Աղավնի ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՉՔԱՂՎԱԾ ՎԱՐԴԵՐ
ԵՌԱԲԼՈՒՐ
Այս քաղաքում հարսներն են
Ծաղիկներ բերում սիրեցյալներին,
Եվ փեսացուները
Ժպտում են փակ աչքերով:
Այս քաղաքում երգերը համրաձայն են,
Աղոթքն՝ արցունքոտ,
Եվ խոստումները՝ հավերժ:
Այս քաղաքում բոլորը
Ծեր են մի գարուն հետո
Ու երջանիկ են մի աշուն առաջ…

*
Այս քաղաքում զավակները ՆԿԱՐ են,
…Ե՛վ մայրերը՝ ՀԵՐՈՍ…

*
Այս քաղաքում հիշողությունն
Աստված է,
Իսկ Աստված՝ թևաթափ,
Իսկ Աստված ծնրադիր՝
Խնկաբույր ՔԱՐԵՐԻՆ…

***
Վարդերը չեն բուրում
Պատերազմից հետո:
Վարդերը թոշնում են
Շիրմաքարերին:

***
Ցերեկները դրոշներն են երգում,
Գիշերները քամին՝
Քո կիսատ երգը…

-44-
Բաց դռների օր.
Բոլորին թևեր
բաժանեցին լուսադեմին՝
Կրակոցներից առաջ:

***
Տարօրինակ է.
Քաղաքի բոլոր
Բնակարանները
Նույն տարով են թվագրված…
Հողն ի վար են…
Տարօրինակ է.
Մեկն օրորոցային է երգում
Մութն ընկնելուն պես՝
Բոլորի համար…

***
Ծածանվող դրոշներ,
Հողհամբույր տարեդարձներ՝
Անմահների քաղաքում:

***
Նոր տարի
չեղավ…
Խաղալիքները դեռ
կախ են եղևնու ճյուղերից:
Մի կտոր երկինք՝ ճյուղից վեր,
մի կապույտ երազանք՝
ճյուղից վար
հողի տակ
սրտի մեջ:

***
Այսքան մայր ու որդի
մեկ էլ ծննդատանն են
հանդիպել՝
18, 19, 20 տարի առաջ…
– Տղա՜ ծնվեց, –
շնորհավորեցին:
– Հերոսացա՜վ…-
սփոփեցին
18, 19, 20 տարի անց՝ նույն օրը:

ՉՔԱՂՎԱԾ ՎԱՐԴԵՐ
Նկարված ծաղիկներ են…
Չքաղվածները մնացին
Գարուն-ի սպասող,
Չքաղվածներն արտասվեցին՝
Առաջին
Միակ
Սիրուն չգտած սրտի համար՝
Հողածածկ…

2021
Կամերա՛: Մոտո՛ր: 20/21, գնա՜ց…
«Դահլիճ է: Ժողով: Խոսում են…»:
Խոսում են՝
դրոշից,
հիմնից…
Քարտե՞զը…
ջնջում են,
գծում են,
կտրում են՝
գծում են նորից:
– Մոտո՛ր:
«Դռնփակ նիստ է…»:
Լռում են
Մեկ րոպե՝
ցավից,
մահից,
սահմանից:
Խոսում են ՝
հնից-նորից,
դեսից-դենից,
հետո նորից՝
հնից… նորից…
Կամերա՛: Ուղիղ եթեր է:
«Գլխավոր կադրի հերթեր են…»։
Չեն լսում,
գոռում են՝
տեղից…
անտեղի…
անհերթ…
Մինչև գոռում են՝
հոսում է
սահմանը,
ջնջում են՝
գծում են,
կտրում են-
գծում են ՝
նե՛րս,
նե՛րս,
նե՛րս…
Կամերա, մոտոր՝
«քայլերթ է…»։
Դատարկ է բեմը:
Մե՜ծ հերթ է
Աթոռը բեմից գցելու…
Կադրը լղոզվեց:
Անձրև է:
Կաթ-կաթ չէ՝
վարա՜ր,
հեղեղ է…
Լցվում է
ներս
ներս
ներս…
Կադրից դուրս
մեկը վազում է:
Մա՛յր է:
վազում է
բոկոտն…
անլաց…
մեն-մենակ,
դատարկ՝
իր ցավը գրկած.
«Տղես կմրսի,
հողը շա՜տ է թաց…»:
Անձրև է:
Լցվում է
ներս
ներս
ներս…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։