ԵՐԲ ՊԱՇԱՐՎԱԾ ԷՐ ԱՐՑԱԽԸ

ԵՐԲ ՊԱՇԱՐՎԱԾ ԷՐ ԱՐՑԱԽԸ

 

Հոկտեմբերի 30-ին ՀԳՄ կլոր սրահում արցախցի գրողների ստեղծագործությունների «Երբ Արցախը պաշարված էր» ժողովածուի ներկայացումն էր: Գրքում ներառված են Արցախի շրջափակման ընթացքում գրողների գրած ստեղծագործությունները, այն կազմվել է  Արցախի գրողների միության համագործակցությամբ: Բացման խոսքում ՀԳՄ նախագահ, գրքի կազմող և խմբագիր Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ գրքի տպագրությունն առիթ է արցախցի գրողների հետ հանդիպելու, ու թեև նախկինում էլ Արցախի գրողների միության հետ կար սերտ համագործակցություն, այժմ լինելով Հայաստանում` նրանք կարող են մասնակցել ՀԳՄ ընդհանուր աշխատանքին: «Մենք պիտի կարողանանք միմյանց սատարել, օգնել և գրով ասել այն, ինչ մեր սիրտը թելադրում է: Ժողովածուի առանձնահատկությունն այն է, որ փաստացի ցույց է տալիս, թե ինչպիսի ծանր, անմարդկային  պայմաններում, ինչ հոգեվիճակում  է ապրել արցախցին շրջափակման ընթացքում, և եթե հնարավոր լինի թարգմանել տարբեր լեզուներով, այն աշխարհին կարող է ներկայացվել  իբրև անմիջական փաստարկ»:

Գիրքը տպագրվել է «Ծիծեռնակ» հրատարակչությունում, որի տնօրեն Անուշ Վարդանյանը շնորհավորեց հեղինակներին տպագրության առթիվ՝ ասելով. «Արցախցի գրողների ստեղծագործությունները մեծացնում են հայոց լեզվի տարածքը, մի նոր որակի են բարձրացնում, ժամանակակից հայոց լեզուն ավելի են գեղեցկացնում»: Նա Մարգարիտ Դերանցի ողջույնները փոխանցեց ներկաներին, որը աջակցել էր գրքի տպագրությանը, և ընթերցեց հեղինակների ստեղծագործություններից:

Արցախի ԳՄ նախագահ Նորեկ Գասպարյանը  նշեց. «Գիրքը հանդիպման առիթ է. միասին ցավն ու ողբերգությունն ավելի տանելի են: Այս ստեղծագործությունները սկզբի են նման: Պաշարման ընթացքում, երբ սոցիալական խնդիրներն են առաջնային, գրականությունը մղվում է երկրորդ պլան: Մենք հիմա ապրելու նոր բանաձև ենք: Ես կողմնակից եմ նրան, որ մենք պիտի ամեն օր մտածենք վերադարձի մասին, եթե մի օր չմտածեցինք վերադարձի մասին, Արցախը կորցնելու ենք ամբողջությամբ, նաև մեր ներսից է Արցախը կորչելու: Համոզված եմ, որ դեռ ստեղծվելու է իսկական գրականությունը պաշարման, ողբերգության, ցավի, երեխաների, երկրի ու նաև արժանապատվության կորստի մասին»:

Բանաստեղծ, արձակագիր Կիմ Գաբրիելյանի կարծիքով՝ Արցախը լավ գրողներ ունեցել է, ունի և կունենա, ուղղակի որոշ ժամանակ պիտի անցնի, որպեսզի լավ գրական ստեղծագործություններ գրվեն, և հետագայում ինքն էլ կնպաստի այդպիսի ստեղծագործությունների հրատարակմանը: «Հավանաբար պատերազմը այնքան մեծ ազդեցություն չունի, որքան բլոկադան. այն ավելի մեծ նստվածք է թողնում»,- նշեց նա:

Ըստ բանաստեղծուհի Սոնա Համբարձումի՝ «Բլոկադան մեր չապացուցված մեղքերով դատապարտված բանտ էր, որտեղ ամեն մեկս մեր մեղքերի բաժինն էինք քարշ տալիս: Ճիշտն ասած, ոչ մեկս չէինք սպասում այսպիսի ելքի: Սեպտեմբերի 19-ից հետո Արցախի Հանրապետությունը սկսեց  յուրաքանչյուրիս հետ քայլել ամենուր, որպեսզի  ապրի, և բոլորս էլ սպասում ենք վերադարձին: Արցախը կորցնելը ոչ միայն արցախցու աղետն ու կորուստն է, այլև ամբողջ հայ ժողովրդի: Մայր հայրենիքը մնացել է առանց զավակների: Արցախը մեր վերջին զավակն էր, որ կորցրինք: Սա շատ տխուր փաստ է, բայց ներկան ապրենք ապագայի հավատով»:

Դավիթ Միքայելյանը շնորհակալություն հայտնեց գրքի, ջերմ հանդիպման և արցախցի գրողների նկատմամբ ուշադրության համար՝ ցանկանալով, որ արցախյան հարցը այժմ էլ գրողների և արվեստագետների կողմից միասնաբար հնչեցվեր, ինչպես Արցախյան շարժման առաջին տարիներին: Այն կօգներ միջազգային հարթակներում Արցախի վերադարձի հարցի քննարկմանը:

Բանաստեղծ Ռոբերտ Եսայանն ասաց. «Համաշխարհային փոթորիկը տեղահանեց արցախահայությանը,  այդ նույն փոթորիկը մեզ մի օր  կվերադարձնի Արցախ: Ես հավատացած եմ: Մեր արմատները Արցախում են, մեր արմատները միայն գերեզմանոցները չեն, այն հոգևոր կոթողներն են, որ մենք ստեղծել ենք, Արցախի բարբառն է, որ պիտի շարունակի կենսական լիցքեր ստանալ: Երբեք Արցախն այսպիսի զանգվածային տեղահանություն չէր տեսել պատմության մեջ, այն բացառիկ երևույթ  է, և բացառիկ կլինի նաև մեր վերադարձը: Ամեն գրող իր արյան, երակների միջով է անցկացնում ժամանակի հարվածները, և մենք պարտավոր ենք մեր խոսքն ասել  գրքով, մեր բանաստեղծություններով»:

Իր խոսքում Նվարդ Ավագյանը նշեց, որ դժվար է հաշտվել իրականության հետ. «Երբ գրիչը ձեռքս եմ առնում, ես ես եմ, ես կամ, երբ ցած եմ դնում, չկամ: Մենք պարտավոր ենք ապրել ու ստեղծագործել, ապրել թեկուզ նրա համար, որ այն, ինչ Արցախն էր, փոխանցենք հաջորդ սերունդներին: Շրջափակումն ինձ համար զուտ ֆիզիկական իմաստով անցած չէ, բայց այն, ինչ բռնագաղթն էր, համեմատության եզրեր չունի»: Նա ընթերցեց արցախյան բռնագաղթի մասին գրած իր բանաստեղծությունը:

Արցախյան խնդրի ու տեղահանության մասին խոսեց նաև Արևշատ Ավագյանը՝ ասելով, որ թեև Արցախի անկախությունը չճանաչվեց, սակայն նրա անկախության ձգտման մասին իմացավ ողջ աշխարհը: Էդվարդ Միլիտոնյանն առաջարկեց արցախցի գրողներին պարբերաբար հանդիպել ՀԳՄ-ում և ներկայացնել  իրենց կենսական և ստեղծագործական խնդիրները:

 

 

ՉԱՐԵՆՑՅԱՆ ԿՐԹԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հոկտեմբերի 31-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և ՀԳՄ  համագործակցությամբ իրականացված «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագծի ամփոփումը  «Պատանի ընթերցողների կոնֆերանս» ձևաչափով:

Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց. «Ուրախ ենք, որ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ իրականացրինք այս նախագիծը: Չարենցը մեր այն մեծերից է, որ հատկապես երիտասարդների համար անընդհատ բացահայտվելու մեծ խորքեր ունի»:

Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը շնորհակալություն հայտնեց ՀԳՄ համագործակցության համար՝ նշելով. «Չարենցն ունեցել է մեծ երազանք՝ մանուկ ընթերցողների կոնֆերանս կազմակերպել, որը, ցավոք, իր կյանքի օրոք չի իրականացել, և Չարենցի տուն թանգարանը՝ որպես բանաստեղծի ժառանգությունը պահպանող, հանրայնացնող, ուսումնասիրող կառույց,  փորձում է նրա  երազանքը այս ծրագրի միջոցով կյանքի կոչել»:

Ծրագիրը մեկնարկել էր հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրը,  նպատակն էր պատանիների ամառային հանգիստը հարստացնել կրթահետազոտական  աշխատանքով,  հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, աջակցել մասնագիտական կողմնորոշմանը՝ ամրապնդելով ուսուցիչ-աշակերտ-դպրոց-թանգարան-գրող  կապը: Նախագծի եզրափակումը  պատանիների կոնֆերանսն էր «Չարենցը և իր ժամանակակիցները» խորագրով: Մասնակիցները 14-17 տարեկան  դպրոցականներ էին Երևանի և ՀՀ մարզերի  դպրոցներից: Ներկայացված հետազոտություններից ընտրվել էր յոթ լավագույն աշխատանք: Դպրոցականները ներկայացրին իրենց հետաքրքիր ու բազմաբովանդակ հետազոտական աշխատանքները: Դրանք քննարկվեցին, «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանի և արձակագիր Ալիս Հովհաննիսյանի կողմից եղան դպրոցականների համար օգտակար դիտարկումներ: Ա. Վարդանյանը դպրոցականներին առաջարկեց հաջորդ տարի գրել Չարենցի մասին ստեղծագործություններ, որոնք կտպագրվեն «Ծիծեռնակ» ամսագրում: Էդ. Միլիտոնյանը և Ժ. Մանուկյանը շնորհակալագրեր ու նվերներ հանձնեցին լավագույն աշխատանքները ներկայացրած աշակերտներին և նրանց ուսուցիչներին: Շնորհակալագրերի արժանացան Իրինա Ջավալյանը, Մանե Ղարիբյանը, Հասմիկ Մարգարյանը, Սոնա Մարտիրոսյանը, Գայանե Խանյանը, Սուսաննա Ենգիբարյանը և Լիլիթ Ալոյանը:

Էդվարդ Միլիտոնյանը Ժաննա Մանուկյանին նվիրեց  Չարենցի մասին ՀԳՄ ժամանակակից գրողների ստեղծագործությունների «Ես եմ հիմա…» ժողովածուն, իսկ Ժաննա Մանուկյանը՝  թանգարանի հրատարակած «Եղիշե Չարենցի անձնական գրադարան. մատենագիտություն»  գիրքը:  Նախագիծն ամենամյա է, նախատեսվում է ամեն տարի այն անցկացնել նոր խորագրով:

Սեփ. լրտ.

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։