ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, թարգմանիչ
ՆԻԿՈԼԱՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
ԼԵՌԱՆ ՊԱՏԿԵՐՈՎ
Լեռան պատկերով ես աշխարհ եկա՝
Որպես Երկվորյակ Մայր-լեռան որդի,
Արարչագործման՝ ես նախավկա,
Լեռնապինդ ոգին իմ ժողովրդի:
Ցավի ու խինդի, ցասման ու սիրո՝
Մրմունջ-տաղերով ինձ բարուրեցին,
Հավիտենության թաքուն կարոտով,
Հողմաշունչ երգով միշտ օրորեցին:
Երկնքին մոտիկ, Տիրոջ աչքի տակ՝
Կյանքս՝ և՛ վայրկյան,
և՛ հավերժություն,
Լեռան պատկերով ու սրտով իմ տաք՝
Ապրեմ-հավերժեմ օրհնյալ
աշխարհում…
* * *
Թե լեռ ու ժայռ չպաշտեի,
Չէի լինի այսչափ համառ,
Չէի ասի, որ սարերին
Ձուլված եմ՝ հանց հաղթակամար:
Թե լեռ ու ժայռ չպաշտեի,
Սարի աղբյուր չէի դառնա,
Ծառ ու ծաղկի չէի փարվի,
Չէի վառի սերմերը չար:
… Երկնքից կախ՝ մի օրորոց,
Կյանքի-մահվան սրբազան հող,
Պապերիցս հասած ամրոց,
Արթնության զանգ՝ արևաշող…
ԵՐԳԻՍ
Ոչ ոք երգս չի՞ երգելու,
Ոչ ոք հերկս չի՞ հերկելու,
Տեր Երկնավոր, կյանք տուր ինձ,
Կյանք ու գորովանք,
Ես եմ իմ խաչը կրելու…
Ի՞նչ եմ մաղթում, որպես պատգամ.
Սիրելինե՛ր, ապրեք երկար,
Առողջ, սիրով ու անփորձանք…
Մանկան ձայներ սիրեք ու երգ,
Սրտում կրեք Սարը մեր սեգ…
ԼԵՌԻՑ ԼԵՌ
Լեռից լեռ անցավ
Մեր լեռնությունը,
Մեր վեհությունը
Լեռից լեռ անցավ…
Լեռներ նահապետ,
Տուն-արծվաբույնը,
Լեռից լեռ անցավ
Մեր լեռնությունը:
ԻՄ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ
Իմ ակունքները
Սևանում չեն լոկ.
Ծնունդ եմ նաև՝
Վանա աղբյուրի.
Վանը, Սևանը
Դուստրեր են մի մոր,
Մատանու ակն են
Հայոց սուրբ հողի…
* * *
Ես լեռներ ելա՝
Փող հնչեցնելու.
Փողհար եմ լեռան՝
Սիրով հաստատված…
ԾԵՐՈՒԹՅՈՒՆԸ
(Պավել Ժելեզնովից)
Ծերությունը մեղմաքայլ,
Ծածուկ եկավ, շշնջաց.
– Հը՛, ո՞նց ես, ծերո՛ւկ…
Ապա կառչուն ձեռքերով
Փաթաթվեց վզիս…
Հետո վարսերս շոյեց,
Ո՛չ, ուղղակի քաղհանեց
Մազափունջ մի մեծ…
Թրխկացրեց կատակով
Ատամնաշարիս,
Թեթևակի հարվածեց
Աչք ու ականջիս…
Մշուշը աչքս պատեց,
Ականջս խշշաց…
Թող ինձ, իսկույն հեռացիր,-
Ասացի նրան…
Ի՞նչ եք կարծում, ինձ լսե՞ց,
Հասկացա՞վ մի բան…
ԵՍ
Ես անսանձ եմ դառնում,
Ես ազատ եմ դառնում
Լեռան վրա, լեռան լանջին…
Ո՞վ կհասնի իմ ետևից…
* * *
Ես բարության, լույսի
Մունետիկ եմ եղել,
Լուսապսակ ճամփորդ…
Քանի՛ մթին խոռոչ,
Քանի՛ գեհենի դուռ
Հիմնովին եմ փակել…
* * *
Ես լեռներում ապրեցի,
Որպես մի քար շնչավոր,
Երգ ու տաղ արարեցի՝
Ապրած օրով՝ բախտավոր…
Նախանձները փոքրոգի՝
Ավուր հացիս դավեցին…
Քիչ բան տվի աշխարհին,
Թեև շատ էր ինձ տրված:
* * *
Ծառերին պահ տամ
Խոհերս թաքուն.
Նրանց չեն հատի
Ժամանակից շուտ…
* * *
Ծաղիկը հոգուս՝
Լեռների ծաղկանց
Հունդից է սերվել…
Ձմեռ է խորունկ.
Ծաղիկները քո
Քնած են հիմա…
Ծաղիկը հոգուս՝
Ճերմակ ու անբիծ,
Անմոռուկ է մի…
Քեզ եմ ընծայում,
Լեռնամայր բարի,
Գարունդ հիշիր…
ՊՈԵՏՆԵՐ
(Ալեքսանդր Դրաստից)
Հաճախ և մեծ դժվարությամբ՝
Պոետներ են ի հայտ գալիս,
Ընդգծում եմ ի հայտ բառը…
Երբեմն, աստղաքար որպես,
Թռչում են, գալիս պոետներ,
Շեշտում եմ աստղաքար բառը…
Գալիս են նաև… սողալով,
Այլ կերպ չես ասի բոթը այս,
Տհաճ այս բառը չեմ շեշտում…
Գալիս են և… մահից հետո,
Եվ մնում են որպես պոետ,
Ընդգծում եմ մնում բառը…
ՔԵԶ ՀԵՏ
Քեզ հետ ապրած տարիներս
ինձ միշտ երազ են թվում,
Թեկուզ հիշեմ ողջ պահերը
ինձ միշտ երազ են թվում:
Այս ե՞րբ անցավ մի ամբողջ կյանք,
ինչպե՞ս հասա սահմանին.
Մի կարճ ցերեկ, երկա՛ր գիշեր՝
ինձ միշտ երազ են թվում:
* * *
Կյանքս ապրած՝ ճիշտ երկու կես՝
մոտ երեսուն է անում,
Չեմ գուշակում՝ որքան կապրեմ՝
մոտ երեսուն է անում,
Հիվանդ, տկար թե պիտ ապրեմ՝
զուր եմ այժմ տառապում,
Ապրած-չապրած տարիներս՝
մոտ երեսուն է անում:
* * *
Տենչանքներիս, երազներիս
ջուր մաղեցին ստահոդ,
Սիրտս պայծառ՝ …
խողխողեցին ստահոդ…
Բարուն միշտ էլ
խոցոտել են, բզկտել,
Նեցուկը իմ բառն է, երգը,
որ ինքը՝ Տերն է տվել…
ԸՄԲՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ
Ըմբոստանում եմ ցավից.
Ոմանք անգութ են դարձել,
Չափ-սահման չի մնացել,
Ըմբոստանում եմ ցավից…
Հանուն փողի ու շահի
Ամեն ինչ են ուրացել,
Ըմբոստանում եմ ցավից.
Ոմանք անգութ են դարձել:
* * *
Մի կարգին նավ չտեսած՝
Նավապետ ենք ձևանում,
Ու լողում ենք, ձև անում,
Մի կարգին նավ չտեսած…
Միշտ բախտից ենք դժգոհում,
Ո՛չ ուղեղից մեր ճաքած,
Նավապետ ենք ձևանում՝
Մի կարգին նավ չտեսած: