ՄՈՏԻԿ ԱՆՑՅԱԼԸ՝ ՆԵՐԿԱՅԻ ԴԻՏԱԿԵՏՈՎ / Հովիկ ԱՅՎԱԶՅԱՆ

Մարդկության հավերժական ձգտումը եղել է երկրի վրա արդարության և հավասարության հաստատումը: Պատահական չէ, որ այդ վսեմ գաղափարը ամրագրած է Ավետարանում. «Բարութիւն ընել սորվեցէ՛ք: Իրաւունքը փնտռեցէ՛ք, զրկուածին ուղութիւն ըրէ՛ք, որբին դատաստանը տեսէ՛ք ու որբեւարիին դատը պաշտպանեցէ՛ք» (Եսայեայ 1, 17):
Քրիստոսը խրատում է. «Նայեցէ՛ք և զգուշացէ՛ք ագահութենե՛, վասն զի մարդուս ստածուածքներուն աւելնալէն կախուած չէ իր կեանքը» (Ղուկաս 12, 15): Այդ մասին է նաև Թումանյանի երազանքը բարու և գեղեցիկի օրենքներով ապրելու մասին.
Հե՜յ ագահ մարդ, հե՛յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ – քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ,
Ի՞նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՞նչ տանես դու քեզ հետ,
Խաղա՛ղ անցիր, ուրա՛խ անցիր երկու օրվան էս ճամփեդ:
Արցախյան շարժումն ու դրան հաջորդող անկախության հռչակումը բուռն ոգևորություն առաջացրեց մեր ժողովրդի բոլոր խավերի մեջ: Ցնծությունը համաժողովրդական էր, սակայն կարճ ժամանակում մարդիկ ապրեցին ծանր հիասթափություն ու զարմանք, որովհետև հզոր արշավանք սկսեց իրը, առարկան, որն արագորեն տիրացավ մարդկանց հոգուն ու մտքին, և նրա անկասելի հարվածների տակ նահանջեցին սերը, կարոտը, բարությունն ու խիղճը:
Բացառիկության և իշխանատենչության մոլուցքը պատել էր շատերին և իր շուրջն էր համախմբել քծնողների ու շաղակրատների մի ողջ բանակ և նրանց դարձրել սեփական անձի փառաբանության ստրուկը, իսկ փառասիրությունը անհամեմատ հեշտ է ներծծվում ստոր ու անկարող հոգիներում: Մեծամտությունն ու սնապարծությունը հաճախ առաջանում են այնտեղ, ուր իշխում է դատարկությունը: Երբ մարդ իր շրջապատում տեսնում է անարդարություն և կեղծիք, երբ բարու և չարի պայքարում հաղթում է չարը, նրան համակում է զայրույթը, և նա, այլ ելք չգտնելով, հեռանում է երկրից, տառապում մենակության և անզորության ճիրաններում: Դա չէ՞ պատճառը, որ անկախության տարիներին մայր հայրենիքից հեռացավ ավելի քան մեկ ու կես միլիոն մարդ:
Այսօր, մեր կյանքի հեղաբեկումների և լուսավոր սպասումների մթնոլորտում, ավելի է մեծանում պատասխանատվությունը մարդ անհատի բարոյական աշխարհն անաղարտ պահելու գործում, որպեսզի մարդն ու կյանքն ընդհանրապես դուրս չգան շավղից և չկորցնեն սեփական դեմքն ու դիմագիծը:
Երբ մոտիկ անցյալին նայում ենք ներկայի դիտակետով, զգում ենք կորուստների ծանր գինը և հասկանում, որ մինչև ապրիլյան թավշյա հեղափոխությունը նույնն էին մնացել, նույնիսկ ավելի էին խորացել մեր երկրի ներքին հակասությունները, իշխանության և ժողովրդի միջև եղած անջրպետը: Քսան-քսանհինգ տարվա ընթացքում առաջացած օլիգարխիկ համակարգը արգելակում էր երկրի բնականոն զարգացումը և սպառնում նրա գոյությանը:
Այս մտորումները հիշեցրին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի անցած ստեղծագործական ճանապարհը, երբ նա համարձակորեն խոսում էր մեր կյանքում տեղ գտած արատավոր երևույթների մասին, զայրանում էր, որ հասարակական կյանքի բնականոն ընթացքը հաճախ խաթարվում է ճարպիկ իշխանավորների վարագուրված ստի պատճառով: Կապուտիկյանը հաճախ էր քննադատական կրակի տակ առնում տիտղոսավոր ու անտիտղոս պաշտոնյաներին, դատափետում համընդհանուր գորշությունն ու առարկայական աշխարհը՝ իր վայրիվերումներով և հակասություններով:
Թե պատահի՝ քեզ տրվեն իրավունքներ անսահման՝
Ինքդ քեզնից, քո անբավ իրավունքից վախեցիր:

Ընթերցողի համար հետաքրքիր կլինի ամբողջությամբ մեջ բերել Կապուտիկյանի բանաստեղծություններից մեկը՝ տպագրված «Իրավունք» թերթի 29.04.2001 թ. թիվ 33-ում, ուր հեղինակը խոսում է ժողովրդի և իշխանությունների միջև օրեցօր բարձրացող պատի մասին, պատ, որ տարիներ շարունակ անջրպետ է ստեղծել իշխանությունների ու ժողովրդի միջև և լռեցրել ժողովրդի ձայնը:
Բարեբախտաբար, վերջին իրադարձությունների շնորհիվ աստիճանաբար բացառվելու է նման պատի գոյությունը, և ժողովուրդը դուրս է գալու տասնամյակների թմբիրից՝ ապավինելով գալիք երջանիկ օրերին:
Ահա այդ բանաստեղծությունն ամբողջությամբ.

ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
Բարձրացնում եք Ձեր պարիսպը, նախագահ,
Ես ի՞նչ ասեմ և՛ Ձեր, և՛ իմ թարս բախտին,
Դուրս եմ գալիս ես պատշգամբ, և ահա
Աչքս իսկույն դեմ է առնում պարսպին:
Այս տանն ապրել, սակայն չեմ էլ նկատել,
Որ իմ կողքին մեր Խորհուրդն էր Գերագույն,
Գերագույնին ո՛չ սիրել եմ, ո՛չ ատել,
Անտես, անշուք մի պատ էր մեր արանքում:
Հիմա… Հիմա Ձեր նստավայրն է շքեղ,
Դուք նախագահ մեր դեմոկրա՜տ պետության,
Ամեն անգամ, երբ ժամանում եք այստեղ,
Խառնվում են ազդալույս ու ոստիկան:
Դատարկվում է մեր հին նրբանցքը իսկույն,
Դուք եք անցնում ավտոների շիք շարքով.
Մոտ աղբարկղի մուրացկանը ընկրկում,
Կանգնում ու Ձեզ ուղեկցո՜ւմ է հայացքով…
Բարձրացնում եք Ձեր պարիսպը, նախագահ,
Բայց դեռ հնուց իմաստուններն են ասում՝
Ի՛նչ էլ անենք, ահաբեկիչը կգա՝
Նա մեր մեջն է, մեր հոգում է, մեր ներսում:
Բարձրացնում եք Ձեր պարիսպը…
Նույն պահին
Մարդն է, մա՛րդը աղբի արկղը քջջում:
Նայում եմ ես այս անանուն պատկերին,
Եվ Ձե՜զ համար, և ի՜նձ համար ամաչում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։