Տաղանդը գնահատելու համար հարկավոր է գնահատման տաղանդ, մտածում էի ես նախքան քո մասին գրելը, սիրելի Վան, բայց հիշելով, որ ժամանակին ղեկավարել եմ հրաշալի գրական ամսագրեր` Գարուն, Անդին և այլն… ու բազմաթիվ շնորհալի և տաղանդավոր երիտասարդ նկատել ու տպագրել, որոշեցի, որ իրավունք ունեմ գրելու:
Յոթանասունհինգ ամյակիդ առիթով «Գրական թերթում» կարդացի «Հասած պտուղներ» հրաշալի պատմվածքդ և անմիջապես էլ ցանկություն ունեցա փարատել երկմտությունդ, թե ինչու է Սիփան Շիրազը քո այդ պատմվածքը այդքան հավանել:
Ճանաչելով Սիփան Շիրազին և արդեն քառասունհինգ տարի ճանաչելով քեզ և կարդալով վերոհիշյալ պատմվածքդ` ես կռահեցի, թե ինչու է Սիփան Շիրազը այդքան հավանել…
Դու գրել ես երևանյան բոհեմի մասին, առանց բոհեմ բառը օգտագործելու, իսկ Սիփանը բոհեմի զավակ էր, ինչպես այն տարիներին բոհեմի զավակներ էինք մենք բոլորս, քեզ հետ միասին:
Հիշո՞ւմ ես Վանաձորի քո բարը, բանտիկ փողկապով քո սևամորթ բարմենին, տեր Աստված, որտեղի՞ց էիր գտել նրան խորհրդային խուլ ժամանակներում:
Գեղագետն ու արվեստը զրնգում էր քո մեջ, որի արձագանքը մի շրջան ձև գտավ նաև քո լուսանկարներում… Ինչ հրաշք են Վիլյամ Սարոյանի անբախտ աչքերը քո լուսանկարում` տպագրված «Գարուն» ամսագրում, կամ իմ առաջին գրքի լուսանկարը, որի հեղինակը դարձյալ դու ես: Այո, Վան ջան, մենք բոհեմի զավակներ էինք, Պապլավոկում Լևոն Մալխասյանի և այլոց հետ միասին: Ու քո պատմվածքը չէր կարող ժամանակին չհուզել Սիփանին. անկողնում տղամարդը արդեն օտար է կնոջից, թեև կարծես սիրում են իրար: Օտարվել բառը, սակայն, վարպետորեն չես օգտագործում, ինչպես Հեմինգուեյը «Կատուն անձրևի տակ» պատմվածքում, կամ Սարոյանը «Պինգ-պոնգ խաղացողները» ստեղծագործությունում:
Պատմվածքիդ մեջ հրաշալի է կնոջ ու տղամարդու երկխոսությունը, որի արանքում անսպասելիորեն հայտնվում է մի հեռավոր թփթփոց, որ տղամարդը չէր ընկալում, թե որտեղից է գալիս այդ ձայնը, և ինչ ձայն է:
– Դա թութն է թափվում ծառից,- ասում է կինը: Եվ տղամարդը հիշում է, որ հունիս ամիսն է, և իր ծննդյան օրը մոտենում է, և այդ թփթփոցը տղամարդու ներսում էր, որ ասես հուշում էր որ ինչ-որ բան չափից ավելի է հասունացել: Ահա, թե որտեղ է լուծվում պատմվածքի հիմնական ասելիքը. բակում ծառից թափվող թութն է, որ առանց խոսքի իր թփթփոցով հուշում է սիրո ավարտը:
Այո, Վան ջան, Սիփանը պիտի հավաներ այդ պատմվածքդ, որովհետև վստահ եմ, որ ինքն էլ մի հրաշալի կնոջ ծոցում պառկած իր մեջ լսել էր, որ մի բան չափից ավելի է հասունացել ու ընկնում է ծառից, ու, թերևս, առանց հրաժեշտի հեռացել էր կնոջ անկողնուց:
Այս պատումի մեջ առայժմ այսքանը, Վան ջան:
Ինչևէ, սիրելի Վան Արյան, իմ ծննդյան օրվա առիթով` սիրով շնորհավորում եմ անցած ծնունդդ, ցանկանում առողջություն, նվիրյալիդ գրատպության, և նորանոր հրաշալի պատվածքներ… Ողջ լէր քաջ, մինչև նոր հանդիպում գրի դաշտերում:
Միշտ բարեկամդ`
Մերուժան Տեր-Գուլանյան