Ողբերգության պես ու
սուրբ հավատի
Զանգերն են
հնչում Սարդարապատի:
Ասես մարդկային
արցունքները ջինջ
Խտացել այստեղ,
դարձել են պղինձ:
Խտացել այստեղ,
փոխվել են երգի
Ժամանակի մեջ ու տիեզերքի:
Ողբերգության պես ու
սուրբ հավատի
Զանգերն են
հնչում Սարդարապատի:
Արարատ լեռան
հայացքի տակ ծեր
Բիրտ յաթաղանն էր
վայրի շառաչում…
Բայց բարբարոսը, ո՛չ,
չէր հասկացել,
Որ վերքերից են
վարդերը աճում:
Մի բուռ հայ մնաց և
ահեղ մի ցավ,
Մի բուռ հայ մնաց և
ոխ մի շաչուն…
Բայց մարդասպանը,
ո՛չ, չհասկացավ,
Որ վերքերից են
վարդերը աճում:
Եվ արնոտ հողում
Սարդարապատի
Բռնկվեց կռվի
վարդը սրբազան…
Եվ դահիճներն այն
նենգ ու տմարդի
Զարմանքով հանկարծ այդ
վարդը տեսան…
Տեսան վարդն
ահեղ ու սարսափելի,
Որ արցունքից ու
բոցից էր աճում…
Եվ նա, ով մահն էր
բերում հայերի,
Ինքը գալարվեց մահվան
սև մահճում:
Ազգասպանության
ահավոր հնձից
Փրկվեց արնաքամ մի
բուռ հայություն,
Արարատ լեռան զորավոր շնչից
Նա ոգի առավ,
առավ հարություն:
Ես անիծում եմ
եղեռն ու նախճիր,
Ես անիծում եմ
գործերը մահվան,
Փառաբանում եմ այս
վարդերը հիր
Եվ այս
զանգերը վերածնության…
Զանգերն են զնգում
Սարդարապատի…
Պղնձե զանգը
Նման է վարդի…
Սև գործերի դեմ`
Լուսավոր զանգեր…
Հանգեր են ասես,
Երգի,
Հավատի,
Հարության հանգեր…
Սարդարապատում
Հնչում են զանգեր…
Թարգմ.` Վահագն ԴԱՎԹՅԱՆԻ