Դուրս գալուց առաջ
Հրեայի թոռը
Ուղեղի ծայրով նշան արեց պանդոկապանուհի Հեբեին,
Եվ վերջինս
Գինու փոխարեն 5000 ֆրանկ էր լցնում
Նրա վիսկիի գավաթի մեջ…
Կուբիզմի էլիպսաձև շունչն ու
ծխամորճի ծուխը
Համբուրվում էին երկար,
Ինչպես զուգահեռականն ու
միջօրեականը:
Եվ նրանց յուրաքանչյուր հատման կետում
Սառում էին բոլոր ներկաների
հայացքները,
Ինչպես չէին թափվում
բեկորները ջարդված հայելու`
Պաբլոյի ընկերոջ դիմանկարում:
Ժան Կոկտոն իր կողքի հղի կնոջով
հիանում էր
Դիմացի պատից կախված
կտավից ներս…
Դրսում–
Ձյունը իր կուսությունն էր կորցնում
Նկարչի սառած բնազդների
երկայնքով մեկ
Փղձկացող
թոքախտ արյունով…
Մահվան հրեշտակը Լիվոռնոյի
կենացն էր խմում
Ուտրիլոյի արցունքներով,
Որոնք կուլ էր տալիս` իբրև
Դեռևս չհայտնաբերված գույնի կաթիլներ…
Հիտլերը իտալերեն էր թարգմանում
Դավթի սաղմոսները…
Դո մաժոր
1960-ականների չգիտեմ որ աշնան,
Քարտեզախալ պապիկներիդ
Անկուրծք հայրենիքի չգիտեմ որ ծայրում,
Մայրենիի դասին
«Անբավարար» գնահատականն իբրև
Էլեկտրական ապտակ ստացած
Ոսկե մեդալակիր
Նախկի՛ն պարտիակա՛ն,
Մի՛ գազազիր, խնդրեմ…
Չէ՛, մի՛ հերսոտվիր,
Թե Հրանտ Դինքի բարի լույսերից
Ոսկրախտ ժառանգած
Որբերն Էնվերի–
Օրերից մի օր
Մեծն Դսեղցու ձեռամբ մկրտված
Կղզի-վանքիդ քառաթև բիբը գողանան:
Մի՛ գազազիր իզուր,
Քանզի այսօր էլ դեռ–
Ամեն չորրորդ տարին
Իրենց
Տասներկու տոկոս հիշողությունն
Իբրև շրթներկ կրող,
Քլաբակուռ ազգիդ
Անթաղանթ ճարտարապետուհիները–
Արևմտյան խառնուրդածին լեսբոսուհու
Ցնկնած վորդ-էքսելի
Եհովական վրձնով–
Քուչակի կերտած
Հայրեն-վանքերի որմնանկար-խաչքարերը
Լղոզում են խառնափնթոր
Մահմեդական գույնով…
Հետո ցփնո՛ւմ դեմքի՛դ…
Մի՛ գազազիր,
Քանզի
Շարունակվո՜ւմ է դեռ–
Վերոհիշյալ վերջին պարբերության
հանդեպ
Ծափահարությո՛ւնդ,
Որ ինքը խուլ` գոռում է `«Բիս»…
Մի՛ գազազիր,
Մի՛ գազազիր:
………………………….
Բի՛ս:
***
Ճակատամարտն ավարտված է այլևս:
Եվ հսկա գիշերն, իբրև նվաճող,
Քաղաք է մտնում ու կանգնում նրա
Արնոտ կոպերին: Բայց մինչդեռ մութի
Զորքերը դաժան բռնաբարում են
Կիսակործան քաղաքի
Վերջին-կիսամեռ ստվերներին,
Հսկա գիշերը հաղթած Պյուռոս է.
Քաղաքի արնոտ թարթիչներն
Իբրև խաչքարեր գրկած`
Տառապալից հաղթանակից հետո
Տխրահանդեսն է իր տոնում…
Շուտով քաղաքի ավերակներում
Գիշերվա հոգնած մարմինն ու հոգին
Պիտի նվաճեն
Բոց-երազնե՛րը անմեռ պոետի…
***
Այսօր,
ավելի քան երբևէ,
ես սկսում եմ
Աստծո գոյության կարիքն ունենալ:
Իսկ եթե նա կա,
այդ դեպքում
այսօր,
ավելի քան երբևէ,
ես հետզհետե սկսում եմ հավատալ
այն սուրբ լեգենդին,
որ նրա որդին
ինձ պես հասարակ մի մարդ է եղել,
թեև կարող էր ծովալիքները
պահել ոտքի տակ:
Քանզի
այս էլ քանի՜ տարի է, որ
ես ոչ թե քայլում,
այլ վազվզո՜ւմ եմ
Սիրո ու Ցավի
օվկիանի վրա…
Համալսարանից հետո մի տաս տարի է անցել,ու՝պոեզիա չեմ կարդացել,հաճույքով փնտրում եմ անուններ…ինչքան հասկացա Հարենցն ու Հուսիկ Արան արդի բանաստեղծության առաջատարներն են,ինչքան էլ ասեք «չուզող»,«նախանձ»,«չկայացված» ու հարյուր ու մի բան,մտքինս ասեմ,այսպես գրել սկսում են հայ բանասիրականի ուսանողները՝«արտասահմանյան գրականության» առաջին դասախոսությունից հետո…ու մի քանի ամիսից հասկանում են,որ պոեզիան իրենց գործը չէ։