Նոր տարվա առաջին օրը Զարուհու համար, այնուամենայնիվ, առանձնահատուկ եղավ, թեև ինքը ոչ մեկից որևէ սպասելիք չուներ։ Համոզված լինելով, որ հեռավոր բարեկամներից ոչ ոք իրեն չի հիշելու, տոնական այցելության եկող չի լինելու, որևէ պատրաստություն չէր տեսել՝ հաշվի առնելով նաև նյութական սուղ պայմանները։
Հարևան տներից ամբողջ գիշեր լսվող աղմուկից հոգնածություն էր զգում։
Տրամադրությունն ընկած՝ նախաճաշելուց հետո սեղանն էր մաքրում, երբ հնչեց հեռախոսի զանգը։ Լսափողն արագ վերցրեց, ականջին սեղմեց ու կարծես լսածին չհավատալով՝ մի քանի անգամ կրկնեց․ «Լսում եմ, լսում եմ»։
– Ինչպե՞ս ես,- հարցրին։
– Լավ եմ, աշխատում եմ։
Երկար հարցուփորձից, ծանոթներից, բարեկամներից, եղանակից ու ապրանքների գներից տեղեկանալուց հետո հեռվից խոսողն ասաց․
– Տատիին բարևի՛ր։
– Տատին չկա․․․ բարևդ շա՜տ է ուշացել․․․
– Տատին չկա՞, որտեղ է, ո՞ւր է գնացել։
– Չի գնացել, մահացել է, տարել-թաղել ենք։
-Ե՞րբ է մահացել։
– Երկու տարի առաջ․․․
– Անխիղճնե՛ր, ինչո՞ւ ինձ չեք հայտնել։
– Տեղդ, հասցեդ չգիտեինք, ինչպե՞ս իմաց տայինք։ Տատին քեզ միշտ հիշում էր, հարցնում էր՝ երբ ես գալու, ուզում էր հեռախոսով գոնե ձայնդ լսեր։
– Հա, ճիշտ է, մի քանի անգամ տեղափոխվել ենք, տարբեր քաղաքներում ենք եղել, շատ զբաղված էինք, մոռացել ենք տեղեկացնել։ Իսկ տատիկի տունն ի՞նչ եք արել․․․
– Դուռը փակ մնում է․․․
– Բան է, եթե վաճառելու լինեք, ինձ չմոռանաք, ես այնտեղից իմ օրինական բաժինն ունեմ։ Տատին ինձ շատ էր սիրում։
– Հանգիստ եղիր, չենք մոռանա, քեզ նման մոռացկոտ չենք։ Առողջ եղիր, քեզ լավ պահիր,- տարակուսանքո՞վ, թե՞ ափսոսանքի ցավով ասաց Զարուհին և խոր հառաչանքով լսափողը դանդաղ ցած դրեց․․․
Կարմիր կոշիկները
Վաղո՜ւց մի գյուղում, բազմանդամ ու անապահով ընտանիքում մի փոքրիկ աղջնակ էր ապրում՝ հինգ քույրերից ամենափոքրը։ Մայրն աշխատում էր գյուղում նոր ստեղծված կոլտնտեսությունում։ Հայրն ինչ-որ մեկի հետ վեճի ժամանակ կոլտնտեսության մասին վատ էր արտահայտվել, դրա համար աքսորել էին Սիբիր, և մայրը երեխաներին պահելու համար, որ գոնե սովից չմեռնեն, օր ու գիշեր աշխատում էր։ Լույսը դեռ չբացված՝ տնից դուրս էր գալիս և օրը մթնած վերադառնում։
Երեխաներն իրենց մորը համարյա չէին տեսնում, դրա համար մեկը մյուսին օգնելով, իրար խնամելով՝ ինքնուրույն մեծանում էին։ Սովորություն էր դարձել ընտանիքում հերթով, մեկը մյուսի հագած, օգտագործած հագուստը կրելը։ Մինչև թելը թելից չանջատվի, հալից չընկնի, դեն գցել չկար։
Գյուղում միայն մի խանութ կար, որտեղ գույնզգույն, ծաղկանախշ շորեր, կարմիր ժապավեններ, օճառ, կոշիկներ և զանազան քաղցրավենիք էին վաճառում։ Մայրն այդ խանութից եզակի դեպքերում էր հագուստ կամ որևէ շատ անհրաժեշտ բան գնում, այն էլ՝ արտակարգ հանդիսավոր հանգամանքների համար։
Մի օր թաղի երեխաները խաղալով հասան խանութի մոտ։ Ծիկրակեցին պատուհաններից ներս, մտածեցին մտնել հենց այնպես, հետաքրքրությունից դրդված, բայց խանութը փակ էր։ Փակ դռան աջ կողմում ցուցափեղկն էր, որտեղ շարված էին խանութում վաճառվող ապրանքների նմուշները։ Ցուցափեղկի առաջ խմբված երեխաները հիանում էին հաստ ապակուց այն կողմ շարված զանազան խաղալիքներով, զգեստներով։ Փոքրիկ աղջկա հայացքը գամվել էր կարծես հատուկ իր համար դրված մի զույգ մանկական լաքած կարմիր կոշիկներին։ Նա երբեք նման հրաշք չէր տեսել։ Մի քանի անգամ նայեց դրանց, ապա իր ոտքերին, մտովի չափեց, համեմատեց, ապա որոշեց, որ այդ ցածրակրունկ, սիրո՜ւն-սիրուն, կարմիր կոշիկներն իրենն են լինելու։ Դրանք նաև բարակ կապեր ունեին, որոնք պիտի կողքից կոճկվեն հուլունքի պես փոքրիկ, նռան գույնի կոճակով։ Մի պահ պատկերացրեց իրեն կոշիկները հագին, հանդիսավոր քայլելիս, իսկ շուրջբոլոր մարդիկ հիացած նայում էին իրեն։ Մանկական վառ երևակայությամբ այնքան հեռուն գնաց, որ անկեղծ հիացումը դրոշմվեց դեմքին, և սթափվեց միայն, երբ խմբից ավագն ասաց․
– Երեխանե՛ր, գնացինք, տատս երևի ինձ է որոնում արդեն։
Երեխաները ոգևորված, իրենց տպավորություններով կիսվելով՝ տուն հասան։ Երեկոյան թեթև ընթրիքից հետո ավագ քույրը կրտսերին կարգադրեց անկողին մտնել։
․․․Կարմիր կոշիները հագին են։ Օ՜, ինչքան լա՜վն են, փափուկ, թեթև, կարծես ոչ թե քայլում, այլ՝ թևեր առած թռչում էր մտովի, վազում այգու կանաչների, ծաղիկների միջով, ուրախ պտտվում ու պարում։
– Վե՛ր կաց, հագնվիր, թագուհի չես, որ մինչև կեսօր քնես։ Չե՞ս լսում։
Ականջին հասած ձայնն արթնացրեց աղջկան, հաճելի երազն ընդհատվեց։ Դիմացը կանգնած էր բարկացած ավագ քույրը, որ պիտի անկողինը հավաքեր ու անցներ մյուս գործերին։
Աղջիկը վեր կացավ, կանգնեց սառը հատակին, արագ հագնվեց։ Երբ հերթը հասավ կոշիկներին, քիչ մնաց լաց լիներ․ դրանք ծռմռված էին, գույնը գցած ու քրքրված․ մեծ քրոջից էին իրեն հասել։ Հետո քրոջից մի կտոր հաց խնդրեց ու աննկատ դուրս եկավ բակ։ Բակում հավերը կուտ էին ուտում, ծտերն էլ, այս ու այն կողմից գողեգող, ցորենի հատիկ էին կտցում ու թռչում վեր։ Երբ հավերը կուշտ կերան և հեռացան առվից ջուր խմելու, ծառի ճյուղին թառած ծտերն իջան հատիկ գտնելու, բայց այլևս ոչինչ չկար։ Աղջիկն իր ձեռքի հացը սկսեց փշրել, ցանել շուրջը։ Ծտերը վախվորած կտցում էին հացի փշուրներն ու դես ու դեն թռվռում։ Աղջիկն իր արածից գոհ՝ մտածեց․ «Բոլորն իմն են, իմ ծիտիկներն են»։ Քիչ հետո ինքն էլ չիմացավ, թե ինչպես, հայտնվեց գյուղի խանութի մոտ, ցուցափեղկի առաջ, ուր իր երազած կարմիր կոշիկներն էին։ «Չեմ թողնի ոչ ոք ձեռք տա, ամեն օր թաշկինակով կմաքրեմ, քնելիս էլ կդնեմ բարձիս կողքին»,- մտորում էր նա։ Ճակատը սեղմած ցուցափեղկի ապակուն՝ մանկական երազանքների աշխարհն էր ընկել։ Քանի՜-քանի պատմություններ հնարեց այդքան մոտիկ, բայց անհասանելի «իր» կոշիկների մասին։
Շատ օրեր անցան։ Մի օր, երբ աղջիկը դարձյալ մոտեցավ ցուցափեղկին, նայեց ու չհավատաց աչքերին․ կարմիր կոշիկները չկային։ «Ո՞վ տարավ, ե՞րբ, ինչո՞ւ, մի՞թե էլ չեմ տեսնելու»,- արտասվելով հեծկլտում էր նա։
Ծանր ապրումներ ունեցավ փոքրիկը։ Նա չէր հաշտվում իր առաջին ուրախության կորստի հետ և դեռ երբեմն-երբեմն շարունակում էր գալ ցուցափեղկի մոտ: Հայացքը հառած դատարկ ցուցափեղկին՝ դեռ կարծում էր, որ ինչ-որ հրաշքով, ինչպես հեքիաթներում, բարի հրեշտակները ետ կբերեն ու կդնեն նախկին տեղում։ Բայց հրաշքը տեղի չունեցավ։ Փոքրիկ էակը կորցրել էր այն, ինչը չուներ, ինչն անհասանելի էր, բայց թեկուզ մի կարճ ժամանակ երջանկացրել էր իրեն։ Նա չգիտեր, որ կյանքում դեռ կարող են կրկնվել իր ձեռքբերումներին զուգահեռ կորուստները, հացի այն փշրանքների նման, որոնք բաժանեց ու ինքն անմասն մնաց՝ իր կարծեցյալ ունեցած կարմիր կոշիկների պես։
Իսկ կյանքի որոշ բարիքներին, գուցե ճակատագրի բերումով, տեղյակ դառնա
«ցուցափեղկի» դրսի կողմից․․․
Արցախ-Երևան, Արցախի ԳՄ անդամ, 99 տարեկան
