ՏԻԳՐԱՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԺԱՅՌԸ ԴԱՐՁԱՎ ՄԱՍՐԵՆԻ ՈՒ ԾԱՂԿԵՑ/Մարիաննա  ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Ամեն լավ բան սիրո ծնունդ է, ամեն ինչ մի օր

ավարտվում ու փոշի է դառնում, սերը` երբեք»։

Տիգրան Նիկողոսյան

Մեսրոպատառ գեղեցկագույն հայոց լեզուն մեր ժողովրդի մշակութային ինքնության ու գոյի սյունն է։ Հայոց գրի, գրականության ծաղկման գործում նշանակալի ավանդ ունեն Ուսուցիչն ու Գրողը։ Տիգրան Նիկողոսյանի գրչի յուրահատկության ու առանձնահատկության հենքը իր դաստիարակությունը, կրթությունն ու ներքին բարձր կուլտուրան են։ Նրա ամեն բառում, տողում վառ արտահայտված է հայրենասիրությունը, որը շեշտված է իր մայրական Սարուխան գյուղից, իր մանկության ամառների ուղեկից շիտակ մարդկանց նիստուկացից, ծաղկած դաշտերից, Գեղամա չքնաղ լեռներից ու Սևանա լճի քաղցրահամ ջրերից։ Բնության հետ է կապված իր հոգում տիրող ներդաշնակ միտքը, որ արդեն իսկ գրքերից հասու է դառնում ընթերցողին։ Անպատմելի հուզմունքով, սրտի թրթիռով է միշտ խոսում նախնյաց ծննդավայրի և, իհարկե, ծնողների հանդեպ ունեցած դողացող սիրո, խոնարհումի ու պատկառանքի մասին։ Որքա՜ն գորովանքով ու ջերմությամբ է նա հիշում ամեն մի դրվագ։ Քաղցր այդ պատրանքներից է ծնվել «Բարի լույս,  հայրիկ» գեղարվեստավավերագրական գիրքը (ի դեպ, այս տարի լրանում է նրա ծննդյան 100-ամյակը, և գիրքն էլ հեղինակը որդիական խոնարհումով նվիրել է հրաշալի այդ հոբելյանին)։ «Թասի մեջ փայտածուխը լուռ առկայծում, և շուրջբոլոր բարակ խնկաբույր է սփռվում… Եվ հիշողության կապույտ թերթիկներց պոկվում ու օդում սավառնում է հուշը»…

Նիկողոսյանի երևակայության մեջ ժայռը դառնում է մասրենի ու ծաղկում։ Եվ ինչպես գույնը, բառն էլ ծնվում է ցավից, սիրուց ու կարոտից…

«Ես ապրում եմ՝ Արարատ լեռան հավերժությունը, ծաղկած ծիրանենու կատարելությունը, հող հայրենին, ոսկեդեղին հասկը, նորածնին և գիրը որպես բարձրագույն արժեքներ դիտելու, Մհերի դուռը մի օր բացված տեսնելու, Աստծո նմանությամբ մարդուն երբևէ հանդիպելու  հավատով»` իր «…Եվ գիրը մեր» գրքում գրել է Նիկողոսյանը։

Լինելով խորագետ և ուսյալ՝ ունի վեհ գաղափար անցողիկ կյանքի, մարդու բարի անվան ու մնայուն գործերի վերաբերյալ։ Մերօրյա հայ գրի մաքրամաքուր ու գեղարվեստական շարադրանքի ջատագովն ու զորավիգն է, որի գրչի թանաքը հայ հնամյա մշակույթի շավիղն է։ Տ. Նիկողոսյանի տարիների ստեղծագործական կյանքն արարուն է, բազմաբովանդակ՝ հարցազրույցներից հրապարակագրություններ, ելույթներից գրախոսություններ, էսսեներից էտյուդներ ու գրքեր։ Յուրաքանչյուրն՝ իր գրչին վայել գեղարվեստական մեկնությամբ։ Նրա որոշ գործեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, սերբերեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն։ Տպագրվել է նաև Հնդկաստանի,

Սերբիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, սփյուռքի շուրջ տասը հեղինակավոր պարբերականներում։

Հանրապետության վաստակավոր ժուռնալիստի կոչումն իր մասնագիտության մեջ առավելագույնն է համարում։ Եվ կրում է խորին հարգանքով, առ մարդն ու հայրենիքը մեծագույն պատասխանատվությամբ։

Գրողի այսքան տարիների ձեռքբերումները նրա լուռ, համեստ, իր գործին նվիրված, մասնագիտական գիտելիքների փայլուն իմացությունն են ու պատշաճ օգտագործումը։ Հեղինակն իր գրի խորաթափանց վարպետությամբ կարողանում է բախել ու ներս մտնել ցանկացածի ներաշխարհ։ Ընթերցողին իրականությունից տեղափոխում է իր հուզաերևակայական գեղարվեստական տարածք, որտեղ ժամանակն ինքն է թելադրում, և իր գրչի դյութիչ ու գաղտնի կարողությամբ հուզում անգամ ամենաքմահաճ ընթերցողին։ Ցանկացած միտք նա արտահայտում է խորը իմացությամբ, գեղարվեստական հստակ ու դիպուկ վերլուծություններով ու գրական անթերի շարահյուսվածքով։

«Երեք բան անհնար է խլել մարդուց. հայրանունը, հիշողությունը, սերը»։ Այս տողն ահա, այն հենքն է, որի վրա շատ դեպքերում կառուցվում է նրա ասելիքը։

Նիկողոսյանը անաղարտ մայրենին բարձր գրականությամբ, գեղարվեստի ներուժով, գրական մշակույթի գրավիչ ձևով է մատուցում իր ընթերցողին։ Ծայրաստիճան բծախնդիր ու բացառիկ գեղագիտական ճաշակի տեր անձնավորություն է, որի գրիչն օրհնված է ի վերուստ։ Նրա ամեն մի բառը ասք է` կարծես տրված երկնքից։ Ու այդ երկինքն է կապում երկրայինը երկնայինին…

«Բառերը լռել են, լարերը դողում են, և սերն է ծնվում` լույսը վկա»։

Եվ այսպես, գրչի ամեն մի հպումից ծնված ստեղծագործություն ու ամեն մի գիրք իր կյանքի պատմությունն ունի, և ամեն միտք՝ իբրև մարդկային ապրում, որոնցով էլ շրջապատը դառնում է լուսավոր ու գեղեցիկ, առինքնող ու բովանդակ։ Բնականաբար, այս ամենի հիմքում սերն է։ Եվ այս վեհ զգացումից է կյանքի կոչվել «Սիրո գինը սերն է» գիրքը։ Աներկբայորեն այստեղ արվեստի ենթաշերտերի միաձուլումն է, որ իր գագաթնակետին է` սիրո ազնիվ արտացոլմամբ։ Գրքում թևածում են գունապնակի բոլոր գույները, հնչում է համամարդկային երաժշտությունը, ապրում է բնությունը` չորս եղանակով, ու տրոփում է մարդկային սիրտը…

Նրա մտքում է մշտապես արևելյան այս իմաստությունն է. «Եթե ճանապարհդ վարդերով է պատված, զգույշ քայլիր՝ փշերը ոտքերդ չծակեն»։

Այն, որ Տիգրան Նիկողոսյանը Գավառի պատվավոր քաղաքացի է, արդեն իսկ փաստում է, որ իր ազգային ոգու և գաղափարի ներդրումն ունի հայրենիքում։

«Մարիամ իշխանուհի» պատմավավերագրական էսսեն հեղինակի գենետիկ կոդն է։ Այստեղ պատրանքն ու իրականությունը միահյուսված են հոգևորի, հավատի, սիրո, գրի, մշակույթի, հայի հավաքական գաղափարի շուրջ։

«Օրն անցել է, իսկ գործը մնացել է, օրն անցել, իսկ քարին կամ թղթին փոխանցված գիրը շարունակում է պատմել անցողիկ կյանքի ու մնայուն գործերի մասին։ Բարձրացրու հայացքդ։ Սպիտակասարի ձյուների մաքրությունից ու Գռիձորի ծաղիկների անկրկնելի գեղեցկությունից բարության ու սիրո քո ապրած ժամանակի պսակն հյուսիր, պարզիր աշխարհին ու նախնիներիդ թանկ դասերին ապավինած ու նրանց պատկերը սրտումդ` շարունակիր կառուցել, արարել։ Շարունակիր հավատալ գլխավորի հավերժությանը…»:

Ահա սա է արձակագրի բարոյախոհափիլիսոփայական լրջագույն  խորհուրդն ու հորդորը.

«Ես արեցի այնքան, որքան կարողացա, ավելի ստույգ` որքան թույլ տվեցին մեր կյանքն ու ապրած ժամանակը։ Երբևէ շատ ավելին արված տեսնելու հավատով…»: