Բանաստեղծ Դավիթ Մշեցու «Լեռնագնացի օրագիրը» գիրքը լույս է տեսել 2023 թվականին: Գիրքը բաղկացած է երկու մասից՝ «Քերծերակներ» և «Արարման երգեր» շարքերից, որոնք մասնակի լրացնում են մեկը մյուսին: Գրքի «Քերծերակներ» շարքը բացվում է անվերնագիր բանաստեղծությամբ (Դավիթ Մշեցի, «Լեռնագնացի օրագիրը», Երևան, «Նռանէ» հրատ., էջ 25), որտեղ բանաստեղծը արդեն իսկ տալիս է գրքի գաղափարական հենքը, սյուժետային սկիզբը, ինչպես նաև խորհրդանշային համակարգի բանալին: Հենց առաջին բանաստեղծությամբ ուրվագծվում է դեպի լեռներ գնալու պատճառը, խորհուրդը, ինչպես նաև փախուստը ժամանակակից իրականությունից: Այդ ամենը հստակ ընդգծում են բանաստեղծության յուրաքանչյուր տան առաջին երկտողերը. «Ես գնում եմ, որ ապրեմ//Ուրիշ, ուրի՜շ մի սիրով,//Գնում եմ լուռ ու անդարձ՝//Թողած կրքերն հովտային,//Ետ չեմ նայում, չեմ լացում.//Ինչ ունեի, միֆ էր, սի՛ն//Գնում եմ, որ սովորեմ//Խորհուրդները լեռների»: (Նույն տեղում՝ էջ 25): Բանաստեղծական շարքի հերոսը նոր օրերում իրականացնում է Ֆրիդրիխ Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը», Ջորջ Բայրոնի «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» և Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» ստեղծագործությունների սյուժետային, գաղափարական հենքի մասնակի ընթերցում: «Լեռնագնացի օրագիրը» գրքի հերոս-նախատիպը ևս հեղինակն է: Ազգային այսրոպեական բարդ իրողությունները նրան մղում են հեռանալու անընդունելի իրականությունից, բարձրանալու լեռները, գտնելու արարչական, ազգային խորհուրդները և քարոզելու այն մարդկանց: Ի տարբերություն Նիցշեի Զրադաշտի՝ Մշեցու հերոսը իր գիրքը սկսում է լեռներ բարձրանալով, մարդկանց քարոզում է լեռներում և լեռներից ցած իջնելուց հետո: Լեռան գագաթը բարձրանալու և արարչական խորհուրդները ընկալելու սյուժետային մոդելը շատ ենք նկատում համաշխարհային մշակութաբանության և գրականության մեջ: Այս կետում կարելի է հիշել նաև Սինա լեռան գագաթ բարձրացած Մովսեսի մասին, սակայն Դ. Մշեցու պոեզիայի մասին խոսելիս հարկ չկա մանրամասն վերլուծել դա: Գնալով դեպի ազգային ակունքները՝ տեսնում ենք, որ հայ ազգը, դեռևս հնագույն ժամանակներից ապրելով Հայկական լեռնաշխարհում՝ լեռների վրա, մոտ էր կանգնած Արարչին: Եթե այլ ազգերի դեպքում կարիք կար կերտել ինչ-որ կառույց, երկնայինին առավել մոտենալու համար, ապա մեր դեպքում արդեն իսկ ծագումնաբանության պահից ի վեր կար այդ իրողությունը: Դրա մասին է նշվում նաև աշխարհի հնագույն տեքստում՝ շումերական «Գիլգամեշ» էպոսում: Գիլգամեշը դեպի հյուսիս՝ աստվածների, լեռների երկիր է ճամփորդում, որտեղ փրկվել էր Ութնապիշտին: Լեռներում արարչական խորհուրդների, գաղտնիքների մեկ այլ ազգային իրողություն կա նաև Ղևոնդ Ալիշանի մոտ, որը խոսում է հայերի նախաքրիստոնեական պաշտամունքի մասին և ընդգծում, որ հայերը պաշտում էին լեռներն ու քարերը. «Ս. Լուսավորիչը նորադարձ հայերին վարդապետելիս, ըստ Ագաթանգեղոսի պատմության, նրանց հայրերին կոչում էր քարապաշտ….»: (Ղևոնդ Ալիշան, «Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնը», Երևան, 2002, էջ 24): Այս կետում հարկ է խոսել նաև Արարատի պաշտամունքի մասին: Այստեղ Ալիշանը ևս գրում է այս իրողության մասին. «Մասիսը, ազատ և բարձր հատկանշող անուններից զատ, ունի նաև մթին կոչումը, ինչը նույնպես համարում եմ հին առասպելական ավանդույթներից մնացած:… Հավանական է թվում, որ Մասիսին ընծայվել էր հատուկ պաշտամունք կամ պատիվ, կամ Մասիսը որևէ կերպով սրբացվել և դյուցազնացվել էր հայկազունների կողմից»: (Նույն տեղում՝ էջ 26): Ընդհանրացնելով՝ կարելի է նկատել, որ Դ. Մշեցու «Լեռնագնացի օրագիրը» բանաստեղծական գիրքն առաջին հերթին դեպի լեռներ գնալով արարչական խորհուրդները տեսնելու, լսելու, հասկանալու մասին է, որի կողքին գրքի գաղափարական այլ մոտիվները ևս կան. այսրոպեական խնդիրները, ազգային ու պետական բարդ իրավիճակը և փրկության ճանապարհները: «Լեռնագնացի օրագիրը» գրականություն է, որն ապրել է բանաստեղծը: Դավիթ Մշեցին գիրքը գրել է լեռները բարձրանալու ընթացքում և հետո: Գրքում բանաստեղծություններ են ձոնված գրեթե այն բոլոր լեռներին, որոնք նա հաղթահարել է: Բացառություն է կազմում անհասանելի Արարատը, որին բանաստեղծություն ձոնել է բանաստեղծը Արագածից (Դավիթ Մշեցի, «Լեռնագնացի օրագիրը», էջ 54): Սրանից զատ գրքի բոլոր էջերը զարդարված են Արարատի պատկերով, որը ևս խորհրդանշական տուրք է Հայոց գլխավոր լեռանը: Բանաստեղծական շարքում Հայոց լեռների արարչական գաղտնիքների մասին խոսվում է 3-րդ բանաստեղծության մեջ: Առաջին անվերնագիր բանաստեղծությամբ ընդգծվում է դեպի լեռներ գնալու պատճառը, երկրորդ՝ «Բանաստեղծը» գործում ընդգծվում է գրքի գլխավոր կերպարը՝ հեղինակ-հերոսը, իսկ երրորդ՝ «Փախուստ» բանաստեղծությամբ՝ գրքի վերջնարդյունքը կամ լեռներից բերվող գաղափարական համակարգը.//Գնամ Արարչի գաղտնիքը պեղեմ//Նրա տեղապահ Հայոց Լեռներից// (Նույն տեղում՝ էջ 27):
Գրքի կարևորագույն գաղափարական հենքը Աստված, Տեր, Արարիչ անվանական, գաղափարական հակադրությունն է, որը բխում է Դ. Մշեցու պոեզիայի ընդհանրական գաղափարական համակարգից: «Լեռնագնացի օրագիրը» գրքի շատ գործերում հանդիպում ենք «արարիչ» բառին ու բառի տարբեր ձևերին: Այստեղ հստակ տեսնում ենք գաղափարական տարանջատում, որը կապված է Արարչին տրված անվան նախաքրիստոնեական և հետքրիստոնեական շրջանի հետ: Դ. Մշեցու Աստվածն Արարիչն է, որ չունի քրիստոնեական հենք: Հրաչյա Աճառյանի հայերենի արմատական բառարանում «արարիչ» բառի ստուգաբանության մասին կարդում ենք, որ բառի արմատը բուն հայկական առն, առնել բառն է (Հրաչյա Աճառյան, «Հայերէն արմատական բառարան», Երևան, ԵՊՀ հրատ., 1926, էջ 261): Առնել նշանակում է անել, գործել, կատարել, ստեղծել, շինել: Այդ արմատից են առաջացել արարել և արարիչ բառերը: «Լեռնագնացի օրագիրը» գրքում արարիչ բառին ու բառի հոլոված տարբեր ձևերին հանդիպում ենք մասնավորապես նշված էջերի բանաստեղծություններում: (Տե՛ս՝ Դավիթ Մշեցի, «Լեռնագնացի օրագիրը», էջ 27, 37, 38, 44, 64, 65, 76, 88, 90, 113):
Գրքի երկրորդ շարքում՝ «Արարման երգեր»-ում, հստակ տեսնում ենք Դ. Մշեցու համար «Աստծո» անվանական ձևի և դավանաբանորեն ընդունելի համակարգի իրողությունը: Մասնավորապես՝ վերոնշյալ յուրաքանչյուր բանաստեղծությունից կմեջբերենք տող կամ տողեր, որպեսզի ընթերցողի համար ավելի ընկալելի լինի. //Ու տրվում եմ լեռների//Արարչական տարփանքին…. (էջ 38), //Ցրես կուտակվող ամպերը մահվան//Եվ Արարչական տեսակդ պահես…(էջ 44), //Ողջ խորհուրդը Արարման//Ես նվեր եմ բերում ձեզ…(էջ 65), //Ձյուներ, նեխա՜ծ ձյուներ//Ժայռն՝ Արարչի ցասում (էջ 76), //Եվ դառնում եմ լեռների//Արարչական մի սուրբ ծես…(էջ 88): Ի հակադրություն սրա՝ տեսնում ենք, որ գրքում առկա մի շարք ստեղծագործություններում Աստծուն տրվող այլ անվանական ձևերը բանաստեղծի կողմից ընկալվում և ներկայացվում են որպես քրիստոնեական Աստծուն տրվող անվանում, որի գաղափարական անընդունելի լինելու մասին բարձրաձայնում է հենց բանաստեղծը. //Նայում եմ կիրճում հոշոտվող ձագին//Ու թացանում են աչքերը խոշոր//Հայացքը հառած կապույտ երկնքին//Աղոթք է հղում ինչ-որ մի Տիրոջ//-Ուրեմն պետք էր, Տե՜ր ամենազոր//Ուրեմն սա էր բախտը իմ ձագի//Ահա, Քո դուռն եմ գալիս ծնկաչոք//Որ երկրի վրա Քո կամքը ծագի….(էջ 52): //Լուրթ երազների վարձքի փոխարեն//Ձնծաղիկների արյան հանդիման//Մեր ոգեբոցին կավիճ են խառնել//Վահագնին դարձրել մի ինչ-որ Աման…(էջ 78): //Տնանկ ու սնանկ լեռներն ես փախչում//Պայթում ես, դառնում ժայռեղեն մի թագ//Որի Խորհրդին ոչ ոք չի անսում//Աստծուն չի փնտրում նրա շուքի տակ…(էջ 105): Նմանատիպ օրինակներ տեսնում ենք նաև գրքի մի շարք այլ բանաստեղծություններում ևս: (Տե՛ս՝ էջ 94, 106):
Պետք է նշել, որ «Լեռնագնացի օրագիրը» գրքում, ի հակադրություն Աստվածաշնչի, բանաստեղծն ընդգծում է նաև հայի՝ սրբազան ազգ կամ արարչական տեսակ լինելը. //Օ՜, Սրբազան Ազգ, սրա՞ն էիր արժան//Որ գոյությունդ կախված է մազից//Որ ապավինած Օրենքին օտար//Ուրացար ամեն սրբություն ու հաց (էջ 37):
Շարունակելով բանաստեղծական շարքի սյուժետային երևացող գիծը՝ նկատում ենք, որ լեռներում լինելուց հետո՝ ինչ-որ պահից սկսած, բանաստեղծը հստակ մատնացույց է անում այնտեղից իր իջնելը՝ արարման խորհուրդները սերտած ու դեպի լեռներ մարդկային հոգիները տանելու, դրանք ազատագրելու կամքով լցված. //Քերծերենը սերտած իջնեմ քաղաքն այս ցուրտ//Ու քարոզեմ լեռան պաշտամունքը անբիծ//Դեպի լեռները տանեմ հոգիներն այն մութ//Ու ազատեմ նրանց Համակերպման ճահճից (էջ 64): Հետագա էջերում (էջ 70, 93) ներկայացվում է լեռներում բանաստեղծ-հերոսի ստացածն ու ներքևում՝ քաղաքում գտնվող մարդկային հոգիները վերածնելու բանաստեղծի առաքելությունը: Այս կետում հստակ տեսնում ենք ներքև/քաղաք և վերև/լեռներ հակադրությունը: Այդ ընդգրկումով մատնացույց է արվում նաև ներքևում և վերևում գտնվող մարդկանց հոգեկան և գաղափարական առանձնահատկությունը. //հ. գ. Ես եկել եմ, ահա//Որ կեղծիքը վանեմ//Եվ լեռներիդ խորքից//Ինքնությունդ հանեմ… (էջ 75): Տարբերակելով ներքևն ու վերևը՝ բանաստեղծը գիտակցում է, որ մի օր ներքևի իրականությունից անդարձ հեռանալու է. //Մի օր կթողնեմ մայթեզրերը ցուրտ//Կթողնեմ վառվող լապտերներն անթիվ//Գնամ, կձուլվեմ երկնքին կապույտ//Ու կապավինեմ խոհածերպերին (էջ 53):
«Լեռնագնացի օրագիրը» գրքի «Քերծերակներ» շարքում հաճախ ենք հանդիպում Հայոց դիցարանի աստվածներին, առասպելական կերպարներին, նրանց անվան, նախատիպային կերպարի ընդգծումով։ Գաղափարական հենքից զատ ստեղծվում է նաև գաղափարական համակարգի բանաստեղծական կոլորիտային շերտ: Գրքում հանդիպում ենք նաև «Սասնա Ծռեր» էպոսի կերպարներին և սյուժետային դրվագների: Սակայն բանաստեղծը, որ կրում է Դավիթ անունը, իրեն զուգահեռում է Էպոսի Փոքր Մհերի կերպարի հետ: Այստեղ ևս գործ ունենք էպոսի՝ բանաստեղծի յուրահատուկ ընկալման հետ, որի համար սրբազան հայի ծագումնաբանությունը սկսվում է Սանասար և Բաղդասարով, շարունակվում Մեծ Մհերի և Դավիթի պատճառով սկսվող անկմամբ, վերջանում Փոքր Մհերի սրբազան շրջանի դարձին սպասումով: Այս կետում տեղի է ունենում Դավիթ Մշեցի-Փոքր Մհեր կերպարային զուգահեռը. //Հայացքս հառած կապույտ երկնքին//Հույսս անթեղած գագաթներում պաղ//Մինչ Վերադարձի Արևը ծագի//Քո գիրկն եմ գալիս, օ՜ Ագռավաքար… (էջ 74): Բարձր է դասվում, բնականաբար, Սանասարի կերպարն ու ոգին: Դա հատկապես տեսնում ենք գրքի անվերնագիր բանաստեղծություններից մեկում (տե՛ս՝ էջ 102), որտեղ բանաստեղծը տալիս է էպոսի իր ընթերցումը. //…Սթափվել է դառը փորձից//Չի վստահում ոչ ոքի//Դուրս չի հանում քարանձավից//Սանասարի կուռ ոգին…//: Բանաստեղծական գրքում ժամանակը սահում է հազարամյակների խորքերը, պտտվում նաև այսրոպեական ներկայում և գնում դեպի ապագա: Ներկայում բանաստեղծը ցույց է տալիս մեր հայրենիքում տեղի ունեցած ու ունեցող իրադարձությունները, որոնց գեղարվեստականացումը բանաստեղծն իրականացնում է այլաբանությամբ՝ լեռնային բնապատկերներով: Գեղարվեստականացման այս մոդելով ներկա քաղաքական, հասարակական բարդ իրողությունները համահունչ են լինում շարքի գաղափարական համակարգին: Դրա վառ ապացույցն է գրքի «Քաղաքական» (էջ 60), «Անտառի արքան» (էջ 63) բանաստեղծությունները, որտեղ բնության պատկերներով տրվում է մեր հայրենիքի, քաղաքական կերպարների գեղարվեստականացումը: Պատերազմում զոհված, անհետ կորած զինվորների խորհրդանշային պատկերը դառնում է ծաղիկը: Այս մասին ընթերցում ենք «Զանգակածաղիկը», (էջ 49) «Անթաղ ծաղիկներ», (էջ 67) և «Եղեռնված ծաղկունք» (էջ 98) բանաստեղծություններում: Պատերազմի ու պետության վարած քաղաքականության հետևանքների խորհրդանշական նկարագրության կողքին բանաստեղծը գրում է նաև վրեժի մասին. //Ո՞վ ձեր կապուտակ թերթերի վրա //Տեղաց ֆոսֆորե կարկուտ դժնի//Ո՞վ ձեր նորածիլ ոտքերին բարակ//Հպեց մահաբեր ռումբի գերանդին…//Ով էլ որ լինի, գալու է օրը//Երբ աստվածորեն կհառնեք նորից//Կազատեք կրկին հայրենի հողը//Ու վրեժ կառնեք ձեզ եղեռնողից…( էջ 67): «Լեռնագնացի օրագիրը» գրքում առկա կարևոր խորհրդանիշներից է նաև արևը: Արևը ստանում է հավիտենականության և արարչական երկնքից փրկություն բերող ուժի խորհրդանիշը: Արև-Վահագն համակարգը շարունակ պտտվում է գրքի տարբեր գործերում: Այս կետում դարձյալ պետք է հղում անենք Ղևոնդ Ալիշանին, որ ներկայացնում է արևի պաշտամունքը Հայոց մեջ. «…Հին հայերը այլ ազգերի նման պետք է նախ արեգակը պաշտած ու պատվի արժանացրած լինեին երկնքում՝ իր առերևույթ շրջանի մեջ, մանավանդ հորիզոնում ծագել-ծածկվելու ժամանակ և հետո ներկայացնեին բոլորակի ձևով, ապա և՝ մարդակերպ» ( Ղևոնդ Ալիշան, «Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնը», էջ 50-51): Արև-Վահագնից բարդ իրավիճակում փրկության հայցումը տեսնում ենք գրքի «Զանգակածաղիկը» ստեղծագործությունում, որտեղ, սակայն, օգնությունը ուշանում է. //Օգնական զորքը արևի չկա//Զանգակածաղիկը ընկած է անզոր//Եվ մարտնչում են թերթերը նրա//Ինչպես Հողի Գինն իմացող զինվոր… (Դավիթ Մշեցի «Լեռնագնացի օրագիրը», էջ 49): Հայրենիքի համար բարդ իրավիճակում արևից օգնություն ու փրկություն հայցելու բանաստեղծական մոդել նկատում ենք նաև Եղիշե Չարենցի «Թիֆլիսցի կինտոն» ստեղծագործությունում, որտեղ Հայաստանի բարդ վիճակը ներկայացվում է Սասուն-Մըսըր հակադրությամբ, իսկ ստեղծագործության վերջում Չարենցը նույնպես փրկություն է հայցում արևից. //Օ՜, ո՞ւր եք, աստղեր, արեւներ//Իջնում է ազգիս երեկոն//Եվ եղավ չըլսված մի Նեռ//Թիֆլիսցի նեղճակատ կինտոն… (Եղիշե Չարենց, «Նորահայտ էջեր», Երևան, 1996, էջ 137): Հարկ է նշել, որ հայրենիքը քանդող, վերացնող չարիքը երկու բանաստեղծների մոտ ներկայացվում է Նեռ-Ներոն նախատիպային մոդելով: Չարենցի պոեզիայում առկա օսիրիսյան կրակի համակարգի հետ զուգահեռներ տեսնում ենք նաև Մշեցու «Լեռնագնացի օրագիրը» գրքում: Այս կետում ևս արև-Վահագն համակարգը դառնում է փրկության ու օգնության հայցման կետ: Անարժան իրականության ոչնչացման համար բանաստեղծի հայացքը հառում է արեգակին: Մշեցու «Լեռնագնացի օրագիրը» գրքի «Քերծերակներ» շարքը փակվում է գրքի սյուժետային ավարտով, որտեղ լեռներից ցած իջած, արարչական խորհուրդները սերտած, քարոզող բանաստեղծը լեռների գագաթները ներկայացնում է հուշով, իսկ դրա հետևանքը դառնում է «Լեռնագնացի օրագիրը» գիրքը. //Ինձ լոկ մնաց մի թաց մինոր//Այս ծերպերից առկախ//(Դ. Մշեցի, «Լեռնագնացի օրագիրը», էջ 107):
Խոսելով գրքի մասին՝ հարկ է անդրադառնալ նաև գրքի երկրորդ՝ «Արարման երգեր» շարքին: «Լեռնագնացի օրագիրը» գրքի երկու շարքերում կան պանթեիզմի տարրեր: Արարչականը բանաստեղծը տեսնում է բնության մեջ: Բնության գովերգմամբ գովերգվում է Արարիչը: Բանաստեղծը արարչության խորհուրդը տեսնում է Արարչի ստեղծագործության՝ բնության մեջ և դառնում նաև համաստեղծագործ: «Արարման երգեր» շարքը սիրային քնարերգություն է, որտեղ կան տաղեր, որոնք մասնակի շարունակում են Գրիգոր Նարեկացու տաղերի գաղափարաբանական, գեղարվեստական ձևն ու համակարգը: Դա հատկապես նկատում ենք շարքի «Ալոճենին» (էջ 119) և «Լեռնային վարդը» (էջ 122) գործերում: Այստեղ բնության պատկերներով գովերգվում է կանացի գեղեցիկը: Այս շարքի գործերում նկատում ենք նաև արևելյան կրոնափիլիսոփայական, միստիկական սուֆիզմ ուսմունքի տարրեր: Ըստ սուֆիզմի՝ Արարչին միաձուլվելու տարրերից են նաև խորհրդածությունը, սերը և կիրքը: Դ. Մշեցու բանաստեղծություններում բնապատկերները դառնում են կանացի գեղեցկության պատկերման միջոցներ: Սակայն չշտապելով և ուսումնասիրությունը սկզբից սկսելով՝ նկատում ենք, որ գիրքը գաղափարաբանական իմաստով նոր օրերում բանաստեղծական շարունակությունն է Դավիթ Անհաղթի իմաստասիրական այն գաղափարի, ըստ որի՝ միայն բնությանը ճանաչելով՝ հնարավոր է ճանաչել Արարչին:
«Լեռնագանցի օրագիրը» գիրքն ունի շատ հարուստ բանաստեղծական լեզու: Գրքում առկա են բանաստեղծական հանգավորման և տաղաչափական տարբեր համակարգեր, ձևեր, որոնց բանաստեղծը տիրապետում է վարպետորեն: Գիրքն ունի ընթերցման իր խորհրդանշային համակարգը, որի բանալիները բանաստեղծը տալիս է: Գրքի գաղափարական կարևոր ուղերձներից է նաև պայքարը. //…Պայթեց եղծումի պարկուճը վերջին//Կամ կռվել է պետք և կամ աղոթել//Կամ գառան նման հանձնվել դահճին//Կամ այդ նույն դահճի արյունը վաթել//(էջ 78): Դ. Մշեցին շարունակում է պայքարի՝ Եղիշե Չարենցի գաղափարական պատգամը. //Արդեն հոգնե՜լ ենք մենք, այս անիմաստ բախտից.//Դու մինչև ե՞րբ, Արա՛, մանուկ մնաս,–//Եվ մինչև ե՞րբ–այսպես մահո՛վ հաղթես….//Լավ է` նաշից էլ քո չբարձրանաս՛,//Եվ պայքարի ելնեն առաջնորդները պարթև–//Որ մեռնելով` պարտվեն, կամ ապրելով հաղթեն….//(Եղիշե Չարենց, «Գիրք Մնացորդաց», Երևան, 2012, էջ 160):