ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, սցենարիստ
ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
***
Ձախ ձեռքով գրածս լեցուն է
Ստորոտներով,
Ուր արածում են
Տագնապած նախիրները
Հիշողությունների…
Աջ ձեռքով գրածս
Ինքնապատվիրան է՝
Առանց ոտնաթաթանախշ
Մեջբերումների…
Չգրածս
Չարենցի գերեզմանն է
Կորած…
***
Ջրհեղեղի իմ երկիր, երկիր,
Մինչ այսօր էլ աղի են
Անձրևներդ
Ու հացդ՝ դառն ու անավարտ…
Գալիս եմ քո կոհակ-հետքով
Որպես մի ձուկ յոթնարշավորդ
Ու կավե մի խարիսխ դարձած՝
Փռվում խորքիդ ոսկորներին…
Մինչդեռ մինչև այսօր, երկիր,
Դու սահում ես առանց կանգառ
Ու որդեգիր,
Դու սահում ես
Ջրհեղեղիդ հնարներով՝
Ափեափված ու անմարդաբնակ,
Դու ապրում ես քեզնից ջնջված՝
Հռչակելով հմայքները
ապաբախտիդ…
Ջրհեղեղի իմ երկիր, երկիր,
Իբրև խարիսխ վրիպում եմ
Ջրհեղեղից քո հեգնական
Ու մտնում եմ բալենու մեջ
Լուսաբացի…
***
Ձեռքերս քամանչաներ են
Խաչատարած,
Որ ցուցանում են անընդմիջելին
Արևելքի…
Ձայնալարիս սադափն աղն է
Բացակա ջրհեղեղի,
Որ դավադիր լռությամբ
Խաղաղություն անունն է առել…
Գուսանը վաղուց,
Շատ վաղուց է ծաղկել
Մագաղաթի շուրթին,
Ու հանդիսական կանայք
Կնդրուկ ու վայրի մեղր են
Քսում ժամանակի կոպերին
Կապույտ,
Ժամանակի կոպերին հոգնած…
Քամանչա եմ ես խաչատարած,
Կողս խոցվում է
Ընկնող ասուպի
Ճկված աղեղով
Եվ լռությունն այս
Լցնում մայունով
Մորթվող իմ ծածանումների…
***
Երաշտի սակավից
Տխրորեն երգողիդ
Բարի առավոտ եմ մաղթում
Եվ ջրհեղեղդ շան նման
Կապում եմ ծիրանի ծառից,
Քարեր բողբոջող աշխարհ՝
Հայաստան-հմայք,
Սահման անդունդի
Ու թափառումի…
Նաժշտի ցավից
Լուռ ոռնացողիդ
Բարի երեկո եմ մաղթում
Եվ դահեկան-աստծուդ
Զգետնում Մեծամորի մեռյալ
Ձուլարաններում,
Չքայլող ու անմարմին թևող
Աշխարհ,
Հայաստան՝ վայրէջքուղի լքած
Ալրաղաց մտքի…
Հրաժեշտի բավից
Բոցավառվողիդ
Բարի գիշեր եմ մաղթում
Եվ խավարդ արթուն
Կապում եմ բառերիս
Սոսափող ճյուղից…
Սեգ սարեր հագած,
Թափառող աշխարհ…
***
Սա լռությունն է իմ բազմաբառ՝
Ոռնոցների դեմ-հանդիման,
Սա հոգոցն է իմ մեջ ապրող
Հին կախվածի…
Լռությունս հար շուրջկալած
Մոլեռանդներն այս ապազոր
Գլխիվայր են կախում դարձյալ
Տողս՝ իրենց քիմքին անլուր,
Ու խոսում են իմ հատակին
Վաղուց ձյունած ժամանակից,
Ցավից, բավից,
Չիմանալով երբևիցե,
Որ կախվածիս ճոճքն է
Իրենց դեմ-հանդիման
բարձրաձայնվում
Իբրև խոսուն մի ժամանակ,
Որ ես եմ այն շեղագիրը անձրևաձև
Օգոստոսի ծարավ աչքին,
Որ բազմաբառ լռությունս
Նաև ձյունի փաթիլ է մի ամոքումի՝
Հորիզոնի պարապն ի վեր՝
Դեպի ընդերքն իմ՝ կախվածի…
Իմ երգերը ես մարդկանց ձոնեցի,
Մարդիկ ժպտացին ու անփույթ
անցան,
Իմ երգերը ես թռչնին ձոնեցի,
Թռչունն էլ թռավ տանիքից իմ տան:
Իմ երգերը ես ձոնեցի ծաղկին,
Ծաղիկն էլ անցավ մայրամուտի հետ,
Իմ երգերը ես ձոնեցի լճին,
Լիճը տխուր էր իր հույզերի հետ:
Իմ երգերը ես ձոնեցի քարին,
Ու քարը լսեց համբերուն, բարի,
Հետո իմացա, որ ծերն այդ խոհեմ,
Խուլ է, ո՞վ գիտե, թե քանի՜ տարի:
ԿՈՐՍՈՒԱԾ ԺԱՄԱՆԱԿԸ ՀՈՎԷԵԱՆԻ ՅԻՇՈՂՈՒԹԵԱՆ ՄԷՋ
«Վրիպումների զառիվայր»… Մի առիթով այսպէս է անուանել իր բանաստեղծական բոհեմի՝ վերից գահավիժող միջավայրը Յովիկ Հովէեանը: Այն ենթադրում է պարականոն արժէքներ, որոնք բանաստեղծը հաւաքում, կենտրոնացնում է իբրեւ զանակներ, իբրեւ գոհարներ: Ջրհեղեղի, տարերքի հոսքով մեզ է հասել ու շարունակում է հասնել հարուստ մի ժառանգութիւն, որն առանձնանում է մեր խառնաշփոթ ազգային գեղարուեստական ուղխի մէջ: Մի դէպքում այն «վրիպումի ճախրանք» է կոչում, որ մեզ հետ հիացումի բերկրանքով վերապրի ինքը, մէկ այլ շեշտադրումով՝ «վրիպումի գիշեր», որ ենթադրում է սրբազնագոյն արարումը, եւ նորից՝ անխառն հիացումը, եւ վերջապէս դիւթանքի, հմայումի երրորդ սահմանը՝ «վրիպումի կամուրջը», որ ներքնապէս կամրջւում է բանաստեղծին, ինչից փուլ է գալիս ինքը տող առ տող, տարրալուծւում մեր բանաստեղծական գունագեղ հիւսուածքի մէջ:
Այստեղից՝ «Վրիպած ջրհեղեղ» ծրագրային քերթողագրքի գեղագիտական նշանակութիւնը արուեստագէտի եւ ժամանակի խաչուղիներում: Առ հասարակ Յովիկ Հովէեանի այս եւ միւս ժողովածուների խորագրերը մեկնում են որոշակի յանձնառութիւններ («Ուրարտական անձրեւներ», «Յիշողութեան կաւ», «Անժամանակութիւն» եւ ուրիշներ), որոնք գալիս են վկայելու բանաստեղծի տիրական ներկայութիւնը մեր գրական անդաստանում:
«Յիշողութեան կաւ» գրքում արուեստագէտն իրեն համարում է «կաւ», որի աղիւսների մէջ շարել է գեղարուեստական իր ըմբռնումը: Բանաստեղծը թափանցում է ժամանակների խորքը, ուր թէքէեանական ըմբռնումով՝ «ընթերցողները» պօէտական աղիւսների սանդուղքներով բարձրացող «կարօտեալներ» են, որոնց ձօնուած են իր երգերը՝ իր «աղիւսի ձեւաչափը», որը շռայլել է: Որքան իջնում է, այնքան գեղեցիկը յայտնաբերում է երկնքում՝
Ջութակի մէջ
Որպէս խփուած մի արագիլ
Ձմրան շեմին…
Նկարիչ է ամէն օր գեղեցիկի համար զոհաբերուող բանաստեղծը: Այդ նա է, որ «աստղերով նոտագրել է երկինքը» մեզ համար, իսկ իր բանաստեղծական անհաւասար տողաչափը «դանդաղ իջնում է ծառերի ուսերին»: Իսկ ուրիշ ժողովածուից մեզ քաջածանօթ «գիշերուայ փղոսկրէ ջութակը» «…յղի է Աստծոյ աղօթքով…», որտեղ «…ծառերը սեպագրեր են ապագայի մասին»:
Գեղեցի՞կ է, անշո՛ւշտ, խորհրդանշակա՞ն՝ դէ, ի հա՛րկէ:
Բայց հո մենք քաջ գիտենք, թէ ինչպէս է ծնւում գեղեցիկը:
Բանաստեղծութիւնը գեղեցիկի դիմագիծն է, որ ստանում ենք Յ. Հովէեանի իմացական սափորից: Ու մենք՝ միջնադարից ձգուող նրա ընթերցող-ուխտաւորներս, փայփայում ենք այն ու պատրաստ ենք կտակելու յաջորդող ընթերցողներին՝ իբրեւ մեր ժամանակի տուրքը:
Սուրէն ԴԱՆԻԷԼԵԱՆ
Ապրելու և ստեղծագործելու տասնամյակներ
Տարեդարձն այն առիթն է, երբ խոսում-արժևորում են մարդու կենսագրությունն ու գործը: Սակայն Հովիկ Հովեյանն այն բանաստեղծն է, ում մասին կարելի է խոսել՝ նաև անկախ այսպիսի առիթներից:
Գոնե Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի գործունեությանը ծանոթ մարդիկ կարող են վկայել, թե քանի այդպիսի գրական քննարկումներ են կազմակերպվել դասականի հարկի ներքո՝ Հովեյանի այս կամ այն ժողովածուի համատեքստում:
Եվ, այնուամենայնիվ, տուրք տալով գրողի՝ հերթական տասնամյակն ամփոփելու և հաջորդը թևակոխելու փաստին, նկատենք, որ կյանքի այդ ընթացքը լի է եղել հոգևոր բովանդակությամբ, մարդկային նկարագրի բազմազան դրսևորումներով, ոգևորվելու ու թևաթափվելու անհաշիվ դրվագներով:
Հովիկ Հովեյանը միֆի, անմեկնելիի, անիմանալիի խորհուրդներով տարված հորինող է: Իր ներաշխարհի որոնումներին հետամուտ` նա այսօրվա ապրումի սաղմերը շոշափում-երևան է հանում հնամենի պատմության խորաշերտերում, որոնց միջից երևակվում են հեռավոր ժամանակների՝ առարկայորեն հստակ պատկերները՝ մերօրյա տագնապների արձագանքներով:
Եվ այսօր մենք, հանրագումարի բերելով ապրելու և ստեղծագործելու տասնամյակները, շնորհավորում ենք Հովիկ Հովեյանին իր այսօրինակ գոյության առթիվ և մաղթում հետագա տասնամյակներում ևս մնալ հենց այսպիսին՝ ինքն իրեն նման, և պարգևել մեզ իր գրականության հետ շփվելու նորանոր բարեբախտություններ:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Հովիկ Հովեյանի նկատմամբ հատուկ ջերմություն եմ զգում իր բանաստեղծությունների, գրքերի շնորհիվ: Բանաստեղծի առջև խորդուբորդություններ շատ կան: Բայց բանաստեղծը թռչուն է, և եթե դիտավորյալ իր հիշողությունը չի զնդանում կամ թևերը չեն կապում, ապա կարողանում է անցնել վիհերի և գագաթների վրայով: Գոյություն ունի կենսական էներգիայի հետ առնչվելու մի քանի եղանակ: Կան այդ կենսական էներգիայի տեղը մատնանշող, կենսական էներգիան փոխանցող և այդ երկու գործողությունները միաժամանակ իրականացնող արվեստագետներ: Եվ ահա, երբ Հովիկ Հովեյանը իր «դաշտն» ու «մարգագետինը», իր «աշխարհն» է պատրաստում, ամենամեծ հաճույքով, ազգային տեսակի բոլոր լավագույն առանձնահատկություններով մատնանշում է կենսական էներգիայի տեղը: Եվ մենք հաճույքով հաղորդակցվում ենք այդ կենսական էներգիայի հետ:
Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ
Հովիկ Հովեյանի հայրենական զգացումները ներանձնական խոհերի վրա դաջվել են այնպես, ինչպես գիրը` ժայռի: Իբրև արեգակից այրվող երազուտներ, Հովեյանի որոշ չափով էքսպրեսիոնիստաբար հայրենականացված զգացումները մշտական այրումի, կյանքի ու անծուխ, լուսավոր կրակների մեջ են: Բանաստեղծը քաջ գիտե իր ժողովրդի հազարամյակներով անցած ճանապարհներին թողած կորուստների մասին: Նա երգում է այդ մասին՝ իր տողը հյուսելով ազգայինի ինքնատիպ ու անակնկալ գույներով:
Հովեյանն իր հինավուրց ժողովրդի ապրումի և այդ ժողովրդի բերած մշակութային հսկայական ժառանգության կրողն է:
Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ
Հովիկ Հովեյան. Ուրիշ պատկերավորություն, աշխարհի ընկալման տարբեր մի եղանակ: Այնպիսի մի թարմություն կա Հովիկ Հովեյանի բանաստեղծական պատկերներում, որ զարմանում ես:
Անգաղափարականության ու ապազգայնության թոհուբոհի մեջ ինձ համար առանձնապես գնահատելի է Հովեյանի «բանաստեղծական» գոյությունը: Նրա հայրենասիրությունը դրականորեն տարբերվում է այն ամենից, ինչ մինչև հիմա ստեղծվել է մեր գրականության մեջ: Սքանչելի, մոնումենտալ գործեր ունի: Բայց ինքը մոնումենտալիստ չէ: Ավելի շատ մանրանկարիչ է: Մեր մեջ, ահա, գործում է, զգում, բանաստեղծական իր երանգն ու գույնն է բերում, նաև իր ազդեցությունն է թողնում մի այնպիսի բանաստեղծ, ինչպիսին Հովեյանն է: Նրա գրքերը գալիս են ավելացնելու ոչ միայն հեղինակի վաստակը, այլև իրենց վաստակն են բերում մեր այսօրվա պոեզիային:
Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
Հովիկ Հովեյանի յուրաքանչյուր բանաստեղծություն մի պատկեր ու բնապատկեր է՝ զերծ անտեղի բարոյականությունից: Նրա համարյա բոլոր բանաստեղծություններում գեղեցկություններ կան սփռված: Պոեզիայի այս տեսակն, ինքնին, «մեծ ասելիք» է և ապրելու իրավունք ունի:
Բանաստեղծն իմ կարծիքով իր օրենքներով ապրող մոլորակ է: Հովեյանն իր մոլորակն ունի, որն ապրւմ է սեփական օրենքներով: Ճշմարիտ, բնատուր մի ստեղծագործող, որ երևում է իր գագաթներով, գաղտնարաններով, ձորերով: Մենք գործ ունենք իսկական բանաստեղծի հետ:
Վահագն ԴԱՎԹՅԱՆ
Հովիկ Հովեյանին գնահատում եմ այն բանի համար, որ հավատարմորեն շարունակում է մեր գրականության ազգային ավանդները: Ձևի և բովանդակության մեջ խզում չպետք է լինի: Չի կարելի ամերիկյան երկնաքերի վրա ձևված, կարված հագուստը բերել-հագցնել Կոտայքի կամ Ապարանի լեռներին: Չի կարելի շատ ոգևորվել անարմատ պոեզիայով:
Ի տարբերություն շատերի, Հովիկ Հովեյանը գալիս է Գողթան երգերից, հայ միջնադարյան պոեզիայից, Սուրբ Գրքից, ժողովրդական երգերից, «Սասունցի Դավիթ» էպոսից: Այս ամենը նրան արմատներ են տալիս, զորացնում: Հովեյանը ժամանակակից, իսկական բանաստեղծ է:
Գևորգ ԷՄԻՆ
Հովիկ Հովեյանը դիմագիծ ու անհատականություն ունեցող բանաստեղծ է: Մի կողմից խորհրդապաշտական, միստիկական հնչերանգները, մյուս կողմից բնապաշտական, ֆոլկլորային մոտիվներն են նրան այդ դիմագիծը տալիս: Խորապես արդիական է:
Լևոն ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Հովիկ Հովեյանի բանաստեղծությունները տանում եմ հետս Բուլղարիա, սնվում եմ նրանցով, երբեմն թարգմանում:
Ողջունում եմ իրեն, որովհետև իր բանաստեղծություններով մնում է զինվոր, Սասնո արմատներին միշտ հավատարիմ և անդավաճան: Ողջունում եմ, որովհետև միշտ արվեստի, պոեզիայի տարածքներում է: Իր հետ ընկերություն եմ անում, ինքն է ինձ պետք, որովհետև իմ սիրտն էլ մշտապես բանաստեղծության հերթապահ ու հավատարիմ զինվորի հետ է:
Սևադա ՍԵՎԱՆ
Հովիկ Հովեյանի անունն ինձ ոգևորություն է պատճառում: Քնարական էներգիա ունեցող մարդ է: Առայժմ երեք երգով ենք մեկս մյուսի մեջ թափանցել: Ես նրա աշխարհը լսում եմ իմ ներսում: Բացառիկ երաժշտական զգացողություն ունի:
Առհասարակ, գունեղ, խճանկարային մտավորական է, հրաշալի հրապարակախոս է, քաղաքացի: Մեր գոյության թելերն անցնում են իր էության միջով, մասնակիցն է մեր ընդհանուր կյանքի, որդի է ու արժանավոր զավակ: Այս վերջին շարքով իմ երգերի մեջ մի գաւյն էլ ավելացավ` Հովիկ Հովեյանի գույնը:
Ռոբերտ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ