1910-ական թվականներին, ավելի ճիշտ՝ 1912-1915-ի շրջանում հայ մշակույթի զարգացման կենտրոններից մեկում՝ Պոլսում, հայ գրականության բարեշրջման, նորացման նախանձախնդիրների թվում առանձնանում էին հատկապես երկուսը՝ Դանիել Վարուժանը և Կոստան Զարյանը, որոնք իրենց խմբագրած գրական երկու հայտնի հանդեսների («Նավասարդ» և «Մեհյան») մեջ մշակում էին մեր նորագույն գրականության հիմնախնդիրները: Այս երիտասարդները գալիս էին Եվրոպայից՝ համալսարանական կրթությամբ, զինված գիտելիքներով, ներշնչված գեղագիտական, հասարակական ու քաղաքական նորագույն ուսմունքներով, սոցիալական շարժումներով:
Նրանք երկուսն էլ եկել էին Բելգիայից. Զարյանն ավարտել էր Բրյուսելի, Վարուժանը՝ Գենտի համալսարանը (սովորել է 1905-1909 թթ.):
Բելգիայից Վարուժանի ստացածը ծանրակշիռ էր. համալսարանական գիտելիքներին հավելենք այն, որ նա ստացել էր ընդհանրապես գրքերից. «Օգտվելով տեղվույն հսկա գրադարանեն՝ կարդացեր էի հնդիկներեն մինչև Հոմեր և Հոմերեն մինչև Մետերլինկ»: Եվ անշուշտ նաև Էմիլ Վերհարն, որի անունը այն օրերին իրական առասպել էր, յուրօրինակ պաշտամունք հատկապես երիտասարդության համար: Կ. Զարյանը հիշում է, թե ինչպես երիտասարդները պտտվում էին Վերհարնի շուրջը, զրուցում կյանքի ու հատկապես պոեզիայի մասին: Վարուժանը մյուս երիտասարդների նման հիացած էր Վերհարնով, Բրյուսելում չէր, բայց մշտապես կարդում էր նրան, հետաքրքրվում էր նրա անձով: Վարուժանի ուսանողական ընկեր Պիեր Մաեզը հիշում է, որ իրենք հաճախ էին հանդիպում իրենց տանը կամ Վարուժանի սենյակում, զրուցում, կարդում Հյուգոյի ու Վերհարնի բանաստեղծությունները: Իմանալով, որ Մաեզը հանդիպել է Վերհարնին՝ Վարուժանը հարցումների տարափ էր տեղում՝ կամենալով մանրամասներ իմանալ մեծ բանաստեղծի կյանքից:
Ֆլանդրիան՝ իր արվեստով ու գրականությամբ, բնաշխարհով, կենցաղով, բանվորական միջավայրով վճռորոշ եղավ Վարուժան արվեստագետի ձևավորման գործում:
«Ֆլանդրիան, որին մենք անգիր գիտեինք Ֆլոմանտենի գրքից, միշտ այնտեղ էր, գրեթե անփոփոխ պառկած էր թանգարաններում, իր միջնադարյան շենքերում, իր փարթամ եկեղեցիներում, իր Տենիրսի, Ջորդանոյի, Ռուբենսի նկարներում, և ամենուր թվում էր, որ փողոցից անցնող, սրճարաններից դուրս եկող տիպարները հենց նոր են իջել նկարներից և ուրախ երգում են ու պարում»,- գրում է Բրյուսելի համալսարանի ուսանող Կ. Զարյանը:
Վարուժանի նամակներից տեղեկանում ենք, որ նա Գենտում սովորելու տարիներին համալսարանի պատերի մեջ չի բանտել իրեն: Նա շրջագայում էր երկրում, քաղաքներում, անգամ գյուղերում, թանգարաններում, ծանոթանում մարդկանց կյանքին, ճարտարապետությանը, նկարչությանը, լինում ընկերական միջավայրում, հյուրընկալվում ընկերների կողմից: «Վերջերս այցելեցի Անվերս և Պրյուքսել, Ռուպենսի, Ժորտանսի (Ուիրցի) և Վան Տեքի ու Պրյուքսելի ճարտարապետությանց հանդեպ ունեցած տպավորությունս հոս Ձեզի պիտի չըսեմ տեղի անձկության պատճառով, ֆլաման արվեստին իրապաշտ մեծությունը լիազոր է»,- հայտնում է Վարուժանը ընկերոջը գրած նամակում: Նա դիտում էր ֆլամանդական նկարչության գլուխգործոցները, ուսումնասիրում արվեստի պատմությունը, Հիպոլիտ Թենի գրքերը: Տարբեր առիթներով Վարուժանը հաստատել է իր արվեստի վրա ֆլաման արվեստի ու միջավայրի թողած ազդեցությունը: «Ֆլաման կյանքն ու արվեստը թերևս եղան պատճառ, որ արվեստս հակեր է դեպի իրապաշտություն»: Թե թատերական ինչ ներկայացումներ էր դիտել նա Գենտում, մեզ հայտնի չէ, սակայն Վենետիկ ուղարկվող իր դրամական հաշվարկների մեջ մշտապես նշվում էր թատրոնի համար ծախսած գումարի քանակը:
Գենտյան միջավայրում, ֆլաման ժողովըրդի ազգային ոգու արթնացման այդ շրջանի մթնոլորտում էր միայն հնարավոր «Ցեղին սիրտը» գրքի ծնունդը: Ավելին՝ այդ տարիներին ամբողջացան Վարուժան մտածողի աշխարհայացքը, գեղագիտական մտածողությունը, արվեստի դերի ու նշանակության մասին դատումները: Ավելին՝ այնտեղ սկիզբ առան նոր ծրագրերը, որ նա իրականություն պիտի դարձներ հայրենի գավառում ու Պոլսում («Հեթանոս երգերն» ու «Հացին երգը»): Այդ մասին նա մեկից ավելի անգամ հիշատակել է նամակներում, «Ցեղին սիրտը» ժողովածուի վերջում էլ ծանուցել, թե «Պատրաստության մեջ են Հացին երգը, Դյուցազնավեպեր, Հեթանոս երգեր»:
Ֆլամանական արվեստից իր կրած ազդեցությունների մասին խոսելիս Վարուժանը կարևորում է նաև ֆլաման կյանքից ստացած տպավորությունները, որոնք խոր հետք են թողել իր ստեղծագործության վրա: «Կանտը բանվորական և միևնույն անգամ կենսուրախ քաղաք էր»,- գրում է Վարուժանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով այդ կյանքի մեկ ուրիշ կողմը. «Հոգիիս վրա բոցի մը լեզվին պես զգացած էի բանվորներուն աղաղակները մեկ կողմեն, ու մյուս կողմեն շվայտ ու արբեցող կյանքը, իզուր թաքնվող բոզացումները բարոյիկ համարված փարթամ ընտանիքներուն»: Եվ մատնացույց է անում այս տպավորությունների դրսևորումը՝ «Հեթանոս երգեր» գիրքը:
Հաստատապես կարելի է ասել, որ իր նյութով «Գողգոթայի ծաղիկներ» շարքը, հատկապես բանվորական աշխարհի պատկերները, գենտյան ներշնչումների արդյունք էին: Թուրքիայի գավառում, ուր Վարուժանը հիմնականում գրեց այդ երգերը, նման միջավայր չկար: Դրանք գենտյան վերհիշումներ էին, գենտյան տպավորություններ՝ «ստորագծված հիշողության մեջ»:
Վարուժանի՝ գենտյան միջավայրից ստացած անձնական տպավորությունների հիմքում որպես ներշնչման ազդակ չէր կարող էական դեր չունենալ Էմիլ Վերհարնի ստեղծագործությունը: «Գողգոթայի ծաղիկների» առիթով մեկ անգամ չէ, որ հիշատակվել է Վարուժանի՝ Վերհարնի հետ ունեցած աղերսը: Միանգամայն բնական է, որ գրական ասպարեզ իջնող երիտասարդ բանաստեղծը ունկնդիր լիներ մեծ համբավ ունեցող «եվրոպական մեծ բանաստեղծի» հզոր ձայնին, ներշնչվեր նրա ստեղծագործությամբ, մի բանաստեղծի, որը Չոպանյանի բնորոշմամբ՝ «արտահայտիչը հանդիսացավ նոր Եվրոպային բոլոր խորունկ ձգտումներուն, մերօրյա աշխարհին տենդոտ, բարդ, պայքարասեր, հետախույզ, անհագուրդ, շարժումնամոլ, ազատատենչ հոգիին»: Եվ մի՞թե այս նույն ձգտումները չէին, որ դրսևորում գտան Վարուժանի ստեղծագործության մեջ՝ «կորովի և ինքնատիպ շեշտերով», ինչպես Չոպանյանն էր ասում Վերհարնի բանաստեղծության մասին:
Ներշնչումը Վերհարնից բնավ էլ չի նսեմացնում մեր բանաստեղծի մեծությունը: Վարուժանի ստեղծագործությունները «իրենց տեսակի մեջ դրվել կարող են համաշխարհային գրականության մեջ միայն Վերհարնի համապատասխան գործերի կողքին: Մեքենաների, բուրժուական քաղաքի, բանվորության նկարագրերը՝ առնական թափով, պատկերավորության հուժկու եղանակով և, որ ամենագլխավորն է, աշխատանքի և կապիտալի փոխհարաբերության ըմբռնումով,- հիրավի պատիվ են բերում Վարուժանին»,- գրել է Պարույր Սևակը:
Վարուժանի այս շարքի բանաստեղծություններում կերպավորված անձինք՝ բանվորուհին, բանվորը, կույսերը և այլք, որքան անհատական, նույնքան տիպականացված կերպարներ են, մասը, միավորը գործավորների մեծ բանակի, որն արդեն ոչ թե ողբերգական կերպար է, այլ տառապած, բայց զսպանակված հզոր ուժ. «Անոնք փողոց կը խուժեն, և կ՚ընդլայնին իբրև ծով»: Բանաստեղծը հավատում է նրանց պոռթկումին և հաղթանակին: «Ատոնք բոլոր մրրիկ են, ատոնք բոլոր կայծակ են, որոնք գոռան պիտի օր մ՚ու Մարդկությունը սարսեն» («Դադար»): Բանաստեղծը կողք կողքի տեսնում է տառապողներին և «շվայտ ու արբեցող կյանքը», որի նկատմամբ ունի իր վերաբերմունքը. «Եվ ես քենով կ՚անիծեմ դարիս կավատ մարդկության Ոսկի հորթերը բոլոր»:
Քաղաքը, գործարանը, բանվորական զանգվածը, մեծատունն ու բանկիրը արդեն իսկ Վերհարնի բանաստեղծության նյութ էին դարձել (հիշենք «Զառանցող դաշտեր», «Հրեշ քաղաքներ», «Կատաղի ուժեր» շարքերից՝ «Քաղաքը», «Աղքատները», «Բուրժուայի արձանը», «Բանկիրը», «Լոնդոն», «Կինը ճամփամիջին», «Ապստամբություն» բանաստեղծությունները):
Վերհարնը «սալի ու եռուն քուրայի շուրջ երկաթ և արույր կռող» աշխատավոր մարդկանց, որոնց «աշխատանքն այս բիրտ, դառն, վայրագ… գալարում է, պրկում սեղմօղակ ու հանգույց», որ վաղը արարեն մի նոր աշխարհ, դիմում էր՝ «Ձեզ իմ մեջ եմ զգում, հզոր, եղբայրական» խոսքերով: Վերհարնյան պատկերով՝ «Հսկա քաղաքը ձգվել է որպես հսկա մի օձ», և նրա համապատկերի վրա՝ «սևազգեստ կինը՝ որպես հպարտ արձան», որ սպասում է, թե ով կտա իրեն «մի արնոտ դանակ» («Կինը ճամփամիջին»), այդ համապատկերի վրա է նաև բանկիրը՝ թիկնաթոռում թաղված, որ արքան է՝ «պատերազմներ, արյուն, մոլեգնություն ու ոխ» սերմանող, և մտքի մեջ «ոսկի՜ն, ի՜ր ոսկին, որ ցանում է հեռու, բազմապատկում այնտեղ – մոլի քաղաքներում, խրճիթներում ու խուցերում… իր ոսկին՝ խորամանկ, խաբող՝ առանց խոսքի»: Զանգվածների ըմբոստացումը, ոչ տարերային, այլ գիտակից պայքարի մասին մտորումները Վերհարնի բանաստեղծություններում հնչում են որպես համոզում ու ներշնչում են հավատ: Վարուժանը նույնպես, լինելով գիտակցական նույն հոսքերի ծիրում, իր սիրո ու կարեկցության խոսքն էր հղում մեռնող բանվորին ու թոքախտավոր բանվորուհուն, խաբված կույսերին, հավատում էր ըմբոստացող ուժերի հաղթանակին և ընդհանրապես նոր դարում աշխարհի նորոգմանը: Այսօրվա կյանքը վառ հնոց է, որից «Պիտ աշխարհը ելլե նորոգվա՜ծ ու գեղեցի՜կ / Եվ պիտ ըլլա արժանի Արևին շուրջ դառնալուն…» («Ո՛վ դար, ո՛վ դար»):
Վերհարն-Վարուժան հոգեկցության մանրամասների մեջ չմտնելով՝ հիշենք միայն արտահայտչաձևի մի գրեթե նույնական խորհրդանիշ-պատկեր: Վերհարնը «Վիշապ քաղաքներ» է անվանել իր մի ժողովածուն, իսկ ահա Վարուժանը գործատան մեքենաներն է անվանում վիշապ, որը փերթ-փերթ կլանում է մարդանց: Արդեն իսկ պարզ է, որ գործարանը և մեքենան քաղաքի խորհրդանիշներ են: Հայ բանաստեղծը ձայնակցում էր Վերհարնին նույնքան «կորովի և ինքնատիպ շեշտերով» (հիշենք «Բանվորուհին», «Խաբված կույսեր», «Մեքենաները», «Դադար», «Մայիս մեկ», «Սպասում» բանաստեղծությունները), ուստի և ճիշտ էր նկատում Ֆեյդին, թե Վարուժանի «տեղը համաշխարհային գրականության մեջ թերևս այնքան էլ հեռու չէ այն բարձունքից, որ գրավում է… Էմիլ Վերհարնը»:
Ոչ թե հետևողի, այլ կողքին եղողի կարգավիճակում է Վարուժանին գնահատում նաև բելգիացի Ռ. Պոտառը, գրելով, թե նրանք՝ «երկուքն ալ ուժգնորեն մղած են իրենց ժամանակին պայքարը: Ազատության պայքարը: Պայքար մեծագույն երջանկության համար, մարդկային ընկերություն մը հաստատելու համար»:
Վերհարն-Վարուժան զուգահեռում առավելապես ընդգծվել է նրանց այսպես կոչված քաղաքերգությունը (ուրբանիզմը): Մինչդեռ խորքային են կապերը ամբողջ ստեղծագործության մեջ՝ հատկապես ազգային ոգու, երկրի, հայրենի հողի ու նրա մշակի կերպավորման շրջանակով:
Թեև Վերհարնը գրում էր ֆրանսերեն, սակայն նրա ստեղծագործությունը խորապես ազգային էր. նա երգել է հայրենի Ֆլանդրիան, նրա մարդկանց, բնաշխարհը մշտապես, առաջին իսկ գրքից («Ֆլամանդուհիներ») մինչև վերջին գրքերը («Ամբողջ Ֆլանդրիան», «Կարմիր թևերը պատերազմի», «Ֆլանդրիայի պոեմներն ու լեգենդները»): «Հրեշ քաղաքների» պատկերներին որպես հակադրություն՝ նա երգում էր Բելգիայի գյուղաշխարհը, աշխատավոր, խոնարհ մարդկանց: Ելակետը կարծես նույնն էր. Վարուժանն էլ՝ «Ցեղին սրտից» գնաց դեպի «Գողգոթայի ծաղիկներ», որ ինչ-որ չափով նաև Վերհարնի «Հրեշ քաղաքների» աշխարհն էր, ապա դարձյալ հայրենի գյուղ՝ «Հացին երգի» աշխարհը, որ «Հեթանոս երգեր» շարքի հետ բանաստեղծի իդեալի դրսևորումն էր՝ որպես հակադրություն այն իրականության, որ պատկերված էր «Բագինին վրա» ու «Գողգոթայի ծաղիկներ» շարքերում: Անշուշտ, հիմքեր ուներ Պ. Սևակը, երբ գրում էր, թե Վերհարնի օրինակով Վարուժանը կերտեց «Հացին երգը»:
Այն տարիներին արդեն, ինչպես վկայում է Կ. Զարյանը, բելգիական գիտակցության մեջ բեկում էր առաջ եկել, սկսվել էր մի շարժում, որ նպատակ ուներ կենդանություն տալ ֆլամանդերենին՝ ի հակակշիռ ֆրանսերենի: Երիտասարդ Բելգիա կոչվող շարժման մասնակիցները, որոնց մեջ էր նաև Վերհարնը (շարժման տեսաբանն ու քննադատը), գըտնում էին, թե «լեզվին կենդանություն տալու համար պետք էր վերադառնալ հողին: Սեփական հողին: Լեզուն իր հյութը առնում է հողից, ինչպես ծառը»:
«Սեփական հողին վերադառնալու» և նախնիների ոտնահետքերով գնալու ֆլաման երիտասարդության այս ձգտումների արձագանք էին թերևս նաև Վարուժանի այն խոհերը, որ նա հայտնում է 1908-ին Գենտից ընկերոջը ուղղված մի նամակում. «Անպատճառ ամբողջ Հայաստանը պետք է տեսնել: Կուզեմ համբուրել բոլոր այն տեղերը՝ ուր նահատակ մը ինկավ կամ հերոս մը կոխեց: Մենք այնքան մեծ ենք՝ որքան հողեն կը խմենք մեր զգացումները: Ամեն ինչ հոդ է: Դեպի մեր պապերուն»:
Այդ օրերին բելգիական երիտասարդության զրույցներում բնականաբար հոլովվում էր ֆլաման հայրենասեր հերոս Արդվելդի անունը: Գուցե և հավաքվել են Արդվելդի արձանի մոտ (դրված է 1863-ին), ծաղիկներ դրել և հավատարմության երդում տվել: Եվ նրանց մեջ է եղել նաև Վարուժանը, այլապես չէր ծնվի «Վան Արդվելտի արձանին» արձակ բանաստեղծությունը, այն էլ ֆրանսերենով (այն հրապարակվում է Գենտի համալսարանի 1908թ. ալմանախում): Գուցե նաև կար գրակա՞ն ներշնչումը՝ Վերհարնի «Արդվելդին» բանաստեղծությունը: Այս երկու բանաստեղծությունների ուշադիր զննությունը կարող է աղերսներ հայտնաբերել. ազատագրական պայքարի առաջնորդն ու հերոսը՝ Արդվելդը, կերպավորվում է որպես ժողովրդական տարերքի ծնունդ, հերոս, որի սրտում փոթորկվում էր ցեղի ցավը, հերոս, որին սիրեց ժողովուրդը և գնաց նրա հետևից, որի սխրանքը որպես վառվող ջահ լուսավորեց ցանկալի ազատության ճանապարհը, հերոս, որը իր գործով ու մահով (1345թ.) լեգենդ դարձավ: Վարուժանն իր բանաստեղծությունը հարստացնում էր յուրովի՝ անձնական ցավի՝ իր ժողովրդի ազատագրության խորհուրդը կապելով ֆլաման հերոսի կերպարից ստացած ներշնչումի հետ. «Ո՜վ դյուցազուն, հոգիիս մեջ որբունակ հոգիդ պարպե կաթիլ-կաթիլ մատներեդ… ներշնչէ զիս և տուր ո՛ւժ…»:
Չմոռանանք, որ Վերհարնը գիտեր, սիրում և արժևորում էր հայ ժողովրդին ու նրա պատմությունը: «Ձեր պատմությունը ամենախորհրդավոր պատմությունն է բոլոր ժողովուրդների կյանքի մեջ»,- ասել է նա Կ. Զարյանին: Բարեկամն էր նա Էդգար Շահինի ու Չոպանյանի, որի «Հայ աշուղներ» ֆրանսերեն գիրքը կարդալով՝ այդ «երգերը համաշխարհային գլուխգործոցների շարքին էր դասում»: Չոպանյանը հիշատակում է Է. Վերհարնի նամակի տողերը՝ «Հայաստան ու Պելճիքա. եղերաբախտ ու անմահ»… և «Աղաղակ» բանաստեղծությունը, որի մեջ «ինչքա՜ն գորովոտ կերպով հիշատակած էր Հայաստանը»:
Բելգիայի ազգային զարթոնքը, Վերհարնի ազգային ու միաժամանակ համամարդկային պոեզիան Վարուժանին մղում են առավել սևեռվելու այն գաղափարին, որ ինքը կոչված է դառնալու իր տառապած երկրի վերածնընդի երգիչը: Այդ սևեռումով և լի ստեղծագործական ծրագրերով՝ 1909-ի ամռանը Վարուժանը հայրենիք է վերադառնում՝ իր հետ բերելով Բելգիայի ու նրա մեծ բանաստեղծի ոգին, արվեստի դասերը, որոնց դիտարկումը առանձին, գիտական մանրամասն զննության նյութ է:
ՀԳ.- Հիշելով Վարուժանի խոսքերը՝ «Օգտվելով տեղվույս հսկա գրադարանեն…», ավելացնենք. 1958-ին Գենտի համալսարանի այդ իրապես հսկա Մատենադարանի (մի ամբողջ մասնաշենք) առաջին իսկ սրահում՝ մուտքի ձախ կողմում, բոլոր կողմերից տեսանելի պատին տեղադրվեց Դանիել Վարուժանի հուշատախտակը՝ մեծադիր դիմաքանդակով և երեքլեզվյան (հայերեն, ֆրանսերեն, ֆլամանդերեն) արձանագրությամբ, և այն միակն է ամբողջ գրադարանում առ այսօր, թեև այդ համալսարանի շըրջանավարտների, Մատենադարանի ընթերցողների մեջ, անշուշտ, նշանավոր անհատներ պետք է, որ շատ եղած լինեն: Արդեն կես դար գրադարան մտնող քանի՜ հայացք է ուղղվել հայ բանաստեղծի դիմաքանդակին: Իսկ նրա ներքևում՝ ցուցավահանակի ապակու տակ, Վարուժանի կենսագրությունն է: