Զապել Եսայան- 145
Աննա ՍԱՐԳՍՅԱՆ
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ,
Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
«Բարպա Խաչիկ». այսպես վերնագրեց Զապել Եսայանն իր վերջին լայն կտավի գործը: 1934 թ. Ա. Անտոնյանին ուղղված նամակներից մեկում նա գրում է. «Այս միջոցին կ’աշխատիմ «Բառպա Խաչիկ» անուն վէպի մը վրայ Պոլսոյ երկաթագործներու էսնաֆի կեանքէն առնուած»: Թեև 1936-ին վեպից հատվածներ են տպագրվել «Խորհրդային գրականություն» ամսագրի 1-4-րդ համարներում, սակայն ամբողջական տարբերակով առաջին անգամ գործը լույս է տեսել 1966 թվականին:
Գրողը կրկին վերադարձավ անցյալ՝ գործողությունների դաշտ դարձնելով քաջածանոթ Պոլիսն ու Փարիզը: Լայն ժամանակահատված ընդգրկող (19-րդ դարի վերջ և 20-րդ դարասկիզբ) վեպում փորձեց վերանայել իր տեսածն ու նոր գաղափարախոսությանը ենթարկել կերպարների քայլերի շարժառիթները: Հր. Թամրազյանի կողմից վեպը համարվեց գրողի «աշխարհայացքի փոփոխության ցայտուն արտահայտություն»: Վեպում կարելի է հանդիպել բազմաթիվ մտավորականների, որոնց կյանքի պայմանները խոչընդոտում են իրենց սիրելի մասնագիտությամբ զբաղվելուն, որոնց միավորում է իրավահավասար ապրելու բուռն ցանկությունը, նրանք երևում են ուղեկորույս նկարագրով, իրական մտավորական կոչվելու համար կիսում Եսայանի քաղաքական նոր կողմնորոշումները:
Սյուժետային զարգացումները հիմնականում պտտվում են պոլսաբնակ, երկաթագործ Բարպա Խաչիկի շուրջ: Վերջինս, չնայած որոշակի կրթություն չունենալու հանգամանքին, կարևորում է երիտասարդության ուսում ստանալը: Վեպի ժողովրդական իմաստության կրող կերպարն է Բարպա Խաչիկը, և հենց այս հանգամանքով էլ Եսայանը պայմանավորում է նրա՝ շրջապատում հեղինակություն ունենալու հանգամանքը: Նրա գաղափարներով է մեծանում վեպի առանցքային կերպարներից մեկը՝ Միհրան Դեմիրճյանը: Զ. Եսայանը հետևողականորեն ցույց է տալիս՝ սովորական երկաթագործն ինչպես է փորձում կրթության տալ փոքր տարիքից իր խնամքին հանձնված տղային, այն էլ այն դեպքում, երբ միջավայրն արդեն նախապես սահմանել էր, թե ըստ դասակարգի ով ինչպիսի դեր պիտի կատարեր հասարակության մեջ. ֆրանսիական դպրոցի նախակրթարանը մեծ հաջողությամբ ավարտած Միհրանին չեն ցանկանում ընդունել քոլեջ, բերում են կաղապարված հիմնավորում. «…Միհրանը սահմանված էր ուշ թե կանուխ դառնալու արհեստավոր, և թե իրեն տված ուսմունքը ոչ միայն որևէ օգուտ չէր կրնար ունենալ անոր համար, այլև, ընդհակառակը, վնաս, քանի որ կարող էր տղան շեղեցնել իր ճամփեն, այն, ինչ նախախնամությունը գծած էր իրեն համար, ծնեցնելով ստորին խավի մեջ, և թե այդպիսով է, որ առաջ կուգային առնվազն անպետք մարդիկ, բայց և երբեմն ըմբոստներ իրենց վիճակեն, և այդպիսիները չարիք կդառնային հասարակության»: Այս արգելքն էր, որ դեռևս «Կեղծ հանճարներ» վեպում Բարսեղի՝ դեպի երազանքի մասնագիտությունը տանող ճանապարհին պատկերում էր Եսայանը: Սոցիալական կացությունը մարդու առաջխաղացման համար խոչընդոտ համարելն ընդունելի չէր գրողի համար: Ինչո՞ւ էր ցանկանում Բարպա Խաչիկը Միհրանին տալ հատկապես ֆրանսիական կրթություն: Ֆրանսիան նրա մոտ խտացումն էր ազատության, հավասարության և եղբայրության: Միհրանը նույնպես ապրում էր այդ երազներով. հիշում էր հոր՝ երկաթագործ Սահակի թշվառ կերպարանքը, դեռևս մանկուց հասկացել էր մորեղբոր գործատիրոջ՝ Զարեհ Էֆենդիի Ճիզվիտ անվան նշանակությունը, գիտեր մեկ այլ գործատիրոջ՝ Արիստաքի Էֆենդիին տրված Դըրջան անվանման իմաստը, ի վերջո, ապրում էր Պոլսում, ուր անարդարությունները և խտրականությունը հետապնդում էին անհատին ամեն քայլափոխի: Զ. Եսայանը ներկայացնում է հասարակ ժողովրդի սոցիալական դժվար կացությունը, նրանց երազանքն էր լինել երկրում, որտեղ մարդիկ ապրում էին ազատ, իրավահավասար կյանքով: «Ապրիլ ազատ երկրի մեջ, ապրիլ ազատ մարդոց հետ…»,- ահա թե ինչն էր վեպի հերոսների միակ ցանկությունը: Եթե սկզբնապես կերպարներն այն կարծիքին էին, թե «ինչ որ կար զզվելի և անտանելի Կ. Պոլսո մեջ, իսպառ չի կար Եվրոպայի մեջ», ապա հեղինակը դեպքերի զարգացումն այնպես է կառուցում, որ արդեն Ֆրանսիայում տարագիր կերպարները հասկանալու են, որ իրենց փրկության համար կա միայն մեկ ապաստան՝ խորհրդայնացած Հայաստանը:
Մեծ հանձնառություն ունի Միհրանի կերպարը: Դժբախտ մանկությունից և դաժան իրականությունից փախուստի համար նա փորձում է շարունակ հեռանալ իր անցյալից, մանկության աչքերով դիտված գեղեցիկ Սկյուտարը մեծ տարիքում նրան ներկայանում է որպես անցյալ, որից պետք է փախչել, որին պետք է հիշել միայն այն ժամանակ, երբ հազվադեպ տանջելու կգա խիղճը: Հատկանշական է, որ Զ. Եսայանի մանկության հիշողություններում, ինչպես Միհրանի դեպքում, նույնպես առկա են հիվանդ մոր մասին հիշողությունները, ընտանիքի անդամների տխուր հայացքները. բայց կերպարի և հեղինակի միջև կա էական տարբերություն. Եսայանը երբեք չմոռացավ և չփորձեց փախուստի դիմել իր անցյալի հիշողություններից, չէ՞ որ դրանք կերտողն էին Եսայան-մտավորականի:
Համեմատաբար կայուն բնավորություն ունի ազգությամբ հույն բանվոր Վասիլի որդու՝ Յորկիի կերպարը, որի դեպքում կրկին կարևորվում է համալսարանական կրթությունը, ընդգծվում դեռևս ուսումնառության ընթացքում դեմ լինելն անարդարություններին, ինչպես նաև արվեստի նկատմամբ մեծ հետաքրքրությունը. «Պատանին թերթեց այդ ալբոմը, և անոր խիստ աչքերն հիացման արցունքներ ժայթքեցին»: Սակայն Յորկիի՝ արվեստի նկատմամբ հակումները հեղինակը հակադրում է դառն իրականությանը. «Քանի՞ փարա կշահիս,- ըսավ Վասիլը,- արձան շինելով, որո՞ւն արձանը կշինես»: Խոսքերը հիշեցնում են «Սկյուտարի վերջալույսներ» վիպակից հետևյալ տողերը. «-Չէ՛, տիկի՛ն, ըսել կ’ուզէ որ ուրիշ աւելի շահաբեր բան մը սորվէիք, անանկ ալ ութը տարի կեցեր էք, անանկ ալ… -Հապա, օրինակի համար, քօրսէ շինել սորվէիք…»: Ինչպես տեսնում ենք՝ նույնն է միջավայրը, և նույնն են մոտեցումները ոչ շահութաբեր գործ ընտրած անհատի հանդեպ: Զ. Եսայանը «Բարպա Խաչիկ» վեպում ցույց է տալիս երիտասարդների կյանքի բարդ ընթացքն այն միջավայրում, որտեղ գործում էր հետևյալ համոզմունքը. «…Ծո՛,- ըսավ անիկա,- ամենեն առաջ հացի մը փարան հանելու ճամփան գտնելու է: Ուսմունքը ի՞նչ պիտի ընես, տիրացո՞ւ պիտի ըլլաս, մի վարժապետ»:
Եսայանն այդպես էլ չի խորացնում հետաքրքիր խառնվածք և հանձնառություն ունեցող հույն ծեր վարժապետի՝ Դասկալոսի կերպարը: Պաշտոնազուրկ, աղքատ մտավորականը վեպում երևում է իր անսասան նկարագրով, բայց և ծայրահեղ թշվառության մեջ, միջավայրում, որտեղ իրեն չէին էլ հասկանում, բայց դա չի խանգարում նրան շարունակ խոսել վեհ գաղափարներից: Գիտակցելով, որ իրենից գնված գրքերը չեն էլ կարդալու, նա չի ընկրկում. «Անիկա համոզված էր, որ այդ գրքերեն մեկը օր մը պիտի դառնա այն կայծը, որ հրդեհ հառաջ պիտի բերե: -Ես կնետեմ սերմը,- կըսեր ան,- հողի և ժայռի վրա. հողը խոպան է, բայց օր մը սերմը կծլի…»: Հատկանշական է, որ Միհրանի կրթության մեջ Եսայանը մեծ դեր է տալիս Դասկալոսին: Նա է, որ Միհրանին սովորեցնում է հունարեն: Հեղինակը ուշագրավ մտքեր է վստահում Դասկալոսին. տեսնելով երեխայի ոգևորությունը՝ Ֆրանսիայում իրականություն թվացող ազատության, հավասարության և եղբայրության գաղափարների շուրջ, նա նկատում է. «…Անիկա դառը հեգնությամբ ծիծաղեցավ և խորհրդավոր երևույթ առնելով՝ ըսավ, թե մեր ժամանակներու դեմոկրատիային թևերը կտրված են, թե անիկա այլևս սավառնող և հաղթական արծիվ չէ, այլ դարձեր է տունի հավ և ոսկի կածե»: «Կիսախելագար» համարվող մտավորականին է Եսայանը վստահում մտքեր, ինչպիսիք են. «Պետք է անողոք ըլլալ՝ պաշտպանելու համար կյանքի իրավունք ունեցողները» կամ՝ «Պետք է մեռնիլ գիտնալ՝ ապրելու իրավունք ձեռք բերելու համար,- ըսավ ան կատաղությամբ,- այս է օրենքներու օրենքը»: Խոսքերը հիշեցնում են «Ավերակներուն մեջ» գրքում Շեյխ Մուրադ գյուղից իմաստուն և քաջ ծերունու հետևյալ միտքը. «Մեռնիլ չգիտցող մարդը, ապրելու արժանի չէ՜…»: Ինքնապաշտպանության մասին հնչած խոսքերին ի պատասխան՝ Զ. Եսայանն արձագանքել է. «…Իր գիւղացիի բնազդը չէր սխալեր, ու Շէյխ Մուրատի ինքնապաշտպանութիւնը իր մեծ կարեւորութիւնը ունի մեր յարատեւ վտանգի ենթարկուած ցեղին համար»: Ինչպես նկատում ենք, Դասկալոսի միջոցով Եսայանն արձակ է բերում իր կողմնորոշումները:
Վեպում ծայրահեղ թշվառության մեջ են ներկայանում Գեղարվեստից վարժարանի ուսանող Ռահմին, քանդակագործությունն ընտրած Նահատը: Նրանց կողքին պատկերվում է նույն վարժարանի ուսանող, որոշակի կրթություն ստացած Տիրանի նկարագիրը: Կերպարի ամբողջացման ճանապարհին խիստ արժեքավոր են Զ. Եսայանի որդու հետևյալ խոսքերը. «Նա ամուսնու նկարագիրը տվել է Տիրանի դրական կերպարում «Բարպա Խաչիկ» վեպում, թեպետ բավականին գունատ: Հայրս ասում էր, որ ամենից շատ դժվարանում է նկարել կնոջը։ Գուցե մայրս էլ չի կարողացել հաջող նկարագրել ամուսնուն»: Մեծ մտավորական է եղել Տիգրան Եսայանը՝ արվեստագետի ուրույն խառնվածքով, որի խոր պատկերումն իհարկե չի եղել Եսայանի դիտակետում վեպը գրելիս: Այսքանով հանդերձ, առկա են կերպար-նախատիպ որոշ հետաքրքրական առնչություններ: Համեմատենք՝ ինչպիսին է նա որդու հիշողություններում և կնոջ պատկերմամբ: Տիրանը վեպում ներկայանում է որպես կառավարական պաշտոնյայի որդի՝ բարեկիրթ նկարագրով, իսկ Հրանտ Եսայանը գրում է. «Հորս ընտանիքը բավական բարձր դիրք ուներ Կ. Պոլսում…»: Հեղինակը ցույց է տալիս նրա անհամաձայնություններն ընտանիքի անդամների հետ. «…Անիկա կատեր իր ընտանիքը և շարունակական ըմբոստության մեջ էր իր ընտանիքի անդամներուն…»: Որդին նկատում է. «…Նա դեռ երիտասարդ հասակում չի հարմարվում այդ միջավայրին և բարոյապես խզում է կապերը յուրայինների հետ»: Ճիշտ է, Զապել Եսայանն ընդամենը մի քանի էջ է հատկացնում Տիրանի կերպարին, սակայն, այսքանով հանդերձ, փոխանցում է իր ջերմ վերաբերմունքը ուսումնական երիտասարդի հանդեպ, որը բավական զարգացած էր, տիրապետում էր մի շարք լեզուների, երազում կատարելագործվել նախընտրած ուղղության մեջ: Եթե վեպում ընթերցողն այդպես էլ չի տեղեկանում ինչպիսի հանգվան են ունենում Տիրանի նպատակները, ապա կյանքում դրանք իրականացրած անհատն է Տիգրան Եսայանը, որն, ի վերջո, կատարելագործում է իր արվեստը Փարիզում: Նկատենք, որ Տիրանը վեպում ներկայանում է ոչ թե որպես նկարիչ, այլ՝ «արձանագործության ուսանող»: Իհարկե քանդակագործությունը խորթ չի եղել Եսայանի ամուսնուն: «Անիկա կուսումնասիրեր նաև գեղարվեստական տեսական հարցեր և հաճախ իր ձեռք բերած արդյունքներուն մասնակից կըներ իր ընկերները»,- գրում է Զ. Եսայանը՝ ակնարկելով Տիգրան Եսայանի՝ խոր գիտելիքների պաշար ունենալու մասին, և սա ամենևին էլ պատահական չէ, քանի որ նա ունեցել է գեղարվեստի վերաբերյալ հոդվածներ «Ծաղիկ»-ի, «Անահիտ»-ի և այլ պարբերականների էջերում:
Հատկանշական է, որ Զ. Եսայանը փորձում է զերծ մնալ խտրականությունից և պատկերել տարբեր ազգությունների պատկանող երիտասարդների բարեկամությունը: Վարժարանում միասին են Ռահմին, Նահատը, Յորկին, Տիրանը: Հեղինակը ներկայացնում է ազգությամբ թուրք բժիշկ Ռեմզիին, որն աջակցում է տարբեր ազգերի գաղափարակից ընկերներին:
Ժենյա Քալանթարյանը նկատում է. «Տեսաբաններից շատերը օտարի կերպարը համարում են արքետիպային երևույթ, կոլեկտիվ անգիտակցության մեջ ձևավորված մատրիցա, որն ունի կրկնվելու հատկանիշ, և որի միջոցով ստեղծվում են նախատիպերի տարբերակներ ու փոխանցվում սերնդեսերունդ», ուստի՝ ինչքան էլ Եսայանը չի ցանկանում վեպում ազգային տարբերություններին վերաբերող նյութեր արծարծել, ինչքան էլ փորձում է խուսափել իրականության որոշ կողմերի անդրադարձից, սակայն կան պատկերներ, որոնք մտածելու տեղիք են տալիս. ինչո՞ւ է ազգությամբ հույն մայրը որդուն, որը գնացել էր թշվառության մեջ ապրող ազգությամբ թուրք արվեստագետին ձեռք մեկնելու, հորդորում, որ ոչինչ չուտի այնտեղ. բազմիցս լսել է ըմպելիքի միջոցով թունավորելու դեպքերի մասին, ինչո՞ւ է թուրք ուսանողը խոստովանում, որ իրենց ներկայացնում են «բորենիներ, գիշատիչներ», փորձում բերել արդարացումներ, և, ի վերջո, թուրք բժշկի անշահախնդիր օգնությունն ինչո՞ւ է զարմանքի տեղիք տալիս: Տարբեր ազգությամբ ուսանողներին Եսայանը փորձում է միավորել բարեկեցիկ, խաղաղ կյանք ունենալու երազներով, ակնարկում՝ բոլորն էլ ի սկզբանե ողջունել են սահմանադրության ընդունումը, իսկ հետո տեսել իթթիհատականների իրական դեմքը, անգամ ազգությամբ թուրք բժիշկը խոստովանում է նրանց «արկածախնդրական քաղաքականությունը» և «թթու ազգայնականությունը», ելքեր որոնում ստեղծված իրավիճակից: Վերոնշյալ դեպքերը գալիս են ցույց տալու, թե ինչպիսի վախի մթնոլորտ է տիրել Պոլսում, թե ինչպես են այլազգի անձինք զգուշացել իրենց հարևան թուրքերից:
Հեղինակն իր հերոսների կյանքը պատկերում է և ֆրանսիական միջավայրում: Միհրանը, Բարպա Խաչիկը և նրա կինը, ի վերջո, բնակություն են հաստատում Փարիզում՝ Եսայանի վիպագրության մեջ խորհրդանշական դարձած 6-րդ հարկում:
Զ. Եսայանը Ֆրանսիայում երիտասարդների՝ ուսումը շարունակելու հանգամանքը երկրորդական է դարձնում նրանց՝ կուսակցական գործունեություն ծավալելու դիմաց: Յորկին ինքը խոստովանում է Միհրանին, որ չի հրաժարվել քանդակագործ դառնալու իր երազանքից, բայց դեռ աշխատում է գործարանում, նույնը համոզում է և Միհրանին: Եսայանը նրանց փորձում է ներկայացնել «բազուկի աշխատավորներին» և «մտքի աշխատավորներին» կապող օղակ, Միհրանի վերաբերյալ գրում. «Անիկա ուսմունք ուներ, բայց միևնույն ատեն հարազատ աշխատավոր էր»:
Հեղինակը ներկայացնում է Փարիզում ցույցերին մասնակցող հեղափոխական և հակահեղափոխական ուսանողների բախումը, հակադրում «ինտերնասիոնալը» երգողների խաղաղասիրությունը նրանց դեմ դուրս եկած բուրժուա ընտանիքների երեխաների հարձակողական պահվածքին: Ցույցերի ժամանակ գրողը Յորկիի միջոցով նաև ընդգծում է. «Այդ լավ է, շա՛տ լավ է, որ ուսանողությունը անկենդան չի մնար… մտավորական ուժերու գործակցությունը բանվորական ուժերուն հետ անհրաժեշտություն է… Օ՜հ, մենք արդեն կարող ենք գոհ ըլլալ, ամեն ինչ լավ է…»: Եսայանը հետևողականորեն փորձում է հանձինս Միհրանի և Յորկիի կերտել «մտավորական պրոլետարների» նկարագրեր:
Ո՞րն է վեպի գլխավոր թերությունը. Զ. Եսայանը, ներկայացնելով 20-րդ դարասկզբի իրողությունները, չի գրում 1915 թվականին երիտթուրքերի կողմից իրականացված ցեղասպանության մասին, կտրուկ անցում է կատարում 1917-ին: Իհարկե, «Բարպա Խաչիկ» վեպը չէր կարող ազգային հարցերի բարձրացման հարթակ լինել հայ գրողի համար, ինչն, ի դեպ, վեպի ողջ ընթացքում Զ. Եսայանը փորձում է հերքել՝ շարունակաբար կարծես ապահովագրելով իրեն: Այսքանով հանդերձ փոխանցում է իրականության ուշագրավ կողմեր. պատկերում է սեփական տունը հարկադրաբար լքած մարդկանց ողբերգությունը:
Ո՞րն էր վեպը գրելու նպատակը. «Մահացու վերքեր ստացած արևմտահայ ժողովուրդի այդ բեկորները ցրվեր էին աշխարհիս ամեն կողմերը: …Եվ ամեն մեկը՝ ուղեկորույս և մոլորուն, նոր հայրենիք կորոներ, տեղ մը, ուր իր ներկայության հանդուրժեին, ուր կարենար պատվաստել իր զավակներու կյանքը… խզվելով հազարամյա անցյալեն և զրկվելով որևէ հեռանկարե, այդ բեկորները կկորսնցունեին իրենց կյանքի իմաստը»: Բեկորներ. այսպես է նաև կոչում տարագիր հայությանը 1943 թվականին Բոստոնում հրատարակած «Նավը լեռան վրա» վեպում Կոստան Զարյանը, ով թեև հեղինակն է Զ. Եսայանին ուղղված «Ազգային «հնդկահաւուհին»» երգիծական հատվածի, 1920-ականներին նամակագրական կապի մեջ է եղել գրողի հետ, համագործակցել՝ Հայաստանում խորհրդային կարգերին ի նպաստ: «Նավը լեռան վրա» վեպում, երբ Թիֆլիսում հայ մտավորականությունը խորհում է ազգային հարցերի շուրջ, Սուլթանյանը նկատում է. «Սակայն, երբ կենտրոնաձիգ ուժը պակասում է, երբ այդ ուժը զօրեղ, միշտ նորոգւող, միշտ ստեղծագործող քաշողականութիւն չէ, երկրից դուրս քշւած բեկորները գնալով փոքրանում են, նսեմանում եւ, վերջ ի վերջոյ, փոշիանում…», նա անգամ նկատում է, որ գաղութում «ազգը դադարում է լինելուց, եւ նրա տեղը բռնում է մի ինչ-որ ազգանմանութիւն»: Ինչպես տեսնում ենք՝ վիպական սահմաններում նույնանում է գրողների մտահոգությունը. հավաքական կյանքի կազմակերպմանն ուղղված որոնումների մեջ են նրանք: «Բարպա Խաչիկ» վեպում հաճախ կարող ենք հանդիպել հրապարակախոսական շեղումների, երբ հեղինակը փորձում է ցույց տալ իր կողմնորոշման հիմքերը: Անտեսանելի, բայց և կռահելի թելերով նա արտահայտում է իր ցանկությունը՝ տեսնել հայ ժողովրդին համախմբված, խաղաղ կյանքով ապրելիս, զարգանալիս և բարգավաճելիս. «Բայց այդ բոլորի մեջ ամենասոսկալին այն էր, որ այդ ժողովուրդը, որ իր հավաքականության զգացողությունը, իր լեզուն և գրականությունը, իր ազգային արժանապատվությունը ուներ, կկորսնցուներ այդ բոլորը: Խզվում էր այն թելը, որ անհատները կկապե իրարու»:
Զ. Եսայանը վեպում ներկայացնում է Բալկանյան պատերազմի արձագանքները Պոլսում, Յորկիի միջոցով ակնարկում եվրոպական հաստատությունների կողմից անտարբեր վերաբերմունքի մասին. «Եվ ասոնք մարդկության անունով կխոսին, ազատություն կըսեն, քաղաքակրթություն կըսեն, մեզի կարհամարհեն…»: Հատկանշական է, որ Բալկանյան պատերազմին Եսայանն անդրադարձել էր նաև 1912 թվականին գրված «Բավական է…» պատմվածքում, ուր ներկայացրել էր պատերազմի մեկնարկը, համապրել մարդկանց, անկախ ազգային պատկանելության, կյանքերի կորստյան ցավը: Եսայանն այստեղ ներկայացրել էր ճշմարտություններ, որոնց մասին արդեն «Բարպա Խաչիկ» վեպում լռելու էր. «…Պատիժի ժամը հնչած է. բիւրաւոր շրթներէ, սգաւոր մայրերու, որբերու տժգունած շրթներէն բարձրացած անէծքն է որ ամպի պէս կուտակուած է այս միջոցին դաժան եւ ոճրապարտներուն գլխուն. թուրքերը իրենց թափել տուած արցունքին մէջ է որ պիտի խեղդուին»: Հատկանշական է, որ այս խոսքերը գալիս են «Ավերակներուն մեջ» գրքից: Զ. Եսայանի հոգում տպավորված՝ տառապանքի միջով անցած հայ մոր խոսքերը չէին կարող այդքան հեշտությամբ մոռացության մատնվել նրա արձակում. «Երկինքը սեւցաւ ինծի համար, Սաֆիյէ՜… ըսի թուրք կնոջը երեսն ի վեր լալով. Աստուծոյ բոլոր կայծակները ձեր ոճիրները չպիտի կրնան պատժել. ո՞ր օրը և ո՞ր ժամուն ձեր քաւութեան ժամանակը հասած պիտի ըլլայ. այրիին, որբին ու մօր արցունքներու մէջ պիտի խեղդուիք…»: Պատմվածքի՝ 1922 թվականին տպագրված տարբերակում գրված է ոչ թե «ոճրապարտներուն», այլ՝ «ոճրապարտ ցեղին»: Բառակապակցությունից հրաժարվելով՝ Զ. Եսայանը փորձել էր հնարավորին չափ հավատարիմ մնալ հոր խոսքերին. «-Աղջի՛կս, չկա գեշ ժողովուրդ այս աշխարհիս վրա: Կան գեշ մարդիկ և լավ մարդիկ»: Պատմվածքում, ի վերջո, ջանացել էր խոսել մարդկայնության անունից, խոստովանել. «Կարծես դարաւոր ձայն մը մեծաբարբառ կը խօսի իմ մէջս, եւ այդ ձայնին մէջ հպարտութեամբ կը ճանչնամ իմ հայրերուս ոգին՝ խաղաղ, պայծառ ու ներողամիտ»: Զ. Եսայանն այս խոսքերը գրելիս չէր էլ ենթադրում, որ խաղաղ հայ ժողովրդի արյան ծովում էին խեղդվելու բազմաթիվ անմեղ կյանքեր: Ցեղասպանությունից հետո էլ «Բարպա Խաչիկ» վեպում ներկայանում է նույն Եսայանն իր ներողամիտ, մարդկության ցավը ապրող և այդ ցավից տառապող խառնվածքով, որը հավատում էր. «Եթէ իրարու թշնամի ժողովուրդները գիտնային որ դժբախտութեան օրերուն մէջ նոյն կերպարանքը ունին, նոյն հոգին, նոյն հառաչանքներն են որ կ’արձակեն, նոյն անէծքները հեծեծագին ու նոյն աղերսանքները՝ նման շեշտով ու վանկերո՜վ… թերեւս անկարելի ներդաշնակութիւնը եւ եղբայրութիւնը հնարաւոր ըլլար…»:
Զ. Եսայանն իր ծավալուն վեպում փորձեց առաջ քաշել ներկայացվող ժամանակաշրջանի քաղաքական կյանքին հարող գաղափարներ. վեպը գրելիս իր առջև դրել էր որոշակի խնդիր՝ Խորհրդային Հայաստանը ցույց տալ որպես համիդյան, երիտթուրքական բռնակալության հետևանքով աշխարհի տարբեր մասերում ցրված հայության համար ապահով ապաստան: Առաջին հայացքից է միայն թվում, թե բեկումնային էր Զ. Եսայանի ընտրությունը: Ճիշտ է, խորհրդային շրջանում տպագրված իր գործերում և ոչ մի նախադասությամբ հստակ չէր հիշատակվում ցեղասպանություն գործած թշնամին, առաջին հայացքից նորանկախ Հայաստանի կործանումն էր անգամ ընդունելի թվում նրան: Զ. Եսայանը, որը դեռևս 1921 թ. ընդգծում էր. «Յամենայն դէպս ես ինքզինքս կ’զգամ ազատ եւ շղթայազերծ. ես արդէն իսկ կը մնամ մտաւորականի ճշմարիտ դերին մէջ, որուն առաջին իրաւունքը բացարձակ ազատութիւնն է», խորհրդային միջավայրում՝ շղթայված գրաքննության կապանքներից, կարծես թե հերքում էր իր ապրածը, և բնական է, որ շատերը չհասկացան նրան: Բուռն արտահայտվեց Վ. Շուշանյանը՝ ընդգծելով. «Ես կը սիրեմ ժողովուրդին իմաստութիւնը որ կըսէ «մոլորած մարդը ամէն ճամբէ կ՚երթայ բացի շիտակէն…»: Բայց և չմոռանանք հիշատակել՝ ինչքա՜ն սրտացավ խոսքերով էր նա հետագայում ահազանգելու. «Զապէլ Եսայեանը ժողովրդի թշնամի մը չէ: Ո՛չ, կարելի չէ Անձկութեան ժամերուն եւ Վերջին բաժակին յուզիչ հեղինակուհին շփոթել հասարակ դաւադիրի մը հետ: Մեզի հետ հարկ է որ բողոքէք առ որ անկ է: Ո՞ւր է Զապէլ Եսայեան, ո՞ւր է Զապէլ Եսայեան»:
Հարկ է հիշատակել քայլերի հաջորդականությունը, որոնք պայմանավորում էին գրողի նոր ըմբռնումները, և հասկանալ, մի՞թե Եսայանը մոռացել էր ժողովրդի թշնամիների վայրագությունները, մի՞թե նա չէր ապրում անկախ Հայաստանի երազով: Դեռևս 1917 թ., երբ Եսայանը ներկայացնում էր իր մտածումները երկրում տիրող իրավիճակի և իրադարձությունների հավանական զարգացումների շուրջ, ընդգծում էր. «Կովկաս մինչև այժմ ավելի հանդարտ է և ապահով, բայց մեկ օրեն մյուսը ամեն ինչ կարող է փոխվել. ուղղակի հրաբուխի վրա ենք. այսպիսի դրության մեջ, մեր հայ ժողովրդի, մանավանդ թրքահայ ժողովրդի վիճակը այնքան ճգնաժամային է, որ մարդ կը կորսնցնե իր անհատական անապահովության զգացումը: Թերևս այդ է պատճառը, որ ես շատ պաղարյուն եմ և հակառակ մեր հավաքական անել դրության հույսս չեմ կորսնցուցած, որ որևէ անսպասելի բանով մը պիտի փրկվինք»: Ինչպես նկատում ենք, գրողը փրկության ելքերի որոնումների մեջ է: 1920 թ. մայիսի 14-ի մեկ այլ նամակում Զ. Եսայանը գրում է. «Ամբողջ հայ ժողովուրդը վտանգի մեջ է, և առաջնակարգ խնդիրը այդ ժողովուրդին ֆիզիքական գոյության պահպանումն է ամեն գնով և ամեն միջոցներով»: Այս ընթացքում է, որ Եսայանը կրկին զբաղվում է հայ որբ երեխաների փրկության հարցերով: Դեռևս նույն թվականին նա Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբար Փաշային գրված նամակում ահազանգում է, որ անհրաժեշտ է հնարավորությունից օգտվել և անտեսելով շատ դժվարություններ՝ տեղահանել Կիլիկիայից հայ որբերին. այն կարող էր շուտով ամբողջությամբ անցնել թուրք վարչակազմի ձեռքը: Պատահական չէր գրողի մտավախությունը, չէ՞ որ Զ. Եսայանն արդեն քաջատեղյակ էր թուրքերի նենգ քաղաքականությանը և «բարեկամ» հանդիսացող մեծ տերությունների խաբուսիկ խոստումներին, ուստի՝ անհիմն չէր նրա մտավախությունը. «Այս երկրում, որտեղ ունենք մոտ տասը հազար որբեր և քանի տասնյակ հազարավոր գաղթականներ, թուրքական թեկուզ մեղմաբարո ադմինիստրացիայի գաղափարն անգամ խորշանք ու երկյուղ է պատճառում ինձ»: Զ. Եսայանն արդեն տեսել էր, թե ինչպես էր կեղեքվել արևմտահայությունը թուրքական բռնատիրական կառավարման արդյունքում, ականատեսն էր եղել «աղէտին օրերու քստմնելի և շառագոյն» տեսարաններին, իր տպավորությունները խտացրել «Ավերակներուն մեջ» գրքում, որը, ինչպես նկատում է Շ. Տասնապետյանը՝ մինչ օրս չի դադարում «ցավագին խռովել» մարդու սիրտը: Նա հայ կին մտավորականն էր, որ երիտթուրքերի կողմից նախապես ծրագրված հայ մտավորականներին ջարդելու ցուցակում էր հայտնվել, լսել ցեղասպանության ենթարկված ժողովրդի ցավի աղաղակները: Զ. Եսայանը չէր մոռացել այն դժվարությունները, որոնք ինքը հաղթահարել էր փախուստի ճանապարհին՝ «վերջապես փուշերու վրայե քայլելով է, որ հաջողեցա այդ անիծված երկրեն դուրս ելլել. աստված ամենքն ալ ազատե»: 1917 թ. «Ժողովուրդի մը հոգեվարքը (Աքսորյալ հայերը Միջագետքի մեջ)» գործը տպագրած, այնտեղ արտացոլված ճշմարտություններին ականջալուր գրողը չէր կարող մոռանալ և ներել. չէ՞ որ նա էր հեղինակը հետևյալ խոսքերի. «Միայն թիւրքը կարող էր այդ առաջնութիւնը վայելել մեր ժամանակի արիւնոտ տարիներուն մէջ, որովհետև ոճիրը միակ բանն է, որուն մէջ անմրցելի կարող էր մնալ անիկա: Ոճիրը իր բոլոր քստմնելի կատարելութիւններով և դիւային նրբութիւններով միակ մշակուած ու կատարելագործուած ընդունակութիւնն է, որ այդ չարաբաստիկ ցեղը կու տայ իբր պտուղ, իբր արդիւնք իր ազգային ոգիին»: Սակայն տարիներ շարունակ հալածական կյանքով ապրած հայության համար Զ. Եսայանն առաջնային համարեց խաղաղությունն ու բարգավաճումը, ուստի՝ նրա համար Հայաստանի խորհրդայնացումն ասոցացվեց կայունության հետ: Ժամանակ էր պետք, որ շենացվեր երկիրը, որ վաղվա սերունդը հիմնավոր կրթությամբ, խաղաղ պայմաններում կերտեր իր ապագան, պատահական չէ, որ 1926 թ. տպագրված հոդվածներից մեկում Զ. Եսայանն անկեղծանում էր. «Խաղաղություն և ժողովուրդներու համերաշխություն, շինարար և ներուժ գործունեություն, նվաճում նոր և ավելի մեծ քաղաքակրթության ուղիներու վրա, ահա թե ինչ կը բովանդակե իր մեջ Հայաստանի խորհրդայնացումը»: Զ. Եսայանը որոշեց աչք փակել շատ հանգամանքների վրա, համոզված էր. «Անկախ քաղաքական խաղերից, չի կարելի նկատի չունենալ ազգերի ճակատագիրը, նրանց անդիմադրելի մղումները, և այն դերը, որ նրանք կոչված են խաղալու: Ռուսաստանը այս կամ այն ձևով դառնալու է ոչ-թուրանական ժողովուրդների պաշտպանը…»:
Գրողի հայրենասիրությունն անհերքելի է ճշմարտության որոնման ճանապարհին, ուստի և պետք է խուսափել խիստ գնահատականներից: Նա ապրել ու ստեղծագործել է հանուն հայրենի ժողովրդի պայծառ գալիքի. հեշտ չի եղել նրա անցած ուղին, պատահական չէ, որ որդուն «կիսալուրջ» ասել է. «-Ես կյանքում շատ եմ տառապել գրականությունից…»:
Զ. Եսայանի խորհրդային կողմնորոշման պատճառ-հիմքերը արձագանք ստացան «Բարպա Խաչիկ» վեպում: Հանուն ցեղասպանություն տեսած, բնաջնջման վտանգի տակ կանգնած հայության բարօրության, խաղաղ զարգացման՝ Զ. Եսայանն ըստ էության թվացյալ մոռացության մատնեց ազատասեր ժողովրդի մեծ հույսերը, երազանքները՝ հատուկենտ, բայց և դիպուկ խոստովանված ճշմարտություններով ընդգծելով հայ մտավորականի համար անկախության երազի զոհաբերման ողբերգականությունը: