ՀԱՅ ԲԵՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՅՐԸ / ՎԱՐԴԻԹԵՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Հասմիկ

Տպագրվել է՝  14 մարտի 2008 թ., Գրական թերթ

Այս կերպ բնորոշել են հայ բեմի նվիրյալներից ու հենասյուներից Հասմիկին: Գրեթե կես դար, մոտ երեք հարյուր դերերով հանդիսատեսին գերած ու կախարդած դերասանուհին, ժամանակակիցների վկայությամբ, մարդկային նկարագրի առաքինի գծերի՝ համեստության, ազնվության, մաքրության մարմնացում էր:
«Հասմիկը հայ թատրոնում առաջինը ստեղծեց հայ մոր հավաքական, ընդհանրացված կերպարը: Նա դարձավ հայ մոր հոգեկան աշխարհի լավագույն թարգմանն ու մեկնաբանողը, իսկ հայ մոր ազգային հատկանիշը, ըստ Հասմիկի ստեղծագործության՝ հոգու արիությունն է: Այդ սկզբունքն արդարացվում է պատմականորեն՝ հայ ժողովրդի կյանքի ճակատագրով…»: Այս մեջբերումը դրամատուրգ, թատերագետ Ալեքսանդր Արաքսմանյանի՝ Հասմիկի ծննդյան 70-ամյակի առիթով հրապարակած «Դերասանուհի Հասմիկի արվեստի մի քանի հատկանիշները» հոդվածից է: Ու թեև մեզանից շատերը միայն լսել են պայծառ տաղանդի տեր դերասանուհու անունը, բարեբախտություն են ունեցել տեսնել նրան էկրաններին: Մարիամ բաջի՝ «Նամուսում», Դեդի՝ «Գիքորում», Շուշան՝ «Չար ոգիում», Շուշան՝ «Պեպոյում» ու էլի շատ ու շատ մայրերի կերպարներ՝ բարի, պարզ, սիրելի…
Այն, ինչ մտադիր ենք ներկայացնել այսօր «Գրական թերթի» ընթերցողներին, ընդամենը մի փոքրիկ դրվագ է դերասանուհու դժվարին, փորձություններով ու դառնություններով լի կյանքից: Բայց մինչ այդ, մի քանի տողով անդրադառնանք նրա կենսագրության մի էջին: 1898 թվականին 15-ամյա Թագուհուն ծնողներն ամուսնացնում են թիֆլիսաբնակ իրենց համագյուղացու հետ: Խըստաբարո ամուսնուն անգամ չի հաջողվում մարել թատրոնի հանդեպ աստվածային այն հուրը, որ կար մանկամարդ կնոջ հոգում: Եվ ամուսինը տեղի է տալիս՝ Թագուհին առաջին անգամ բեմ է բարձրանում 1904 թվին: 1906-ին մահանում է ամուսինը և չորս զավակների հոգատարությունն ամբողջությամբ ընկնում է դեռատի կնոջ ուսերին: Նույն տարիներին, նոյեմբերի 27-ին, առաջին անգամ Թագուհի Հակոբյանը բեմ է ելնում պրոֆեսիոնալ թատրոնում և հայ թատրոնի նահապետը՝ Հովհաննես Աբելյանը, նրան կնքում է Հասմիկ անունով: Ու Հասմիկն ամբողջովին նվիրվում է բեմին ու զավակներին: Սակայն նա հմայիչ կին էր, գեղեցիկ, առինքնող: Ու շատերն էին հետամուտ երիտասարդ այրու սրտին տիրանալուն: Երկրպագուների պակաս չուներ, վկան այն նամակներն են, որ պահվում են դերասանուհու անձնական ֆոնդում (Հայաստանի ազգային արխիվ): Դրանցից մեկը գրող, հասարակական գործիչ, մանկավարժ, խռովահույզ, անհանգիստ, մարտնչող ոգով, կյանքի մի մասը աքսորավայրերում անցկացրած, 47-ամյա Հովհաննես Մալխասյանի 1913 թվի նոյեմբերի 14-ի նամակն է.
«Մեծապատիվ տիկին
Դուք իզուր խոսքը կտուրն եք գցում. մի՞թե այնքան չեք հասկանում, որ ինձ ուզում եք ցույց տալ թե ձեր գիտցածով իմ խոսքը, հուզմունքը «Ավազի վրա» դրամայի համար է. ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ իմ դրամայի մասին չէ, այլ այն դրամայի, որ դուք եք առաջացնում իմ մեջ… մի՞թե մի պիես կամ նրան բեմ չհանելը ինձ կարող էր հուզել, տկարացնել. այն ժամանակ որքան ոչինչ տղամարդ եմ ես. հազար այդպիսի պիես Ձեր աչքերի տակ ու իմ չարը տանեն… իմ հոգու դրաման դուք ստեղծեցիք, ձեր խուսափումներով, ձեր հեռու պահելով, ձեր բռնած դիրքով, քաշվում եք, թե եթե ինձ հետ պատահեք, ձեզ կարող են բամբասել (և չգիտեմ մեր ո՞ր հանցանքի համար, իսկ չեք քաշվում այնպիսի մարդկանց հեղինակությամբ գնալ, որոնց հետ մոտիկ լինելը ոչ մի քաղաքասիրական շահ, ոչ մի բարոյական օգուտ, ոչ մի վայելչություն բերելու չէ ձեզ, բացի այն, որ մեկ օր մի անախորժ բան կարող եք լսել և վրդովվել այնպես, ինչպես ինքներդ պատմել եք ինձ, հաճախ վրդովվել եք և ճանապարհ դրել այդպիսի տհասներին: Բայց ի՞նչ արած. իմ ասածը ձեզ համար՝ ձայն բարբառո անապատի է: Դուք քաշվում եք իմ ընկերակցությունից, մի մարդու, որի մասին ոչ ոք ոչ մի աննպաստ բան չի կարող ասել, իսկ եթե ասեն, թե մենք մոտիկ ենք՝ դուք դրանից չպետք է քաշվեք, քանի որ գիտեք իմ մաքուր միտքն ու վիրավորանքը մեր ամուսնանալու վերաբերմամբ և ձեր պատասխանը:
Ես, գիտեք, ազնիվ տիկին, աչքեր էլ չունենամ, հոգով ու մտքով կտեսնեմ ամեն ինչ. դուք իզուր ինձ մանուկի տեղ եք դնում, այ, մի բան, որ ինձ համար մեծ հարց է՝ այդ դուք եք, չգիտեմ այժմ ես զարմանա՞մ ձեր այդքան անմեղ մանկամտության վրա, թե՞ չափազանց խորամտության վրա, ու՞ր եք ինձ այնպիսի խոսքեր գրում, որոնք ոչ մի առնչություն չունեն իմ գրած նամակի հետ: Դուք չեք կարծում մի րոպե, որ ինձ ծանր վիրավորում եք երեխայի տեղ դնելով ինձ, եթե չասեմ հիմարի տեղ: Ինչևէ, պիտի գիտենաք, էլի եմ ասում, ամեն ինչ կարելի է մուրալ, բայց սեր՝ ոչ, ամեն ինչ կարելի է ուրիշի հետ բաժանել, բայց սերը՝ ոչ, սերը մի ամբողջություն է, որ միայն մեկին կարող են նվիրել, բայց ոչ երկուսի, մեկին այս կերպ, մյուսին այլ կերպ, մեկին հարգելով, բայց հետը չտեսակցելով, մյուսին չհարգելով, բայց թևանցուկ տալով, ո՛չ, տիկին, ես այդպես չեմ կարող և ինձ իզուր մի աշխատեցեք այդ տեսակ բաներ սովորեցնել. ես, որքան մեղմ եմ, բարի, այդքան այդ կողմից հպարտ, չստորացող, չքծնող: Ես գրել եմ արդեն, այս դուք եք իմանում, ես կաշխատեմ իմ մեջ , թեև թունդ կերպով սպանել ամեն ինչ… և վերջը դուք եք ցավելու որքան ձեզ վրա, այնքան էլ իմ վրա… Եվ եթե դուք այս նամակից հետո էլ չուզենաք գալ (կուզեք շաբաթ երեկո, փորձից առաջ կամ հետո) բացատրվել, ուրեմն կիմանամ, որ իմ ասածները ճիշտ էին և այնուհետև ես էլ կլինեմ ձեր շատ ծանոթներից մեկը: Այժմ ինչպես կուզեք՝ այնպես վարվեք:
Ափսոս իմ ճանաչած Հասմիկին…
Հովհ. Մալխասյան»
Հասմիկի մերժման պատճառը, ըստ երևույթին, կարելի է գտնել այս հրապարակման վերնագրում ավելացնելով «ոչ միայն բեմի…» բառերը: Հասմիկ դերասանուհին և Հասմիկ անձնավորությունն իրարից անբաժան էին: Անգամ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր դերասանուհուն՝ ամենատարբեր հարցերով ու խնդրանքներով հասցեագրված նամակները սկսվում են «Իմ և ամենքի հարգելի և սիրելի Մայր Հասմիկին», «Անուշիկ մայրիկիս՝ տիկին Հասմիկին» և նմանատիպ տողերով:
Մարտիրոս Սարյանի՝ «Հասմիկը ամբողջ էությամբ հայ էր, իսկական հայ կնոջ կերպար» տողերին հավելենք, իսկ հայ կնոջ մեծագույն առաքելությունը իմ խորին համոզմամբ մայրությունն է (ինքս չորս զավակների մայր եմ), և տա Աստված, որ մնացած ամեն ինչ ածանցյալ լինի այդ առաքելությանը…

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։