Գրականության ու մշակույթի տոների մի շարք ձոնված է հայոց հողի պտուղներին: Տարվա մեջ յոթ անգամ այս տոնախմբությունները նշվում են դաշտահանդեսներով, որոնք Աշտարակ քաղաքի մերձակա մի այգեստանում դառնում են մեր հոգևոր հարստության, գրի ու գրչության, արվեստի ու մշակույթի հանդեպ սիրո և ստեղծագործական ներշնչանքի յուրատեսակ արտահայտություն:
Տոնական ժամադրավայրը անվանի բանաստեղծ և նկարիչ Արևշատ Ավագյանի այգին է, որը տարածված է Քասաղի կիրճի առափին: Այգին 16 տարի առաջ հիմնադրեցին մեր գրականության, արվեստի, հայագիտության նշանավոր ներկայացուցիչները և այն կոչեցին Յոթ մուսաների այգի: Սահմանվեցին յոթ տոներ՝ նվիրված թթին, կեռասին, ծիրանին, դեղձին, խաղողին, նռանը և ընկույզին: Մուսաներից ո՞ր մեկն է իր ծամկալի վրա կրում այս մրգերից որևէ մեկը՝ չի տարորոշված: Նրանք թև-թևի այս այգի են այցելում բոլոր պտղատոներին՝ հայոց հողի յոթնագունակ բարիքների մրգապսակով: Հնչում են բանաստեղծություններ, թնդում երգեր, նկարիչները բացում են իրենց նկարակալները, ճարտասանները կենաց խոսքեր են զեղում՝ նվիրված մայր բնությանը, նրա շքեղ ու շռայլ բարիքներին, հայրենի հողին ու երկրին: Պտղատոների փառապսակն, իհարկե, Ծիրանատոնն է, որ մեծ շուքով նշվում է ամեն տարի հուլիսի մեկին:
Այս տարվա պտղատոների շարքը, ավանդույթի համաձայն, եզրափակվեց ընկուզատոնով: Հոկտեմբերի 14-ին, Թարգմանչաց տոնին հաջորդող կիրակի օրը, այգին մարդաշատ էր: Դեռ կանաչագեղ մրգաստանի՝ արդեն հասակ առած ընկուզենիներից վար բերված կարծրակեղև պտուղները՝ այլ զանազան մրգերի հետ, զարդարեցին սեղան-սփռոցները: Հյուրընկալվել էին գրականության ու մշակույթի գործիչներ, գրողներ, նկարիչներ, լրագրողներ, գիտնականներ: Դաշտահանդեսում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Արևշատ Ավագյանը, Արտավազդ Նազարյանը, Արտակ Ավագյանը, Արսեն Համբարյանը, որը հնչեցրեց նաև իր խոսքերով գրված երգեր: Նորից արծարծվեցին աշտարակյան այս պտղատոներին համահայկական հնչողություն հաղորդելու, Յոթ մուսաների այգին բարեկարգելու ծրագրերը, որոնցով նախատեսվում են Օշական տանող ճանապարհից մինչև Քասաղի կիրճ ձգվող տարածքի վրա կառուցել տաղավարներ, հիմնել հանգստի գողտրիկ անկյուններ, որոնք կգրավեն, հոգևոր լիցք կհաղորդեն Օշականի սրբավայր և Հայ գրերի հուշարձան այցելողներին ու հանգստացողներին: Այդ ծրագրերը, որ կազմվել և հավանության են արժանացել Հայաստանի գրողների միության, Մշակույթի հայկական Ֆոնդի և «Արագածոտն» գրական-մշակութային միավորման կողմից, դժվար իրագործելի չեն, սակայն, ցավոք սրտի, դեռ չեն գտել գրականության և արվեստի խնդիրներով մտահոգ բարերարների:
Անմիջական շփումը, մտքերի անկաշկանդ փոխանակումը տոնական հանդիսավորությունը աննկատելիորեն վերածվեց սրտամոտ զրույցի, գրականության և արվեստի շուրջը ծավալվող լուրջ քննարկումների: Ինչպես նկատեց բազմավաստակ լրագրող Ալեքսանդր Թովմասյանը, այս այգում ամեն մի հանդիպում իսկական տոն է: Եվ տոների այս շարքը շարունակական է, քանի հայոց հողը հայոց երկնքի տակ պտուղներ կընծայաբերի իր զավակներին:
Արտ. ՆԱԶԱՐՅԱՆ