Կոմիտաս Դանիելյանն Արցախում ապրող արձակագիր ու թատերագիր է, ով փոքր-ինչ հեռու գտնվելով ազգային գրական կյանքի բուռն ընթացքից՝ երբեմն մոռացության է մատնվել, երբեմն չի հետաքրքրել հայաստանյան գրականագետներին ու գրադատներին, թեև նրա մասին լույս է տեսել գրականագիտական ուսումնասիրություն, որում յուրովի գնահատված է նրա ստեղծագործությունը, փորձ է արվել որոշակի գրականագիտական սկզբունքներով արժևորել նրա ներկայությունը ինչպես արցախյան, այնպես էլ արդի հայ գրականության ընթացքի մեջ: Գրողի նախընտրած-սիրելի ժանրը պատմվածքն է, թեև վիպակների, «Արցախը՝ չսանձած նժույգ» փաստավավերագրական վեպի հեղինակ է: Գրական հունձքի առատությամբ աչքի չի ընկել, բայց նրա յոթ ժողովածուն ու երեք թատերախաղը ոչ թե քանակ են լրացնում, այլ դառնում են գեղարվեստական որակ ու հաստատուն ներկայություն: Գրողի նոր՝ «Ծաղիկներ Համշենից» գիրքն էլ պատմվածքների ժողովածու է, ուր մեկտեղված են տարբեր տարիների ստեղծված երկերը՝ միավորված թեմայի ընդհանրությամբ, պատմական միջավայրի ու ժամանակի միասնականությամբ: Կոմիտաս Դանիելյանի համար արցախյան գոյամարտը դարձել է գրական հետազոտման նյութ, «սահմանային իրավիճակը» պարտադրել է ուսումնասիրել հոգեբանական ու պատմական բարդ հանգույցների մեջ հայտնված մարդուն, կռիվ մղել մարդու ու բնության ներդաշնակության համար: Ներդաշնակություն, որի մեջ մխրճվում է պատերազմը՝ իբրև պարտադրված հանգամանք, իբրև փորձություն, որն ունի քաղաքական, սոցիալական և հոգեբանական բացատրություն: Գրքում միայն պատերազմը չէ գրողին զբաղեցնողը, այլ, առհասարակ, հայը՝ իր ինքնությամբ, իր տեսակով, պատմության ու ճակատագրի տարաձևումներով, առ կորուսյալ հայրենիք ունեցած կարոտով: Կարոտ, որի մեջ քլթքլթում-եռում է ցավը՝ որպես գոյակռվի մղող զգացողություն, որպես ազդակ…
Գրքում տեղ գտած բոլոր ստեղծագործությունները մեկ միասնական ոճի արտահայտություն են, բոլորում մեկտեղված են իրական փաստն ու դրա գեղարվեստական ընդհանրացումը: Սոսկական փաստը գեղարվեստական արժեք չէ, եթե չունի մտահղացման ու այդ մտահղացման իրականացման գեղարվեստական ձև ու սկզբունք, եթե չի ենթարկվում որոշակի գեղագիտական վճռի: Գրականության համար կարևոր դարձած այս ճշմարտությունը, որը նաև դառնում է աքսիոմ, պահանջ է դարձել Կոմիտաս Դանիելյանի համար, հետևաբար ամեն մի պատմվածք կառուցելիս նա ոչ միայն մղվում է դեպի փաստի ու պատումի ճշմարտացիությունը, այլև ձևավորում է ուրույն գեղարվեստական կոմպոզիցիա, ամեն ինչ ենթարկում այդ կոմպոզիցիայի առանձնաձևերին, ֆաբուլայի ու դիպաշարի ինքնատիպությանը: Պատմվածքներում վավերագրական ակնարկը վերաճում է պատմվածքի, պարզ-առտնին զրույցները, որոնք նաև ռեպորտաժի տպավորություն են թողնում, շուտով բեռնավորվում են գեղարվեստականությամբ, իրական- վավերական կերպարը դառնում է գեղարվեստական կերպար՝ իր վրա կրելով կերպարաստեղծման այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են Կ. Դանիելյանի արձակին առհասարակ: Գրողի ժառանգականությունը հետազոտելիս հանգում ենք այն եզրակացությանը, որ նա որոշակիորեն հակված է դեպի Ակսել Բակունցը՝ բնավորությունների ու միջավայրի հավաստիության, գեղարվեստական ժամանակի ինքնատիպ արտացոլման, պատումի պարզության ու ներքին բանաստեղծականության դրսևորումներով: Բնապատկերի ու մարդկային բնավորությունների պատկերման բակունցյան «մոդելը» յուրովի անդրադարձվում է Դանիելյանի ստեղծագործության մեջ, գեղարվեստական պատկերն ու գաղափարը ձևավորում են ներդաշնակություն, համադրվում են պատկեր-գործողությունն ու պատկեր-խոհը: Բակունցյան գեղագիտությունն ուրույն հուշում և ուղղորդում է Կոմիտաս Դանիելյանի համար, պատմվածքի կառուցման, նրա կոմպոզիցիայի բակունցյան ավանդույթը՝ հետաքրքիր դպրոց: Հետևաբար, գրողը հավատարիմ է ժանրի ավանդույթին, չի ձգտում ներժանրային հայտնությունների, այլ հավատարիմ պատմվածքի արդեն դասական ընկալումներին՝ ստեղծում է իր պատմությունները, հանդարտ էպիկականությամբ, հոգեբանական արձակին բնորոշ վերլուծականությամբ հասնում է պատումի ամբողջացումին և բնավորությունների ընդհանրացմանը: Պոռթկումներ ու ձևի նորարարություն չկա գրողի պատմվածքներում, ամեն ինչ ենթարկվում է ավանդականությանը՝ այդ ավանդականի մեջ կարևորելով անհատի հայեցադրույթը, նրա ու աշխարհի փոխհարաբերությունը: Պարզ ու սովորական մարդիկ են Կոմիտաս Դանիելյանի հերոսները, արտաքուստ ոչնչով աչքի չընկնող, մեծ հուզումներից հեռու, մեծ իրադարձություններից զատված: Բայց նրանցից ամեն մեկն ունի իր ուրույն աշխարհը, բնավորության ինքնատիպությունը: Զուսպ, դարձյալ բակունցյան «փափկությամբ» է նա մոտենում մարդկային դրամաներին՝ պատճառահետևանքային կապերի մեջ սուբյեկտիվից հասնելով օբյեկտիվին: Սա սկզբունք է, գրողական հավատամք: Պատմվածքների դիպաշարերի հանդարտ ընթացքը, շատ հաճախ իրադարձությունների բացակայությունը առաջնային են դարձնում հոգեբանական դիպաշարը, որի տարածքում գրողի խնդիրն է դառնում հերոսների հուզական-հոգեբանական նկարագրերի բացահայտումը, նրանց ու աշխարհի միջև ձևավորված կոնֆլիկտների հայտածումը:
«Ծաղիկներ Համշենից» ժողովածուի մեջ տարբեր տարիների գրված, տարբեր ժողովածուներում արդեն տպագրված գործեր են, որոնցից ընթերցողին ամենահայտնին «Ճիչ»ն է, ազգային պատմվածքի լավագույն իրողություններից մեկը, որն առաջին հերթին ուշագրավ է իր ձևակառուցվածքի ինքնատիպությամբ. առաջին և երկրորդ մասերի ակտիվ երկխոսությունները, ներքին մենախոսություններն իրենց տեղը պատմվածքի հաջորդ մասերում զիջում են գրողական նկարագրությանը, շեշտվում է գրողի դիրքը՝ իբրև պատումի դիպաշարը ներկայացնող և առաջ տանող: Այս պատմվածքը պատերազմի մասին ստեղծված լավագույն երկերից մեկն է, որում «սահմանային իրավիճակն» է դառնում գործողությունների առանցքը, մարդկանց տանում մեծագույն փորձության, հակադրության մեջ դնում սերն ու ատելությունը: Այստեղ բախվում են ազգային տարբեր նկարագրեր ու ըմբռնումներ, ղարաբաղյան պատերազմի բովում փորձության են տարվում մարդկային հատկանիշները, հայ պատանին, գերագույն ճիգեր գործադրելով, անձնազոհության գնալով՝ փրկում է հղի մորը, ադրբեջանցի սպան դեպի մահ է ուղեկցում հարազատ մորը, որը հայուհի է… Մարդասիրության ու բարոյական աղարտվածության, արենակցական ըմբռնումների տարբեր տեսակետներն է գրողը դնում բախման մեջ՝ պատերազմը դիտարկելով փորձաքար, բարոյական խնդիրները քննարկում համամարդկային արժեքների համածիրում: Ոչ ծավալուն պատմվածքը հագեցած է ներքին դրամատիկականությամբ, ընդգծված լարմամբ: Պատմվածքն ահռելի հուզական լիցքեր է պարունակում, սակայն գրողին հաջողվել է խույս տալ սենտիմենտալությունից, շեշտված զգացականությունից, ընտրել պատումի զուսպ, ասկետական սկզբունք, հանդարտ նկարագրականությունը համադրել դրամատիկական վիճակների ներքին պրկումներին: Այս սկզբունքը հատուկ է «Ռմբասարի փեշին», «Թևան», «Վերջին գնդակը» և այլ պատմվածքների: Կ. Դանիելյանը նախընտրում է ակնարկային սկզբունքը, ելնելով ժանրի առանձնահատկություններից՝ չի ձգտում կերպարների հոգեբանական նկարագրերի շեշտված խորքայնության, այլ թեթև անդրադարձումներով կարողանում է հասնել կերպարի ավարտունությանը, ամբողջական պատկերին: Այս առումով առավել դիպուկ են «Մղձավանջ», «Եկել եմ, որ ասեմ գալու եմ», «Լքված աղբյուր» և այլ պատմվածքներ:
«Ծաղիկներ Համշենից» պատմվածքների ժողովածուն ուրույն համահավաք է, որում, առանց ժամանակագրական ընթացքի կարևորման ու առանձնացման, նկատելի է գրողի ինքնատիպ էվոլյուցիան, ժանրի սահմաններում նրա հմտացումների հետագիծը: Այս գրքում միավորող թեման պատերազմն է, ազգային գոյության խնդիրը, սակայն գրողը դիմել է այլ թեմաների ևս, որոնք մշտառկա են նրա ստեղծագործության մեջ և հետաքրքրությունների սահմաններն են ի ցույց դնում: Սակայն հատկանշական է, որ Կոմիտաս Դանիելյանի գրեթե բոլոր պատմվածքների «կտավը» Ղարաբաղն է, այն տարածքը, որն իրենն է, հոգեհարազատ է իրեն, որում ապրող մարդկանց նա լավ է ճանաչում: Ուրեմն, նա էլ իր հերթին է ձգտում մեր գրականության մեջ առանձնացնել Ղարաբաղն իբրև բնավորությունների ու կենսական ըմբռնումների տարածք՝ այսպես գոյավորելով իր ղարաբաղյան «առասպելը»:
ԺԱՆՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆ ՈՒ ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՊԱՏՄՎԱԾՔԸ / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ
