ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ/Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Սոնա Վանի պոեզիայի մասին առիթ ունեցել եմ հանդես գալու հոդվածներով, այնուհետև իմ «XX դար: Հայ գրողներ» մատենաշարով հրատարակելու «Հրե վարդ» մենագրությունը (2018, 320 էջ): Կարծում էի` այդքանով կավարտվի իմ ասելիքը, բայց խոսել են տալիս նաև դրանից հետո լույս տեսած բանաստեղծական նոր ժողովածուները՝ «Հայրս ասում էր» (2019, 304 էջ) և «Այս աղջիկը» (2025, 266 էջ):

Հիմնական ասելիքս վերաբերում է բանաստեղծուհու գրական կերպարին և նրա փոխակերպություններին, այլ կերպ՝ կերպարանափոխություններին, որ կրոնական, պատմական, նաև գրական հնագույն նախապատմություն ունի իր ամեն տեսակի մետամորֆոզներով:

Ակնհայտ է մի բան՝ Սոնա Վանը խորապես ինքնակենսագրական գրող է: Գեղարվեստի լեզվով նա պատմում, վերարտադրում, ներկայացնում է իր կյանքը: Սա առավելապես անձնական քնարերգություն է: Ինքն է՝ իր տարբեր տարիքներում. հասուն տարիքից մանկությանը, պատանեկությանը և երիտասարդությանն ուղղված հայացքն է: Նույն հայացքի հիշողության տեսադաշտում են ֆիզիկոս հայրը, ընտանիքի մայրը, հեռու ինչ-որ մի գյուղ, գյուղում ապրող մորեղբայրը, հարազատներ, ժամանակի ծալքերի մեջ մնացած ձայներ,  օդում թափահարվող հրաժեշտի ձեռքեր:

Նաև մեծ կյանքն ու մեծ աշխարհն է՝ իր անդրադարձներով և հատկապես` հայ մարդու լինելության համանվագով:

Ահա այս ամենի մեջ ամեն մի դարձի ու շրջադարձի կատարվող կերպարանափոխություններով հասունանում է գրական կերպարը. նախատիպը դառնում է տիպ: Դրան նպաստում են հիշողության մեջ առկայծող, մտքի մեջ թափառող, հանկարծակի մտաբերվող առանձին դրվագներ. հայրը՝ բազմոցին թիկնած թերթ կարդալիս, ձեռքերը խմորի մեջ թաթախած կամ տաշտում օճառաջրի մեջ լվացք անող մայրը: Այդպես նաև մյուսները՝ իրենց կերպարին բնութագրական իրական մի քանի հատկանիշներով: Սրանք մանրամասներ են, որոնցով կերպարը կենդանանում է, և  խոսքը չի դառնում մերկապարանոց ու ճառային, այլ՝ տոգորվում է կյանքի ավիշով: Այո՛, հենց այդպես, որովհետև կենսական ավիշից բացի, կա նաև գեղարվեստական խոսքի ավիշ, առանց որի ամեն ինչ դառնում է չոր ու անկենդան:

Այս դեպքում կարևորը արվեստի սահմանն է, ինչն արդեն բանաստեղծի գաղտնիքն է՝ որպես պատկերավոր խոսքի, լեզվի ու ոճի կազմավորման գեղագիտություն: Այդ սահմանին է, որ կենցաղը զտվում, մնացորդից զատվում ու դառնում է արվեստ: Ընդ որում՝ պարզ ու իրական, առանց ոսկեզօծման, առանց դիմափոշու, առանց ռետուշի:

Որպես գրական հերոս՝ ամենուր հեղինակն  ինքն է: Պատկերները փոխվում են, ինչպես ֆիլմի կադրեր, բայց հերոսուհին նույնն է՝ տարիքային անցումներ են, հարակից նոր կերպարներ են, հոգեբանական վիճակներ են, կյանքի գեղադիտակն  է որպես շարժանկար:

Եվ նորից, կրկին ու վերստին ինքն է, այս անգամ՝ արդեն Աստծու ահեղ դատաստանի առաջ: Երկրային կինն իր մեղքերն է խոստովանում, որ ընդամենը ապրած մի կյանքն է: Աստծու արդար դատաստանից ոչինչ չի վրիպում, և նրան հաճոյանալու ու սիրաշահելու համար անգամ կատակներ է անում, մեղքի խոստովանությանը սեթևեթ ձևեր է տալիս՝ կարծելով, թե այդպես շեղում է Աստծու ուշադրությունը բուն խնդրից: Բայց Աստված ամեն ինչ գիտե, նրա ամենատես հայացքից ոչինչ չի վրիպում:

Ահա այստեղ էլ կատարվում են կանացի կերպարի բազմատեսակ կերպարանափոխությունները, որոնց բարոյական առանցքը մեղքն է, խոստովանությունն է ու մեղքի թողության ակնկալիքը: Եվ պարզում է, որ մեղքը մարդը ինքն է վերագրել իրեն, իսկ Աստծու համար դա միևնույնն է: Ներում ես դու ի՛նքդ քեզ, դատապարտում ես դու ի՛նքդ քեզ, և կամ ՝ոչ այս, ոչ այն, պարզապես ապրում ես քո կյանքն՝ ըստ քո լույսի ու ստվերի, որ նույնն է՝ ըստ քո արևածագի ու քո մայրամուտի:

Ամեն ինչ այսպես պարզ է, բայց հեշտ չէ, քանի որ կա շրջապատի աչքը, շրջապատի ականջն ու շրջապատի մշտախոս լեզուն, որը փորձում է ասեկոսեներով խոսել Աստծու անունից և պատվիրաններ կարդալ: Մինչդեռ Աստծու պատվիրանը մեկն է՝ սիրեցեք զմիմիանս, բարությամբ ապրեք ձեզ վիճակված կյանքի ժամանակը և բազմացեք այս երկրի վրա:

Այդուհանդերձ, շրջապատի աչքը, ականջն ու լեզուն համառ են, Աստծու անունից խոսելով՝ աննկատ   սատանա են դառնում՝ վերածվում տեսանկարահանող խցիկների,   գաղտնալսող սարքերի, մտնում են քո տուն, որպեսզի ուր հարկն է լուր տան:

Ոչ միայն բանաստեղծի, այլև համայն մարդկության մերկությունը այլևս անհնար է ծածկել: Թզի տերևը երանելի անցյալ է: Եվ այս ամենի մեջ, դեռևս անցյալի պատկերացումներով պարուրված, ժամանակակից մարդն է, որն ուզում է իր այսօրվա կերպարը տեսնել գրականության մեջ, որովհետև անցյալի կյանքը արդեն կերպավորվել է: Ստեղծվում է գրական հերոսի հոգեբանական նոր կերպար, որ նոր մարդն է իր կյանքով ու հնարավորություններով:

Սոնա Վանի այս երկու գրքերի առանցքն ու միջուկը, ահա,  հոգեբանական այս նոր ապրումների գեղարվեստական ներկայացումն է, որ մեկ դառնում է մենախոսություն, մեկ երկխոսություն, մեկ վերածվում թատերական բեմադրության… Կա և՛ խոսքի գործողություն, և՛ շարժումների գործողություն, որոնք ստեղծում են ներքին շատ խիտ ու միասնական դիպաշար՝ առաջ տանելով գրական հերոսուհու խաղացկուն, բայց ներքին ամուր կապերով պայմանավորված աստիճանական կերպարանափոխությունները: Ահա այսպիսի կերպարանափոխություններով էլ դրվագ առ դրվագ ուրվագծվում է ժամանակակից մարդու ամբողջականության ձգտող կերպարի մի նկարագիր, որը ենթակա է ընդունող կամ մերժող տարատեսակ լրացումների, ճշգրտումների ու քննարկումների:

Այդ կերպարը ժամանակի խորհրդանշանն է, որի նկարագիրը կյանքի երեսներն են՝ լուրջ և շատ լուրջ, ծիծաղելի, անգամ հեգնական: Կա ոչ միայն ինքնահիացում, այլև կա ինքնահեգնանք, որ իրականության համատարած խեղկատակության, ամենօրյա ծաղր ու ծանակի մեջ մարդու ինքնորոշման, ինքնահաշտեցման նախապայման է: Ասվել է, չէ՞՝ ծանիր զքեզ:

Այսպես, աչքի առաջ ժամանակակից մարդն է՝ իր անընդմեջ, անընդհատական ինքնաքրքրումներով ու ինքնադատաստաններով: Ժամանակակից կյանքի սանձափոկերն ու կառավարման վահանակներն իր ձեռքում պահած մարդը, որ մեկ նվիրվելով, մեկ դիմադրելով, մեկ հարմարվելով՝ ի վերջո գալիս-կանգնում է ինքը իր ներքին անդունդի եզրին: Այստեղ նրա կրած վիրավորանքներն են, չհասկացվածություններն են և օտարվածությունն է, որ հասցնում է միայնակության, լքվածության և սեփական ավելորդության հուսահատ գիտակցման: Այդ ներքին անդունդի եզրին նա ճոճվում է՝ վախի չափը պահող հավասարակշռության ձողը ձեռքին, որ իր մտքում է:

Այս գրքերում ժամանակակիցը մարդու հոգեբանական կերպարն է,  որն իր հետ բերում է նույն ժամանակի հատկանիշները՝ խոսքի արագություն, հարաբերությունների խցանում, մինչև վերջ չասված միտք, մշտապես կիսատ մնացած զրույց ու հարցազրոյց, լրավական հեղեղի մեջ ինքնությունը կիսատ-պռատ հաստատող տեսակետ:

Փոխվում է նաև բանաստեղծության կառուցվածքը՝ ռիթմիկ երգային հորինվածքը դառնում է ասերգային-խոսքային: Նոր ձև է ստանում ընդհանուր ձայնակարգությունը. հանգն ու չափը մնում են հեռու և կորցնում են չափածո խոսք կառուցելու հատկությունը, որովհետև նոր բանաստեղծությունն այլևս չափածո չէ, ազատ է, բայց ոչ Սիամանթոյի, Ուիթմենի ազատաչափի հանգույն, այլ՝ որպես խոսքի ազատ շարադրանք: 15-20 վանկանի լայն ու կանոնիկ տողերին, երկտող, քառատող հաստատուն տներին փոխարինում են նեղ տողերն ու ազատ հատույթներըը:

Միանգամայն նոր ձև է ընդունում չափածո խոսքի կշռույթային գրաֆիկան: Բրազիլիայի Բրազիլիա նոր մայրաքաղաքի (շինարարությունն սկսվել է 1958-ից)  հանճարեղ ճարտարապետ Օսկար Նիմեյերը հայտարարեց՝ ես շենքերը նախագծել և կառուցել եմ բրազիլացի կանանց մարմինների նմանությամբ: Հիմա մեր նոր պոեզիան ևս ժամանակակից կանանց նման նուրբ մեջք ունի ու ձիգ մարմին: Սա նաև  «Նաիրյան աղջկների հեզաճկուն պարն է», որ նույնքան պարե շարժումով քանդակեց Չարենցը:

Եվ այսպես՝ նոր ժամանակներ, նոր պոեզիա, որի ակնառու ներկայացուցիչներից է Սոնա Վանը: Մինչ շատերին նոր ձևի հնարավորությունները տանում են դեպի հեշտագրություն, Սոնա Վանն առանձնանում է խոսքի իմաստային ու պատկերային խտացումներով և հնարավոր դարձնում լրացնելու նորագույն պոեզիայի պատմության հերթական անհրաժեշտ էջը:

Այս հոդվածը գրեցի նշված գրքերի ամբողջական ու միասնական համապատկերն ուրվագծելու համար, ուստի, շարադրանքը չծանրաբեռնելու պահանջով, չդիմեցի առանձին հղումների կամ մեջբերումների:

  1. 05. 2026