1
Բանաստեղծը ձեռքն առավ ծխախոտի տուփը:
«Ծխելը վնասակար է առողջությանը»:
Վերցրեց գրիչը:
«Մտածելը վնասակար է հոգու հանգստությանը»:
Նայեց թղթին:
«Գրելը վնաս է թղթի ճերմակությանը»:
Նայեց հեռու:
«Հայելը խախտում է սահմանները»:
Ի՞նչ անել:
«Լռելը չի փրկում պատասխանի ծանրությունից»:
Էլ ի՞նչ անել:
«Հայրենիքի ճակատագիրը պահանջում է
լինել մասնակից»:
Ծխեց:
«Մի՛ ավելացրու առանց այն էլ թանձր սմոգը»:
2
Բայց Շեքսպիրը չի կարող չասել,
որ ուշ եք սկսել հարցումը.
«Բացե՞լ, թե՞ չբացել»:
Դեռևս Կիլիկիայի դեսպաններն ու
քրտնած ձիերը նախօրոք հասան
Հորդայի վրանները:
Եվ Պետրոս Մեծն էլ գիտեր,
որ պիտի պատուհան
բացել դեպի Եվրոպա:
Պետության դռները պիտի շատ լինեն
պատուհաններից,
Հիմա` եվրոդռներ ու պատուհաններ:
Առանց նախապայմանների նախապայմաններ:
Չգրվածն ավելի վտանգավոր է թվում:
Հավատալ գրին ու ընկնել թակարդը չգրվածի:
Մեր վախը հայրենական աճել է
վայրի ցորենի հետ:
Վառված լավաշը` կծվահամ:
Սպանվածների ժառանգները լողում են
ջրերի վրա,
Նրանց հետ դժվար է խոսել
Նոյի նավաշինական հմտությունից:
Նրանք ճչում են .«Փրկե՛ք մեր հոգիները,
ճանաչեք մեր ջղերի ցնցակաթվածը,
Թուրքիա, բարձրացիր մեր ներման երկինքը,
քեզ համար աղոթելը թող թեթև լինի
ջրերի վրա»:
3
Ո՞վ է փակել սահմանը և ո՞վ պիտի բացի:
Իսկ թե սահմանը գծվի մեր ու մեր միջև,
Հայի ու սփյուռքահայի,
մեկն ասում է. «Առանց այդ էլ մեր
օլիգարխները
առևտուր են անում նրանց հետ, մեր պոռնիկները կտրում են
չբացված սահմանները, մեր երկիրը
կողողվի նրանց էժան
ապրանքներով, մեր տունը կառնեն,
հողը կզավթեն,
օրենք, օրենքներ են պետք»:
Կլինի, վստահեցնում են չոր հայրենասերները:
Կասկածելի է: Կասկածում են զգացմունքային, թաց հայրենասերները:
Հրամայված է. «Լինել ճշմարիտ հայրենասեր:
Վրաստանը մեր ատամները հաշվել է
մաքսատուրքերով:
Ռուսաստանը երկաթուղի հեծած իր տնտեսական շահն է հետապնդում:
Իրանը մկաններ է ձգում հյուսիսից
չշրջապատվելու համար»:
Մեծ շահերի քարտեզի մեջ դու վախենում ես
մկրատի երախից:
Քո ձեռքով ստորագրելու պատրաստ են ուժերը հանուն աշխարհի խաղաղության:
4
Ռուսահայ քաղաքագետը հորդորեց`
մեր ուղեղից
հանենք Եղեռնի ժանգոտ մեխը, մյուսն էլ`
թուրքերին,
թե հանեք մեխը ձեր խղճից:
Հայն ու թուրքն այստեղ նման են,
նրանք չեն սիրում,
որ դիպչում են իրենց մեխին,
հայն իր խելքի մասին
մեծ կարծիք ունի, թուրքն էլ` իր խղճի:
Մեխ ու մեղք բառեր, ի՞նչ եք ուզում
քաղաքագետներից,
նրանց հանգիստ թողեք,
լավ կլինի խաչափայտ գտնեք:
5
Տարածաշրջանի տակառը լցվում է վառոդով:
Գաղտնի նպատակների խլուրդներն
ընդերքն են փորում:
Դու գիտե՞ս ինչ է սպասվում քեզ,
Երբ քո փոխարեն բանակցում են հզորները,
այդպես կնքվեց Ղարսի պայմանագիրը:
– Ղարաբաղը բանակցային կողմ պիտի լինի:
Ասաց մի ամարասցի հողագործ:
Կարկինի սուր ոտը զգույշ չմտնի ողնաշարդ,
իսկ մյուսը գծի քո շուրջ խաղաղապահների
սեղմ օղակ:
Հաղթանակը հեշտ է վերածվում մանրադրամի,
պարտությունները ջաղացքարեր մեջքիդ:
Երկակի ստանդարտների երկանքն է աղում
ողբիդ ցորենը:
Դառն է հացդ, պատմությո՛ւն:
Գալիս են եռանախագահներ,
Ինտեգրման լուծույթ են հրամցնում:
Գլոբալիզացիա: Ճանապարհային քարտեզ:
Մետաքսի ճանապարհ:
Հրանտ Դինքը թուրք էր:
Օրհան Փամուկը` հայ:
Մեկն` սպանված, մյուսը` հալածական:
6
Միջպետական դիվանագիտական հարաբերությունների ուղտերը
թող մտնեն քարվանսարեքը թուրքիո և հայոց:
Պատմության կնճիռների սարդոստայնը քանդելու համար
թող դիմեն սարդին` Օսմանյան կայսրությանը,
Նրա մորթած բնակիչների հարազատներին
ու հետնորդներին,
որոնք ճչում են աշխարհի բոլոր
լայնություններում:
Ո՞ւմ են ճնշում նրանք: Ձեր հպատակներն էին, պարոնայք Գյուլ և Էրդողան:
տեր կանգնեք նրանց մռայլ,
հայրենազուրկ հայացքներին,
Եվ դուք կանցնեք մեր սրտի միջով:
7
Ստորագրության վրա ծորող ժպիտ:
Ո՞վ է ասել, որ ժպիտը ջեմ է հացին քսվող,
Բա կարագն ո՞ւր է:
Խորամանկությունից հալվել է կարագը:
Ո՞վ ասաց, որ ժպիտը վաճառվում է
Թույնի սրվակներով, այն էլ դիվանագիտության
Էլիտար դեղատնում, հզոր պետությանց
կուռքի պես
արձանացած մինիստրների շուքի տակ:
Ժպիտը մարմանդ եփվել է դարավոր
կրակների վրա,
Երբ առևանգված Եվրոպան քնած էր
ցլի մեջքին:
Երբ Վիլսոնի ձեռքով
մեր արյունաքամ տեսլականին գծվում էր
նոր քարտեզ,
Երբ Ռուսաստանը մե՛րթ գրավում,
մե՛րթ նահանջում,
մե՛րթ լողում էր իր սֆինքսային տարերքի
պղտոր ջրերում:
Այդ ժպիտը ճախրում է հայերի ջղաձիգ ոչ-երի և այո-ների վտառի վրա ձկնկուլի պես:
Ո՞վ է ասել, որ մեր հերոսը միշտ պիտի
փոսը ընկնի,
հետո ջաղացքարեր փշրի,
ապա երկաթե սոլեր հագնի,
ապա թղթե շերեփին հորդորակ գրի ի սեր
եղբայրության:
Ո՞վ է ասել, որ մենք բանաստեղծ ազգ ենք:
Մենք հիմա շախմատ ենք խաղում
ձիու քայլերով:
Ձին օդում մտածում է` ոչ մի զոհողություն,
Որքան էլ նման հաղթանակը գեղեցիկ է,
միայն դիրքային պայքար ամեն
քառակուսու համար:
Սովորեցիր ապրել մեռնելու և
ապրելու արանքում:
Դա կրկնակի շախից առավել վտանգավոր է:
Եվ ՀՀ նախագահը երկար ուղերթի ընթացքում
կրկնեց կրկնակի շախին ընդդեմ՝
Մեզ համար քննարկման առարկա չէ
ցեղասպանության հարցը,
արձանագրված չէ Ղարաբաղի խնդիրը:
8
Ի՞նչ է մեղքը, քեզ համար, աշխա՛րհ,
Ափերում այրվող չքացող նա՞վթ,
Թե՞ ամեն անգամ ծոցագրպանում
մոռացվող թուղթ,
Թե՞ քար` սրտին դրված,
երակներից կրակ շանթող,
Թե՞ եռանախագահ` բազում շահերի արանքում
ծածանվող հարճի մեջք:
Թե՞ ծաղրածու` դեմքը ներկած
դրախտի գույներով, հոգին
դժոխքի վառման ձյութով պատած:
Ի՞նչ է քեզ համար մեղքը, աշխա՛րհ:
Սոճեփայտից քամած զուգարանի
բարձրորակ թո՞ւղթ,
Որի վրա կարելի է գրել բանաստեղծություն,
կամ օգտագործել անձեռոցիկի փոխարեն,
Թե՞ քար, որը նետվեց և հավաքող չկա:
Թե՞ ծաղրածու, որ ծամածռված, իբր
ժպտացող բերանից վերև կայծակնացայտ
աչքեր ունի:
Թե՞ հազար տարի առաջ մեռած խեղճերի
աճյուններից պոռթկած գազ կամ նավթ,
կայրվեն, կցնդեն,
դիվանագիտական նախաճաշերի, ճաշերի ու ընթրիքների կաթսաների տակ:
Թե՞ խոսք երկտակ, որ Աստծո բանի
ստվերն է, թերմացքը:
Ի՞նչ է մեղքը քեզ համար, աշխա՛րհ,
Աղոթքի աստիճա՞ն երկինք հասնող,
Թե՞ ընդերք տանող ցանցկեն, հին լիֆտ`
ֆսֆսացող հաստափորներով, նիհար խորամանկատիպ պրագմատիկներով,
սրտի հաբ կլլող ճշմարտության
հիվանդներով
և անտարբեր, անլվա Պիղատոսներով:
Թող Հակոբը վկայի` երկինք բարձրանալն
Ավելի երանելի է
անգամ ներկարարի խղճուկ աստիճանով:
Վերջը բարի լինի,
Տա՛ Աստված:
9
Գնդակը թռավ Մասսի վրայով`
Թուրքիա,
Ետ եկավ Արարատյան դաշտ,
Էլի` Անկարա:
Գնդակը նրանց դաշտում է:
Դատավոր, քաղաքականությանը
ներարկել են
կոկորդիլոսի առողջ արյուն,
Դիվանագիտությանը` շնաձկան:
Նրանք համբուրվում են ջրի մեջ,
իսկ ջրի վրա` իբր բաժանվում:
Դատավոր.- Ես ի՞նչ անեմ, սա խաղ է,
պահպանեք կանոնները, դու, որ ծով չունես,
պիտի խոտերին համբուրվես
կոկորդիլոսի և շնաձկան հետ,
զիջիր, փոխզիջիր համբույրը:
Դատավոր, նրանք զարկում են մեր կոճերին,
հայտարարելով, թե մենք քար ենք թուրքական պետությունների ճամփին:
Դատավոր.- Նրանց` դեղին քարտ:
Բայց սա բալետ չէ:
Ախր մենք, դատավոր ջան,
պաշտպանվել ենք,
նրանք են հարձակվել, նրանք են պարտվել
Արցախում, ախր մենք բնիկ
ֆուտբոլիստներ ենք:
Դատավոր.-Էս դաշտու՞մ եք ծնվել,
սա Բուրսան է:
Ձեզ դեղին քարտ, բանակցեք:
Նրանք էլ ասում են` դուք եք կոտորել
Կարսում, Մուշում, Սասունում: Հաշտվեք:
Թե չէ` 11- մետրանոց, կարմիր քարտ:
Վա՜յ, դատավոր ջան, մի՛ զայրանա, մենք էլ ենք ֆուտբոլ խաղացել 73 թվին:
Դատավոր.- Բոլ է ընկնեք
պատմության գիրկը:
Աշխարհի պղտոր իրադարձությանց
կենտրոնում
հայտնվում եք ի՞նչ սովորությամբ:
Ահա, գոլ կերաք, սկսեք կենտրոնից,
զրո կետից, մի՛ եղեք Հռոմի պապից
ավելի քրիստոնյա, մի՛ զայրացրեք
մուսուլմաններին,
մի՛ եղեք ռուսից ավելի սլավոնաֆիլ,
և ֆրանսիացուց առավել
օծանելիք սիրող:
Վազե՛ք, մի՛ կանգնեք,
թանկ է ժամանակը:
Դատավոր ջան, նրանք վախեցնում են
պատերազմով,
բայց մենք էլ բանակ ունենք,
ՀԱՊԿ-ի անդամ, ՆԱՏՕ-ի գործակից,
չհաշված ռուսական զինբազան:
Նրանք խաբս են տալիս բոլորին,
չենք ուզում խաբվել ինչպես միշտ:
Դատավոր.- Խաղդ խաղա, ֆուտբոլ խաղա, 21 –րդ դարում գնդակը կլոր է
երկրագնդի պես,
մտածեք աշխարհի մասին,
բոլ է` մենք-նրանք, մենք-նրանք,
թե չէ` 11-մետրանոց, հասկացա՞ք:
Խաղաղությունը լավ բան է,
սահմանի բացն է` լավ:
Դատավոր ջան, արդար դատի, մենք մշակութային ազգ ենք, ճիշտ է` էսօր մի քիչ վատ ենք ֆուտբոլ խաղում,
բայց խոստանում ենք սթափ մտածել:
Դատավոր.- Թուրքերն էլ մշակութային ազգ են և պետք է եվրոպական ֆուտբոլ
խաղան և սթափ
մտածեն ԵՄ-ի շեմին կանգնած, քրդերը մի կողմից, հույները` մյուս, դուք էլ` դաշտում:
Էս ի՞նչ խառնակ աշխարհ է, էս ի՞նչ տրիբունաներ են, հռոմեական տրիբուն են, մի սխալ և` խաղից դուրս, բութ մատն էլ ներքև, տրիբունալ:
10
Պոեզիա, դու ի՞նչ գործ ունես դիվանագիտության հետ, ֆուտբոլի,
Քիթդ ամեն տեղ մի՛ խոթիր,
երբ կարող ես շնչել
Հեսիոդոսի օրերից մինչ հիմա շնկշնկացող
Օդը հրեշտակածին:
Անամոթ պոեզիա, անկառավարելի,
Մի՛ գռմռա, ատամներդ մաքրիր մածուկով
հոգեհարցության և` վերջ:
Էլի խլրտաց, օձագալար փախավ դեպի
դիրտը պատմության, քչփորանք երեխայի
համառությամբ`
Պարտությունը հաղթանակ հորջորջած,
Հաղթանակը պարտության քողով փաթեթավորված,
Պարտադրանք մեծատունների,
Խաբկանք միրաժային իգադյութանքով,
Գլուխշոյանք պողպատե դաստակի,
Զզվանք և զայրույթ ականջ ծակող լացի
Եվ անվերջ ցցված խղճահարույց ճշմարտության հանդեպ`
Մեր նավերը չեն բարձրանա ձեր լեռները:
Մենք ասում ենք`
Գաղթ, գաղթ,
Նրանք սաստում են`
Նավթ, նավթ:
Ահա մի պոեզիա, որ չի ուզում շփոթել
Արյունը նավթի հետ և ձգվում է լինել
և՛ նավթ ծիածանափայլ, և՛ արյուն լերդացած:
Դու միամիտ և հավատավոր, և չափազանց
ճակատային ցուլ ես, պոեզիա՛,
Որի մեջքն են խրվում
ժապավենազարդ սրեր,
իսկ ինքը քշվում է կարմիր լաթի վրա, որ քարտեզ է կոչվում
կամ տեսիլք, կամ քրքիջ, կամ ողբ մենակյացի, կամ հոխորտանք պահանջատիրոջ:
Բաց ես ամենքի դեմ մատուռի դռան պես,
Ախպերս, մի քիչ պոչ խաղացրու,
Դիվանագետ եղիր աղվեսների մեջ,
կամ աղվես` դիվանագետների օղակում:
Դու գոռում ես քաղաքակիրթ աշխարհում,
Դու ճչում ես` ասֆալտ քաշող կատոկ ես,
Քաղաքականություն:
Դու պատեպատ ես զարկվում ապացուցելու
Անապացուցելին,
Չե՞ս զգում, որքան ծիծաղելի է
քո տեսքն այս կրկեսում,
երբ չես ուզում ծաղրածու լինել:
Խնդալ և հուսալ, որ գեղեցիկը
կփրկի աշխարհը:
Եվ այդ ասողն էլ ջղաձգվում էր
իր իսկ մկանունքի ցանցում:
Պոեզիա, դու մի ժողովրդի պնդերես
զավակն ես,
Որն իր ընթացքի մեջ քեզ ընծայեց
Իր կատարյալ ցավը, անկատար խինդը,
ընկեցիկ հույսը, երկաթագիրը,
փրցած տարազը, տերտերի սքեմը,
Դավթի սուրը,
Մայքլ Առլենի ազգապատկան ուրացումը,
Սարոյանի բեղերը սպիտակ թիկնոցի հպարտ ֆոնի վրա:
Եվ այս ապրանքագիրը` սոսնձված քարանձավի պատին,
Անձնագիր է Խաչատրյանի
«Սուսերով պարի» հետ
աշխարհի մեծ ու փոքր բեմերին,
զոհասեղաններին,
Խորաններում, հոպ-հոպ, դոփ-դոփ,
գնա-արի, Քոչարի:
Ախպեր ջան, եզո ջան, պոեզիա ջան,
Դու քեզնից վեր թռչելով,
երեք խնձորի պես ընկիր
Մեղքի խնձոր կծած գիսախռիվ
ու նաև խնամքով
հարդարված խեղճ գլուխներին
Արարվածների:
Եվ նա ասաց` զիս խնձորով ծեծեք:
Ամեն