ՈՂՋՈ՛ՒՅՆ ՔԵԶ, ՍԵՐԳԵՅ* / ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ

Սերգեյ-ՓարաջանովՏպագրվել է «Գրական թերթ», 2009 թ.

Երբ ժողովրդական դեպուտատ Վարդգես Պետրոսյանը հուլիսի 21-ին խորհրդարանի դահլիճում սգավոր տեսքով և կերկերուն, ողբերգական ձայնով հայտնեց, թե՝ «այս գիշեր Երևանում մահացել է ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը», և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել նրա հիշատակը, ապա անդառնալի կորստյան ցավի հետ միասին սիրտս պատեց նաև անզոր մի դառնություն… Ցավ, որ իր երկրային կյանքի տառապալից ուղին ավարտեց մի մարդ, ով այնքա՛ն բան կարող էր տալ հայ և համաշխարհային կինոարվեստին, և դառնություն, որ շատ ավելի քիչ տվեց: Մեղավորը ինքը չէր, մեղավորը ժամանակն էր, ժամանակի տերերն էին, մեղավորը աշխարհի այս անհեթեթ մեկ վեցերորդ մասում ակամա ծնվելու ողբերգությունն էր: Ողբերգություն հատկապես իր՝ Փարաջանովի համար, ում ստեղծագործական միտքը՝ այնքա՛ն պարադոքսալ, այնքա՛ն պատկերավոր, այնքա՛ն անսպասելի ու անսովոր՝ սահմաններ և հեղինակություններ չէր ճանաչում: Եվ հենց դա՛ էր գրգռում քաղքենու առանձնահատուկ կատաղությունը Փարաջանովի ոչ միայն ֆիլմերի, այլև՝ նրա անձի, ապրելակերպի նկատմամբ: Եվ ով էլ լիներ այդ քաղքենին՝ արվեստի հետ կապ չունեցող մեկը կամ անունը արվեստի ղեկավար (արվեստի ղեկավար՝ ի՛նչ տարօրինակ է հնչում, չէ՞) դրած ֆունկցիոներ՝ հենց նա՛ է մեղավոր, որ Սերգեյ Փարաջանովն իր ստեղծագործական կյանքն ապրեց սովետական բանտում, որից դուրս ելնելն անհնար էր: Պատկերավոր խոսքի համար չէ միայն, որ ասում եմ՝ բանտում: Փարաջանովը կյանքի մի քանի տարին, շինծու և անհեթեթ մեղադրական հոդվածներով, իսկապես անցկացրեց Սովետի տարբեր բանտերում, որտեղից պարբերաբար ընկերներին էր ուղարկում իր անսպառ երևակայության հերթական արգասիքը՝ բանտային պայմաններում հայթայթած գունավոր թղթերից, լաթերից, մետաղալարերից, ապակու կտորտանքից, մածնաշշերի կափույրներից պատրաստած-սոսնձած տիկնիկներ, կոլաժներ, գլխարկներ, մեդալիոններ, կնիքներ (իսկ զգեստներ ու կանացի շլյապաներ անում էր վաղուց) և այլն: Նաև՝ իր անկրկնելի հումորախառն, բայց իրականում՝ ողբերգական նամակները: Կարծես ուզում էր ասել, հիշեցնել, որ ինքը կա, ապրում է, որ բանտային վերակացուն, դրսում լինի թե ներսում՝ անզոր է իր արվեստի հանդեպ, կարծես ուզում էր ինքը իրեն սիրտ տալ ու մեզ էլ՝ դրսի իր ընկերներին, գոտեպնդել: Եվ այդպես էլ կար: Նրանից մնացած այդ փոքրիկ, թանկագին հիշատակները և, իհարկե՝ նրա ֆիլմերը մի-մի պատուհան են դեպի ազատություն, որտեղ անզոր է վերակացուի մտրակը (կամ՝ մկրատը), որը կարող է զոլ-զոլ կաշի հանել մարդու մեջքից, խոցել մարմինը, բայց չհասնել հոգուն:
Մի քանի ֆիլմ նկարահանեց Սերգեյ Փարաջանովը: Մի քանիսի էլ՝ ծրագրերն ուներ, իսկ «Արա Գեղեցիկ» և «Սասունցի Դավիթ» ֆիլմերի համար, որոնք ուզում էր նկարահանել «Հայֆիլմում», ուներ մանրամասն մշակված ռեժիսորական սցենարներ: Այսինքն՝ մնում էր միայն նկարահանման հնարավորություն տալը: Եվ հենց դա՛ էր, որ տարիներ շարունակ չէր կարողանում ստանալ: Եվ որտե՞ղ. Հայաստանում, ուր, թվում է՝ առաջին հերթին պիտի որ շահագրգռված լինեին… Այդպես էին ցույց տալիս, համենայն դեպս, բայց, երբ բանը հասնում էր գործին՝ Փարաջանովի հետ կապված «պատասխանատվությունն» իրենց վրայից գցելու երեսպաշտությամբ, Պիղատոսի պես ձեռքները լվանում ու մի կողմ էին քաշվում՝ ռեժիսորին մեղադրելով «ավելորդ» պայմաններ դնելու, «անհաղթահարելի» ֆինանսական ծախսեր ու բեմադրական ռեկվիզիտ պահանջելու, ընդհանրապես՝ «անկանխատեսելիության» և «անկառավարելիության» մեջ… Կարճ ասած՝ «անբարեհույս» էր ո՛չ միայն «բարոյապես», այլև՝ է՛ն գլխից, և ամեն ինչում: Կարծես թե՝ սերգեյփարաջանովները վխտում են մեր շուրջ, և արվեստի (նաև՝ գրականության) այդ ղեկավար-վերակացուները կարող են վարվել նրանց հետ ինչպես կամենան: Այնպես որ՝ խորհըրդարանի ամբիոնից ցավ հայտնելը մի բան է, ժամանակին չարած գործը, չցուցաբերած օգնությունը՝ ուրիշ: Եվ դրանից Փարաջանովի կորստյան դառնությունն ավելի է մեծանում, մանավանդ երբ գիտակցում ես, թե՝ այդ գործ չարածը, օգնություն չցուցաբերածը՝ դավանափոխ ու տիրափոխ այդ ֆունկցիոները, «չստեղծագործելու, չարարելու» (իբր՝ ո՛չ իր մեղքով) նույն մեղադրանքը հարմար առիթով չքմեղաբար կարող է ուղղել նաև քեզ: Եվ գուցե ճիշտ կլինի, ինչպես ճիշտ է եղել միշտ:
…Փարաջանովին ծանոթացել եմ 1966 թվականին: Արդեն դիտել էի «Մոռացված նախնիների ստվերները», որն ինձ վրա ցնցող տպավորություն էր թողել… Ծանոթությունը կայացավ «Հայֆիլմ» կինոստուդիայի դիմաց, Տերյան փողոցում, երբ մոտեցա ու հայտնեցի հիացմունքս իր ֆիլմի նկատմամբ: Առաջին իսկ հանդիպումից ինձ ապշեցրեց այդ մարդու արբշիռ, կուռքեր չճանաչող սրամտությունը, անդրադարձի անմիջականությունը, պահվածքի, խոսվածքի այն ԱՐՏԻՍՏԻԶՄԸ, որը միայն իրենն էր և թափվում էր վրայից: Հյուրանոցային նրա սենյակը միշտ լիքն էր լինում ամենատարբեր մարդկանց խմբերով: Ո՛վ ասես, որ նրա ընկերը չէր՝ «Արմենիայի» շեֆ-պովր Իլիչից, «ասվետիտել» Վիդոկից մինչև այն մի քանի հոգին, որոնց հետ նա իսկապես հոգեհարազատություն էր զգում (հիշում եմ, օրինակ, հայտնի լուսանկարիչ Գուրգեն Միսակյանին): Մի անկյունում Սոփիկո Ճիաուրելին էր անընդհատ թեյ դնում ամեն եկող-գնացողի համար՝ նախնադարյան մի վիթխարի չայդանով, մյուսում՝ տարեց Սայաթ-Նովայի դերակատար Գոգի Գեգեչկորին էր լուռումունջ ականջ դնում Սերգեյի ճարտարախոսության հերթական պոռթկմանը՝ «թիֆլիսյան» վրացախառը ռուսերենով… Հանկարծ հայտնըվում էր Ռոմա Բալայանը՝ ողջույն բերելով Յուրի Իլյենկոյից (ուկրաինացի կինոռեժիսոր, «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի օպերատորը) կամ Անդրեյ Տարկովսկուց, և նույնքան հանկարծ էլ՝ անհետանում: Բոլորից առանձնացած, խորասուզված՝ իր ապագա ֆիլմի («Նռան գույնի») կադրերն էր մտմտում Սերգեյի հին, քչախոս ընկերը՝ օպերատոր Սուրեն Շահբազյանը: Քիչ չէին և տեղացի «մերոնքականները», ովքեր ամեն ժամի կարող էին ներխուժել սենյակ և «ոգելից զրույցի նըստել» ժամերով՝ Առնո Բաբաջանյանից մինչև Պարույր Սևակ… Եվ, իհարկե՝ մենք, «փարաջանովյան» ջահելներս՝ իրենով տարված ու հիացած նեոֆիտների մի մեծ խումբ (այդպիսի մի խումբ էլ, հիշում եմ, «ձևավորվել» էր մի երկու տարի դրանից առաջ, մաեստրո Երվանդ Քոչարի հետահայաց ցուցահանդեսի օրերին): Եվ այս թոհուբոհի, աղմուկ-ժխորի մեջ Փարաջանովը աշխատում էր, պատրաստում «Նռան գույնը» ֆիլմի ռեժիսորական սցենարը, հավաքում ստեղծագործական խումբը՝ չմոռանալով «ձեռի հետ» իր անպատասխանատու սրամտությունները տեղալ աջ ու ձախ: Հումորի ինչպիսի՜ փառահեղ հրավառություն էր, Աստվա՛ծ իմ: Դա էլ յուրահատուկ տաղանդ էր, հետո նմանը ես չեմ տեսել: Այդ դիպուկ, երբեմն սպանիչ սլաքները չէի՞ն արդյոք պատճառը, որ այդքան ընկերների, բարեկամների հետ մեկտեղ նա շատ թշնամիներ էլ ուներ, այն էլ՝ զորեղ թշնամիներ, ովքեր ամեն կերպ խանգարում էին նրան՝ թե՛ ֆիլմի նկարահանումների ընթացքում, թե՛ «Նռան գույնից» հետո:
Ընդհանրապես տաղանդավոր մարդ էր՝ տաղանդավոր սրամիտ, տաղանդավոր զգայուն, տաղանդավոր բարի… Երբեմն թվում էր նույնիսկ՝ անխտրական: Աչքիս առաջ քանի՜ անծանոթ-կիսածանոթի է շռայլ, հիրավի արքայական նվերներ արել՝ հին զարդեր, անտիկվարիատ, չգիտեմ էլ ինչ… Կիևում, օրինակ՝ մի նուրբ, «անտիկվար» ոսկե խաչ նվիրեց ինչ-որ լրագրողի, ով պատահաբար էր հայտնվել իր տանը: Ականատեսը (քույրս) պատմում էր, թե՝ Թիֆլիսում ինչպիսի՜ հնություններ (գորգեր, հնամյա զգեստներ, կտոր-կտոր հնօրյա կահկարասի), որոնք իսկական պատմական արժեքներ էին՝ կարող էր պարզապես տալ դուրն եկած մարդուն: Եվ՝ առանց շեշտելու, առանց ընդգծելու, հենց այնպես, կարծես թե՝ կողքից, թեթև, անբռնազբոս: Այդպես թեթև, ոչ մեկին նեղություն չտալով էլ ապրում էր: Միակ նպատակը «Նռան գույնը» հաջողությամբ և անխափան գլուխ բերելն էր: Այո, հաջողությամբ և անխափան գլուխ բերելը (ո՜ւր էր, թե այդպես լիներ), ուստի հաճախ, իր ստեղծագործական աշխատանքին զուգահեռ՝ ամբողջ օրը զբաղված էր նաև կողմնակի, «տեխնիկական» հարցեր լուծելով: Եվ այսպիսի խառնաշփոթ իրավիճակը, զարմանալիորեն, իրեն կարծես թե նույնիսկ դուր էր գալիս: Համենայն դեպս՝ ֆիլմը այսպիսի պայմաններում էր ստեղծվում, և ի՜նչ ֆիլմը: Նույնը շարունակվեց Ալավերդիում, ուր գնում էինք նկարահանումների: Որպես «էպիզոդնիկ» էքսպեդիցիային մասնակցում էի նաև ես, բայց ինձ ավելի հետաքրքրում էր մթնոլորտը: Ո՛վ ասես որ չկար: Շատ ընկեր-բարեկամների ինքն էր հավաքել-բերել Ալավերդի, շատերին էլ՝ պարզապես հրավիրում էր: Մի անգամ Թիֆլիսից «հատուկ Սերգեյին տեսնելու համար» եկավ Օթար Իոսելիանին, ուրիշ անգամ՝ Իլիչն էր Երևանից «հատուկ Սերգեյի համար» պատրաստած ճաշ բերում (որը ուտում էին բոլորը՝ բացի Սերգեյից): Շատ ավելի բարդ էր տարատեսակ չորքոտանի «դերասաններին» կերակրելու հարցը: Եվ՝ ոչ միայն կերակրելու, որովհետև Աստծո ստեղծած այդ էկզոտիկ արարածները (զորօրինակ՝ պերուական լաման) հատուկ վերաբերմունք էին պահանջում, և նրանց մշտապես ուղեկցում էին նայող-վարժեցնողները: Պակաս անակընկալ վարք չէին ցուցաբերում և մեր հայրենական կենդանիները. նկարահանվող մի ավանակ (բառիս ուղղակի իմաստով), մի օր, Սոփիկո Ճիաուրելիին մոտիկից տեսնելով՝ իրեն «վատ» պահեց (բառիս անուղղակի իմաստով), և ուշ վրա հասած Փարաջանովը շատ էր ափսոսում, որ չհասցրեց էշի կնամեծարության դույն ակնառու փաստը «հավերժացնել»: Մեկ այլ դեպք. ինձ հագցրին որպես կաթողիկոս, կանգնեցրին եկեղեցու գավթում, և ոչխարների (այլաբանորեն՝ հավատացյալների) հոտը քշեցին ներս: Թե ինչպե՛ս կարողացա դիմանալ խուճապահար մկկացող այդ հոտի գրոհին՝ հայտնի է միայն Աստծուն և ինձ. համենայն դեպս՝ ոտքերս ամբողջովին կապտել-տրորվել-սխկվել էին: Բայց ես դեռ լավ պրծա, որովհետև Սայաթ-Նովայի դերակատար, բալետի մենապարող Վիլեն Գալստյանի ոտքերը նույն դրվագում լրիվ ջարդվել էին: Մի ուրիշ օր էլ մեզ՝ մի խումբ «էպիզոդնիկներիս», աբեղայի զգեստ հագցրեց, կանգնեցրեց Հաղպատի եկեղեցու պատի տակ և սկսեց նկարահանել նուռ ուտելու դրվագը: Մի քանի ժամ անընդհատ «դուբլ» արեց (քանիսը՝ չեմ հիշում), հետո ծիծաղեց. «Ինձ պիտանի կադրը ես սկզբից արդեն ունեի, պարզապես ուզում էի, որ մի կուշտ նուռ ուտեք»: Այսպես շարունակ, օրական՝ մի օյին: Եվ այս արտաքին անլրջության քողի տակ, կարծես «ձեռի հետ», եռում էր լուրջ, չպարտադրված ստեղծագործական մի ինքնաբուխ պրոցես՝ այնքա՛ն տարբեր այն թթված լրջակերությունից, ինչին մենք նույն «լուրջ» անունն ենք տալիս: Իր ասելով՝ գրականության հանդեպ անտարբեր էր, երաժշտության մեջ «հասել էր մինչև Վիվալդի», բայց լավ գիտեր համաշխարհային կերպարվեստ, նկարչի բնածին պատկերավոր մտածողություն ուներ, մասնագետի պես հասկանում էր անտիկվարիատից, ոսկերչությունից, գորգերից: Այդ ամենը երևում է նրա ֆիլմերում:
Մի բան, որ ինձ ապշեցրեց դեռևս 23 տարի առաջ, և որի մասին ուզում եմ խոսել հիմա. նկատեցի, որ «Նռան գույնի» ստեղծագործական կազմը (բացի ի՛ր իսկ նախընտրած օպերատոր Սուրեն Շահբազյանից) իրեն առանձնապես չէր հետաքրքրում: Տպավորություն էր ստեղծվում, թե՝ ֆիլմի նկարիչը կամ կոմպոզիտորը ո՛վ ասես՝ կարող էր լինել (թեև՝ սրանց էլ էր «ընտրել»), որովհետև ինքը՝ Փարաջանովը, պաշտոնապես «Նռան գույնի» սցենարիստն ու ռեժիսորը լինելուց բացի, փաստորեն ֆիլմի և՛ նկարիչն էր (նաև՝ զգեստների), և՛ կոմպոզիտորը, և՛… Իսկ տիտրերում հետո հայտարարվածները հաճախ չէին էլ հասկանում, թե՝ ինչ պիտի անեն, և ինչու, որովհետև անսահմանորեն հեռու էին փարաջանովյան գեղագիտությունից: Մի տեսակ՝ ստատիստի դեր էին կատարում: Հետագայում իր մի հարցազրույցում դա չժխտեց նաև Փարաջանովը: Եվ «Նռան գույնը», իր մտահղացմամբ ու կատարմամբ, միմիայն և զուտ փարաջանովյան ծնունդ էր, որը ամենայն իրավամբ կարելի է անվանել «հեղինակային ֆիլմ», ինչը հազվադեպ երևույթ էր սովետական կինոյում:
… Ըստ էության՝ Փարաջանովի կինոարվեստը տանում էր փակուղի: Այդպես մտածել և այդպես նկարահանել կարող էր միայն ինքը: Ինքն էլ էր գնում փակուղի, և իմ տեսած փարաջանովյան մյուս ֆիլմերում («Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ») կրկնվելու վտանգն արդեն զգացվում էր… Եվ ոչ էլ հետևորդներ ունեցավ, թեև նրա արտաքին ազդեցությունը, բայց ոչ ներքին զգացողությունը, սովետական (հատկապես՝ ուկրաինական և վրացական) կինոարվեստի վրա՝ փաստ է: Չէր էլ կարող ունենալ, որովհետև իր տեսակի մեջ ինքը միակն էր: Այսինքն՝ Փարաջանովը ոչ թե ինչի (բովանդակության), այլ՝ ինչպեսի (ձևի) ռեժիսոր էր: Նրա ֆիլմերում, ըստ էության, համարյա բացակայում էր ֆաբուլան (բովանդակությունը), ավելի ճիշտ, արտահայտվում էր ձևի՝ միայն իրեն հայտնի տրամաբանությամբ հերթագայվող ստատիկ միզանսցենների, նկարչորեն դրված կադրերի միջոցով, որոնք, ասես կալեյդոսկոպում, հաջորդում էին միմյանց… Պարզ ասած՝ ինչի առումով նա կարծես ոչինչ չէր ասում (այլոց պատկերացմամբ), իսկ իր պատկերացմամբ՝ ինչպեսով ասում էր ամեն ինչ: Եթե հիշենք, որ նույն ժամանակներում գործում էին ինչի և ինչպեսի կատարյալ ներդաշնության այնպիսի հզոր վարպետներ, ինչպիսիք էին Ֆելլինին, Բերգմանը, Անտոնիոնին, Տարկովսկին, ապա Փարաջանովն իսկապես գտնվում էր «հպարտ միայնության» մեջ, և որպես ռեժիսոր տարբերվում էր վերոհիշյալ բոլորից. ոչ թե՝ որ ավելի տաղանդավոր էր, այլ՝ ուրիշ էր, անսովոր, ինքնատիպ ու անկրկնելի: Եվ, ամենակարևորը, ոչ թե՝ միշտ անառարկելի, այլ՝ միշտ վիճահարույց: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև Փարաջանովի տարօրինակ ռեժիսորական (չասելու համար՝ «նկարչական», «կոլաժային») մտածողությունը շփոթության էր մատնում, գրգռում, հունից հանում էր քաղքենուն, ով ավանդաբար մերժում, դեն էր նետում այն ամենը, ինչը իրեն անհասկանալի ու անբացատրելի էր… Եվ սա՞ չէր արդյոք պատճառը, որ Փարաջանովի գեղագիտության (նաև՝ անձի) դեմ ընդվզեց գաղափարապես կեղծ ու երեսպաշտ՝ «ձևի և բովանդակության սոցռեալիստական միասնության» ջատագով սովետական կինողեկավարության սևագլուխ զորքը… Եվ Փարաջանովը դարձավ վպՉօպջՊվՏռ, իսկ նրա ֆիլմերը միայն կյանքի վերջին տարիներին սկսեցին ներկայացվել ու մրցանակներ, դիպլոմներ շահել միջազգային բարձրակարգ փառատոներում: Բայց արդեն ուշ էր. իր ստեղծագործական ընթացքը խեղված էր ու խաթարված, ինքն էլ՝ մարմնապես հիվանդ ու հոգեպես ընկըճված:
“Caro Sergei!” – սիրելի՛ Սերգեյ. այսպես է դիմում Ֆեդերիկո Ֆելլինին Փարաջանովին մի երկտողում, «Մոռացված նախնիների ստվերները» դիտելուց հետո: Այն Ֆելլինին, ով խոստովանում էր, որ ի՛ր իսկ ֆիլմերը երկրորդ անգամ չի նայում: Փարաջանովը միշտ հումորախառն մի հպարտությամբ էր ինձ ցույց տալիս Ֆելլինիի հիացական գրությունը: Այո, չունենալով պաշտոնական հովանավորություն իր երկրում, նա վայելում էր մեծ հեղինակություն ազատ աշխարհում: Կյանքի վերջում միայն կարողացավ լինել արտասահմանում, ընդ որում՝ ժամանակի մեծ մասն անցկացրեց Փարիզի հիվանդանոցում (ակամայից Կոմիտասին հիշեցի…): Այդպես է՝ այստեղ հիվանդանում ենք (թե՞ հիվանդացնում են), այնտեղ՝ բուժվում: Եվ, չնայած իր կենսակերպի տառապալից ոդիսականին, Սերգեյ Փարաջանովը երջանիկ մարդ էր: Ես սա ասում եմ համոզված: Ապրեց, ինչպես ինքն էր ուզում, ստացավ, ինչին ձգտում էր, արեց, ինչի հնարավորությունն ունեցավ: Սիստեմի զոհ դարձած ուրիշ շատերն այդքանն էլ չկարողացան անել: Եվ իր վրեժը իրեն հալածող սիստեմից՝ ա՛յդ կերպ լուծեց:
Մահը նրա կյանքի վերջակետը չէ, նրա իսկական կյանքը նոր է սկսվում: Եվ աչքերիս առջև նա հիմա հառնում է որպես «Նռան գույնը» ֆիլմի հանճարեղ հերոսը՝ մի նորօրյա Սայաթ-Նովա, ով ազգերի միջև սեր և բարություն էր ուզում սերմանել, բարեկամություն հաստատել… Եվ իր մեղքը չէր, որ այդ երազանքը ինչպես իր մեծ նախորդի, այնպես էլ՝ մեր օրերում, մնաց անկատար. այդ երազանքին նա հավատարիմ էր իր ողջ ստեղծագործական կյանքում: Վկա՝ իր ֆիլմերը, թեկուզ «բարեկամ-խմբագիրների» ձեռքով խեղված-վերամոնտաժված (որովհետև ուրիշ ոչ մեկը չէր կարող անել այն, ինչ անում էր Փարաջանովը). «Մոռացված նախնիների ստվերները», նույն «Նռան գույնը» (որը հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Յուտկևիչն էր ուզում «փրկել», և մեծ էկրանին մեր տեսածը, փաստորեն, Յուտկեվիչի մոնտաժն էր), «Սուրամի ամրոցի լեգենդը» (կինողեկավարության կողմից չընդունված), «Աշուղ Ղարիբը» (լռության մատնված), իր երկու կարճամետրաժ գլուխգործոցները՝ «Հակոբ Հովնաթանյան» և «Փիրոսմանի»: Այս է: Անավարտ մնաց վերջին կինոձեռնարկումը՝ «Խոստովանանքը» (հասցրեց նկարահանել 200 մետր), որը համարում էր իր կյանքի գործը, «Կիևյան որմնանկարները» դիտեցինք դերասանների՝ 20 րոպեանոց «պրոբների» տեսքով, գրվանի տակ մնացին շուրջ երկու տասնյակ պատրաստի սցենարներ… Շատ չէ, թվում է, բայց՝ քիչ էլ չէ, մանավանդ՝ եթե նկատի ունենանք, որ Սերգեյի կյանքը մի անընդմեջ մաքառում էր՝ Աստծո և մարդու, պետության և մարդու, հասարակության և մարդու, մարդու և մարդու, վերջապես՝ հենց ի՛ր մեջ նստած երկու հակոտնյա «ես»-երի միջև: Եվ ով էլ որ լինի Սերգեյ Փարաջանովը կամ Սարգիս Փարաջանյանը (այս վերջինը նա չէր սիրում, համարում էր ավելորդ ձևականություն) – տարերային փոքրիկ աղետ կամ մեծ նահատակ – միևնույն է, նա եղել է, կա և մնում է այն ԽԵՂԿԱՏԱԿԸ, ով արքաներին միշտ ճշմարտությունն է ասում՝ թեկուզ յուրովի (ո՛չ որպես գաղափարական բունտ կամ առճակատում), թեկուզ ընդամենը որպես կինոյի գեղագիտություն, որպես արվեստի ճշմարտություն: Բայց այդքանն էլ իրեն չէր ներվում… Կենդանության օրոք այդպիսիներին պատժում են, մահից հետո՝ անմահացնում: Պիտի ուզենք միայն, որ անմահացնողները նախկին պատժիչները չլինեն: Սա կլինի ամենամեծ հարգանքը մի մարդու հիշատակին, ով հեգնանքով էր վերաբերվում ամեն հարգանքի և հեղինակության: Ի վերջո՝ Փարաջանովի արվեստի ժանյակահյուս խաղը ավելի կայուն դուրս եկավ, քան բանտի հաստաբեստ պատը: Սա՛ է հաղթանակը, և թող ո՛չ ոք սա չմոռանա: Հատկապես նրանք, ովքեր, դիմակայելով Սերգեյ Փարաջանովին, խեղաթյուրելով նրա կերպարն ու նկարագիրը, թունավորելով նրա կյանքն ու գործը՝ ակամա կանգնեցրին նրա հուշարձանը մեր հոգիներում և մեր սրտերում: Եվ մնաս բարով չեմ ասում նրան, որովհետև նա գալիս է դեպի մեզ: Ողջո՛ւյն քեզ, Սերգեյ:

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ
22 հուլիսի 1990թ.

Հ.Գ. Այս հոդվածի վերահրապարակումը մի քանի պատճառ ունի: Նախ՝ փարաջանովյան տարի է, և այդ առիթը հնարավոր չէր բաց թողնել: Եվ ապա, ինչպես արդեն ասել եմ տողատակում՝ հոդվածը տպագրվում է իր նախնական, լրիվ տեսքով, ինչը ինձ համար շատ կարևոր է: Վերջապես՝ իր մի քանի ասպեկտներով հոդվածը շաղկապվում է մեր այսօրվա որոշ իրողություններին՝ ստանալով արդիական հնչողություն: Ինչի՞ մասին է խոսքը:
Սերգեյ Փարաջանովը ոչ միայն շռայլորեն նվիրատվություններ էր անում, այլև՝ հաճոյախոսություններ մարդկանց, ովքեր շրջապատում էին իրեն, ում գիտեր ու լավ ճանաչում էր: Այդպիսի ճոխ, փարաջանովյան յուրօրինակ, «թիֆլիսյան» ռուսերենով արված շռայլախոսություններից բաժին էր հասնում նաև ինձ: Բայց ես պատշաճ չեմ համարում հիշատակել ինձ վերաբերող որևէ «կոմպլիմենտ», գնահատանքի որևէ արտահայտություն, որովհետև, նախ՝ ինքը, Փարաջանովը չկա, որ հաստատի ի՛ր իսկ խոսքերը, և ապա՝ ես գիտեմ, որ շատ հաճախ նման խոսքերը իրավիճակի, հանգամանքների, պարագաների արդյունք են… Հիշում եմ՝ իրեն բնորոշ փափուկ, բայց սպանիչ, զուտ փարաջանովյան հումորով ինչպե՛ս էր պատմում մի զառամյալ նկարչի մասին, ով կապում էր վրձինը դաստակին, որպեսզի նկարելիս հանկարծ ձեռքից վայր չգցի: Այնինչ՝ մեր օրերում, այսօր, այստեղ ոմանք յուրյանց չնչին «կենսապատումը» դեռ փորձում են զարդարել վաղուց մեզնից հեռացած որևէ հայտնի գրողի կամ քաղաքական գործչի «կարծիքներով», ընդ որում՝ ղազի փետուրը կապած ձախ ոտին: Դրանով ոչ միայն աղավաղվում, աղճատվում, խեղաթյուրվում է իրական կերպարն ու նկարագիրը նրանց, ում «վկայակոչում» են, բայց ովքեր չեն կարող հաստատել կամ, ավելի ճիշտ՝ հերքել իրենց վերագրվող «մտքերը», այլև՝ աղավաղվում, աղճատվում, խեղաթյուրվում է Նորին Մեծություն Ճշմարտությունը: Այդպիսի «ոմանք» անուղղելի են, նրանցը խնջույքն է ժանտախտի ժամին, ցինիկ ու ցիցռիկ խնդմնդուքը, պատվելիական կեղծ բարեպաշտ կեցվածքը՝ անգամ երբ իսկական ճշմարտությունն ես շրխկացնում երեսներին: Սրանց մասին են ասում՝ կուզին գերեզմանը կշտկի: Չարենցն էլ ասում է. «Գերեզմանից հետո – էլ ի՞նչ շտկում… Հասկացողը կհասկանա»: Ես էլ կավելացնեմ. իսկ չհասկացողին՝ ի՞նչ: Չհասկացողին՝ չոռը յուր պինչ, որովհետև նա միշտ էլ այդպես բութ ու չհասկացող պիտի մնա, ու մեծամեծ անունների շվաքում թաք կենա: Բայց ես ստվերում խլուրդացողի հետ առնչվելու ո՛չ մի ցանկություն չունեմ, ես զզվող եմ, իմը լույս աշխարհն է, մանավանդ՝ մեծամեծ անունների՝ Սերգեյ Փարաջանովի, Վիլյամ Սարոյանի, Հրաչյա Հովհաննիսյանի այս լուսավոր հոբելյանական տարում:
ՆՈՒՅՆԸ
Մայիս, 2009թ.

* Այս հոդվածը տպագրվել է 1990 թվականի հուլիսի 25-ին՝ «Երեկոյան Երևան» թերթում, ավելի քան կիսով չափ կրճատված-աղճատված վիճակում: Պատճառը միայն տեղի սղությունը չէր, այլև՝ «սուր անկյունները», որոնք թերթի արվեստի բաժնի վարիչ Պարուհի Բերբերյանը, ով նաև հոդվածի պատվիրատուն էր, ջանադիր խնամքով կտրատել-հանել էր… Հոդվածը լրիվ չտպագրվեց նաև «Առավոտում», նորից տեղի սղության պատճառով: «Գրական թերթի» այս հրապարակմամբ, վերջապես, հոդվածը լույս է տեսնում իր նախնական, լրիվ տեսքով, ինչպես մտահղացվել ու գրվել էր ժամանակին: (Ծ.Հ.):

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։