«Գրական թերթի» ընթերցողներին ենք ներկայացնում Լևոն Հախվերդյանի անձնական արխիվային ֆոնդի (Հայաստանի ազգային արխիվ, ֆ.973, ց.1, գ.190, թթ.1-10) հարուստ նամականուց՝ Գուրգեն Մահարու նամակները: Մահարու համար նամակագրությունն ինքնարտահայտման ևս մի միջոց էր: Անկեղծ, անմիջական, համարձակ՝ համեմված երբեմն նաև խայթող հումորով, երկարաշունչ, բայց ոչ երբեք ձանձրացնող: Իսկ թե ինչու ընտրությունը կանգ առավ հենց այս նամակների վրա, ապա պատասխանը մեկն է. դրանք ավելի շատ գրախոսականներ են…
Հրապարակվող նամակները ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների, խմբագրման, մասնակի կրճատումներով:
ՎԱՐԴԻԹԵՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
– Նամակները հրապարակվում են միաժամանակ հոբելյանների նշումով՝
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ
մահվան 40-ամյակի և
ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ծննդյան 85-ամյակի առթիվ, խոնարհումով հայ գրականության երկու մեծանուն գործիչների հիշատակի առջև:
17 մայիսի 68 թ., Պալանգա…
Սիրելի Լևոն.
Մոտ մի ամիս է, ինչ դուրս եմ եկել Էրեբունուց, սակայն մտքերով այդտեղ եմ: Չարենցի VI-րդ հատորում, ո՛չ IV-րդ հատորում տրված է «Մակագրություն մի գրքի վրա» բանաստեղծությունը, իսկ ծանոթագրության մեջ նշված է, որ «Գ.Մահարու վկայությամբ բանաստեղծությունը վերաբերում է իր գրքին»… Ի՜նչ հիմարություն: Չէ՞ որ նույն «հաջողությամբ» ես կարող էի ինձ վերագրել «Թուղթ բանաստեղծ բարեկամիս» և այլ բազում «խելքի մոտ» գործեր… իսկ իրականությունն այն է, որ Չարենցն իր այդ մակագրությունն արել է «Մրգահասի»-ի վրա, և «Մրգահասի» այդ օրինակը, Չարենցի մակագրությամբ, գտնվում է Պետական համալսարանի գրադարանի հատուկ ֆոնդում: Սուրիկը իմ մասին գրած մենագրության մեջ նշել է այս փաստը: Էլ ի՞նչ գործ ունի այստեղ… «Գ.Մահարու վկայությամբ»-ը: Եվ ծիծաղելին ու ողբալին այն է, որ այս կոպիտ խեղությունը տեղ է գտել մի գրքում, որի խմբագրական կոլեգիայում գտնվում են Սուրեն Աղաբաբյանը և նույն ինքը Գ.Մահարին… Դե, եկ ու հանգիստ քնի: Սուրիկի հետ խոսիր, ի՞նչ ձևով կարելի է ուղղել այս ծռությունը…
Լուր չունեմ նաև «Թումանյան»-ից: Մի՞թե Կամոն էլ կանգնեց: Ես գրեցի «Հ.Ձ.»-ի պատքարտուղար Հայկին, որ ուղարկի ինձ այն համարները, որտեղ «Թումանյան» կա և ոչ մի ձայն-ձուն… Դե եկ ու հանգիստ քնի…
Դե եկ ու հանգիստ քնի, երբ գալիս են թերթերը և ծարավ աչքերդ փնտրում են մի պուտ զուլալ, սառնորակ ջուր ու չեն գտնում. դրա փոխարեն՝ խոտանի ահավոր մի հեղեղ, որ քշում տանում է ամեն ծիլ ու ծաղիկ: Ու չկա մեկը, որ բարձրանա ու ասի, – էս ո՞ւր եք գնում, ընկերներ…
Գրականությունը դարձավ պաշտոն ու կոչում: Գրողի գրական բոյ-բուսաթը գըրքերով չեն չափվում, ոչ, ճիշտ հակառակը, գրքերի բոյն ու բուսաթը գրողներով են որոշվում, չին-չինովնիկական հաշիվներով և չափումներով: Մոսկվայում գոնե մի բան լավ է, շատ են ուրագներն ու ռանդաները. խՌՑչՈջպՑՈ-ի ծռածը խՌՑ. ՀՏրրՌÿ-ն է ուղղում (ասենք), ԿՍՑÿոՐՖ-ի ծռածը «ծՏՉօռ ՎՌՐ»-ը: Կան ԹՏտՐՏրօ սՌՑպՐՈՑցՐօ, իՉպջՊՈ, ծպՉՈ և բազում ուրիշ գրական պարբերականներ, իսկ մեզ մոտ մի «Գրական թերթ» ու մի «Սով. գրականություն…»: Սո՛վ: Դե եկ ու հանգիստ քնի:
Եվ ի վերջո նորից մի անձնական մտահոգություն. «Չարենց Նամե»-ի մասին Ղարիբը գրախոսական էր գրել, Սուրիկը պիտի գրեր: Մի ամիս է անցել, «լռությո՜ւն, լռություն անսահման»:
Մի՞թե չկա մի լավ բան, պիտի հարցնես, – կա՛: Բանաստեղծուհի Ախմադուլինան Թումանյան է թարգմանում և «Փարվանա»-ի վրա է: Մի քանի բան նայեցի և վատը չեն… Էլ ի՞նչ ես ուզում: Ջերմ բարևներ քյուլֆաթիդ, Վարդանին, Սուրիկին, Թումանյան տանն ու Ֆրիդային:
Մնամ նամակիդ սպասող քո՝
Գ.Մահարի
28 մայիսի 1968 թ., Պալանգա
Շատ սիրելի Լևոն Էֆենտի.
Տեսա՞ր խոսքս ի՜նչ ճանապարհ կտրեց, անցավ քաջ որսկանի գյուլլի պես… Երևան, Պերեդելկինո, ետ՝ Պալանգա…
25-ի թվակիրդ քիչ առաջ ստացա և չնայած, որ բազում նամակներ առի այսօր (Պրագայից՝ Բարունակ Թովմասյանից, Բեյրութից՝ Գ.Շահինյանից, Երևանից՝ Աղավնուց, Համալսարանի թանգարան՝ Լ.Ղարիբջանյանից, «խՌՑ. չՈջպՑՈ»-ից և վերջապես Երուսաղեմից՝ Կարիկ Պասմաճյանից… հարուստ եմ, չէ՞…), բայց գալիս եմ ուղիղ քեզ մոտ, Պերեդելկինո: Դե լսիր:
Նամակդ ինձ ուրախացրեց իր ազնիվ խորքով: Ուրիշ բան չէի էլ սպասում. չգիտեմ թե ի՞նչդ պիտի վերակառուցի Պերեդելկինոն. (Պերեդելկինո ասացի՝ Պերեվերզևին հիշեցի, չեմ կասկածում, որ գիտես նրա մասին, ՌԱՊՊ-ի այլանդակ աղմուկը նրա շուրջ… Պերեվերզևշինա… նրան հանդիպեցի 1939 թվականին, Կրասնոյարսկի բանտում: Կամերայում՝ մոտ 300 կալանավոր, ռազնաժոպի ժողովուրդ: Գրեթե բոլորիս հայտնի էր, որ կամերայում գտնվում է նույն ինքը, պրոֆեսոր (Հը՛մ…) Պերեվերզևը: Ինձ էլ ցույց տվին: Դեռ այն ժամանակ ալեխառն բեղումորուսով մարդ էր, նստած իր չուլ-փալասին՝ մախորկա էր փստացնում… վերջապես, ասացի մտքումս, ես հիմա բուն աղբյուրից կիմանամ, թե ինչ գազան է այդ Պերեվերզևշչինան: Պպզեցի դեմը.– ներեցեք, պրոֆեսոր, ես մի հարցով… նա նայեց ինձ ուշադիր ու երևի ժպտաց.- ես գիտեմ,- ասաց նա,- ձեզ հետաքրքրում է թե ի՞նչ է Պերեվերզևշչինան… այո՞… ոչնչով չեմ կարող օգնել ձեր մտահորիզոնի լայնացմանը… ինքս էլ չգիտեմ):
… Եթե դու լինեիր հեռու մոսկովյան գրական մամուլից, ես չէի զարմանա, բայց դու այն մարդն ես (Սուրիկի հետ), որ կարդում ես ու հետևում գրական թերթերին և ամսագրերին, մեր (Երևանի) գրական ճահճացման պատճառներից մեկը մեր գրական մամուլի խեղճությունն է: Վիճում են, վիճելու համար: Գրում ես,- «եղբայր, ի՞նչ քննադատություն, ո՞ւմ է հարկավոր, ո՞վ կթողնի»: Ու վերջն էլ ավելացնում,- բա՛ս…
Ցավալին այստեղ այն է, որ քննադատն է ասում «ու՞մ է հարկավոր» (քննադատությունը) և ոչ թե գրողը կամ ընթերցողը: Ուրեմն դու էլ համաձայն ես, որ քննադատություն չկա, էլ ինչո՞ւ են ինձ մեղադրում… «Սով. գրականություն» ամսագրի այս տարվա N 1-ում առանց երկունքի լույս աշխարհ վազեց Հմայակ Սիրասի «Տառապանքի ճամփա» կոչված սիլոսը, որը մեր արձակագրությունը 100 տարով ետ է տանում ատրպետյան ձգողականությամբ… ու չգտնվեց մի քննադատ, որ ձայն բարձրացնի թե՝ ընկերնե՛ր, ո՞ւր է գնում մեր արձակը… «Բա՞ս»… այստեղ է «Բասը բաս… այս եմ պահանջել և պահանջում մեր քննադատներից, իսկ դու… ամեն ինչ թողնում ես ինքնահոսի: Թող լույս տեսնեն և՛ լավ, և՛ վատ գրքեր, միևնույնն է, լավը կմնա… ի՞նչ կարիք կա հոդվածների, հասարակական կարծիքը ճիշտ է գործում առանց հոդվածների էլ… նյութի պահպանման օրենքը գործում է անվրեպ նաև հոգևոր կուլտուրայի ասպարեզում… Ու դեռ գտնում ես… չէ, ավելի լավ է քո խոսքերով.- «Ահավասիկ մի միտք, (մտքեր ավելի շուտ… Գ.Մ.), որ եթե արձագանք գտնի, կարող ես քեզ՝ այդ ասպարեզում, սեփական հարկի տակ զգացող անհատիդ, պարգևել հանգիստ քուն…»:- Կախման կետերն էլ քոնն են…
Ի՞նչ դուրս եկավ, Լևոն սիրելի. այս օրորոցի երգը միթե՞ դու պիտի երգեիր, ժամանակակից գրաքննադատության առաջավոր և արժանավոր ներկայացուցիչդ… Մի՞թե իմ «էսքան տարիներն ու էսքան փորձությունները» «փորձ ու խելք» պիտի տային ինձ՝ «աշխարհին նայելու փի՜լիսոփայական հայացքով և քուն մտնելու աստվածային անտարբերությամբ»: Քո այս դրույթներն եկան ու վերջնականապես քննազրկեցին ինձ… արդ, պիտի ասեմ… էլ ասելու բա՞ն մնաց… թող այս էլ լինի իմ Գ-ը…: Մնամ Դ-իդ սպասող քո Գուրգեն Մահարի:
P.S. կամ խրոնիկա
այսինքն՝ Հ.Գ. – Այդ Զալիգինը լավ գրող է և լավ տղա, բարևիր: Հուրունցին շատ է սազում մազալուն: Երկսին, որ խառնես ու կիսես, կստացվի վՌփպչՏ.
Գրիգոր Շահինյանը Բեյրութից գրում է, որ գիրք է գրում «Երկիր Նաիրի», «Կեորես» և «Այրվող այգեստաններ» վեպերի մասին: Կարդում եմ նրա վերջերս լույս տեսած Շանթին նվիրված ծավալուն մենագրությունը՝ նկարազարդված հազվագյուտ լուսանկարներով: Լավ է գրել:
Քեզ գրելուց հետո Երևանից ստացա Ղարիբի գրախոսականը «Չ-ն»-ի մասին: Ինչպես տեսնում ես, վատ չի գրել: Ղարիբը մեր միակ ժուռնալիստն է, որ ունի սեփական «պորտրե», այդ ձեռագիրը շատ էր սեթևեթ ու զանգուլակավոր, այս գրախոսականը զուրկ է այդ թերություններից ինչպես տեսնում ես … չկարծես թե ինձ գովել է, դրա համար եմ գովում: Ղարիբին կարելի էր քննադատել, բայց ոչ Արտաշեսի պես թույնով ու ոխերիմ: Պիտի ասես, որ Ղարիբն ուղղվե՞ց Արտաշեսի հոդվածից, բայց Արտաշեսը ոչ թե ուզում էր ուղղել Ղարիբին, այլ ոչնչացնել…
Ե՞րբ եկար Պերեդելկինո և ե՞րբ ես գնալու: Այնպես չստացվի, որ նամակներս գան ու քեզ որոնեն ու չգտնեն…
Մի քանի բան էլ ասեմ (ես գնացող եմ, դու մնացող): Ինչու՞ մեր քննադատությունն ու գրականությունը հասան այս օրին. նորից եմ կրկնում՝ քննադատության մեղքով: Տանը կատու չկա, մկները «Հանգյո-հանգյո» են պարում. այս Հանգյոն մկնապար է, երևի նրանց ֆոկստրոտը: Թող մի կատուն տանը լինե՞ր… այն ժամանակ արձակն ու չափածոն չէին դառնա սոսկ փող գջլելու, շորթելու միջոց: Մարդիկ կքաշվեին, կամաչեին, հրապարակային, տպագրական խոսքից, իսկ հիմա՜ հաստ ու բարակ մի հաշիվ է, չափանիշը քո ասած «հասարակական կարծիք», իսկ դու չես տեսնում թե այդ քո գոված հասարակական կարծիքը ի՜նչ աղբեր է կուլ տալիս, ժամանակակից ի՜նչ «Աշոտ Երկաթ»-ներ… Ո՞վ պիտի կազմավորեր հասարակականը: Ե՞ս, իհարկե, ոչ, դո՞ւ, անկասկած, այո: Բա՞ս…
Այո, միշտ էլ եղել է, ազնիվ գրականության հետ աճել է նաև մոլախոտը, բայց այսպիսի հարաբերություն ե՞րբ է եղել, երբ գրողները հաշվվում են 260, իսկ նրանց արանքում 10-ը իսկականը (թող լինի 20…) Հազիվ ճարես: Մի գրողի դեմ 8-10 խոտանարա՞ր… այսպիսի բոստան ե՞րբ է եղել…
Այս ամենը մի բան են ցույց տալիս. – մի՛ քնի և խորհուրդ մի տա, որ ես քնեմ, այն էլ «աստվածային անտարբերությամբ…»
Այստեղ է, որ ասված է՝
«Զարթի՛ր, լաո, մեռնիմ քզի…»
Ճիշտ չես, ճիշտ չեք, ամեն ինչ կա, չկա քննադատական կիրք և հանդգնություն, կա «այ-շի՜, բան չունես»-ի խաղաղ անտարբերությունը, վատամարդ չլինելու ճիգը, դինջ ապրելու մարմաջը… այս է եղածը: Չափազանցությու՞ն է, բայց պիտի ասեմ, որ քո և Սուրիկի դերը Հրանտ Մաթևոսյանի գրական կյանքում ավելի մեծ է և նշանակալից, սխրագործական և դրական, քան Սուրիկի աշխատանքը Բակունցի կամ քո աշխատանքը Թումանյանի գրական կյանքում, որովհետև առանց ձեր աշխատանքի էլ Բակունցը Բակունց է՛ր և կմնար, Թումանյանը՝ Թումանյան, իսկ Հրանտը չէր լինի այն, ինչ է… Մտածիր և մտածեք այս մասին:
Վաղ ես դատավճիռ կարդացել Թումանյանիս մասին: Այն, ինչ տըպված է, եղածի 30 տոկոսն է: Կարդա բոլորը և ասա քո խոսքը, երբ բոլորը կկարդաս: Ես գիտական-քննադատական տրակտատ չեմ գրել Թ.-ի մասին, ուրիշ է ժանրը, նպատակադրումը… պահանջն էլ պիտի լինի ուրիշ:
Վերջացրի: Գրիր: Բարևիր Սուրիկին, Թումանյանի տանն ու Ֆիրդուսին: Վարդանին գրել եմ, պատասխան չիք, ինչու՞: Գրողների տանը բաներ մը կանցնեն ու կդառնան. ինչու՞ չես գրում…
«Գարուն»-ի N 3-ը… բայց այս մասին մի ուրիշ անգամ:
Սիրով քո՝ Գ.Մահարի
20 հունիսի 1968 թ., Պալանգա
Շատ սիրելի Լևոն աղա.
Պերեդելկինո – Պալանգա տարածությունը «Երիշի» համար քիչ ես համարել, վեր ես կացել, իջել հարավ ու Էրեբունուց զենք ու զրահով եկել վրես…
Չունենամ քեզ, Լևոն (Չ-ն չկարդաս…):
Ուրեմն Երևանումն ես տապակվում: Մենք էլ այստեղ… ջերմաստիճանը՝ 32. Մերձբալթիկան իր ձկներով մի վիթխարի «ուխա»-ի է վերածվել. աննախընթաց երևույթ… Բալթիկ ծով և ձկնապուր…
Այս խաղաղ նախաբանից հետո վերականգնենք պատերազմականը. շատ հեռու ես գնացել. «սպորտային անթույլատրելի պրիոմը» Ձեզ, քըննադատներիդ է հատուկ: Դրա փայլուն նմուշներն այս նամակումդ էլ չեն պակասում: Բարեբախտաբար դու այդ արել ես որպես «պրիոմ». քեզ և բոլորին հայտնի է, որ քո և քեզ մոտ գրիչների մասին (մի քանի) բարձր կարծիքի եմ: Հիրավի, Չամուռճյան պետք է լինել պնդելու համար, որ ես ծաղրել եմ մեր ազատագրականը և չտեսնել իմ վեպում վշտի ծիծաղը, մորմոքի ծաղրը… եթե ծաղր է ու ծիծաղ… Դու շատ լավ գիտես, որ ես իմ խառնվածքով ավելի լավ կզգայի ինձ, եթե Երևանում ամենաանողոք քննության ենթարկվեր իմ վեպը: Պաշտպաններ չէին պակասի այս դեպքում, այնպես, ինչպես տեղի ունեցավ Սփյուռքի մամուլում: Ե՛վ քըննադատեցին, և՛ գնահատեցին: Ժխտողներ եղան, բայց եղան և հաստատողներ: Ռուսական քննադատությունն ես վկայակոչում. Երանի չէ՞ր, տես, մի գրքի մասին (լավ թե վատ) քանի գրախոսական է լույս տեսնում թեր ու դեմ… որտեղ-որտեղ «խՌՑչՈջպՑՈ»-ում չի կարող պատահել, որ տեսած չլինես «Մի գիրք – երկու կարծիք» էջերը: Ու նորից քո և ձեր պնդումը.- «մթնոլորտը չկա, օդը չկա, ժամանակը միջավայրը հակառակ են»:
19 հուլիսի 68 թ., Պալանգա
Սիրելի Լևոն Համառովիչ.
Ամսի 10-ի թվակիրը այսօր ստացա և շտապում եմ պատասխանել, քանի գյուղ չես գնացել: Ինչպես երևում է, դու քննադատություն ասելով վերջին ժամանակները միայն ինձ ես պատկերացնում: Կանգնում եմ կրակիդ դեմ և պատասխանում:
1. Թումանյանի մասին. կրկնում եմ հիմնականը, որի վրայով վարպետորեն ցատկել ես. ես քեզ գրել եմ, որը ինչ կարդացել ես, եղածի 20 տոկոսն է, և դու իրավունք չունես 1/5-ի հիման վրա դատել ամբողջ գործը: Ճիշտ է, եղել են դեպքեր, երբ մեր այս կամ այն քննադատը գրել է գրքի մասին, որը չի կարդացել, բայց քո մասին ես այդ չեմ կարող ասել…
2. «Այգեստաններ»-ի մասին. քո բոլոր նկատողությունների հետ համաձայն եմ (զարմացա՞ր): Ես չեմ մշակել վեպը, վերամշակել եմ և ներկայացրել հատորային հրատարակության: Ես ոչ մի կասկած չունեմ, որ դու շատ գոհ կլինես: Բայց ահա նոր պատմություն. կհրատարակվի՞ առանց խմբագրական մկրատի, թե ոչ: Առաջին ձայները լսեցի արդեն Երևանում. – «Արամին ռեաբիլիտացիայի ես ենթարկել». Ինչն է հիմք ծառայել այս պնդումին. Վեպի վերջին մասում ավելացրել եմ 10 էջանոց մի գլուխ (ճիշտ է, ստացվեց շատ խիտ և ուժեղ գլուխ…), ուր ես նկարագրել եմ Արամի վերջին գիշերը տեղահանվող Վանում, նրա ապրումները, և ահա ծայր է առնում նոր զրույց մյուս ծայրից… Այդպես մտածողները կարծում են, որ Արամը պար պիտի գար, երբ Վանը դատարկվում էր… և ինչ կա զարմանալու, եթե մի այդպես մտածողի տան գրքի խըմբագրությունը… Աղմկել, քննադատել բավական չէ, դու և նման մտածողներդ լուսնեցիներ չեք և պիտի հասկանաք՝ պայմանների մեջ է դրված գրողը…
Այս մկրատի առկայությունը հենց քո նամակում հիանալի կերպով երևում է: Գրում ես, որ Փափազի մասին գրածս «համով էր», բայց «մի լավ խուզեցի»: Հիմա էլ քո օձիքից բռնեմ. դու քո վերջին նամակում իրավացիորեն նշել ես քո և Սուրիկի ակտիվ պաշտպանությունը Հրանտ Մաթևոսյանին. այս առիթով ես գրել եմ… չեմ ուզում կրկնել, կա իմ նամակը (նույնպես վերջին, եթե պահում ես…) և տուր պատասխանդ…
Խնդրում եմ պատասխանել մինչև գյուղ գնալդ: Ջերմ բարևներ Սուրիկին, շնորհակալություն, որ գրել է «Չարենց-Նամեի մասին»:
Ես մինչև օգոստոսի 5-ը հոս եմ:
Քո Գուրգեն Մահարի: