Սա է կյանքը… / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հազարան հավք՝ զարթոնքի, արդարության, ճշմարտության, բարի ցանկությունների կատարման, հրաշագեղ լույսերի ու անմահության թռչուն: Երբ փոքր էինք, այն բացում էր իր փայլահեղ թևերը, բարձրացնում մեզ նրանց վրա ու պտտում, պտտում ծննդավայրի գլխին, մինչև որ պտտվում էին մեր սեփական գլուխները: Սակայն, կյանքի շարունակության հետ, Հավքը քիչ-քիչ լքում էր մեզ: Կամ էլ՝ մենք էինք լքում նրան, որովհետև եթե հեքիաթներում կարելի էր կարդալ, թե ահա ու ահա, քարքարոտ ճամփան հաղթահարած օտարականը մոտեցավ Հազարան հավքին, ու վերջինս նրա առջև բացեց անմահության այգու դռները, ապա մեր դեպքում դա անհնարին էր: Եթե օտար ես, ուրեմն օտար ես: Օտար ես անգամ Հազարան հավքին: Այսպես էլ մեծացանք մենք. օտար՝ ինքներս մեզ, օտար՝ մեր այգուն, ուր մնաց թե` հասնենք իմաստնության այգուն:
Բայց ահա նա` Ծովինար Բանուչյանը, Հազարան հավքի թևից ընկած մի փետուր գտավ, որն էլ ուղղորդեց նրան գնալու քարքարոտ այն ճանապարհներով, որոնք տանում են դեպի զարթոնքի, արդարության, ճշմարտության եդեմական այգին: Գտավ փետուրն ու այսպես գրեց ճանապարհ ընկնելուց առաջ, հասկանալով, որ ինքդ քեզ օտար մնալով չես կարող հասնել Ոսկեփետուր հավքին.
Սկզբում փոխում ես ինքդ քեզ,//Հետո քեզ ես վերադառնում,//Չարագուշակ երազի պես//Տանջում քունդ, նոր արթնանում:///Լուսաբացի շողերի տակ//Սկսում ես օրը նոր էջից,//Կյանքը՝ որպես գերնպատակ,//Կախում բախտի ելևէջից:///Եվ ինչպես հանգը մտածված,//Եվ բառերի հնչյունը փակ,//Իշխում ես դու կյանքին անցած,//Որպես հլու մի հպատակ:
Այդպես, կյանքին ծառայելով նույն կյանքին իշխելու կամային որակներով մտնելով իր օրերի մեջ, Ծովինար Բանուչյանն այսպես ամփոփեց այն ամենը, ինչ կապված էր Հազարան հավքի թողած նշանի ետևից իր գնալ-չգնալու ծրագրի հետ: Եվ դա Երևանում էր, այնտեղ, որտեղից սկսելու էր իր ճանապարհի առաջին քայլը: Ճանապարհ ընկնելուց առաջ Ծովինարը ետ նայեց, գնահատեց ողջ իրավիճակն ու հույսով նայելով իր ձեռքի փետուրին՝ նրանով էլ գրեց. «Դադարի ժամանակը, հեռանալու վախը, մնալու անհնարինությունն ու ուրիշ ճանապարհներ անցնելու երազանքը, կռիվը սեփական եսի, հավատքի հետ, տունը՝ փախչող քաղաքի շեմին…»:
Ծովինարն ուժեղ մարդու տեսակ է: Քայլում է՝ երկինքը գլխավերևում և գետինը ոտքի տակ առած: Ամեն ինչ այնքան իրական է ու դեռ չբացահայտված:
Այնքան երկինք կա այս աշխարհի մեջ,/Որ իմ քաղաքը երբեք չի տեսել,//Իմ այս քաղաքում, ուր ամեն մի էջ//Գրել եմ կիսատ, սպանել եմ եսեր:
Ծովինարն ուժեղ մարդու տեսակ է: Այնքան ուժեղ, որ չի վարանում մտնել երկու եսերի պայքարի մեջ: Իմաստունի խոսք է՝ մարդու իրական եսը բացահայտվում է արտակարգ իրավիճակներում: Ա՜խ, այդ արտակարգ իրավիճակները… Նրանք կատարյալ աղետի են վերածում մաքուր ներաշխարհները: Իսկ մաքուր՝ նշանակում է՝ ինքն իր հետ.
Մի՛ լռիր, ընկեր իմ, ուժեղ եղիր, ժպտա,//Սա վերջը չէ կյանքիս, կբարձրանամ նորից,//
Մի՛ վախեցիր այդքան, եղիր վստահ,//Այդպես գուցե հանես ինձ անկումից://Հասկանո՞ւմ ես, մեկը պիտի մեզ հավատա,//Հասկանո՞ւմ ես, մեկը պիտի մեզ վստահի,//Ես շատ գործեր ունեմ դեռ չավարտած//Ու չեմ կարող «գրավ» դառնալ պահին:
– Հեյ, ընկեր իմ, ինչո՞ւ ինձ չես լսում…
– Դու մենակ ես նորից, ես եմ խոսում…
Մոնպելյեն արտակարգ իրավիճակների քաղաք էր բանաստեղծուհու համար: Մոնպելյեն ներքին ու արտաքին եսերի պայքար էր, ուր բանաստեղծուհուն մնացած միակ հավատարիմը Հավքի թողած փետուրն էր:
Ու նորից նույն կռիվը իմ մեջ,//Նույն պայքարը երկու եսերի,//Լոկ մի թերթ ու միայն երկու էջ,//Որ փնտրում են իրենց կեսերին:
Մոնպելյեն որոնումների քաղաքն է, հանդարտվելու երազանքներով, բայց նոր ալիքներ հաղթահարելու քաղաքը, ուր ինքն իրեն հավատարիմ մնալու է կոչում անբաժան ուղեկիցը՝ ոսկեփայլ հավքի լուսավոր փետուրը.
Մի՛ սպանիր քո մեջ ապրող այդ խենթին,//Նա միակն է, որ քեզ կպաշտպանի…
Ինքն իրեն հուսադրելով դիմակներ է պատռել, երազներ է քամել Ծովինարն օտար այդ քաղաքում, հուսալով, որ Հազարան հավքը բարեկամի պես կմոտենա օտարին, ով տառապյալ է, կբացի զարթոնքի լուսաշող թևերն ու կթռցնի իրեն նոր քաղաքների գլխավերևով:
Ահա և բացվող լուսաբացը: Լուսաբացը՝ Փարիզում:
Ինչ սովորեցրեց Փարիզը բանաստեղծուհուն: «Փարիզն ինձ սովորեցրեց սիրել Փարիզը»,- ասում է նա, այսինքն` սովորեցրեց լինել սովորական մի մարդ սովորական մարդկանց շարքում: Իսկ լինել սովորական, նշանակում է` առավոտյան նախաճաշել, կեսօրին ճաշել, երեկոյան ընթրել, նշանակում է նաև` պատեհ-անպատեհ չզանգահարել, չպատասխանել զանգերի և կամ ձևացնել, թե միշտ զբաղված ես…
Անցնում է Ծովինարը Փարիզի փողոցներով, անցնում է իբրև սովորական մի մարդ, ով հեռանալիս ժպտում է և չի ամաչում արտասվելիս: Սակայն դժվար չէ նկատել նրա տարբերությունը հարյուրավոր ու հազարավոր սովորականների մեջ: Ծովինարը քայլում է` գլխից վեր բռնած ունենալով քամիների բերանից խլած մի գեղեցիկ փետուր, որ պոկվել է մի օր անմահության դուռը պահող Հազարան հավքի անհանգիստ շարժումներից: Գնում է Ծովինարը` հասնելու Հավքի պահած դռներին, գնում է գտնելու անմահության խնձորը, որը շատ է պետք իր առաջին քաղաքին, իր եսին, իր Երևանին: Ճանապարհին երջանկությունն է՝ Փարիզի տեսքով, և Մոնպելյեն՝ տառապանքի: Ահա և առանց շփոթվելու ճերմակ թղթին իջեցնելով թռչունի փետուրը, Ծովինարը գրում է՝
Սա է կյանքը.//Կա՛մ երջանիկ լինել,//Կա՛մ էլ անվերջ իմաստնանալ տառապանքից…
Նրան, ում բախտ է վիճակվել գտնել Հազարան հավքի փետուրը, չեն կարող վախեցնել երկերեսանի քամիները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։