Նորայր Ադալյանի «Երկու հանդիպում Գյոթեի հետ» / Նորայր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նորայր Ադալյանի «Երկու հանդիպում Գյոթեի հետ» էսսեն առաջին անգամ տպագրվել է «Գրական թերթում» (2023 թ. հունիսի 2-ին)։ Ճիշտ մեկ տարի հետո ֆրանկֆուրտյան «Գլարե» հրատարակչությունը այն լույս է ընծայել գերմաներեն, թարգմանությունը՝ Լևոն Սարգսյանի (Հայաստան)։ Առաջաբան խոսքի հեղինակ և գրքի խմբագիր՝ Նորայր Մարտիրոսյան (Գերմանիա)։ Նկարիչ՝ Մարտիրոս Ադալյան (ԱՄՆ)։
Ստորև ներկայացնում ենք Նորայր Մարտիրոսյանի առաջաբան խոսքը։
Գ.Թ.

Առաջաբան խոսք

Այս գրքի առիթով գերմանացի ընթերցողին համառոտակի ներկայացնեմ հայ անվանի գրող Նորայր Ադալյանին։ Ծնվել է 1936 թ. Ուկրաինայի Սիմֆերոպոլ քաղաքում, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ է, ՀՀ նախագահի, մի քանի գրական մրցանակների դափնեկիր, բանասիրական գիտությունների դոկտոր, եղել է հեղինակավոր «Գրական թերթի» գլխավոր խմբագիր։ Նրա բազմամյա և ինքնատիպ գրական աշխատանքի հետևանքն են շուրջ 250 պատմվածքները, բազմաթիվ վիպական պատումներ, դրամաներ, խոհագրություններ, գրական և արվեստաբանական հոդվածներ, որոնք նրա հարուստ և երկարատև ստեղծագործական ճանապարհի վկայությունն են՝ ըստ արժանվույն գնահատված ընթերցող լայն հասարակության, ինչպես նաև խստապահանջ քննադատության կողմից։
Նորայր Ադալյանի մի շարք երկեր թարգմանվել են գերմաներեն, սլովեներեն, ռումիներեն, պարսկերեն, ռուսերեն, իսպաներեն և անգլերեն։ Ֆրանկֆուրտում «Գլարե» հրատարակչությունը 2008 թվականին լույս ընծայեց «Տեսիլք», 2021-ին՝ «Էմբրիոն» վիպակները, իսկ այժմ գերմանական ընթերցողին է ներկայացրել գրողի երրորդ ստեղծագործությունը՝ «Երկու հանդիպում Գյոթեի հետ» էսսեն, որի բնագիրը նախապես տպագրվել է «Գրական թերթում» (Երևան)։ Ադալյանը փիլիսոփայական մակարդակով մոտենում է մարդկային գոյության մի քանի հիմնարար սյուների էքզիստենցիալ հարցին և իր գրական մշակման մեջ օգտագործում է վայմարյան դասականի որոշ բովանդակային հատկանիշներ՝ լույս և հոգեղենություն։ «Լույսը» և «հոգին» էսսեի հիմքում ընկած գլխավոր մոտիվներն են, և այն, ինչ նրանք խորհրդանշում են, հիմնաքարեր են տվյալ փիլիսոփայական գաղափարի համար։ Այնուհետև Ն. Ադալյանն անդրադառնում է հայ-գերմանական գրական առնչություններին, որոնք կարևոր նշանակություն են ունեցել ինչպես իր՝ իրողության հանդեպ ունեցած աշխարհայացքի, այնպես էլ բազմաշերտ գրական գործունեության ձևավորման գործում։
Այս խորապես հոզիչ ստեղծագործության հիմքում Յոհան Վոլֆգանգ Գյոթեն է։ Հանճարեղ բանաստեղծը ներկայացնում է իրեն՝ գեղեցիկի, բարու, ճշմարտության և սիրո հոգեկերտվածքով։
«Երկու հանդիպում Գյոթեի հետ» երկը մեզ ցույց է տալիս նաև Նորայր Ադալյան ներքին մարդուն և գրողին։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։