ԵՐՐՈՐԴ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Դժվարը… ասեմ
ոսկե ձկնիկին
մի կերպ գտնելն էր
ես ցանկացա նախ
որ նա ինձ դարձնի
ան-տե-սա-նե-լի
ու դարձրեց
հետո ուզեցի
գտնվել անեզր
բաց տիեզերքում
ու հայտնվեցի՝
այստեղ եմ վաղուց
կուզեի՛ դուրս գալ
ու վերադառնալ
սակայն ինձ այստեղ
չի տեսնում ոչ ոք
հետևաբար և
խիստ անհեթեթ է
թվում
«դուրս գալը»
ինչ արած՝ հավերժ կլինեմ այստեղ
թեպետ արդարև
այդ չէր լինելու
երրորդ խնդրանքս
ՈՐՈՆՎՈՂ ՀԱՆԳԻ ԻՆԵՐՑԻԱՆ
Հանգից հանգ
մթնում է օրը
հաջորդը ծնվում է
նախորդից
առանց տատմեր
ինչպես շան ձագ
ու փորձում է քայլել
միանգամից
հայրս ասում է
– ինձնից է փոխանցվել
քեզ
գենը հոգնության ու
սևեռումի
– իհա՜րկե,- ժպտում եմ
ափսոսանքով
թեպետ տողը գալիս է
տեսնո՜ւմ եմ
մի ա՜յլ վայրից
երևի գրում եմ
դրա համար միայն
որ մեկն իրեն հիշի
իմ պատճառով
այլապես
ինչո՞ւ եմ ուրախ այսքան
երբ հայրս խաբված
ժպտում է
հայելու մեջ
քնաբե՛րն էլ
դրժեց խոստումն իր…
թո՛ւ
մահացած ճագարներ
թղթե
ոտքերիս տակ
մեկ գիշեր… երկու…
երեք
հե՜յ ինչ-որ մեկ
ցնցիր
ընդհատիր ինձ
բռնությամբ
ընթացքիս մեջ…
հենց հիմա
այլապես… կդառնամ…
անմահ
* * *
Թռչնա՛կ
դերասան չեմ ես
բայց անկողինս ինչո՞ւ է
բեմի վրա
քիչ առաջ մեկն ինձ
պատմեց մի բան
ինձ պատահած
այնքա՜ն համով
որ ցանկացա
ծափ տալ
երբ վերջացրեց
թեև դերասան չեմ
սակայն վաղո՜ւց
գաղտնիք ասե՞մ…
երբ պատրաստվում եմ
սիրել
նոր՛ից ինչ-որ մեկին…
ասենք
նախ
հայելու մոտ
փորձում եմ
փութաջան
… երեք անգամ
քեզ պատահե՞լ է
թռչնակ…
այդպիսի բան
* * *
Առավոտ էր
Արարատյան
դաշտավայրի
լուսապայծառ
առավոտներից մեկը
նախա
նախա
նախա… պապս
դուրս եկավ
քարանձավից
ու այլևս
չվերադարձավ
ես փորում եմ
ժամանակը՝
ձեռքիս բրիչ
ոսկեդար՝ չկա
պղնձե դար՝ չկա
նախնադար…
ահա նա՝
գրպանում քար
«թող անիծվի նա
ով արարեց առաջին
զենքը»
մղկտում է
նախա
նախա
նախա
… տատս՝ մազակալած
դնչով (երազիս մեջ)
– թող անիծվի
նիծվի՜… արձագանքեց
նրան քարանձավը
… նիծվի
ես ժողովեցի անեծքն
այդ բերանիս մեջ
և արթնացա
առավոտ էր
Արարատյան
դաշտավայրի
մեկ այլ
խաղաղ առավոտ
* * *
Աշնան վերջին օրն է
այսօր
ուզում եմ կառչել
որ չգնա
հոգիս դարձել է այնքա՜ն
կպչուն
ինձանից է ասես
պոկվում
աշունը
ուզում եմ գետնին խփել
ոտքերս
ու պահանջել, որ մնան
սերն ու աշունը
իսկ եթե պոկվի
հանկարծ
վերջին տերևը
ուզում եմ ճչալ
լաչառի պես
հիստերիկ ենք դարձել
աշունն ու ես
մեր ոսկին կես սուտ
կես իրական
չարացած
մեռնող կույսերի պես
ժառանգում ենք ողջը
քամիներին