Ինչպե՞ս ենք մենք գրում / ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

• Նոր գործ գրելիս հուսահատության, հայհոյանքի, թքելու լարվածությամբ, ինքս ինձ և ընթերցողին խղճահարությամբ չնվաստացնելու նպատակով, հումորից մինչև սարկազմը, հեգնալի՝ ջանում եմ սթափ պահպանել միտքն ու արժանապատվությունը:
• Գիշեր-ցերեկ՝ ժամանակն ինձ համար նշանակություն չունի: Ես շարունակ գրողական տրամադրության մեջ եմ, ինչպես ռեժիսորը հավանական բեմադրության համար: Կենցաղն ու մյուս ոչ գրական հոգսերը, ինչպես և արտաքին աշխարհը հափշտակելով՝ հափշտակված փոխանցում եմ գրողական միտումներին:
• Մի ժամանակ գրառումներ անում էի, հետո դադարեցրի: Այն, ինչը չեմ մտաբերելու, համարում եմ, որ արժանի չէր ո՛չ հիշվելու, ո՛չ էլ գրվելու:
• Միշտ էլ մտովի նախապատրաստում եմ մի նոր աշխատանք: Ներշնչանքն իմ հավատարիմ սպասուհին է: Գրամեքենայիս առջև նստում եմ, երբ միտքը բավականին հասուն է՝ կոմպոտ դառնալու և բանկայի մեջ փակվելու համար: Գրելուս տևողությունը չեմ պլանավորում:
• Իմ կերպարները փաստացի նախատիպերից վերացարկված են, ապա նորից կոնկրետանում են գեղագիտորեն: Ինձ համար անձը նշանակություն չունի, քանի որ միշտ փոխարինելի է: Կարևորը սովորությամբ կարծրատիպ դարձած երևույթն է, որն իր կրկնողությամբ կայուն է, համառ ու վտանգավոր: Ներկա իրականությունից ես օգտվում եմ, ինչպես գնորդը՝ շուկայից:
• Լավագույն խթանիչներից է ընթերցողի հավանությանն արժանանալու վիճակը, երբ ժամանակավորապես հայտնաբերում ես մի հոգեքույր կամ հոգեղբայր, մի բան, որ կարող է լինել նաև շինծու: Գրողական գրաստի համար խթանիչ է պրոֆեսիոնալ մակարդակի գրախոսությունը, որը նաև ճշգրտում է յուրահատկությունները և առնչությունները գրական հոսանքների հետ, թերությունների հանդեպ բարեմիտ քննադատությամբ: Դրամը նրա համար է, որ չլինելու դեպքում հաղորդակից լինես չքավորների հոգեվիճակին: Փառքը խոսքերի լափլիզող հնչեղություն է, երեխաների, կանանց, ամբոխին մատուցված թոզ, որ փչում են կազմակերպված, բրեժնևափայլ շքանշանների համանմանությամբ: Ինչպես որ մենակության մեջ խորհրդածելիս լինես, որ քո ննջեցյալ սիրուհին քեզ այլևս չի դավաճանելու, հետմահու փառքը քո ուրվականի համար նույնքան աննշան ու անհեթեթ պիտի լինի, երբ միայնակ ու լըքված՝ հատուցելիս լինի իր մեղքերի դիմաց:
• Իմ գրական ուսուցիչները մահացել են, և ես նրանց հետ միակողմանի եմ բանավիճում, քանի որ նրանք չեն կարող ինձ պատասխանել: Նրանց փաստաբանները, մեծամասամբ գավառամիտ, հնազանդ են պաշտամունքի իրենց ռեֆլեքսին և հաշվի չեն առնում, որ համաշխարհային գրական մշակույթը գնահատելով հանդերձ, վաղուց է, ինչ պսակազերծ են արել իրենց դասականներին:
Ամփոփելու համար ասեմ, որ գեղարվեստական գրականությունը դոնքիշոտություն է, նույնքան սնանկ, որքան քաղաքակրթության մյուս հավակնոտ դրսևորումները: Գրականության օգուտը համազոր է կախաղանի օղակին, որ սեղմվում է հարցական նշանի նման և քեզ ութ րոպե ժամանակ է ընձեռում խորհելու՝ մինչև համլետյան լռությանը համարժեք առօրյա քաոսը իր ժխորով կխլացնի ընթերցողի գանգատուփի պարունակությունը: Գրողական փոքրիշատե նպատակահարմար աշխատանքի փոխարեն ես պիտի նախընտրեի լինել շրջմոլիկ, դերվիշ, արկածախնդիր: Այդ էլ, երևի, բաժին ընկնի իմ հաջորդ վերամարմնավորմանը: Մինչ այդ՝ քաղաքակրթությունը լավագույն դեպքում կիսաճշմարտություններ է պարտադրում նաև գեղարվեստական գրականությանը, որին չի փրկի մանկամիտ Հենրիկ Միլերյան կղկղագրությունը (թող ներող լինի հարցաթերթիկը կազմած Կ.Ա.-ն):

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։