ՖՈՒՏԼՅԱՐ Կամ պատյանն էության / Գագիկ  ԽԱՉԱՏՐՅԱՆ

(Հատված համանուն վիպակից)

Դիահերձարանի մեծադիր մետաղյա դռները ճռնչոցով բացվեցին, և ժանգոտած ծխնիների արձակած աղմուկը սղոցեց նախասրահի ճնշող լռությունը: Դա հնչյունների մի յուրատեսակ ձայնածում էր, որը հիշեցնում էր վաղնջական անգո մի մեղեդի: Ասես  աներևույթ մահն ինքն իրեն այդպես էր հիշեցնում, պարտադրում սեփական անխուսափելի ներկայությունն ու հավիտենական լինելիությունը:

Ճերմակ խալաթավոր երկու բժիշկ, ճերմակ կարմիրխաչ պայուսակներն առած, դիահերձարանի նախասրահ մտան: Նրանց ետևից` կիսաբաց դռնից ներս խուժեցին նաև քաղաքացիական հագուստներով ևս երկու տղամարդ (ամենայն հավանականությամբ` հանգուցյալներից մեկի բարեկամները): Նախասրահի ճնշող լռությունը, վիրահատարանի բաց դռնից տարածվող խոնավ բորբոսահոտը առաջին պահ շփոթեցրին բժիշկներին կրնկակոխ հետևող տղամարդկանց: Բժիշկներն արագ-արագ մտան դիահերձարանի վիրահատական սրահ, ճերմակ կարմիրխաչ պայուսակները դրեցին աշխատանքային սեղանի կողքի անապակի երկդարակ պահարանի մեջ և սկսեցին զրուցել առօրյա-կենցաղային հարցերի և նախատեսված ծրագրային առաջիկա հերձումների մասին:

Բժիշկներին կրնկակոխ հետևող տղամարդիկ երեկ երեկոյան հանկարծամահ եղած Կառլեն Մումյանի հավատարիմ ընկերներն էին: Առաջինը Գերմանիայից ժամանած Էդուարդն էր, երկրորդը` ֆրանսաբնակ Նորայրը: Ամենայն հավանականությամբ նրանք համաբուժարանի գլխավոր բժշկից դիահերձարան մտնելու թույլտվություն էին ստացել: Հանգուցյալ Մումյանի ընկերները լուռ ու մտախոհ հետևում էին բժիշկներին ու նրանց գործողություններին: Վիրահատարանում եկվորների քայլերն ակամա դանդաղեցին: Շնչելը դարձավ ծանր ու դժվարին: Ի վերջո, ընկերները կանգ առան սրահի մի հարմար անկյունում և շարունակեցին հետևել բժիշկներին` այս անգամ հայացքով միայն: Բժիշկները զրուցում էին` ասես չնկատելով դիահերձարան մտած տղամարդկանց: Ի վերջո, նրանցից ավելի տարեցը, որ ճաղատ էր և կրում էր հաստ ապակիներով ակնոց, մի պահ շրջվեց տղամարդկանց կողմն ու ձեռքերը կրծքին խաչելով` հանգիստ ու անտարբեր ասաց.

– Պարոնա՛յք, ձեզ կամենում եմ հիշեցնել, նաև զգուշացնել, որ դիահերձման ընթացքում վիրահատարանում հանգուցյալների հարազատների կամ բարեկամների մուտքը, ներկայությունը խստիվ արգելվում է: Ինչպես քիչ առաջ, գրասենյակում` գլխավորի մոտ պայմանավորվեցինք, ձեզ հոժարակամ ցույց կտանք ձեր սիրելի ընկերոջ դին: Հասկանում եք սակայն, որ մինչ դիահերձման աշխատանքներն սկսելը, պարտավոր եք լքել վիրահատարանը: Հուսով եմ, որ չեք մոռացել ու ձեզ հետ բերել եք հանգուցյլի համար պահանջվող  նոր հանդերձանքը…

Տղամարդիկ, իբրև համաձայնության նշան, գլխով արեցին, իսկ Նորայրը մոտեցավ ակնոցավորին ու հանձնեց մոմլաթե սև պարկը: Ակնոցավորն այն վերցրեց և անփութորեն նետեց դիմացի սեղանին ու շարունակեց.

– Նաև կուզենայի ձեզ հիշեցնել, որ դիահերձման ընթացքում շատ չհեռանաք հիվանդանոցի տարածքից։ Երբ գործն ավարտենք, ձեզ հետ իսկույն կկապվենք, կզանգահարենք: Եղա՞վ, պայմանավորվեցի՞նք:- Նա դարձյալ քթարմատին ուղղեց հաստ ապակիներով ակնոցն ու գործընկերոջը շշուկով ինչ-որ բան ասաց:

Քիչ անց բժիշկները գնացին  դեպի բարձրադիր պատուհանների ներքևում դրված ծածկված նառերը: Նորայրն ու Էդուարդը գլխահակ հետևում էին  նրանց:

 

* * *

Երբ ակնոցավոր բժիշկը մոտեցավ գործընկերոջ ցույց տված նառին և ինքնավստահ շարժումով ետ տարավ մոխրագույն ծածկոցը, բոլորը մի պահ քարացան, պապանձվեցին: Ինչպես բժիշկներն, այնպես էլ ուշի ուշով բժիշկների շարժումներին հետևող հանգուցյալի ընկերներն անակնկալի եկան: Նառին պառկածը ոչ թե Կառլեն  Մումյանն էր, այլ՝ դեռատի մի մերկանդամ կին: Շնչազուրկ կնոջ մարմինն ասես մոմից էր ձուլված: Անակնկալի եկած՝ տղամարդիկ մի պահ փորձեցին շրջել հայացքները, սակայն աներևույթ մի ուժ գամեց նրանց տեղում և ստիպեց կրկին հայացքն ուղղել հանգուցյալ գեղեցիկ կնոջը: Տեսարանն իրոք ցնցող էր: Ասես վերածննդի դարաշրջանի հանճարեղ քանդակագործ Միքելանջելոյի քանդակներից մեկն էր պատահմամբ հայտնվել կոշտ նառին:

– Սա ի՞նչ է նշանակում, սա ի՞նչ բան է, Եփրեմյան,- զայրացած հարցրեց ավագ բժիշկն ասիստենտ գործընկերոջը:- Էլի նառերի համարները խառնե՞լ եք, ինչ է: Լավ, տնաշե՛ն, դիակների սեռն էլ չես կարողանո՞ւմ տարբերել,- քթի տակ ֆսֆսալով և դարձյալ ակնոցը քթարմատին ուղղելով՝ շարունակեց խստապահանջ ավագ բժիշկը:

– Չէ՛, էդ ի՞նչ եք ասում, Անատոլի Լավրենտովիչ: Ըստ մեզ փոխանցած մուտքագրման ցուցակների՝ 19-րդ  նառին պետք է պառկած լիներ հանգուցյալ Կառլեն Սմբատի Մումյանը:

– Լսիր, ա՛յ ընկեր, կարո՞ղ է երկու հանգուցյալի, այն էլ տղամարդ ու կին, մի նառ էին հատկացրել,- ծիծաղը հազիվ զսպելով՝ ասաց ավագն ու կրկին քթարմատին ուղղեց ակնոցը: Հետո լուրջ-լուրջ շարունակեց:- Սա այն կի՞նն է, Եփրեմյան, որ պատշգամբից գահավիժել էր:

– Այո՛, նա է, ճիշտ այդպես, Լավրենտովիչ, բայց ըստ ցուցակի` նա պետք է քսաներորդ նառին լիներ: Ես մեղավոր չեմ,- հուզմունքից կարմրատակած, ասաց ասիստենտ Եփրեմյանը:

– Լավ, բավական է: Ես ձեզ հասկացա: Բայց սա առաջին դեպքը չէ: Ուրեմն, դարձյալ նառերի համարները խառնել են… Ի՜նչ անուշադրություն, ի՜նչ անփութություն: Բայց ճի՞շտ է, որ լվացք փռելիս է եղել…

– Նախնական կանխավարկածն այդ է, Լավրենտովիչ,- ասաց Եփրեմյանը,- բայց որքան գիտեմ, դատափորձաքննությունը դեռևս ավարտված չէ:

– Ինչպե՞ս, ուրեմն, այլ վարկածնե՞ր էլ կան: Դե, պարզ է…

– Երևի կան, որ այդ մասին դեռևս խոսում ու խոսում են: Մահը վրա է հասել հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:

Ավագ բժիշկը, հայացքը դիակից չկտրելով, դանդաղ ծածկեց կնոջ մերկ մարմինն ու մոտեցավ կողքի նառին, ասես մի նոր անակնկալ կանխազգալով` զգուշությամբ ետ տարավ կողքի ծածկոցը: Ոտքից գլուխ ուշադիր զննեց դիակը.

– Փառք Աստծո, այս մեկը կարծես տղամարդ է…

Հետո դարձավ ու իրեն հետևող տղամարդկանց հարցրեց, արդյոք նա՞ է իրենց փնտրածը:

– Այո՛, ինքն է, բժիշկ,- հուզմունքը չկարողանալով թաքցնել՝ խռպոտած ձայնով ասաց Էդուարդը:

– Ինքն է,- հաստատեց Նորայրը:

Ընկերները հուզված ու գլխահակ կանգնեցին Կառլեն Մումյանի դիակի մոտ ու տխուր, անձայն արտասվեցին: Կառլոն մի գիշերվա մեջ նկատելիորեն փոխվել էր, ասես ծերացել, գրեթե անճանաչելի էր դարձել:

* * *

Կառլեն Մումյանը, այդ երբեմնի աշխույժ ու գործնական մարդը, որ կարող էր անվրեպ լուծել բազմաթիվ գործնական կնճռոտ հարցեր ու խնդիրներ, լինել լավագույն ընկեր ու բարեկամ, նվագել մի քանի երաժշտական գործիք, երգել անկրկնելի ձայնով, ունենալ նկարչի անուրանալի տաղանդ, նվաճել բազմաթիվ կանանց սրտեր, դառնալ նրանց կուռքը… այժմ ձեռքերը խաչած` անօգնական պառկած էր այդ կոշտ նառին: Նա այն բացառիկ մարդկանցից էր, որոնց կյանքում ամեն ինչ տրվում էր հեշտությամբ: Նրա առջև չկային փակ դռներ: Յուրաքանչյուր ոք այդպիսին էր պատկերացրել և այդպիսին էլ պիտի հիշեր Կառլեն Մումյանին:

Ընկերները գլխահակ ու լուռ զննում էին Կառլոյի շնչազուրկ մարմինը, փորձում վերհիշել նրա կենդանի ու գործուն դիմագծերը… Կարևորն այն էր, որ պահպանվել էր Կառլոյի հրապուրիչ ժպիտը, և թվում էր՝ ուր որ է այն կվերածվի միայն իրեն հատուկ «դիվական» քրքիջի:

* * *

Էդուարդն ու Նորայրը դիահերձարանից դուրս եկան հուզախռիվ ու մտախոհ: Տևական լռությունից հետո Էդուարդը խոսք բացեց իրենց պատանեկության օրերից։ Նրանք մտաբերեցին նաև իրենց վաղամեռիկ մյուս ընկերոջը՝ Արշոյին, որը զոհվել էր արցախյան առաջին պատերազմի օրերին: Մտաբերեցին նաև ԱՄՆ-ում բնակություն հաստատած մյուս ընկերոջը` Միհրանին, որն արդեն տասը տարուց ավելի էր, ինչ հայրենիք չէր եկել: Հայրենիքի կարոտը Էդուարդին ու Նորայրին ավելի հաճախ էր հայրենիք բերել: Ու հիմա հարազատ ընկերոջ` Կառլոյի` Կառլեն Մումյանի կորուստն ու ցավն ավելի էր խորացրել նրանց վաղեմի ընկերական կապը, որն այժմ մասամբ վերածվել էր համատեղ, անհրաժեշտ ծառայության՝ սգացող Կառլոյի կնոջն ու դուստրերին: Հարազատ ընկերները շտապել էին օգնության հասնել, օգտակար լինել այրիացած կնոջն ու երեխաներին:

– Նկատեցի՞ր, Կառլոյի քունքերը սպիտակել էին,- խոսակցությունն սկսեց Էդուարդը:

– Էն փարթամ գանգուր մազերի հետքն էլ չէր մնացել,- ասաց Նորայրը

– Հա, Նորո ջան, մեր եղբայր Կառլոն իրոք շատ էր փոխվել: Գրեթե անճանաչելի էր դարձել,- տխրությամբ արձագանքեց Էդուարդը:

– Ի՜նչ օրեր ենք ապրել միասին, Էդո ջան, ի՜նչ օրեր: Ինչ ասես տեսանք մեր կյանքում: Մենք ամենքս ձգտում էինք հասնել ինչ-որ կարևոր ու նշանակալից բանի, սակայն կյանքը մեզ բաժանեց միմյանցից, և գրեթե ոչ մեկս մեր երազանքին չկարողացանք հասնել: Այսօր արդեն մեր ընկերներից երկրորդ կորուստն ունեցանք: Մենք հեռու ենք, օտար ափերում: Ինչո՞ւ: Գիտե՞ս, երբեմն լրջորեն մտածում եմ ընտանիքով վերջնական հայրենիք վերադարձի մասին: Տեսնես ինչո՞ւ մեզ չհաջողվեց հարազատ երկրում կայանալ, մի բանի տեր դառնալ:

– Մի՞թե պարզ չէ: Մենք ակամա հայտնվեցինք ժամանակի մի բարդ հորձանուտում և նետվեցինք  օտար ափեր,- պատասխանեց Էդուարդը:- Մեր նախասիրությունները մնացին անկատար, քանի որ դադարեցինք գնալ մեր նպատակների, երազանքների ետևից: Մենք տրվեցինք «ոսկու տենդին», փորձեցինք օտար ափերում ցանկացած միջոցով փող կուտակել, կեղծ բարեկեցություն ստեղծել: Բիզնես, բարեկեցություն, փող, ահա մեզ միմյանցից և երկրից հեռանալու հիմնական պատճառը: Կառլոն կարողացավ բարձրագույն կրթություն ստանալ, չնայած այն էական նշանակություն էլ չունեցավ նրա կյանքում, բայց մնաց ու ապրեց հայրենիքում…

* * *

Ավագ բժիշկը դիմեց ճամպրուկի մեջ ինչ-որ բան որոնող գործընկերոջը.

– Եփրեմյան, հուսով եմ, Մումյանի փաստաթղթերը` մահվան պատճառի և դատափորձագիտական եզրակացության վերաբերյալ նորմալ են:

– Ամեն ինչ կարգին է, Լավրենտովիչ: Դեռ մի բան էլ ավելին:

– Այսի՞նքն:

– Այսինքն, ընդհանուր գործին կցված է նաև մահացածի ամբուլատոր հիվանդությունների քարտը և գրանցամատյանը: Այդ ամենն ինձ մոտ` թղթապանակում է: Այնպես որ, Մումյանի դիահերձումը հանգիստ կարող ենք սկսել, բժիշկ: Բայց լավ կլիներ, որ ողջ թղթապանակը մեկ անգամ էլ դուք նայեիք:

– Դե լավ, լավ: Դու գիտես, որ ես քեզ և՛ վստահում, և՛ հավատում եմ, Եփրեմյան:

– Վստահության համար շնորհակալ եմ, Լավրենտովիչ:

– Դե որ այդպես է, Եփրեմյան, պատրաստվիր «թռիչքի»: Ժամանակը քիչ է ու թանկ, իսկ գործն՝ անսպառ։ Քիչ հետո կսկսենք:

* * *

Եփրեմյանը սեղմեց նախազգուշական կարմիր լույսի կոճակն ու կողպեց դիահերձարանի դուռը: Վերջապես բժիշկներն անցան գործի: Պայուսակներից հանեցին անհրաժեշտ իրերն ու գործիքները: Հագան ռետինե ձեռնոցներն ու դեմքները ծածկեցին բժշկական դիմակներով:

– Եփրեմյան, պատգարակը, պատգարակը մոռացանք,- գործընկերոջը պահանջելու պես ասաց ավագ բժիշկը:

– Լսեցի, հիմա կբերեմ, Լավրենտովիչ, հիմա կբերեմ,- արձագանքեց Եփրեմյանը:

Նրանք պատգարակը մոտեցրին Մումյանի նառին և որպես երկու փորձառու մարդիկ՝ ճարպկորեն նրա ցամքած մարմինը դրեցին պատգարակին ու տեղափոխեցին վիրահատական սեղան: Արագ անցան դիակի արտաքին զննության առաջին փուլը: Ամեն ինչ համապատասխանում էր մահվան պատճառներին` «Սուր ինֆարկտ, սրտի կանգ` մահվան ելքով»:

– Եփրեմյան, նախապատրաստվիր ներքին զննության,- ասաց գլխավորը:- Կտաս սկալպելը, հետո կմոտեցնես խոշոր մկրատն ու պինցետների կոմպլեկտը: Ու ուրը թույլ հոսքով միացրու:

– Լավրենտովիչ, բայց դեռ չենք էլ դիպել հանգուցյալին,- փորձեց առարկել Եփրեմյանը:

– Բայց չէ՞ որ ես պահանջեցի` թույլ հոսքով, հարգելիս: Հիշի՛ր, կոլեգա, մենք դեռ ոչինչ չգիտենք, թե քիչ անց ինչի ականատեսը պիտի դառնանք: Նույնիսկ պահը կարող ենք կորցնել: Մինչդեռ ջուրը թույլ հոսքով կարող է գործին մեծ օգուտ բերել: Հիշի՛ր, Եփրեմյան, պրոցեսը սկսելուց առաջ ջուրը պարզապես անհրաժեշտություն է:

Եփրեմյանը թողեց վիրահատական սեղանն ու կանգնակից ցած իջավ: Քիչ հետո լսելի եղավ հոսող ջրի միալար ձայնը:

– Սկալպե՛լ,- հրամանի պես հնչեց ճաղատի ձայնը:

Եփրեմյանն իսկույն նրան փոխանցեց հերձադանակն ու սկսեց հետևել փորձառու բժշկի գործողություններին: Գլխավորը կռացավ դիակի վրա և ձեռքի վստահ շարժումով բացեց հանգուցյալի նախ կրծքավանդակն, ապա` որովայնը: Գլխավորը  կռացավ, երկար զննեց բացվածքն ու դառնալով Եփրեմյանին` ճչաց.

– Սա ի՞նչ բան է, Եփրեմյան, չեմ հասկանում: Մի այստեղ նայիր… Չէ,  դու նայիր էստեղ ու տես… Տեսա՞ր, տեսնո՞ւմ ես… Խոռոչը գրեթե դատարկ է, հասկանո՞ւմ ես, այնտեղ ոչ մի կարևոր օրգան չի երևում, չկա, չի մնացել…

Եփրեմյանը նայեց բացվածքին ու խռպոտած ձայնով ասաց.

– Լավրենտովիչ, աչքերիս չեմ հավատում…

– Որովհետև սա չլսված ու չտեսնված բան է, հարգելիս: Պարզապես հրաշք: Անգամ ես իմ երեսնամյա պրակտիկայի ընթացքում նման բան չեմ տեսել:

– Բայց ինչպե՞ս… Սա ինչո՞վ բացատրել: Սա ի՞նչ է նշանակում, բժիշկ,- զարմացած ու փոքր-ինչ վախեցած հարցրեց Եփրեմյանը:

– Ո՞վ կսպասեր… Չէ՛, դու հասկանո՞ւմ ես, մարդ Աստծո, դու պատկերացնո՞ւմ ես… Հապա մի էստեղ նայիր: Ախր այս մարդն ասես ներքին օրգաններ ընդհանրապես չի էլ ունեցել: Լավ, բայց ինչպե՞ս է տևական ժամանակ և մինչև ինֆարկտը, առանց ներքին օրգանների ապրել, գոյատևել:

Եփրեմյանն ուսերը թոթվեց.

– Մեր ձեռքի տակ եղած բուժառուի փաստաթղթերի համաձայն, նա ժամանակին ենթարկվել է մի քանի վիրահատությունների: Հեռացվել են նրա ճարպագնդերը, նշագեղձերը, կույր աղին, շագանակագեղձը, անգամ պապիլոմաները… Հիսունյոթ տարեկանում ենթարկվել է սրտի բաց վիրահատության, բայց…

– Հասկացա: Բայց ո՞ւր են նրա սիրտը, թոքերը, լյարդը, վերջապես` ստամոքսն ու աղիները…- զայրացած ինքն իրեն հարցրեց ավագ բժիշկը:- Նայի՛ր… կրծքավանդակում սրտի փոխարեն ասես սպունգի կտոր է, թոքերի փոխարեն ինչ-որ քարացած կարծր շերտեր, ստամոքսն ու աղիները գրեթե դատարկ են,  չոր։

– Աստված իմ, մի՞թե այս սիրտը երբևէ տրոփել է,- ասաց Եփրեմյանն ու հայացքը փախցրեց դիակից:

– Սա անհավանական է, սա գիտությանն անհայտ դեպք է: Սա դեմ է թե՛ բնական և թե՛ գիտական բոլոր տեսություններին: Ախր, հասկանո՞ւմ ես, Եփրեմյան, ասես ինչ-որ մի անհայտ ձեռք, մինչև հանգուցյալի մահկանացուն կնքելը, զրկել է նրան կենսաբանական անհրաժեշտ օրգաններից: Եվ այս պարագայում մենք գործ ունենք, թող ներվի ասել, ընդամենը մարդկային մի դատարկ «ֆուտլյարի»` պատյանի հետ: Այսպիսի դատարկ խոռոչով դիակներ հայտնաբերվել են միայն հին եգիպտական փարավոնների բուրգերում ու դամբարաններում, այն էլ հազարավոր տարիներ առաջ մեռած և զմռսած դիակների մոտ: Ի՛նչ է, մենք գործ ունենք մումիայի հե՞տ: Սա ցնորք է, ֆանտաստիկա։ Համենայնդեպս, հետաքրքիր է, թե այս պարագայում հանգուցյալի ուղեղն ի՞նչ տեսք կունենա: Հը՞, Եփրեմյան, չփորձե՞նք նաև գլխուղեղի պարունակությանն անդրադառնալ:

– Չեմ առարկում, Լավրենտովիչ, եկեք փորձենք:

– Այդ դեպքում փոխանցիր վիրահատական սղոցն ու մուրճիկը: Չմոռանաս նաև ջրի հոսքը թուլացնել:

Ավագ բժիշկը տեղափոխվեց դիակի գլխի կողմը, վերցրեց Եփրեմյանի մեկնած գործիքներն ու սկսեց դիահերձման երրորդ գործընթացը: Երբ բացվեց նաև գանգատուփը, բժիշկները նկատեցին, որ գլխուղեղը կենսաբանական նորմալ վիճակում է, և չկա ոչ մի անոմալ երևույթ: Այն անվնաս էր: Սակայն քիչ անց, դիակին նայող բժշկի աչքին մի տարօրինակ բան երևաց կամ գուցե թվաց: Նա ուղեղի ձախ կիսագնդի ծալքերում թեթևակի թրթռոց նկատեց: Այդ թրթիռը բժշկին հիշեցրեց կենդանի սրտի համաչափ ու ռիթմիկ զարկեր: «Եվս մի տարօրինակ ու զարմանալի հանգամանք»,- ինքն իրեն ասաց գլխավորը, շրջվեց գործընկերոջ կողմը.

– Եփրեմյան, գիտեք, չէ՞, որ մարդու ֆիզիկական մահվանից հետո նրա տարբեր օրգաններն ունենում են դադարման, այսինքն՝ մահացման տարբեր փուլեր:

– Իհարկե գիտեմ, բժիշկ:

– Այդ դեպքում նայեք, խնդրեմ: Տեսնո՞ւմ եք, նրա ուղեղը դեռևս մասամբ գործում է: Այս շարժումը երևի հենց դրա վկայությունն է:

– Այո, այդ թրթիռն անզեն աչքով էլ է երևում, բայց տարօրինակն այն է, որ այդ թրթռոցին հաջորդեց ևս մեկ այլ տարօրինակ երևույթ: Ես նկատեցի, թե ինչպես ուղեղի թրթռացող ծալքերից դուրս ելավ մի փոքրիկ կապտավուն ցոլք ու հեռացավ դեպի պատուհանի կիսաբաց օդանցքը:

Ավագ բժիշկը մի պահ լռեց, քթարմատին ուղղեց ակնոցը, նայեց հանգուցյալի կողմը.

– Ուզում եք ասել՝ հանգուցյալի հոգին դեռ չէր լքել մարմինն ու հենց նո՞ր միայն հեռացավ:

– Չգիտեմ, բժիշկ, չեմ կարող ասել, ես պատկերացում անգամ չունեմ այդ մասին: Դա միայն դուք կարող եք, որպես փորձառու պատանատոմ, իմանալ: Մի՞թե այս մարդու որևէ օրգան կարող էր մահվանից ուղիղ քառասունհինգ  ժամ անց կենդանի մնալ:

– Իսկ ես գտնում եմ, որ դա բացառված չէ, Եփրեմյան,- ճաղատը ճակատի քրտինքը թևքով սրբեց:- Չնայած ֆունկցիոնալ առումով մարմնի տարբեր օրգաններ արդեն վաղուց դադարել են գործել կամ պարզապես անհետացել են, բայց արի ու տես, որ ուղեղը դեռևս պահպանել է իր ընկալման և արձագանքման ֆունկցիան:

– Հըմ…- արձագանքեց Եփրեմյանը:

Կառլեն Մումյանի գրեթե դատարկ մարմինը, որին գլխավորը մարդկային ֆուտլյար՝ պատյան էր անվանել, բժիշկները խնամքով հականեխեցին ու հմտորեն փակեցին: Նույն կերպ վարվեցին նաև գլխի  բացվածքը փակելիս:

– Ենոքյան, մեր գործը հավուր պատշաճի կատարեցինք: Այնպես չէ՞:

– Այդպես է, Լավրենտովիչ:

– Ուրեմն, եկեք պայմանավորվենք` չանդրադառնալ այս տարօրինակ բացառությանը: Մենք դեռ շատ գործ ունենք անելու,- ձեռքը թափ տվեց ու Ենոքյանին խնդրեց մոտեցնել հանգուցյալի հագուստները:

Երբ բժիշկներն ավարտեցին Մումյանի նաև հանդերձավորման, աշխատանքը, գլխավոր բժիշկը նկատեց, որ հանգուցյալի մարմինն իր նախնական տեսքն է ստացել: Ասես Մումյանն ուր որ է պիտի շնչեր, կենդանանար: Այս անգամ գլխավորն այդ հանգամանքը չտեսնելու տվեց, քանզի նրան թվաց, թե իր հետ ինչ-որ բան է կատարվում, և ինչ-որ բան այն չէ: Կրկին սրբեց ճակատի քրտինքը և  մի թեթև շարժումով ինչ-որ բան նետեց աղբարկղն ու դառնալով գործընկերոջը` կտրուկ ասաց.

– Չէ՛, Ենոքյան, այս անգամ ինչի ականատեսը եղանք, չլսված, չտեսնված բան էր: Ես՝ երեսուն տարվա բժիշկս, մինչ օրս նման բան չէի տեսել և չեմ հիշում…

Երբ ավարտել էին Կառլեն Մումյանի դիահերձման աշխատանքները, ավագ բժիշկն ասաց.

– Ինձ թվում է, որ այս մարդու մոտ շատ հարցեր կիսատ ու անավարտ են մնացել: Նրա հոգին չէր կամենում լքել դատարկուն, բայց հարազատ դարձած մարմինը: Այս մարդու դին ինձ հիշեցրեց երաժշտական գործիքի դատարկ ֆուտլյար, ուր ժամանակին կյանքի հարահոսը, նրա մարմնի գործարաններն իրենց երգն էին հյուսել` ի շահ նրա հոգու երազած ազատ ու հոգեշահ կյանքի…