգսի, ցավի այս քարանձա՛վ աշխարհով:

Վրնջում է ձմեռն իբրև ճերմակ ձի՛,

Ինչպե՞ս անցնենք անհո՛գ, անցա՛վ՝ աշխարհով:

*

Ուսերիս՝ մե՛ղք, հոգիներում՝ մա՛ղձ ու թո՛ւյն,

Ո՞ւմ դեմ ենք մենք գիշեր ու զօր աղոթում:

Մեզ հանձնելով անէության խավարին՝

Վերջին հույսն է առկայծելով աղոթում…

 

ՏՐԻՈԼԵՏՆԵՐ

Գայանեին

Անհասցե մղո՜ւմ, ապարդյուն ճիգե՜ր…

Մղձավանջի մեջ խենթ ու ահարկու,

Ճերմակ-կապտաբաշ ձիերն են վարգում…

Անհասցե մղո՜ւմ, ապարդյուն ճիգե՜ր:

Թալիսմանները վաղուց են ճաքել, –

Սիրո աստծուն էլ չեն գովերգում:

Անհասցե մղո՜ւմ, ապարդյուն ճիգե՜ր…

Մղձավանջի մեջ խենթ ու ահարկու:

*

Ձանձրացած ու խոնջ դեմքեր դիցական՝

Պատված սնգույրով և որդան ներկով:

Ոմանց ահազդու հայացքի ներքո

Շշնջում են մունջ շուրթերը ձկան:

Կա պատասխանը, եթե հարցը կա

Եվ հորինվում են վերին հնարքով…

Ձանձրացած ու խոնջ դեմքեր դիցական՝

Պատված սնգույրով և որդան ներկով:

*

Ո՞ւմ խռովքն է ինձ այսօր վիճարկվել,

Ո՞ւմ հեծեծանքն է բաբախում շուրթիս

(Ո՞ւր է հրճվանքի հովիտը հուռթի),

Ո՞ւմ խռովքն է ինձ այսօր վիճարկվել:

Ասես ինչո՞ւ է բզկտվել-ճկվել

Դալար ցողունը սեգ դափնեվարդի:

Ո՞ւմ խռովքն է ինձ այսօր վիճակվել,

Ո՞ւմ հեծեծանքն է բաբախում շուրթիս:

*

Անհայտ ճամփով է ինձ խոհը տանում,

Իսկ ճամփեզրին՝ անթի՛վ շիրիմներ…

(Ճերմակ շիրիմը երևի իմն է)

Անհայտ ճամփով է ինձ խոհը տանում:

Բայց դու, շքե՛ղս, զո՛ւր ես վշտանում,

Այս շիրմատունը Տերն ինքն է հիմնել…

Անհայտ ճամփով է ինձ խոհը տանում,

Իսկ ճամփեզրին՝ անթիվ շիրիմներ:

*

Թող գիշերն ի լույս ողջերը նվան,

Ննջեցյալները՝ լռելյայն երգեն

Եվ անձկությունը իրենց քողարկեն…

Թող գիշերն ի լույս ողջերը նվան:

Թող շոյող, ինչպես եղջերանվագ,

Տարածվի նրանց խմբերգը կերկեր…

Թող գիշերն ի լույս ողջերը նվան,

Ննջեցյալները լռելյայն երգեն:

*

Երբ հավերժանան տեսիլներն ամոք,

Կշաչի սաստող վճիռը Նրա…

Ո՛չ պատվար, ո՛չ հենք, ո՛չ էլ հենարան…

Երբ հավերժանան տեսիլներ ամոք:

Ակը կբացվի, և Նրա կամոք

Կբխի առատ լույսը կենարար…

Երբ հավերժանան տեսիլներն ամոք,

Կշաչի սաստող վճիռը Նրա…

*

Թափառիկ տագնապն ու ահը հածող

Այս երկրի հյուրն են ու բնակիչը:

Հնձվելուց հետո վերստին կաճեն

Թափառիկ տագնապն ու ահը հածող:

Մետաքսե մահճում Հույսը մահացող

Հողմերի շուրթին հանգչող կակաչ է:

Թափառիկ տագնապն ու ահը հածող

Այս երկրի հյուրն են ու բնակիչը:

*

 

Անխոնջ Գրիչի ձեռքով են գրված

Մատյանները այս այրված-արցունքոտ…

Արարված վերին ճիգով ու ջանքով՝

Անխոնջ ծաղկողի ձեռքով են գրված:

Միշտ հալածական, գունա՛տ, խանգարվա՛ծ

Տքնե՛լ են, ապրել ասկետի կյանքով:

Անխոնջ Գրիչի ձեռքով են գրված

Մատյանները այս այրված-արցունքոտ…

*

Ակնթարթերը՝ անպտո՛ւղ, ամո՛ւլ,

Զնգո՛ւմ են թափուր խանձարուրներում,

Տրտինգ են տալիս և խոյահարում

Ակնթարթերը՝ անպտո՛ւղ, ամո՛ւլ:

Ժամանակն իր պի՛րկ լկա՛մ է ծամում,

Ջղաձգվո՛ւմ է շանթված Արուն…

Ակնթարթերը՝ անպտո՛ւղ, ամո՛ւլ,

Զնգո՛ւմ են թափուր խանձարուրներում:

*

Այնքան թափանցիկ մի եղիր, հոգի՛ս,

Որ քո զգայուն թարթիչների դեմ կրակը պարի,

Եվ կարեկցանքի սնկիկներ աճեն քո հեզ խոպերին,

Այնքան թափանցիկ մի եղիր, հոգի՛ս:

Երբ մոմը մարի, մարխը մոխրանա, դու էլ կդողաս,

Իսկ լաքեյները գլխարկ կսարքեն աղ ու կապարից…

Այնքան թափանցիկ մի՛ եղիր, հոգի՛ս,

Որ քո զգայուն թարթիչների դեմ կրակը պարի:

*

Մութը նահանջե՛ց, և Լո՛ւյսը կրկին

Փնտրում է դարձի ուղի և հնար:

Ծավալվում է հին մի մանրանկար,

Եվ լույս է բխում ձեռագիր գրքից…

Անդարձ լռում են սուլոց ու քրքիջ,

Հոսում է հոգու մեղեդին վարար…

Մութը նահանջե՛ց, և Լո՛ւյսը կրկին

Փնտրում է դարձի ուղի և հնար:

*

Ցերեկվա թուջը-կնճռոտ ճակատին

Մատնահետքերն են անցած գիշերվա…

Հավաքիր սիրո գավը փշրված,

Ցերեկվա թուջե-կնճռոտ ճակատին…

Խնկարկու շշուկն ու շունչը կաթի

Կաղկանձներով են կարծես պաշարված…

Ցերեկվա թուջե-կնճռոտ ճակատին

Մատնահետքերն են անցած գիշերվա…

*

Սերդ զավե՛շտ է, երգդ՝ զառանցա՛նք,

Վե՛ր կաց, ասկետի փարաջա հագիր…

Հոգին մարմին է, մարմինը՝ հոգի՛,

Սերդ զավե՛շտ է, երգդ՝ զառանցա՛նք:

Դու ճամփիդ կեսը գայթելով անցար,

Աչքիդ մեջ ծուխը անլուր մորմոքի…

Սերդ զավե՛շտ է, երգդ՝ զառանցա՛նք.

Վե՛ր կաց, ասկետի փարաջա հագիր…

*

Անէանո՛ւմ ես՝ ինքդ քեզ քամած,

Ձևախեղվո՛ւմ են երազներդ պերճ,

Դրախտում անգամ կա սկի՛զբ ու վե՛րջ.

Անէանո՛ւմ ես՝ ինքդ քեզ քամած:

Անէանո՛ւմ ես, և կամաց-կամաց,

Մուժն է թանձրանում տեսիլներիդ մեջ:

Անէանո՛ւմ ես՝ ինքդ քեզ քամած,

Ձևախեղվում են երազներդ պե՛րճ:

*

Ծանակում են ու բոթո՜ւմ, քաշքշո՜ւմ…

Շո՛ւն, ընկե՛ր եղիր ծերուկ հարբածին,

Ոչ ոք չի կարող՝ քեզանից բացի:

Ծանակում են ու բոթո՜ւմ, քաշքշո՜ւմ:

Խմե՛լ է, ցո՛ւրտ է… ջրափո՜ս, աշո՜ւն,

Աչքը շաղվում է լապտերի բոցից,

Ծանակում են ու բոթո՜ւմ, քաշքշո՜ւմ…

Շո՛ւն, ընկե՛ր եղիր ծերուկ հարբածին:

*

Ջղաձգվում են թփերը գաճա՛ճ,

Ճչո՛ւմ են անվերջ, լալի՜ս, թախանձո՜ւմ,

Աղը ճնշո՛ւմ է, երաշտը՝ խանձո՛ւմ,

Ջղաձգվում են թփերը գաճա՛ճ:

Ճի՛շտ երկրագնդի պորտի մոտ աճած,

Նզովք են հղում երկնքին անձուկ,

Ջղաձգվում են թփերը գաճա՛ճ,

Ճչո՛ւմ են անվերջ, լալի՜ս, թախանձո՜ւմ:

 

XVII

Մանր ձկներն են գալարվում ցանցում,

Գայլաձկները ծովի խորքում են,

Ուռկանը Ձկնորս-Տիրոջ ձեռքում է.

Մանր ձկներն են գալարվում ցանցում:

Դնչները՝ տնկում, պոչերն են ցնցում,

Ալիքը՝ պարում, ցանցը երգում է…

Մանր ձկներն են գալարվում ցանցում,

Գայլաձկները ծովի խորքում են:

*

Որոգայթներ են լարվում խավարում.

Խի՛ղճը հենց ինքն է Գերագույն Զոհը…

Հուր պսակն ահա դանդաղ ցած սահեց,

Որոգայթներ են լարվում խավարում:

Դեպի ծուղակն ես դու թիավարում,

Իսկ քո թիկունքում պահվել է մահը,

Որոգայթներ են լարվում խավարում,

Խի՛ղճը հենց ինքն է Գերագույն Զոհը:

*

Ինչ-որ մեկն ինձ է որոնում ահա,

Ես ինչ-որ մեկին փնտրում եմ տենդոտ.

Մաշեցնելով իր օրերը անթիվ՝

Ինչ-որ մեկն ինձ է որոնում ահա:

Հանդիպման հույսը սրտում խոր պահած՝

Կարոտում է ու սպասում խանդով…

Ինչ-որ մեկն ինձ է որոնում ահա,

Ես ինչ-որ մեկին փնտրում եմ տենդոտ:

*

Վհատ խոսքերի պարկուճներ դատարկ,

Փուչ ու սնամեջ բառերի անձրև,

Դժգույն տեսիլնե՛ր, ցնորքներ անձև՛,

Վհատ խոսքերի պարկուճներ դատարկ:

Սին տենչերի հո՛սք, երազ անկատա՛ր

(Ոչ ոք չի կարող խռովքդ սանձել…),

Վհատ խոսքերի պարկուճներ դատա՛րկ,

Փուչ ու սնամեջ բառերի անձրև: