ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Մեծ Հայքը լայնածավալ երկիր էր իր 15 նահանգներով, որոնք միջնադարի պատմիչները հաճախ կոչում էին աշխարհ: Ահա դրանցից մեկն էլ Շիրակ աշխարհն էր, որի փառքի գագաթնակետը Բագրատունյաց թագավորությունն էր՝ տիեզերահռչակ Անի մայրաքաղաքով: Շիրակ աշխարհը նաև հարուստ է նշանավոր անհատներով, հանճարներով՝ ինչպես Անանիա Շիրակացին ու Ավետիք Իսահակյանը: Անցյալի պարտավորեցնող հիշատակները պահպանում են այդ աշխարհի մերօրյա գրողները, որոնցից մեկն է հայրենասեր բանաստեղծ Սամվել Մարգարյանը: Զուր չէ, որ հենց նա է հիմնել «Շիրակ» կրթամշակութային պարբերականը և «Բագրատունյաց ասպետներ» հասարակական կազմակերպությունը:
«Հայոց առագաստանավը» Մարգարյանի 38-րդ գիրքն է, և օրինաչափ է գրքի շապիկին աշխարհահռչակ Հովհաննես Այվազովսկու հրաշք ծովանկարներից մեկի պատկերը:
Սամվել Մարգարյանի քնարի մոտիվներն են՝ սեր դեպի հայրենիքը, դեպի հարազատներն ու մտերիմները, և, որքան էլ զարմանալի է, նա պատանեկական ջերմությամբ երգում է դեպի գեղեցիկ կինը ունեցած իր սերը:
Առանձնահատուկ է գրքի «Արցախյան օրագիր» շարքը, որը ներկայացնում է բանաստեղծի և ամեն իսկական հայի հոգեկան ընդվզումը շրջափակված Արցախի համար: Բանաստեղծություններ են գրվել ողջ շրջափակման տարբեր օրերին.
Մենք չենք կարող հանգիստ դիտել՝//Արցախն ինչպես է հանգում,//Հայի պատիվն ու անունը//Թուրքը գետնին է զարկում: (21.03.2023թ.)
Իսկ արդեն 2023-ի հունիսի 23-ին բանաստեղծը, վրդովված չար աշխարհի անտարբերությունից, ահազանգում է.
Տառապանք է, արհավիրք է//Եվ աղետ է Արցախում,//Սպառվում են պաշարները,// Սովը դռներն է թակում:
Որոշ բանաստեղծություններով Մարգարյանը ձայնակցում է մեր մեծերին՝ Մովսես Խորենացուն, Հովհաննես Թումանյանին: Արցախյան բռնագաղթը նա զուգահեռում է 1915-ի ցեղասպանության հետ: XI դարի քաղաքական նշանավոր գործիչ և գրող Գրիգոր Մագիստրոսը՝ իր ժամանակի ապշեցուցիչ հանրագիտակը, որդուն ձոնած բանաստեղծության մեջ քաջալերանքի խրոխտ խոսքով հիշեցնում է, որ նա Բելին հաղթած Հայկի թոռն է և միաժամանակ պետք է պարծենա Հիսուսով: Այնքան նույնական ձևով է դիմում մերօրյա բանաստեղծն իր ավագ որդուն.
Արիացիր նախնյաց ոգով ու փառքով//Լավ օրերդ առջևում են, պիտի գան,//Քո ապագան կերտիր, կոփիր քո ձեռքով//Եվ կբուրեն բարձունքներդ անթառամ:
Ժողովածուում առանձին բաժին են կազմում դամբանականները՝ ուղղված կյանքից հեռացած մտերիմներին:
Հետևելով միջնադարի մեծագույն բանաստեղծ Սայաթ-Նովային, որը մարդուն պատգամում էր գիր, ղալամ, դավթար սիրել, այսինքն՝ լինել կրթված ու զարգացած, նա էլ իր զավակներին ուզում է կրթված ու լուսավորյալ տեսնել: Նրա կարծիքով, եթե նենգաբար չսպանվեին Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, այսօր կլիներ ուրիշ Հայաստան: Նա նույնիսկ բարեկամական ուղերձ է հղում մեր թշնամի հարևաններին.
Աստծո խորհուրդն է, որ ապրենք խաղաղ,//Պատվիրանն է մեծ՝ մարդ մի սպանիր,//Ղուրանում էլ կա այսպիսի մի տող՝//Հարևանիդ հետ միշտ խաղաղ ապրիր:
Անկախ այն հանգամանքից, որ գիրքը տոգորված է հայրենիքի ապագայի հետ կապված տագնապներով, բանաստեղծը լի է լավատեսությամբ:
Տպավորիչ գրքի դարձերեսին բանաստեղծի լուսանկարն է՝ իր հրաշալի հինգ թոռնիկների հետ, մեր երկրի ապագայի հետ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։