ԼԵՌ ԿԱՄՍԱՐ – 130

Ո՞Վ ԵՄ ԵՍ

Զարմանալի ազգ ենք մենք՝ նախ սովամահ կանենք մեր գրողներին, հետո արդեն կսկսենք մեծարել նրանց:
Ես գիտեմ, որ կգա ժամանակ, երբ կփառաբանեք ու կմեծարեք ինձ, բայց ցավը նրանում է, որ ես այդ ժամանակ մեռած կլինեմ:
Ես դեդուկտիվ ծնունդ եմ: Մինչ ուրիշներն իրենց կյանքի վերջում են ասում «ունայնություն ունայնության» մանրամասն ապրելուց հետո, ես ծնվելիս ասացի:
Մի ուրիշն իմ տեղ լիներ՝ այդ ասելուց հետո այլևս չէր ապրի, բայց ես ապրեցի իմանալու համար, թե ինչքան է այդ կյանքն ունայն:
Է՛, պարզ է, թե ինձ նման աշխարհ եկողը ինչպես պիտի վերաբերվի կյանքի երևույթներին:
Չեմ զգացել ուսման ծարավ և դպրոց եմ գնացել բռնի ոչինչ չսովորելու համար:
Չեմ հասկացել, թե սիրելու համար ինչո՞ւ անպայման պիտի ամուսնանալ: Կամ ինչո՞ւ մեկ կնոջ հետ ծերանալ և ոչ աշխարհի բոլոր կանանց հետ երբեք չծերանալ:
Չիմացա՝ ինչ բան է կրոն: Ինչո՞ւ մարդիկ իրենց աղոթքներում երկնքի արքայությունն են ցանկանում: Անիմաստ կյանքը շարունակելուց ի՞նչ օգուտ: Հիմարությունը որ երկարի՝ իմաստությա՞ն կհասնի:
Եթե դրախտում արդարները պիտի թառեն խնկի ծառերի վրա ու միայն փառք տան Աստծուն, դրա համար ինչ կարիք կա մեռնելու, ահագին թաղման ծախս կատարելու, թաղվելու, նորից հարություն առնելու և այլն:
Փա՞ռք եք ուզում տալ՝ առանց այդ դժվարություններին ենթարկելու ձեզ. համեցեք Սովետական Ռուսաստան, փառք տվեք Լենինին ու ապրեք նորակառույց շենքում՝ օժտված մաքուր սենյակներով, խոհանոցով, արտաքնոցով ու բաղնիքով:
Ինչո՞ւ գերադասել կենցաղային ոչ մի հարմարություն չունեցող խնկի ծառը, մի օր էլ քունդ տանի՝ ցած գլորվես ու եսիմ ինչ լինես:
Ես չհասկացա՝ ի՞նչ է մարդկային հավասարություն: Դերձակները թելի ծայրը հավասարեցնում են այն ասեղի ծայրը մտցնելու համար, իսկ սոցիալիստները ո՞ւր են ուզում մտցնել մարդկությանը, երբ հավասարեցնում են այն:
Իսկ քարոզել եղբայրություն այն ժամանակ, երբ մի մորից ծնված եղբայրները անխոս բաժանվում են իրարից և օտարանում, նշանակում է հիմարության երկրորդ հարկը բարձրանալ:
Այս բոլորից հետո խորհուրդ եմ տալիս ձեզ իմ կյանքում ոչ մի իմաստ չփնտրել. ես մի գրչախաղ եմ գոյություն չունեցող թղթի վրա…
Ես հաճախ եմ մտածել գրել իմ կենսագրությունը, բայց հնարավոր չեմ գտել:
Գրել կենսագրություն, նշանակում է նորից ապրել մի անգամ ապրած կյանքը, իսկ իմ կյանքը այնպիսին չի, որ հնար լինի երկու անգամ ապրել: Իմ կյանքի օրերն իրար ետև շարված տառապանքի օրեր են, տասն անգամ ստույգ մահից մազապուրծ: Ի՞նչ երաշխիք, որ երկրորդ ապրելուս դրանցից մեկնումեկին զոհ չեմ գնա…
Ես անգամ գոհ չեմ, որ մի անգամ ամբողջական ապրել եմ իմ կյանքը: Եթե ինձանից կախված լիներ, մի քառորդով կապրեի: Այն էլ նրա համար, որ կյանքի մասին մի թեթև գաղափար կազմած մեռնեի:
Իմ անցած 70 տարիներից միայն 35 տարին է իմը եղել, համարյա կեսը միայն, իսկ մնացյալ կեսը այլևս ինձ չի պատկանել, այլ Սովետական կառավարությանը, որն ինչ կամեցել է, արել է ինձ:
Իր ողջ կյանքում գազանանոցի նեղ վանդակի մեջ փակված կապիկի կյանքն ուսումնասիրելով՝ կարող ենք կարծիք կազմել կապիկների ցեղի առանձնահատկության մասին և այն մտցնել կենդանաբանության դասագրքի մեջ: Մի կապիկի, որն օրնիբուն օնանիզմով է զբաղվում և աչքը վանդակի դռանը՝ հերթական կերի է սպասում:
Կարո՞ղ ենք գաղափար ունենալ առյուծի մեծահոգության մասին, երբ նա իր կատաղության մեջ միայն վանդակի երկաթներին է զարնվում:
Այդպես էլ ես եմ իմ կյանքի երկրորդ կեսում:
Կարո՞ղ եմ խելացի լինել, երբ խելքս գործածելու հնարավորություն չունեմ: Ինչքա՞ն լայն պիտի լինի սիրտս, որ բոլշևիկ բռնապետներին ըստ արժանվույն ատելուց հետո դեռ տեղ ավելանա որևէ մեկին սիրելու համար: Կամ երբևէ կերե՞լ եմ իմ ցանկացածը, որ կարողանամ պատմել իմ ճաշակի մասին: Ինչպե՞ս կարող եմ քաջ լինել, երբ ձեռներս տարված են ետևս ու շղթայված:
Ո՛չ, չեմ կարող իմ կյանքը գրել: Ինձանով հետաքրքրվողներին կասեմ.
– Ես ինձանից տեղեկություն չունեմ, Սովետական իշխանությանը հարցրեք…

***
Ես տրանզիտով աշխարհ եկա, տրանզիտով էլ հեռանում եմ աշխարհից՝ առանց վագոնիս պատուհանը բաց անելու: Իբրև մարդ՝ ապրելու ոչ մի հնարավորություն չկա: Սովետական ժողովուրդը գրաստ է պարզապես՝ նոխտան վզից կախ: Կառավարությունը մեկ էլ տեսար նոխտադ քաշեց, քսան տարի տարավ Սիբիրի սառնամանիքներում կապեց քեզ, մեկ էլ քաշեց, ետ բերեց ու կապեց քո ընտանիքից բավականին հեռու, որ նայես քո կին ու երեխաներին ու կարոտամաշ լինես…
Աստված ինձ ստեղծել է մահկանացու, դրել է սրարշավ գնացք իմ ծնունդի առաջին վայրկյանից և ուղիղ գծով դեպի գերեզման է քշում:
Ես կարող էի գնացքի պատուհանից գոռալ իմ ճշմարտությունը, բայց գնացքիս դուռն ու պատուհանը այնպես պինդ է փակել վրաս Սովետական կառավարությունը, որ իմ ոչ մի ձայն չի թափանցի ազատ աշխարհը:
Դատարկ վագոնում որքան ուժ ունեմ բղավում եմ՝ մարդի՛կ, հեռո՜ւ բոլշևիկյան կառավարությունից, այդ վարդապետությունը ոճիր է մարդկային բանականության հանդեպ, բոլշևիզմը հղկում, հարթում է շվեյցարական անուշաբույր ծաղկավետ լեռները՝ դարձնելով այն փոքրիկ Սահարա: Բոլշևիզմը մի բռնակալ ժամանակ է, փախե՜ք դրանից…
Իմ ձայնը, սակայն, դիպչում է գնացքի պատուհանին ու ինձ վերադառնում այնպես, ինչպես թե այդ ասողը ես չեմ…
Աստվա՜ծ, ա՜յ տնաշեն, առանց քեզ էլ, տեսնում ես բոլշևիկները մեզ սպանում են, էլ դու ինչո՞ւ ես մեջ ընկել: Ո՞վ է տեսել՝ մեկին երկու անգամ սպանեն: Ինչո՞ւ ինձ բաց վագոնով գերեզման չես տանում, որ ճանապարհին մի քանի ճշմարտություններ ասեմ մարդկությանը…
Բոլշևիկյան կառավարությունը հեքիաթի այն վիշապը եղավ, որ նստած իմ և ժողովրդի մեջտեղ, արգելեց ամեն տեսակի հաղորդակցություն իրար հետ:
Ինձ Բևեռ աքսորեց ու վառեց գրքերս, որ չկարդան, վերադարձիս էլ այնպես խցեց բերանս, որ ծպտուն չհանեմ:
– Ինչո՞ւ:
– Որ չգոռամ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ…

Ա՜Խ, ՕՐԵՐ…

Երբ վերջապես աչքդ բացիր՝ հեռավոր հյուսիսում ես արդեն: Վեց ամիս ցերեկ, վեց ամիս գիշեր: Ցուրտ ու բուք այն աստիճան, որ խոսելիս չես կարող այնպիսի բառ արտասանել, որի մեջ «ա» տառը լինի՝ անմիջապես բուքը բերանդ լեցվելով քեզ կխեղդի:
Հազարավոր ընկերների հետ թափված եք մինչև պորտը ձյուն, ամայի անտառում: Պիտի ինքներդ ծառերը կտրեք, բնակարան կառուցեք ու ապրեք մեջը: Դու, ամիսներով ձյունախառն ճահիճների մեջ քայլելով, ուժասպառ ես ու մի օրվա հանգիստ ես խնդրում:
– Հանգի՞ստ,- բղավում է ուզբեկ նարյադչիկը ճիպոտը ձեռքին,- չաշխատես՝ օրապահիկդ հացը չես ստանա:
– Կաշխատե՛մ, կաշխատե՛մ, տուր կացինը,- կասես դու, վախենալով ոչ թե սովամահությունից, այլ նրանից, որ մեռնելիս քեզ կծածկեն սառցակոշտերով, որի հետևանքով ամառները դիակդ պիտի լողա ճահճացած ջրերում, իսկ ձմեռները դառնա սառույցի բաղկացուցիչ մի մասը:
Ա՜խ, օրեր…
Առաջին գիշերը պառկում ես ձյունի վրա: Որովհետև վերմակդ բարեխառն գոտում է պատրաստված, բևեռային գոտու համար կարճ է գալիս, ու երբ առավոտն արթնանում ես, տեսնում ես՝ ոտներդ չկան, նրանք վերմակից դուրս մնալով սառել են, ու սկսում ես ձյունով շփել կենդանացնելու համար:
Ահա ճիշտ այդ միջոցին հրաման է գալիս Մոսկվայից նոսրացնել կալանավորներին:
Իսկ աքսորի վարչությունը ժամանակ չունի մեկիկ-մեկիկ հանցանքներ ճարել կալանավորների համար, որպեսզի գնդակահարի: Այդքան բազմահազար կալանավորներն էլ մի հանցանքով գնդակահարելը անհարմար է. դա ցույց կտա սովետական օրենսգրքի աղքատությունը: Մեղադրանքը պիտի բազմազան լինի: Այդ պատճառով էլ ամեն առավոտ շարք եք կանգնում բոբիկ ոտներով ձյուների վրա. առաջին օրը՝ հաշվում, տասից մեկը գնդակահարում, երկրորդ օրը՝ իննից մեկը. երրորդ օրը՝ ութից մեկը, մինչև հասնում են երկուսից՝ մեկ…
Դու երջանիկ մեկերի շարքում ես, ողջ ես մնում, որ գաս պատմես մարդկությանը, թե ինչպես Սովետական Միությունում հանցանք է առաջինից զատ մյուս բոլոր թվերը լինել: Որպեսզի ապագա մարդկությունը ընկածների վրա մի օր արձան կանգնեցնելիս գրի՝ մեռան, շարքի մեջ ութերորդ, իններորդ լինելու համար:
Ու թող կործանվի այն օրը, երբ մարդիկ թվաբանություն հնարեցին:
Սովետական կառավարությունը այսօր տասի սահմաններում գնդակահարեց՝ որովհետև իշխում է միայն երկու հարյուր միլիոն բնակչության վրա. երբ դարձավ համաշխարհային՝ վայն եկել է աշխարհին տարել: Այնքան աշխարհում այլևս մարդ չի թողնի, որ մազապուրծ ազատված մարդկանց պիտի բաժանի կոտորակների, առաջին օրը նրա աջ մասը գնդակահարի, երկրորդ օրը՝ ձախ… որ անելիք ունենան:

***
Աշխարհում չկա մի կենդանի, որ վագրի ճանկերում պատառոտվելիս փառաբանի իր գիշատչին:
Իսկ սովետական ժողովուրդը Ստալինին փառաբանելով փողոտվեց:
Ժողովուրդը այդ գազանի երախում փառք տվեց և փառք տալով էլ իջավ նրա ստամոքսը…
Ա՜խ, օրեր…

One thought on “ԼԵՌ ԿԱՄՍԱՐ – 130

  1. Երանի թէ նման գրութիւններու տակ դնէք, թէ երբ է գրուած, ո՞ր տարի ն. ամէն մարդ չի գիտեր գրողի ծննդեան եւ մահուան տարիները, որպէսզի հետեւցնէ, որ ո՞ր տարին 70 տարեկան էր…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։