Այն դիտարկումը, թե «պատերազմական թեմայով գրված պատմվածքներից մի քանիսը «Սև գրքի…» որոշ հատվածների գրողական առանձնացումներ են» (Գ. Գասպարյան), հուշում է, որ մի քանիսն էլ, ըստ էության, ինքնուրույն գոյություններ են ոչ միայն ինքնատիպ կառուցվածքով, այլև ասելիքով: Ընթերցողն արդյո՞ք շրջանցելու է Լ. Խեչոյանի «Երկու հրեշտակ» պատմվածքը, որ թերևս վեպի կամ առասպելի տարողություն ունի և ըստ էության բացահայտում է պատերազմին բնորոշ խորքային իրականություններ:
Եթե առանձնացնում կամ շեշտադրում ենք ծածուկ (ներքին) իրականություններ, ապա բնականաբար ենթադրվում են նաև արտաքին իրականություններ: Արտաքին իրականությունն արդեն իսկ ֆաբուլայի իրողությունն է` աչքով տեսանելի և վերապատմելի: Սակայն ներքին իրականությունը սյուժեի մենաշնորհն է` միայն նրա տիրույթներում իրացվող և գործադրվող: Գրողի խնդիրն էլ այս երկուսը սերտաճեցնելն է, չպատմվող, բայց պատկերվող «իրականության» արարումը, ուր կա ոչ միայն տեսանելին, այլև անտեսանելին, ոչ միայն լսելին, այլև լռությունը, մարմինն ու հոգին` իրենց կրքերով ու թռիչքներով, հոգնությամբ, որ այս դեպքում կարելի է բնորոշել որպես պատերազմի տառապանքներ կամ լարված իրականություն: Այս լարված իրականությունն իր հետ բերում է սրված զգայնություններ, և ի վերջո սրա մեջ են ներառվում գործող անձեր, որոնց գործառույթն էլ դառնում է երկի ասելիքը:
«Մանուկը միայն հեղեղատի եզրին, կանգառի ժամանակ, գլխի ընկավ, որ հինգ օր անընդհատ գիշեր է ու չի լուսանում» [1, 215]: Տեղ գտած դրույթ-պատկերը անընդհատ ներկայություն է «Երկու հրեշտակ» պատմվածքում, և չկա հեղինակային ոչ մի շեղում, ոչ մի բացառություն: Սա կանգ առած ժամանակի արտահայտություն չէ, այլ ավելի շուտ մղձավանջ, որ պիտի դրսևորի իր շարունակականությունը, բայց և պիտի ունենա իր մեկնաբանությունը: Այդ մեկնաբանությունը ոչ թե որոշակիություն է մտցնում, այլ իր բազմատարբերակ ու բազմաճյուղ գալարումներով դառնում է ժամանակի շոշափուկները, միաժամանակ` տարածությունը և իրադարձությունը: Սրված զգայնությունները հանգեցնում են անգամ խոսքային խանգարումների («ջահերը սուր խանձահոտ է արձակում», «ձայնը սառում է», «մոտակայքում կորելու մասին», «Մանուկը պարզորոշ նկատեց` Գոռը, որ «Վիլիսի» առջևն էր նստած, ուսերը կախվեցին»), որոնք ոչ թե խանգարում են, այլ կերպարի հոգեբանական լարման ցուցիչներ են, ուրեմն և` կերպարակերտման դետալներ:
Միևնույն ժամանակ պատմվածքում կան փոքրիկ պատկերներ, որոնք առավել տպավորչության են հասնում ոչ թե զուտ բանական պատկերմամբ, այլ մտքի ու զգացմունքի մեկտեղմամբ. «<Մանուկը> Գլխի ընկավ, որ նահանջողների երթը տակնուվրա անելով` որդուն որոնող մայր է եռում փուռն ընկածի պես» [1, 216], «Մանուկը որոշ բառեր ընկալեց, սակայն գիտեր, որ նման խոսակցություններն իմաստ չեն ունենում: Հետո նրանք ուտելով` խճուղու աջ ու ձախ կողմերը բռնած, ցեխի մեջ հոսելով հեռացան» [1, 217]:
Պատմվածքի հիմնական դրույթներից է մարդկանց անձնավորված չլինելը. հիշատակվում է ընդամենը չորս անուն. մյուսների անունները չկան: Սա հեղինակային միտումի արտահայտություն է: Հինգ օր շարունակվող անընդհատ գիշերը, չլուսանալը, ամբողջ նախադրությունը, ոչ, ամբողջ պատմվածքը ասես Դանտեի «Դժոխքի» պարունակներից մեկի պատկերը լինի, ուր «աստղազուրկ օդում»՝
«Տարալեզու, քստմնելի խոսք ու բառ, //Զայրույթ, անեծք, ցավի ճիչեր տխրահեծ, // Հարվածի ձայն, խռպոտ կոչեր ու բարբառ// Կազմում էին անարգ ժխոր, որ այն մեծ,// Մշտագիշեր հովտի օդում անընդհատ// Պտըտվում էր ավազի պես հողմածեծ» [2, 18-19]:
Մթին աշխարհն է «Երկու հրեշտակ» պատմվածքի քրոնոտոպը: Հեղինակը նախընտրում է մանրամասերն աստիճանաբար կուտակելու և ասելիքն ուղղորդելու պատումային սկզբունքը, ուր ի վերջո տեղ են գտնում նաև թվացյալ կրկնությունները, որոնք ըստ էության կրկնություններ չեն, այլ ասելիքն ընդարձակելու և առաջ տանելու կոմպոզիցիոն հնարներ:
«Մթան միջից կերպարանքներ էին ելնում: Մանուկը դա հետևի ապակուն նայելով` տեսավ: Նրան թվաց խավար կաղնուտից այդպես թռչկոտելով եկողները կարող են խրտնած հորթեր կամ լավ սպիտակ այծեր լինել: Մանուկը, երբ դարձյալ գլուխը մոտեցրեց ապակուն, տեսավ մեկին, որ դուրս եկավ խճուղու վրա, հետո էլի մի մարդ տեսավ: Նա երկար նայեց, մինչև աչքերը վարժվեցին մթին և հնարավոր եղավ զանազանել, թե նրանք քանիսն են: Կասկածից վեր էր, որ շրջակայքում տեղահանվածներից որևէ մեկը մնացած լիներ, նա համոզված էր` դատարկվող տարածքներն ստուգվում են» [1, 218]:
Փաստն այն է, որ կան մարդիկ, բայց նրանց լինելը բացառվում է: Ոչ անմիջականորեն, սակայն ենթադրվում է, որ այլ գոյեր են: «Մթան միջից» «թռչկոտելով եկողները», որ «ցեխի մեջ ընկնել-ելնելով» էին գալիս, նման են այս պայմանականության մեջ հայտնված մարդկանց. «<Մանուկը> ձեռքերը ձեռքերի վրա փորներին շարած, խորը ծերության հասած երկու միանման պառավների տեսավ: Տեսնում էր, թե ինչպես է քթների ծայրից անձրևաջուրը կաթկթում» [1, 219]:
Հեղինակն աստիճանաբար է բացահայտում այս երկու պառավների գործառույթը: Ըստ էության նրանք հեռացող քարավանից ետ մնացածներ չեն. նրանք հեռացող չեն, այլ եկվորներ. «Մանուկի ուշադրությունը գրավեց այն, որ նրանց` «Վիլիսի» բաց դռան դեմ հայտնվելուց ի վեր, Շիրակը միանգամից խաղաղվեց» [1, 220]: Ապա և տեղ է գտնում անսպասելի պահվածքը, որ դառնում է ոչ միայն գործող անձանց, այլև ընթերցողի ուշադրության առարկան. «Մանուկը նաև նկատեց, թե ինչպես են պառավները Շիրակի ազատված տեղը զբաղեցնում: Տեսավ` նրանք ոտաբոբիկ են, այնպես, կարծես շատ հարգված սրբավայր կամ եկեղեցի մտնեն: Ձգված նստեցին, հետո ամեն մեկը ցեխակոլոլ կրկնակոշիկները դրեց գիրկը, մազերից ու հոնքերից ջուր էր կաթկթում» [1, 220]:
Պառավների այս տարօրինակությանը գումարվում է էլի մեկ մանրամաս. նրանք կամ տեսնում են մթության մեջ, կամ ի սկզբանե գիտեն շուրջբոլորը տեղի ունեցածը. « Մանուկը պարզորոշ լսեց, թե ինչպես անտառում ոտքի տակ ընկած ճյուղը ճայթեց, քիչ հետո` կենտ մի հազ: Նրա լարվածությունը Գոռին ու Սրապյան Հենդոյին փոխանցվեց: Պառավը հանգստացրեց նրանց, ասաց, որ խրտնած եղջերուն մացառուտն է ընկել: Մանուկը հարցրեց, թե նա որտեղից գիտե, երբ ոչինչ չի երևում: Ասաց, որ գիտե» [1, 220]:
«Ու պառաւները, որոնց գիտութեան ճամբաները խորհրդաւոր են այնքան» [3, 167], եկել են, այնինչ պիտի հեռանային: Կրկնակոշիկները ոտքերին պիտի լինեին, բայց պահում են գոգներին: Գիտեն, թե ինչ կա շրջակայքում, սակայն հայտնի չէ, թե ինչպես: Քիչ անց պարզվելու է նրանց գալու իմաստը: Իրենց գործառույթն իրականացրել են, սակայն այդ մասին միայն իրենք գիտեն: Պառավների տարօրինակ այս պահվածքը պիտի որ հակազդեցության արժանանա: Մանուկը «նրանցից պահանջեց, որ հագնեն կոշիկները, որովհետև հատակին` դեղերի ջարդոտված ապակիներ են թափթփված: Նրանք ծնկների վրա պահելով կրկնակոշիկները` համառորեն հրաժարվեցին: Մանուկը վեճի բռնվեց պառավների հետ և ասաց` ինչ անհրաժեշտություն կար նրանց վերցնելու: Ցածրահասակը` փոքր ինչ հեռու, Մանուկի կողքը նստածը, ասաց, որ արդեն իրենք անգամ օգնություն չէին կարողանում կանչել» [1, 220-221]:
Անզորացած այս պառավներն, այնուամենայնիվ, անելիք ունեն և այդ անելիքն իրագործել են: Ամբողջ պատմվածքն այդ անելիքի բացահայտումն է, որ պիտի պարզ դառնա նաև ընթերցողին: Մանուկը «պահանջեց, որ հագնեն: Ցածրահասակը` փոքր ինչ հեռու, Մանուկի կողքը նստածը, վերցրեց կրկնակոշիկները, դարձյալ դրեց ծնկներին: Որոշ ժամանակ անցավ, նա գլխի ընկավ, որ նրանց` մեքենան մտնելուց ի վեր, Շիրակը տառապանքներից, հուսահատ վախից այնպես է հանգստացել, որ խաղաղ մի ժպիտ է ձգվել շուրթերին:
Շիրակի մեռնելուց մի քանի վայրկյան առաջ, փոքր ինչ հեռու, Մանուկի կողքին նստածն ասաց, որ ոտաբոբիկ ներս գալով` իրենք այդպես հարգում են նրանց» [1, 221]:
Այստեղ է իմաստավորվում պատմվածքի «Երկու հրեշտակ» վերնագիրը: «Պաղ քամի» պատմվածքի ամենատես կույր տատն այստեղ է վերածվել ամենագետ պառավների` իրենց զսպված իմաստնությամբ: Սակայն տեսակը կամ արքետիպը նույնն է` մանչերի համար տագնապող ու նրանց գործի առաջ խոնարհվող Մեծ Մայր:
Ուշադրություն դարձնենք մեջբերման վերջին բառին` նրանց: Ուրեմն՝ միայն Շիրակի համար չեն եկել այս պառավ հրեշտակները, այլ նաև Հենդոյի, Գոռի, Մանուկի, …, մյուս տղաների, ովքեր ուրացան իրենց անձն ու կյանքը հանուն այլ մարդկանց ու հող հայրենիի: Միջանկյալ նշենք, որ դրսևորվում է ժառանգորդություն սրբերի արտաքինի ազգային յուրահատկության պատկերման իմաստով: Հիշենք Վ. Սուրենյանցի «Հայոց տիրամայրը», Մինաս Ավետիսյանի պատկերաշարը, ուր հայ մարդիկ են պատկերված որպես սրբեր:
Ու թե Դանտեի Դժոխքում մեղավորները`
«Խառնվել են նրանք խմբին առանձին// Հրեշտակների, որ Աստծուն խոչընդոտ // Կամ կողմ չեղան, այլ միշտ չեզոք մնացին» [2, 19], ապա Խեչոյանի պատմվածքում հրեշտակներն են մոտենում մարդկանց` իրենց հիմնական գործառույթն իրականացնելու` չմնալով չեզոք, չլինելով ներգործող, այլ հրեշտակորեն ազնիվ ու ճշմարիտ` իրենց հիմնական նպատակադրմամբ: «Սասնա ծռեր» էպոսի համահավաքում էլ Փոքր Մհերը կռվում է ուղարկված հրեշտակների դեմ, սակայն այդ կռիվը ոչ մեկին հաղթանակ չի բերում, և մութն ընկնելու հետ հրեշտակներն անհետանում են: Ասել է` մութ և հրեշտակ հասկացություններն անհամատեղելի են: Սակայն այստեղ ահա երկու հրեշտակներ ներկայանում են շարունակական գիշերով` իրենց հարգանքն ու խոնարհությունը բերելով մարդկանց` Հայրենիքի Որդիներին:
Այստեղ դատապարտվածություն, ճակատագրից ենթակայությո՞ւն տեսնենք, ինչի արդյունքում էլ մենակ մնացած մարդկանց` մեր հավաքականությանը, ապավեն են դառնում, թող ներվի ասել, «տեղական նշանակության հրեշտակները», մեր առասպելների արձագանքները` հաստատելով «հավաքական ուժի» չարենցյան պատգամը: Մենակության բարդույթը տեղ է գտել Լ. Խեչոյանի ողջ ստեղծագործության մեջ: Բազմաթիվ պատմվածքներում տեսնում ենք մարդու, «Խնկի ծառերում»` տոհմի, «Մհերի դռան գրքում»` հայ տեսակի ահավոր միայնությունը: Կամ սա ավելի շուտ հավատարմություն է իր տեսակին, իր սրբերին` հին ու նոր, ավանդված ու նորաստեղծ, և անզոր պառավ հրեշտակների ներուժն ու խոնարհությունը զորություն են բերում մարդկանց:
——————————-
1. Լևոն Խեչոյան, Փուշը, հայր, փուշը, Երևան, «Նահապետ» հրատարակչություն, 2011 թ.,
2. Դանտե Ալիգիերի, Աստվածային կատակերգություն, առաջին մաս, Դժոխք, թարգմ՝ Ռուբեն Ղուլյանի, Երևան, ՀԳՄ հրատարակչություն, 2004 թ.,
3. Յակոբ Օշական, Ծակ-պտուկը, Անթիլիաս, 1996: