Օրերս Երևանում էր փարիզաբնակ հայ երաժիշտ ԿՈՄԻՏԱՍ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, ով հայրենիք էր եկել՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտին նվիրելու Կոմիտաս Վարդապետին վերաբերող շուրջ 100 արժեքավոր նյութ: 40 տարի շարունակ մեր զրուցակիցը փնտրել և հավաքել է ոչ միայն Կոմիտասին, այլև 20-րդ դարի մեր մյուս հայ նշանավոր երաժիշտներին ՝ թավջութակահար Տիրան Ալեքսանյանին, ջութակահար Իվան Գալամյանին առնչվող բացառիկ նյութեր՝ նամակներ, բացիկներ, լուսանկարներ, տարբեր բնույթի փաստաթղթեր և այլն:
Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ- Մինչ Ձեր հավաքչական գործունեությանը անդրադառնալը, պարզենք, թե ով է եղել Ձեր անվան կնքահայրը:
Կոմիտաս ԳԵՎՈՐԳՅԱՆ – Հայրս՝ երաժիշտ Հրանտ Գևորգյանը, եղել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարի երգչախմբի հիմնադիր խմբավարը: Անունս Կոմիտաս դնելը նրա նախաձեռնությունն էր: Կոմիտասը հորս արյունի մեջ էր: Նա Միջին Արևելքի զանազան քաղաքներում երգչախմբեր է կազմել և անվանել Կոմիտասի անունով: Պետք է նշեմ, որ հորս կոմիտասասիրությունը սերում է դեռևս Բարսեղ Կանաչյանից, ով իր ուսուցիչն է եղել Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում: Ինչպես գիտենք, Կանաչյանն էլ Կոմիտասի 6 աշակերտներից մեկն է եղել: Անդրադառնալով անվանս պատմությանը՝ չեմ կարող չհիշել մի դրվագ, որ մի քանիսին եմ պատմել միայն: 1957-58 թվականներին էր, երբ Կոմպոզիտորների տանը հանդիպում էր կազմակերպվել Արամ Խաչատրյանի հետ՝ նրա Երևանում գտնվելու առիթով: Հայրս, ձեռքիցս բռնելով, ինձ էլ տարավ այդ երեկոյին: Շքամուտքում արդեն իսկ հավաքվել էին մեծ թվով կոմպոզիտորներ ու երաժիշտներ: Երբ ներս մտավ Արամ Խաչատրյանը, բազմաթիվ ներկաների մեջ, որոնք բոլորն էլ մեծահասակներ էին, ինձ՝ միակ փոքրիկին, նկատելով, հարցրեց. «Ո՞վ է այս տղան»: Քիչ այն կողմ կանգնած Ալեքսանդր Հարությունյանը պատասխանեց. «Մեր Կոմիտասն է»: Անմիջապես հետևեց Ա. Խաչատրյանի հետևյալ դիպուկ պատասխանը. «Պատասխանատու անուն է…»:
Ս. Մ. – Հայտնի է, որ Ձեր ընտանիքը նույնպես 1947-ին Բեյրութից ներգաղթել է Հայաստան:
Կ. Գ. – Այո՛, և նույն տարում էլ ես ծնվել եմ Երևանում: Մեր ընտանիքի հետ միասին, նույն նավով Հայաստան եկան նաև հորս երգչախմբերի անդամներից շատերը: Եվ երբ 40-ականների վերջերին Գևորգ 6-րդ Ամենան Հայոց կաթողիկոսը հորս առաջարկեց Ս. Էջմիածնի Մայր Տաճարում երգչախումբ հիմնել կիրակնօրյա պատարագների երգեցողությունները ապահովելու համար, հայրս, այդ խմբից մի կորիզ առանձնացնելով, հիմնեց Ս. Էջմիածնի Մայր Տաճարի երգչախումբը, որի անդամները սփյուռքահայեր էին: Սակայն աստիճանաբար երգչախմբի փոքրիկ կազմն ավելի ընդլայնվեց, հարստացավ նոր անուններով, ինչպիսին օրինակ՝ Լուսինե Զաքարյանը: Ինչ վերաբերում է ինձ, 10 տարիս չբոլորած, հորս ձեռքից բռնած ամեն կիրակի գնում էի Էջմիածին և նույնիսկ երբեմն երգեհոնով նվագակցում երգչախմբին:
Ս. Մ. – Փաստորեն, Ձեր երաժշտական ունակությունները բացահայտելու հնարավորություն եք ունեցել դեռ մանկուց:
Կ. Գ. – Անշուշտ, երաժշտության իմ ուսուցիչը հայրս էր: Իմ դպրոցական տարիներին Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանը և Պ. Չայկովսկու անվ. երաժշտական տասնամյա դպրոցը գտնվում էին նույն շենքում: Հաճախ պատահում էր, որ դպրոցական դասերից հետո բարձրանում էի ուսումնարանի՝ հորս դասարան և մասնակցում նրա վարած սոլֆեջոյի և երաժշտական տեսության դասերին: Նա ուներ հրաշալի աշակերտներ. Լուսինե Զաքարյանից բացի, Ռաիսա Մկրտչյանը, Բելլա Դարբինյանը, Արմեն Մանդակունյանը և ուրիշներ: Հորս դասարանում մեկ տարի ազատ ունկնդիր է եղել նաև ծիրանափողի մեծ վարպետ Լևոն Մադոյանը:
Ս. Մ. – Իսկ ինչպե՞ս ձևավորվեց սերը դեպի դիրիժորական արվեստ:
Կ. Գ. – 10-11 տարեկան էի: Հորս հետ շաբաթը 1-2 անգամ գնում էի համերգի: Հիշում եմ երիտասարդ Առնո Բաբաջանյանի ելույթը, որը Մ. Մալունցյանի ղեկավարությամբ անկրկնելիորեն կատարեց իր հորինումներից դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադը»: Շատ դեպքեր են եղել, երբ համերգի ավարտին քնել եմ… Հետո մի բան էլ: Քանի որ համերգները կազմակերպվում էին պետական հովանավորությամբ, մտահոգություն չէր լինում՝ տոմսը վաճառվել է, թե՝ ոչ: Երբեմն համերգասրահում ավելի քիչ մարդ էր լինում, քան բեմի վրա: Սակայն երբ հյուրախաղերով դրսից արտիստներ էին ժամանում Հայաստան, դահլիճը լեփ-լեցուն էր: Իմ երաժշտական լսողությունը և ընկալումը կազմավորվել են Ֆիլհարմոնիայի դահլիճում: Հայրս հաճախ իր հետ համերգի էր բերում այդ երեկո կատարվելիք գործերից ոմանց նոտաները, երաժշտագրությունները և տալիս ինձ, որպեսզի ունկնդրության հետ զուգահեռ հետևեմ նոտաներին: Բացի այդ, տանը մենք գրամոֆոն ունեինք: Երբ մենակ էի մնում, երաժշտություն էի միացնում ու չափ տալիս: Այդ ժամանակ 8-9 տարեկան էի: Շատ էի սիրում հատկապես Ֆ. Շուբերտի «Անավարտ սիմֆոնիա-համանվագը», որի պարտիտուրը չունենալու պատճառով սխալ էի չափ տալիս (ծիծաղում է): Դիրիժորությամբ լրջորեն զբաղվեցի 1980-ականներից: Փարիզում հետևեցի ֆրանսիացի մեծ դիրիժոր-մանկավարժներ Պիեռ Դերվոյի, Ժան Սեբաստիան Բերոյի և, մասնավորաբար, Ժերար դը Վոսի դասընթացներին:
Ս. Մ. – Զուգահեռաբար նաև երաժշտական հրատարակություններ եք հեղինակել: Կխնդրեի մանրամասնեիք:
Կ. Գ. – 20 տարուց ավելի է, ինչ զբաղվում եմ երաժշտական գրականության հրատարակմամբ: «Finale» նոտագրության համակարգչային ծրագրով վերջին տարիներին լույս ընծայեցի մի շարք պատարագներ: 1896 թ. Լայպցիգում լույս տեսած Մ. Եկմալյանի «Պատարագը» ուղիղ 100 տարի հետո՝ 1996 թ., հրատարակեցի Փարիզում: Հետո Կոմիտասի «Պատարագի» երկու տարբերակ, ավելի ուշ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ 6-րդ Չորեքչյանի «Պատարագը» հենց Վեհափառի ձեռագիր տարբերակից: Մի շարք էլ առանձին տետրակներով հրատարակեցի նաև «Տէր ողորմեա»-ներ, «Հայր մեր»-ներ և այլն:
Ս. Մ. – Իսկ երաժշտական բառարա՞նը:
Կ. Գ. – Հետաքրքիր հարցում է: 1970 թվականների սկզբներին ապրում էի Բեյրութում և ունեի մի քանի աշակերտներ, որոնց երաժշտություն և դաշնամուր էի դասավանդում: Աշակերտներիցս մեկի մոր հետ խոսակցության ընթացքում նշմարեցի, որ վերջինս չի հասկանում «երաժշտություն» բառը: Երբ ցանկանում էի նրան բացատրել երաժշտության բարդ ասպարեզ լինելը, նա շուռ եկավ ինձ և հարցրեց. «Ներեցեք, պարոն, երաժշտություն ինչ ըսել է»: «Երաժշտությունը մյուզիկ բառի հայերեն հոմանիշն է»,- ասացի: Ինչպես հայտնի է՝ «musica» բառը քիչ թվով ազգեր են թարգմանել, որոնցից են հայերը: Այս դեպքից հետո է, որ մեջս միտք հղացավ պատրաստել մի երաժշտական բառարան, սակայն ո՛չ բարդ մասնագիտական տիպի, այլ նախատեսված զուտ երաժշտական տերմիններին ծանոթացնելու համար: Նախապես գրեցի արևելահայերեն, սակայն ինձ հորդորեցին այն փոխադրել արևմտահայերենի, քանի որ գիրքը առավելաբար պետք է տարածվեր Սփյուռքում: Ինձ այդ հարցում օգնեց պոլսահայ մի մտավորական կին՝ Հերմինե Գալուստյան անվամբ, որը, նախքան Փարիզ գալը և հաստատվելը, Պոլսում նշանավոր ազգային դեմք է եղել: Նա ապրում էր Փարիզի հյուսիսային արվարձանում գտնվող մի հանգստյան տանը: Ամեն անգամ գնացքով հասնում էի այդտեղ և կայարանի մոտակա սրճարաններից մեկում ճշգրտումներ անելուց հետո վերադառնում Փարիզ: 1988 թ. Փարիզում լույս տեսավ այդ բառարանը:
Ս. Մ. – Կրկին անդրադառնանք կոմիտասյան թեմային: Օրերս Կոմիտասի թանգարանին նվիրաբերեցիք տասնյակ նյութեր, որոնք, անշուշտ, իրենց կարևոր նշանակությունը կունենան Կոմիտասի կյանքն ու գործունեությունը ուսումնասիրողների համար: Սակայն ինչպե՞ս եք ձեռքբերել դրանք:
Կ. Գ. – Երբ լսեցի, որ բացվել է Կոմիտաս Վարդապետի թանգարանը, որոշեցի իմ անձնական հավաքածուն անպայման բերել Հայաստան ու նվիրել… Ինչ վերաբերում է նյութերի հայթայթմանը, կարող եմ երկու դեպք պատմել: Մի անգամ Փարիզի երաժշտական մի հաստատության գետնահարկի սենյակներից մեկում հայտնաբերեցի «Le Monde Musical» թերթի բազմաթիվ համարներ: Թերթատելով նրանց մեջ գտա բավական մեծ թվով հոդվածներ, գրություններ Կոմիտաս Վարդապետի, թավջութակահար Տիրան Ալեքսանյանի, ջութակահար Իվան-Հովհաննես Գալամյանի և այլ հայ երաժիշտների վերաբերյալ: Ավելի քան քսան տարի առաջ էլ Փարիզի Մայր եկեղեցու այդ ժամանակվա հոգևոր հովիվ Ժիրայր Վարդապետ Թաշչյանը ինձ նվիրեց Կոմիտաս Վարդապետի այցեքարտը, որի վրա Կոմիտասի ձեռագրով պահպանվել էր «Վասն հրաժեշտի» գրությունը: Բավականին նյութեր եմ ունեցել նաև Նիլ Ագոպոֆֆից:
Ս. Մ. – Էլ ի՞նչ արժեքավոր նյութեր եք հավաքել, որ կառանձնացնեիք:
Կ. Գ. – Կոմիտասի գրի առած քրդական եղանակները, որ տպագրվել են 1904թ. Մոսկվայում: Նա առաջինն է եղել, որ քրդական երաժշտությունը գրի է առել եվրոպական նոտագրությամբ. մինչ այդ այն փոխանցվում էր բերնեբերան: Հետաքրքրական են նաև Կոմիտաս Վարդապետի մահվան առիթով ուղարկված ցավակցական հեռագրերը, որոնց կարգին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի կողմից հղված: Կան նաև Կոմիտաս Վարդապետի հուղարկավորությանը վերաբերող՝ թաղման գրասենյակի փաստաթղթերը՝ ամենայն մանրամասնությամբ: Պետք է նշել, որ Կոմիտասի դին Փարիզում հողին չի հանձնվել, պարզապես արձանագրություն է կազմվել: Մի քանի ամիս շարունակ նրա դին պահել են հայկական եկեղեցու նկուղում, մինչև որ կարգադրություն լինի ու Հայաստան տանեն:
Ս. Մ. – Բացի Կոմիտասին առնչվող նյութերից, Ձեր անձնական հավաքածուում կա՞ն արդյոք այլ արվեստագետների նյութեր:
Կ. Գ. – Իհարկե, Կոմիտասի թանգարանին նվիրեցի նաև ջութակահար Իվան (Հովհաննես) Գալամյանի (1903-1981) շուրջ մեկ տասնյակ նամակներ: 20-րդ դարի մասնավորաբար երկրորդ կեսին հայտնի մի շարք ջութակահարներ են անցել նրա դպրոցը: Պետք է ընդգծեմ հատկապես 20-րդ դարի մեծագույն թավջութակահարներից մեկի՝ Տիրան Ալեքսանյանի (1881-1954) մասին հավաքածս նյութերը, որոնք, կարծում եմ, գոյություն ունեցողների շարքին մեկ 1000-րդը անգամ չեն կազմում (դրանք ևս շուտով պիտի բերեմ Հայաստան): Տ. Ալեքսանյանը մեծ մտերմություն է ունեցել աշխարհահռչակ թավջութակահար Պաբլո Կազալսի հետ: Մի օր իտալացի կոմպոզիտոր և դաշնակահար Ա. Կազելլան թավջութակի համար գրված իր մի ստեղծագործությունը խմբագրելու խնդրանքով դիմում է Տիրան Ալեքսանյանին: Վարպետորեն կատարված այդ գործը գրավում է Պաբլո Կազալսի ուշադրությունը: Այստեղից էլ սկսվում է երկու մեծ երաժիշտների՝ ավելի քան կես դար տևող բարեկամությունը: Տ. Ալեքսանյանը համագործակցել և ելույթներ է ունեցել այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են Յ. Բրամսը, Ռ. Շտրաուսը, Գ. Մալերը, Ա. Նիկիշը, Յ. Յոախիմը և շատ ուրիշներ… Միայն այն փաստը, որ 17 տարեկան հասակում Ռ. Շտրաուսը նրան է վստահում իր՝ թավջութակի և նվագախմբի համար գրված «Դոն Կիխոտ» սիմֆոնիկ պոեմի կատարումը նրա ղեկավարությամբ, ինքնին վկայում է Տիրան Ալեքսանյանի կատարողական բարձր մշակույթի մասին: Իսկ մենք՝ հայերս, ցավոք, շատ քիչ ենք ճանաչում նրան և նրա նմաններին…
Հարցազրույցը՝
Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ