Ո՛չ ինքնաարդարացման, ո՛չ մեղա գալու ժամանակ չունենք, լսո՞ւմ եք, պարոնա՛յք «նախկիններ ու ներկաներ»: Մեր անցյալ ու ներկա անփութության, անպատասխանատվության, հայրենիքը սեփական շահերին ծառայեցնելու, ընչաքաղցության, դիվանագիտության բացակայության և այլ ու այլ ազգուրաց և ազգամոռաց իրողությունների պատճառով մենք այսօր կրկին կանգնեցինք հայերիս ծաղկուն գենն ու տարածքները կորցնելու անփառունակ փաստի առաջ: Փոխանակ մեծ ու փոքրով համախմբվելու, մեր փշրված բեկորները իրար վրա բերելու, հայերիս կոտրված մեջքը շտկելու՝ այս ծանր ու անհաշտ կորուստների օրերին, երբ միջազգային ուժերի աջակցությամբ և 30 արծաթով ծախվածների ձեռամբ հանձնվեց Արցախի 70 տոկոսը և Հայաստանի սահմաններն ընկան GPS-ների անթույլատրելի կողոպուտի տակ, աջ ու ահյակ ատելության ու ինքնավարկաբեկման կոչեր են հնչում, որն ավելի է հուսահատեցնում իր զավակներին կորցրած, Եռաբլուրի ցավին ձուլված, հաշմանդամների անպատասխան ինչուներին խոնարհ մեր հայրենակիցներին: Բավ է, խելքի եկեք, թուրքը Հայաստանն ուզում է առանց հայերի, բաց արեք ձեր ուղեղների ծալքերը… Երիցս ճիշտ էր Չարենցը, այո՛, ես էլ եմ հարցնում, որ Հայրենիքը մի՞ֆ է միգուցե, այլապես ամեն տիպի կոչեր ու վերլուծություններ են հնչում հանրահավաքներում, բացի երկիրը վերակենդանացնելու, առողջացնելու, երկրի վերքերը բուժելու հնարավոր առաջարկներից: Պարոնա՛յք, ո՞ւր են ձեր ծրագրերը, ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի վաղվա օրը. Հայաստանի կենսական անհրաժեշտության ոչ մի խոսք չլսվեց այս երկու-երեք ամիսների ընթացքում: Եթե դուք վաղն եք գալու, ո՞ւր է Հայաստանը վերաշնչավորելու ձեր քարտեզը, վաղն ումի՞ց ենք պահանջելու զրոյական խոստումի պատասխանները… Եղածը մի՞թե քիչ է: Այո՛, Նիկոլ Փաշինյանը մեզ «թավշահար» արեց, և մենք բոլորս կիսախելագար վիճակում ենք, նա վաղուց պետք է հրաժեշտ տված լիներ, ինչը շատ ժամանակին ու տեղին անում են մեր հարևան վրացիները: Նրանց երիտասարդ վարչապետը հայտարարեց, որ իր պետության և հասարակության կայունությունն ավելին արժե, քան իր աթոռը: Իսկ մե՞զ մոտ… Ձեր անձերի հետ կապ չունի առաջարկս՝ կապիտուլյացիայի ենթարկված երկրի երակները կտրված են, նրան ոչ մի պետություն չի ընդառաջի, չհամոզվեցի՞ք:
Անհրաժեշտ է մոբիլիզացնել ողջ հայության ուժերը, էլ ժամանակը չէ դատարկ խոսքերով կայանալու, Հայաստանը փոքր երկիր է, բոլորս իրար ճանաչում ենք, այս պարտությունը բոլորիս պարտությունն է, եթե ուզում եք երկրին տեր լինել, իշխանության գալուց ձեր մտքից հանեք միայն սեփական տոհմային ու թիմային հարստություն կուտակելու խնդիրը: Երկրի հողը պետք է սնել, որ նա քեզ պահի… Մտածեք միայն մի բուռ մնացած և թշնամու երախում հայտնված հայրենիքի փրկության մասին, ամենամեծ հարստությունը Հայրենիքն է, վե՛րջ տվեք արտիստական ճամարտակություններին, մոռացե՛ք կուսակցություն ու թիմայնություն, ազգը մեկ թիմ ունի՝ ՀԱՅՐԵՆԻՔ, ազգովի ԱԶԳ ԲԱՆԱԿԻ վերածվենք մեկ նպատակով՝ հանուն Հայության փրկության, սթափվենք, բարեկամնե՛ր, սթափվե՛նք… Ելնելով երկրի անպաշտպանվածությունից՝ առաջարկում եմ ստեղծել ժամանակավոր ռազմական կառավարություն, ձեռք բերելով նոր դաշնակիցներ՝ նոր կայունության համար…