«Հենց մեռնեմ, Պայծառ ջան, ոտիս բութը կքաշես, որ կյանքդ երկար լինի»,- ասել էր հարյուրամյա տատն իր մանկահասակ թոռանն ու հոգին ավանդել: Աշխարհի ցավին անտեղյակ ինը տարեկան թոռնուհին մի պահ սարսռացել էր վախից, երբ տեսել էր մեկնված տատին ու զգացել իր ջերմ տատի մարմնի ցուրտը, բայց տատի պատգամն ու նրա ներշնչած հավատն ավելի զորավոր էին եղել: Երեք անգամ մտքում կրկնել էր այն, ինչ պատվիրել էր տատը: Մտքում ասածն այլևս բարձրաձայն երբեք չէր արտաբերել ողջ կյանքում, քանի որ իմաստուն տատի պատգամն այդպես էր եղել:
Ու երբ արդեն տատի խորհրդավոր պատվերը կատարել էր, շփոթահար դուրս էր թռել տանից, որ տանեցիները չտեսնեին, որսորդ տեսած եղնիկի պես փախել էր թաղի մեյդան` գյուղի ականջը գցելու տատի մահվան բոթը:
Գարնան արևը ջերմացնում էր հողը, թրիքի խնամքով փռված ու ծածկած շերտը թեև արտաքինից չորացել էր, բայց արևի ջերմությունից թանձր գոլորշի էր արձակում, իսկ թաղի երեխաները` կյանքի ու մահվան խորհրդին անտեղյակ, անհոգ վազվզում էին չորացող բասմի վրա: Պայծառը, հասնելով թաղի երեխաներին, խառնվեց նրանց երամին: Մանկական խաղով տարված երեխաները չէին նկատի Պայծառի հայտնվելը, եթե վերջինս սարսափահար չբղավեր. «Սրբուհի տատս մեռավ»:
«Սրբուհի տատը մեռա՜վ»,- այս ու այն կողմ վազվզելով` երեխաները վայրկենական բոթը տարածեցին գյուղում: (Դա էլ հո լավ լուր չէր, որ թաքուն մնար. մահվան բոթը գյուղերում ամենից արագ տարածվողն է):
Կեսօրից մինչև ուշ երեկո Պայծառենց բակում ու կտուրին հավաքվեցին գյուղի տարեցները: Եկան, հիշեցին Սրբուհու երեխա ժամանակներից մինչև մահ ապրած լավ ու վատ օրերը, տարիքով կանայք սգացին (ամեն մեկն իր կորուստը) և գնացին իրենց բանին: Փոքրիկ Պայծառն այդ օրերի անցուդարձին անհաղորդ էր: Նրա միտքը տատի` իր համար այնժամ անհասկանալի պատվիրանն էր, որ, չգիտես ինչու, գաղտնի պիտի պահեր բոլորից:
Տատն այլևս տանը չէր: Նրա ջերմ անկողինը դատարկ էր մնացել: Պայծառը պառկում էր տատի դատարկ ծոցում ու զգում նրա բացակայությունը, որ հավերժական ներկայություն էր իր կյանքում: Տատի բացակայությունը Պայծառն զգում էր ամեն Աստծո առավոտ, երբ արթնանում էր, ու իրեն մի բուռ չամիչ տվողը չկար: Բայց տատն իր խոսք ու խորհրդով Պայծառի մտքում էր ու երբեք էլ չլքեց նրան:
«Աղջիկը ախպերտանց պատիվը չի գետնի»,- հիշեց տատի խոսքը, երբ մեծ եղբայրը մի երեկո հայտնեց, որ իրենց հարևան Վաղոն ասել է, որ հարս է ուզում տանել Պայծառին:
Տասներկու տարեկան էր Պայծառը, երբ լքեց տատի անկողինը և հայտնվեց հարևանի տղայի անկողնում: «Սերը ո՞րն էր, տասներկու տարեկան երեխա էի»,- հիշում էր արդեն զառամյալ Պայծառը:
«Բայց իմ մարդն ինձ սիրում էր, ասա ո՞նց եմ գլխի ընկել, ամեն օր ինձ չամիչ էր տալիս, տատիս տված մի բուռ չամիչը»: Այդպես էլ երեխա-երեխա ունենում է երկու երեխա: Իր ունեցած սերն ու գորովը տալիս է իր փոքրիկներին:
Սկսվում է պատերազմը: Վաղինակը զորակոչվում է բանակ: Երկու տարի անց վիրավոր վերադառնում է, մի քանի ամսից մահանում` Պայծառին թողնելով մենակության դառնությունը:
Պատերազմը դեռ չէր վերջացել, երբ սովի ու սարսափի այդ տարիներին հարևան գյուղից կարտոլի սերմացու առնելու պատրվակով երկու եղբայրներ իրենց տուն են գալիս: «Մի հետ ամուսնացա` ի՞նչ խնդացի, թե մին էլ ամուսնանամ». եղել էր Պայծառի պատասխանը: Բայց կնոջը կորցրած Գարեգինը տանը երկու որբ ուներ, նրանց պահող էր պետք: Պայծառի տեգրը ստիպում է` խոստանալով հարազատի պես պահել իր եղբոր զավակներին: Պայծառը համաձայն չէր, նրան իր կանացի ճարպկությամբ համոզում է Վաղոյի քույրը` «Տեգոր պահած հարսը մեռնի, ախպոր պահած` քույրը»: Պայծառը պայման է դնում. Գարեգինը խոստանում է որոշ ժամանակ անց իրենց գյուղ տեղափոխել նաև Պայծառի երեխաներին:
Իսկ ժլատ Գարեգինը, երբ արդեն իմացավ Պայծառի հղիության մասին, ասաց. «Մի տան մեջ երեք սորտի երեխա չեմ պահելու»: Պատերազմը նորոգվեց Պայծառի հոգում. «Քո եթիմներին պիտի պահե՞մ, իմոնց թողնե՞մ…»:
Նոր տեգոր երկու երեխաներն անվանակոչվում են Պայծառի երեխաների անուններով: Ամեն Աստծո առավոտ Պայծառը լսում էր իր լքված որբ երեխաների անունները, և սիրտը մղկտում էր ցավից:
Կյանքն առավել քան դաժան եղավ Պայծառի հանդեպ: Գարեգինը երկար չապրեց: Պայծառը ստիպված էր պահել նաև նրա և իրենց երեխաներին: Իսկ իր երեխանե՞րը… Պայծառի որբերը մնացին իրենց հարազատ հորեղբոր տանը: Գարեգինի օտար որբերը դարձան Պայծառին հարազատ, իսկ Պայծառի հարազատ որբերը օտարացան իրենից:
«Ես աննամուս մի բան եմ արել, որ երկրորդ անգամ մարդու եմ եկել` թողնելով երեխեքիս: Ջահել էի, խաբեցին,- ցավով հիշում էր Պայծառը, – Գարեգինն էնտեղից էլ խո՛ր գնա, ինչ գնացել է… խաբեց, ինձ բերեց, երեխեքս մնացին մորից էլ որբ»:
Գարեգինի մահից հետո մեռավ նաև Պայծառի և Գարեգինի միակ տղան: Պայծառին թվում էր, թե Աստված պատժել է իրեն` իր առաջին ամուսնու տղային լքելու համար: Նա ապրում էր ցավն ու կսկիծը հոգում դարմանած: Կյանքն առավել քան դաժան եղավ Պայծառի հանդեպ. նա տեսավ նաև թոռների մահը:
«Մեռնեի` չտեսնեի էս զուլումը»,- ասում էր դժգունած Պայծառը:
Բայց կյանքը, որքան էլ դաժան լիներ, պայծառ էր թվում Պայծառին: Երբ հարյուր տարեկան դարձավ, թոռները նշեցին նրա ծնունդը: Ինքը չէր հիշում ծննդյան օրն ու ամիսը: «Երբ ծնվեցի, կանաչ լոբին արդեն հասել էր»,- ինքն իրեն ու հարցնողներին հեգնում էր Պայծառը` թաքցնելով իր տարիքը: Հավաքվեցին թոռները, թղթի վրա գրեցին ամիսների անունները, ծալեցին, ու Պայծառին վիճակվեց մայիս ամիսը: Նույն ձևով նաև օրը: Պայծառը հարյուր տարեկանում նոր միայն իմացավ, որ ծնվել է մայիսի 18-ին: Հավաքվեցին թոռ ու ծոռով, պատվիրեցին ծննդյան տորթ` հարյուր մոմով, ու խեղճ Պայծառին փչել տվեցին, ինչպես ինքն էր ասում, դարբնի փուքսի պես:
Դժբախտ Պայծառը երջանիկ էր այդ օրը: Նա հարյուր տարեկան էր` ճիշտ և ճիշտ իր տատի տարիքին, տատի խորհրդավոր գաղտնիքն իր սրտում: Երբ թոռները խնդրում էին, որ տատն իր տատի գաղտնիքը փոխանցի որևէ մեկին, ասում էր. «Ես ինչ եմ շահել, որ հիմի էլ ձեզ ասեմ: Պատերազմ, սով, աքսոր, երկրաշարժ, Ղարաբաղ, թալան, արտագաղթ, ինչ ասես` չեմ տեսել: Էնքան մահ եմ տեսել, որ ինձ թվում է` մեռնողները քնած են: Հիմա էլ տատիս մահից չեմ վախենում: Քանի խելքս, ոտ ու ձեռս տեղն է, ես պիտի մեռնեմ»:
Բայց երբ արդեն տեսողությունը վատացել էր, իսկապես որոշեց մեռնել, կանչեց աղջիկներին ու թոռներին, պատվիրեց չվախենալ: «Ես թոշակս կստանամ, մարտի ութը կնշեմ ու հենց էդ օրն էլ կմեռնեմ, ոտիս բութը չքաշեք, թող իմ ապրած ցավն այլևս չկրկնվի էս աշխարհում: Աննամուս մարդը հարյուր տարի կապրի, դուք նամուս ունեցեք: Սիրտս կուզեր, որ ինձ առաջին ամուսնուս կողքին թաղեիք, բայց, ափսոս, մուրազս չի կատարվի, էդ էլ մի նոր աննամուս բան կլինի… Անպայման կասեք էն երեխեքիս, որ մեռել եմ, եթե գան` բարի աչքով կնայեք, որ չգան, թող Աստված բարի աչքով նայի իրենց, նրանք մեղք չունեն, մեղքն իմն էր ու ժամանակինը»: Պայծառն անգամ իր վերջին աղջկան թաքուն պատվիրել էր իր վրա լաց լինելու սրտաճմլիկ խոսքերը:
Մարտի ութին Պայծառը լողացել էր, հագել իր տոնական շորերը, ի վերջո հարսին խոստովանել նաև տատի` իր համար անեծք դարձած օրհնանքի գաղտնիքը. «Կյանքդ այնքան երկար լինի, որքան որ, ափսոս, մահն է երկար»: Հետո պառկել էր ու քնել: Չէր մեռել, քնել էր: Աչքը չէր փակել, մի աչքով սպասում էր…
Իսկ երբ դագաղի կողքին անհաղորդ կանգնեցին իր լքված տղան ու աղջիկը, Պայծառը ամոթից փակեց աչքերը: