Ինքն իրենից դուրս գալու պատրաստ, իր կաղապարներն ու կապերը քանդելով ազատ ապրելու ընթացքին տրվող մարդու պատմություն է Նաբուգոդոնոսորի պատմությունը: Անունների ընտրության հարցում էլ գրողն աշխատում է նպատակայնության դաշտում: Հերոսների անունները՝ Նաբուգոդոնոսոր, Վեներա և այլն, ստեղծում են ասելիքը մարդկության պատմության, ընդհանրապես, գոյաբանության դաշտ բերելու նպատակով: Նույնն էր Նաբուգոդոնոսորը երեկ, երբ աշխարհակալ էր, նույնն է նաև «Բաբելոնի աշտարակաշինություն» պատմության մեջ, ուր Նաբու է դարձել՝ ըստ իր ժամանակի, դերի, միջավայրի փոփոխության: Որքան էլ տարբեր է նրանց շուրջը եղող իրականությունը, նրանք չեն կարող դուրս գալ նախախնամությամբ տրված իրենց դերից: Դրա փորձն անողը կծեծվի կաշվե գոտիներով այնքան, մինչև կզղջա կամ անիմաստ կծիծաղի ինքն իր ու մյուսների վրա, ինչպես այսօր մեզ հետ եղող Նաբուն: Դրաման, որ ապրում է Ադալյանի այս հերոսը, առավել քան ողբերգական է, թեպետ նրան առաջ տանելու շարժիչ ուժը գրոտեսկայինն է:
«…Ես Նաբուգոդոնոսորի հետ մնացի մեն-մենակ, ինչպես տարիներ առաջ, արդեն հնարավոր չէր երկուսով ապրել, պիտի բաժանվեինք, յուրաքանչյուրը թող գնա իր ճանապարհով դեպի աշխարհի հակառակ բևեռներ, բայց հարցի ավելի արմատական լուծում կլինի,- մտածում էի ես,- եթե մեկը ոչնչացնի մյուսին, որպեսզի այլևս երբեք իրար չհանդիպեն, կա՛մ ես, կա՛մ նա:
Արի խաղաղ բաժանվենք, բարեկամաբար, այսքան տարի իրար հետ ենք եղել,- ասացի ես:
Նաբուգոդոնոսորը քահ-քահ ծիծաղեց, և ես իմ կյանքում արդեն որերորդ անգամ հասկացա, որ Վեներայից, նույնիսկ, ինձնից բաժանվելն ավելի դյուրին է, քան նրանից»:
Կյանքի, գոյության համար որոշակիացված պարտադրանքը նման է Սիզիֆի պատմությանը: Սիզիֆի պատմությունը փիլիսոփայության խնդիր է, որն աբսուրդի ոլորտում է: Այդ նույն խնդիրը Նորայր Ադալյանի մոտ փիլիսոփայության համար մի հերկված դաշտ է ստեղծել, որտեղ աբսուրդի ճյուղին հանկարծ մի բողբոջ է հայտնվել, որը ծաղիկ ու պտուղ է խոստանում: Ինքն իրենից շատ հեռացած, արդեն անհեթեթության հասած իր կյանքում նույն անհեթեթության մեջ բավականություն ապրող մարդու ներսում արժե, որ արթնանա ինքնաճանաչումը:
Հենց այդ՝ ինքնաճանաչման բողբոջի մասին է գրողի խոսքը:
Աբսուրդի մեջ ինքնաճանաչման խնդիրն է Նորայր Ադալյանի «Պատմվածքներ իմ ընտրությամբ» գրքի թեման: Իսկապես, որևէ հարցի շուրջ ընտրություն կատարելը մարդու իրավունքն է, առավել ևս, գրողի ընտրությունն է՝ բարձրաձայնել ի՞ր գաղափարը, թե՞ պտտվել մարդկությանը պարտադրված թեմաների մեջ: Այսինքն՝ գրքի վերնագիրն ինքը ազատության կանչին տրվելով, նախախնամությամբ տրված մանր բավականությունները հաղթողի թռիչքի մասին բարձրաձայնող խոսք է:
Սիզիֆը ջանք չի անում դուրս գալու ընդունված կարգից, և դա փոխհատուցվում է այն բանով, որ նա բավականություն է ստանում ժայռի, ծանր քարի հետ աշխատելուց, այդ ընթացքում ծնվող քարեղեն կայծերի հետ շփվելուց: Բայց կա՞ արդյոք դրանից վեր մի բան, հնարավո՞ր է հաղթել նույն տոնով շարունակվող, անընդհատ կրկնվող, կանոնակարգված կյանքի բավականությանը: Նորայր Ադալյանը չի տալիս այդ հարցի պատասխանը: Բայց նաև չի հաստատում դրա մեջ հարատևելու ճշմարտացի լինելը: Նա առաջարկում է գնալ գոյաբանության խորքերը, ինքնաճանաչվել այնտեղ: Գուցե թե հնարավոր լինի հանդիպել Սիզիֆի տառապանքից ազատագրողին: Ամեն դեպքում, գրողն ուշադրություն է հրավիրում խնդրի վրա:
Նաբուգոդոնոսորի դեպքում հնարավոր չեղավ դուրս գալ կարգից ու ինքնահաստատվել: Նրա կնոջ միայն Վեներա անունն է հիշեցնում կյանքը հոլովող բնածին սերն ու գեղեցկությունը, բայց ինքը չի կարողանում հրաժարվել վերջինիս կանոնակարգված, առօրյա սերը անընդհատ «ժայռի կատարը» բարձրացնելուց, որովհետև, այնուամենայնիվ, այնտեղ գրավիչ բավականություններ կան: Իր սիրո մեջ մոխրացնել Վեներային ոչ որպես բոլորին ու բոլոր ժամանակներում հայտնի Նաբուգոդոնոսոր, այլ՝ որպես բնությունից պոկված, իր առանձին բնույթն ունեցող ոգի: Ահա, երբեմն նաև գրոտեսկի մեջ հայտնված հերոսի ձգտումը, բայց պատմության ավարտն ուրիշ բան է ասում, երբ հոգեբուժարանում հայտնված հերոսին փորձում են ուժով՝ խիստ ծեծով, մոռացնել տալ ինքնահաստատման ձգտումը.
– Նաբու, Նաբու…,- Վեներան փաթաթվեց ինձ և հուզմունքից լաց եղավ:- Նաբու…
Ես տխուր ժպտացի:
Այդ մենակ ու վիրավոր տխրությունը միշտ ինձ հետ է:
Նորայր Ադալյանի շոշափած հարցը կյանքի իմաստի որոնմանն է վերաբերում, որը հնարավոր չէ անել առանց հաղթահարելու իրականության նստվածքը: Ո՞վ կարող է օգնել գտնելու այն: Գուցե՝ «Արևածաղիկների» Նազուկ անունով աղջի՞կը… Այդ ճանապարհին մի քայլն արդեն արված է. Հայկուշ անունով կնքած աղջկան տանը Նազուկ են ասում: Նազուկի հետ այս պատմության մեջ բացի վարորդ տղայից ու նրա «ներկված» ընկերուհուց, այլ կերպարներ ևս կան, որոնց շարքում՝ նոր ծլած ցողունը, «ծեր ավտոբուսը», սև ակնոցը, թեյամանը, արևածաղիկն ու նրա սերմերը և այլն:
Քաղաքի ծայրամասում, «կարկատաններ հիշեցնող աղքատիկ բանջարանոցների», էլ ավելի աղքատիկ բնակելի շինության ֆոնին տեղի ունեցող իրադարձությունները ևս չափազանց աղքատիկ են: Սակայն դրանց մեջ խորհրդակիր ու գաղափարակիր կարճառոտ խոսքեր կան, որոնք ասես թռիչքադաշտ են ստեղծում՝ կյանքի նստվածքից դուրս թռչելու համար: Վարորդն, ահա, դժգոհում է, որ քաղաքի ծայրամասային այդ կանգառում ստիպված երկար է մնում, բայց մեկ է՝ ավտոբուսը դատարկ է հեռանում այդ հատվածից: Իր կարգի մեջ քարացած դատարկություն: Ահա կյանքը խորհրդանշող ավտոբուսը: Իններորդ հարկից ավտոբուսին նայող աղջնակը ևս գիտեր, որ այդ ավտոբուսն ինչպես եկել, այնպես էլ գնալու է: Սակայն աղջնակի մոտ քիչ-քիչ հասունացող մղում է նկարագրվում այդ կարգը ոչ թե զանց առնելու, այլ նրա միջով դուրս գալու մի տեղ, որտեղ ինքնամարումով ազատագրման բավականություն կա: «…Բարձր հեռավորությունից նա ցողունը տեսնում էր ոչ թե աչքերով, այլ՝ սրտով, և գաղտնի սիրում էր նրան»: Միայն նման աղջնակը կարող էր մեռնելու վտանգի միջով անցած տղայի պատմությունով ոգևորվել ու ասել՝ «Ինձ սովորեցրու մեռնել»: Պատասխանը հետևյալն է՝ «Դա ձանձրալի գործ է, ապրելն է հետաքրքիր»: Ապրելու մասին վարորդի խոսքն այստեղ՝ ծանր քարի տակ Սիզիֆի մնալուն օգնող, այդ քարից առաջացած գրավիչ կայծերին է փոխարինում: Ապրելն այստեղ այն քարի խորհուրդն է, որը յուրաքանչյուրը վեր է բարձրացնում, բավականություն ստանալով այդ ընթացքում փայլատակած գրավչություններով: Դարձյալ Սիզիֆը՝ «ծեր ու դատարկ ավտոբուսի» երիտասարդ վարորդի կերպարով: Նազուկը, որ հաճույք էր ստանում թեյամանի ջրով ցողունները ջրելու իր աշխատանքից (ենթագիտակցության մեջ արարման խորհուրդ կար, որը չէր լքում նրան), քիչ-քիչ տարվում է վարորդի ներկված ընկերուհուն նմանվելու մղումներով, այսինքն՝ չի հասնում ինքնաճանաչմամբ ընդհանուր կարգից դուրս գալով աբսուրդին հաղթելու համարձակությանը: Այնուամենայնիվ, Ադալյան գրողը տեղ է թողնում հույսի համար.
Ներկվածն ու սև ակնոցով տղան գլուխ գլխի կիսապառկած էին ավտոբուսի ստվերում… Նրանց արանքում, փալասին, արևածաղկի մի մեծ զամբյուղ կար, որից նրանք քաղում էին լիքը, խոշոր հատիկները և բավականությամբ չրթացնում:
– Մոտ արի, նստիր,- ասաց տղան:
– Դու էլ չրթի,- ասաց ներկվածը:
– Աղջնակը թեյամանը թողեց գետնին, շրջվեց ու մի քանի քայլ գնաց:
Հետո վազում էր, հեռանում ավտոբուսից, շնչակտուր վազում…
Ինչո՞ւ էր փախչում ավտոբուսից, ի՞նչ էր տեսել այնտեղ, ի՞նչ էին արել վարորդն ու ընկերուհին: «Արևածաղիկը գլխատել էին»,- ասում է հեղինակը:
Այո՛, կյանքը նման է արևածաղկի, որին հասնողը չրթում է, մտածելով, որ այն հենց դրա համար է, հաճույք ստանալով այդ չրթոցից:
Նազուկը, ով խնդրում էր իրեն մեռնել սովորեցնել (տրվել սիրո գաղտնիքներին՝ անէության խորքերում), չի կարող գլխատված տեսնել արևածաղիկը, որին ինքը սրտով էր տեսնում, ոչ թե աչքերով:
Այս պատմության Նազուկի համար, ահա գրողը մի այլ՝ «Ամուսնու նամակը հանգուցյալ կնոջը» վերնագրով պատմության մեջ գրում է. «Կյանքը նման է մի գետի, որի ջրերը հեռանալով, մի օր կարող են նաև վերադառնալ և քեզ նորից առնել իրենց պղտոր գիրկը: Միայն ուժեղ մարդն է ի վիճակի նրանց հակառակվելու: Իսկ դու թույլ կին էիր՝ գետին խոնարհված ուռենու ճյուղերով: Այժմ էլ եմ սիրում քո թուլությունները, որոնք քեզ տալիս էին առանձնահատուկ հմայչություն, դարձնում պատկեր սիրո ու գեղեցկության»:
Այդպես էլ կա. կյանքի գետն անընդհատ ետ է դառնում և իր խառնապղտոր ու կրքախառն հոսանքի մեջ է առնում մարդուն, ինչպես հսկա քարը Սիզիֆի բազուկների մեջ: Թուլությամբ զարդարված սերն ու գեղեցկությունը՝ կյանքում, Սիզիֆին բավականություն պատճառող նույն կայծերն են՝ առասպելում, որ առաջանում են նրա ու քարի շփումից: Միայն ուժեղ մարդը կարող է փոխել այս ռեալությունը: Այս միտքն արտահայտող գրողը միևնույն ժամանակ գիտի, որ ուժը կարող է իրավունք ծնել, բայց ոչ երբեք՝ սեր կամ գեղեցկություն: Այդպես էր, երբ «Փողոցի կարգապահությունն իրականացնող ջանավար ոստիկանը գոտկատեղից հանում է ատրճանակը և կրակում աղավնու վրա: Թափվում է սպիտակ փետուրների ձյունախառն անձրև»:
Ժողովածուում իրար ետևից զոհվում են մարդկային երևակայությունն ու պատրանքը, իրենց տեղը զիջելով բնական հունի մեջ ընկած իրականությանը, ինչպես «Փեփրոն և Հաջի Կարապետում» է ավելի ցայտուն գծերով ու գույներով արված այդ:
Մշտապես նույն իրականությունը, և նրա շուրջը պտտվող մտքերը, անելիքի ու չանելիքի մասին ծրագրերը, բարոյականությունն ու անբարոն… Եվ այս ամենը՝ գրկախառնված: Ճիշտ է արքայավայել բազմած անհեթեթի մասին բարձրաձայնելը, նրա ել ու մուտը, ուղիները, պատճառներն ու հետևանքները ճշտված ներկայացնելը: Չէ՞ որ, ուզենք թե չուզենք, այն կա, գոյություն ունի, մենք նրա մեջ ենք: Ուրեմն՝ ինքնաճանաչվենք: Ելքի փնտրտուք… իմաստի որոնումն աբսուրդի մեջ՝ նույն ինքը՝ աբսուրդն է: Սակայն նրա հետ հանդիպող գրողը չի ընկճվում, ճգնաժամ չի ապրում, որովհետև այդ ճանապարհին հանդիպում է մարդու մեջ նստած բնությանը, որի խորքայնությունն անհատակ է, ու մարդն այնտեղ ճիշտ ինքնադրսևորման համար անելիք ունի:
Ադալյանի «Պատմվածքներ իմ ընտրությամբ» գրքի համար նույն, հատուկ ընտրությամբ են ներկայացված Ռաֆֆի Ադալյանի նկարները, որովհետև նրանք էլ պտտվում են այն հարցի շուրջը, թե ո՞րն է մարդու դերը, իր գոյությամբ ի՞նչ աստիճաններ է հաղթահարել, ի՞նչ կապերով է կապված ինքն իր ու իրենից դուրս եղած աշխարհի հետ:
Ահա Դավայաթաղի պատկերը՝ գրքի շապիկին: Բնակարաններ, շենք ու շինություններ, որոնք իրենց լուսավոր գույներով հանդես գալու տպավորության տակ խորին խորհուրդ են պարունակում՝ փորձելով արդարացնել կենդանի որևէ շնչի բացակայությունը: Իսկապես, ո՞ւր են բնակիչները: Նրանք քողարկված են հենց այդ լույսերով, նրանք շարունակում են աշխատել Սիզիֆի քարի հետ՝ անկարող փոխելու որևէ բան նախախնամությամբ տրված գոյությունից անդին: Իսկ նախախնամությամբ տրվածն ուղիղ, պարզ ու հստակ գծագրումներն են այդ նկարում, որոնք իրենց մեջ են առել ապրելու համար ի վերուստ տրված խորհուրդը: Դավայաթաղն այստեղ մեղվի այն փեթակն է, որ կառուցված է մեղուների կյանքն ու գործը շարունակելուն միտված բոլոր կանոններով: Նայում ենք փեթակին ու զգում ենք, թե ինչպես են այնտեղ բզզոցով աշխատում մեղուները:
Ազատության մեջ ինքնադրսևորվել փորձող փուշ-փշոտ գծեր, որոնք, այնուամենայնիվ, շատ առաջ չեն ձգվում, այլ մնում են իրար ագուցված, ասես թույլ չտալով, որ որևէ մեկը հաղթի ազատ լույսին ու մխրճվի նրա տարածքի մեջ: Ռաֆֆիի այս նկարներն են ամփոփում Նորայրի գրականության ասելիքը: Ադալյան եղբայրներն իրականությունն իր տիպականության մեջ ցուցադրող արվեստագետներ են, ովքեր այդ ամենի հետ մատնացույց են անում նաև այն տարածքի գոյությունը, որը պատրաստ է մարդուն ընդունել իր մեջ, ձգվել նրա հետ ու չավարտվել: Կարո՞ղ ես անել այդ, ուրեմն՝ ինքնաճանաչվիր:
Այստեղ չենք խոսում արվեստագետ եղբայրների գրչի ու վրձնի վարպետության մասին, որովհետև դա բոլորովին այլ թեմա է, իսկապես ինքնատիպ վարպետությունների ոլորտում: Բայց այն, որ եղբայրները տիրապետում են իրականությանը, ինչպես սեփական միսն ու արյունը, փաստում են նրանց՝ իրար լրացնող ստեղծագործությունները:
Ալբեր Կամյուի այն խոսքը, թե անհատները պետք է գտնեն կյանքի աբսուրդային բնույթը և միաժամանակ շարունակեն որոնել կյանքի իմաստը, վերաբերում է առանձնահատուկ շնորհներով օժտված անհատներին, որոնց շարքում են Նորայր ու Ռաֆֆի Ադալյան եղբայրները: