Ապրիլի 26-ը Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է: Այդ օրը չպետք է մոռանանք. բանաստեղծի ողջ ստեղծագործությունը մի հզոր պատգամ է՝ ուղղված ամեն մի հայի` սիրելու հայրենիքը, որն իր բիբլիական Արարատով, իր պատմության հերոսական էջերով ու ցնցող տառապանքներով մնում է ամենասիրելին, ամենագեղեցիկն ու նվիրականը:
Հովհաննես Շիրազին ու ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մորուս Հասրաթյանին, որը նույնպես մեծ հայրենասեր էր, եզակի սայաթնովագետ ու հնագետ, կապում էր վաղեմի բարեկամությունը: Դրա առհավատչյան նաև այն ելույթն էր, որ Մորուս Հասրաթյանն ունեցավ Ռազմիկ Դավոյանի, իմ և մի քանի ուրիշ ուսանողների ջանքերով կազմակերպված Շիրազի հետ հանդիպման երեկոյին: Գիտնականն ասաց. «Շիրազ, քո վրա մեծ պարտք է դրված, որովհետև ներկա բոլոր բանաստեղծների մեջ Աստված քեզ ամենաշատն է տվել»:
Վերջերս Մորուս Հասրաթյանի որդին` անվանի ճարտարապետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մուրադ Հասրաթյանը, ինձ հանձնեց Շիրազի մի քանի անտիպ էքսպրոմտներ, որոնք գրված էին բանաստեղծի` Մորուս Հասրաթյանին նվիրված գրքերի վրա: Սայաթնովագետի կարծիքով, Շիրազն առաջնակարգ էր նաև էքսպրոմտի ժանրում: «Գրական թերթին» եմ հանձնում Շիրազի անտիպ էքսպրոմտներից մեկը, որը հայտնի բանաստեղծության առաջին ինքնագիր օրինակն է և հետագայում մշակվելով՝ տպագրվել է նրա ժողովածուներում: Այն վկայում է նրա ու Մորուս Հասրաթյանի հայրենիքի հարցում ունեցած խոր հոգեհարազատությունը: Բացի այդ, էքսպրոմտը գրված է 1942 թ. ամռանը` «Երգերի գիրք» ժողովածուի էջին. գիրքը խմբագրել են մեր մեծերը` Ավետիք Իսահակյանն ու Ռուբեն Զարյանը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
ԻՄ ԵՐԳԸ
Ես բանաստեղծ եմ, երկնքի որդի,
Եվ դեռ ամպոտ են իմ ոտքերն ահա,
Ես գիտեմ լուսե լեզուն աստղերի,
Եվ գիտեմ խորհուրդն արևի անմահ:
Օ՜, ես, որ գրկել, շոյել ուզեցի
Որպես մանուկիս` աշխարհը դալար,
Ես որ սրտիս մեջ ծովից խոր լացի
Ուրիշի մի շիթ արցունքի համար,
Ես որ մրջյունը չարի ոտնատակ,
Ես որ տխրեցի մահով մի ծաղկի,
Ես որ սրբեցի մի մոր պես` հստակ
Արցունքով լցված աչքը մանուկի,
Ես որ սիրո պես` մահվան դեմ ելա,
Անմահությունը տենչալով մարդու,
Ես ատելությամբ կանչում եմ ահա,
Օ՜, մարդի՛կ, առեք սրերն ահարկու`
Աշխարհե աշխարհ` սրարշավ ելեք,-
Ելել է մարդու ոսոխն ամեհի,
Դուք նրա մահով կյանք խնկարկեցեք,
Ես` կհամբուրեմ շրթունքը մահի,
Բայց նրան ներել չեմ կարող երբեք:
ստորագրություն
1942 թ.
ամառ-հունիս 14