ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է
շնորհավորանքին
Մեզանից լավերը
Երբ ես տեղեկացա, որ օրերս լրացել է Ժենյա Քալանթարյանի 80-ամյակը, հաճելիորեն զարմացա ու նաև ժպտացի՝ այդ ե՞րբ հասցրեց ինձ համահավասար այդքան տարիների միջով անցնել այն դեպքում, երբ նա ավելի քան կես դար իմ աչքի առաջ միշտ մնացել է նույն ու անփոփոխ գրավիչ անձը, նույն երիտասարդական ավյունով, նույն սիրով ու նվիրումով մտել լսարան, դասախոսել մասնագիտական կարևոր առարկաներ, ղեկավարել ասպիրանտներ, նախագահել աստիճանաշնորհող գիտխորհուրդներ, ամենաակտիվ ձևով մասնակցել ժամանակակից գրական կյանքի ընթացքին՝ միշտ մնալով ուսանողներին ու իր գործընկերներին սիրելի դասախոս, մանկավարժ, գիտնական, ցանկալի զրուցակից ու խորհրդատու:
Չէ՛, երևի թե ճիշտ չսկսեցի. շատ է լինում պաշտոնական:
Ճիշտը զեղվելն է, որոնելն ու գտնելը միմիայն նրան բնորոշ, և, ով գիտե, գուցե և միայն նրա համար ստեղծված բառեր, ասել, որ նրա բարությունն ու բարեհամբուրությունը հաստատ սուրբգրքային է, պայծառակերպության հասնող, նվիրումը՝ անմնացորդ, մարդկային, ու քաղաքացիական նկարագիրը՝ առինքնող…
Այնուամենայնիվ, կարծես թե դարձյալ չի ստացվում, ինչ-որ բառեր (բազում բառեր) նորից պակասում են, մի կողմ են մնում նրա տասնյակ գրքերը, հարյուրավոր գիտական հոդվածները, միջազգային գիտաժողովներում կարդացած զեկուցումները, գրախոսությունները, հենց «Գրական թերթում» և մամուլի այլ էջերում տպագրված բազում ուշագրավ հոդվածները:
Բայց կարծես թե ահա գտնվեց այն, ինչ ավելի խոր և պատկերավոր էի ուզում ասել: Ես այն գտա սփյուռքահայ մեր դասական հեղինակներից մեկի՝ Հակոբ Մնձուրու մի պատմվածքում, որը նա տպագրել է 1920 թ. Կ.Պոլսի «Ոստան» կիսամսյա պարբերականում: Պատմվածքը կրում է «Մենէ աղէկները» բնութագրական վերնագիրը, բնութագրական ոչ միայն Մնձուրու գրականության, այլև հենց իր՝ Ժենյա Քալանթարյանի կյանքի և նկարագրի առումով:
Հակոբ Մնձուրին զուտ պատահականության բերումով (25 «վայրկեան» ուշացավ երկիր գնացող շոգենավից) փրկվեց աղետից և չկիսեց համագյուղացիներին վիճակված ողբերգական ճակատագիրը, որին զոհ գնացին նաև իր կինը, 88-ամյա պապը, 55-ամյա մայրը, իր չորս երեխաները, որոնցից մեծը՝ 6 տարեկան, իսկ փոքրը 9 ամսական էր։ Մնձուրին իր ողջ կյանքի ընթացքում երազել է մի վայր, որտեղ տիրեր արդարությունն ու երջանկությունը, որտեղ մարդիկ ապրեին խաղաղության գրկում ու սիրելով սիրեին միմյանց։ Վերոնշյալ պատմվածքում Մնձուրին պատկերում է այդ վայրը, որը այսերկրային էր ու հեռու չէր իր ծննդավայր Արմտանից: Նա այդ վայրը կոչում է Հնձաններ, որի բնակիչները ապրում են հավասարությամբ ու արդարությամբ լեցուն ցանկալի մի հասարակությունում: Մարդիկ բարի են ու ազնիվ, սիրով ու հավատով են վերաբերվում միմյանց, ամենուր տիրում է համերաշխությունն ու առատությունը: Նրանք հագնված են Մնձուրու բառով՝ «ակնահմա», առատաձեռն են, հնչեցնում են պարի ու «թեւխաղի», «հարսնառ երթալու» եղանակներ և կարող են «ամէնքին դյութել»: Նրանց բոլորին Մնձուրին «մենէ աղէկներ» է անվանում, գորշ ու տաղտուկ առօրյայից վեր կանգնած ազնիվ մարդիկ։
Մնում է հարցնել. «Ամենքիս սիրելի Ժենյա Քալանթարյանը Մնձուրու պատկերած այդ համայնքի անդամներից մեկը չէ՞, «մենէ աղէկներէն» մեկը, և անմիջապես պատասխանել. «Այո՛, Մեկն է», ում շնորհավորում ենք նորից ու նորից և մաղթում ստեղծագործական նորանոր տարիներ։
Արծրուն ԱՎԱԳՅԱՆ
***
Ժենյա Քալանթարյան գրականագետին և ազնվական տիկնոջը ճանաչում եմ համալսարանում՝ ուսանողական տարիներից, երբ «Հայ քննադատական մտքի պատմություն» առարկան էր դասավանդում, և զարմանալիորեն ջահել կինը հանգիստ, խաղաղ կարողանում էր ներկայացնել առարկան այնպես, որ ուսանողները ուշի-ուշով հետևում էին և՛ նրա խոսքին, և՛ նրա հանդարտ կեցվածքին, և ամբողջ դարաշրջանի մեր մտքի պատմությունը դառնում էր սեփականություն մեզ համար: Տարիների ընթացքում կարդալով նրա հոդվածները, գրքերը՝ ես համոզվեցի, որ այն խաղաղ, հանդարտ կեցվածքը մտքի հզոր աշխատանքի արգասիքն է, և հետևելով՝ տեսա, որ այդ աշխատանքը ամբարում է իր մեջ ժամանակակից գրականագիտության լավագույն շերտերը, համաշխարհային ձեռքբերումները, նվաճումները: Յուրաքանչյուր հոդված, գրքերում տարբեր հոդվածների հավաքածու նշանավորում են մեր ժամանակակից գրականագիտության բարձր չափանիշները: Այդ առումով Ժենյա Քալանթարյանի գործը մեծ դրվատանքի, մեծ գնահատանքի է արժանի: Ե՛վ դասական, և՛ ժամանակակից գրականության վերլուծականները ասում են մի բան, որ Ժենյա Քալանթարյանի դիտողականությունը, վերլուծական հզոր միտքը այդ ամենը համադրում է համաշխարհային գրականագիտության, գրականության դաշտում: Եվ, այո՛, այն էջերը, այն դրվատելի գրականությունը, որ ստեղծվել է նրա գրչի տակ, ավելի հաստատուն է դառնում, ավելի ընկալելի է դառնում: Նրա խաղաղ, հանգիստ տոնայնությունը հաստատվում է մտքի խոր վերլուծական աշխատանքով, մեկնաբանություններով: Եվ բացառված են կենաց խոսքերը, բացառված են գովքերը, բացառվում են ածականները, որոնք կարող են գրողներին սիրելի լինել, բայց դա գրականագիտության դաշտը չէ: Այդ առումով բարձր եմ գնահատում իմ սիրելի դասախոսին, իմ սիրելի բարեկամին, շատ սիրելի գրականագետին և ցանկանում եմ, որ նրա այդ հանդարտ, խաղաղ, ներդաշնակ, բարձր էությունը երկար տարիներ լուսավորի մեր գրական աշխարհը և նաև իր հրաշալի ընտանիքի երկինքը:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
***
ԿԻՆ ԳՐԱԿԱՆԱԳԵՏԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԵՐՊԱՐԸ
Ժենյա Քալանթարյանը Երևանի պետական համալսարանի երևելի դեմքերից է, ժամանակակից հայ գրականագիտական մտքի առաջատարներից։ Նրա գիտահետազոտական բնագավառը հիմնականում 20-րդ դարի հայ գրականությունն է, պաշտելի հեղինակները՝ հանճարեղ Եղիշե Չարենցն ու Հրանտ Մաթևոսյանը։ Նա նաև առաջնակարգ գրաքննադատ է և իր տաղանդավոր գրաքննադատական հոդվածներով ուշագրավ ընթացք է տալիս ժամանակակից գրողներին։ 12-ից ավելի արժեքավոր գրքերի և բազում-բազմաքանակ հոդվածների հեղինակը հաճախ է հանդես եկել միջազգային ու հանրապետական գիտաժողովներում ու ՀԳՄ բազմաթիվ հավաքներում։ Դրա համար էլ բազմաթիվ պարգևների շարքում Հայաստանի կառավարությունը նրան արժանացրել է Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը։ Նրա գիտական գործի գնահատման ցուցիչն է նաև այն խոսուն փաստը, որ երկար տարիներ գլխավորում է ՀՀ ԲՈԿ-ի գրականագիտության գծով 012 մասնագիտական խորհուրդը, որը գործում է ԵՊՀ-ում։ Անձամբ նրա ղեկավարությամբ պաշտպանվել են պատկառելի քանակի թեկնածուական ատենախոսություններ։
Ժենյա Քալանթարյանի գիտական կյանքը կապված է եղել Հայաստանի մայր բուհի հետ, որտեղ երկար տարիներ ղեկավարել է գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնը՝ հմտությամբ շարունակելով իր մեծ ուսուցիչների՝ Էդվարդ Ջրբաշյանի և Հրանտ Թամրազյանի գործը։
Նա հիանալի ընտանիք ունի՝ մեկն այն քիչ ընտանիքներից, որը հիացմունք է առաջացնում իր միասնականությամբ և ազգային արժեք ունեցող որդիներով՝ Վահե և Վաչե Գաբրիելյաններով։ Նրանց հայրը՝ անվանի գրականագետ Վազգեն Գաբրիելյանը, անսահման նվիրված է իր ընտանիքին։ Սա այն ընտանիքն է, երբ բոլորը նայում են նույն ուղղությամբ։
Անհնար է մեր գրական կյանքն անջատ պատկերացնել Ժենյա Քալանթարյանից ու Վազգեն Գաբրիելյանից։ Ինձ թվում է, թե իրենց հումորով էլ նրանք ընդհանուր են։
Ես բախտ եմ ունեցել այդ օրինակելի զույգի հետ 8 օր լինել Լիբանանում՝ այցելել Բեյրութի ու Բաալբեկի հնավայրերը, մասնակցել գրական քննարկումներին։ Երանավետ օրեր էին, որը կազմակերպել էր երջանկահիշատակ Լևոն Անանյանը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի սրտաբաց հովանավորությամբ։
Համոզված եմ, որ սիրված գրականագետը մեզ կուրախացնի գիտական նոր նվաճումներով։
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
***
Ես արդեն Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 5-րդ կուրսում էի, արդեն նշանակել էին դիպլոմայինների ղեկավարներին, իմ ղեկավարը Ժենյա Քալանթարյանն էր, որ մեզ դաս էր տալու: Մտածեցի՝ 1-ին դասից հետո կմոտենամ:
Դասի ժամանակ նկատողություն ստացա խոսելու համար: Չմոտեցա, ամաչեցի, մտածեցի՝ մյուս դասից հետո կմոտենամ: Հաջորդ դասին դարձյալ նկատողություն ստացա խոսելու համար: Դարձյալ չմոտեցա, ամոթ էր: Հաջորդ դասին… հանգիստ ասաց. «Կանգնեք, մյուս դասին չգաք…»: Կանգնել եմ ու մտածում եմ՝ ի՛նչ խայտառակ բան ստացվեց: Շատ հանգիստ հարցրեց. «Ձեր ազգանունը»: «Լիլիթ… Արզումանյան»: Շատ տխուր նայեց ու. «Վա՜յ… ցավոք իմ դիպլոմնիկն եք…»: Իմ բնածին անհանգիստ բնավորությունն ու անկարգությունը որևէ հետք չթողեց, իմ ղեկավարի վերաբերմունքը հավասարակշռված էր ու բարյացակամ. գերազանց ստացա:
Հետո, տարիների ընթացքում, մեր ճանապարհները շատ խաչվեցին. նա մնաց նույնը:
Տիկի՛ն Ժենյա Քալանթարյան, Ձեզ շատ եմ սիրում, Ձեզ շատ-շատերն են սիրում:
Ձեր հանդեպ մեծ սերն ու հարգանքը Դուք վաստակել եք. վաստակել եք Ձեր մասնագիտական ձեռքբերումներով ու անսպառ եռանդով, Ձեր բացառիկ սկզբունքայնությամբ ու անաչառությամբ, Ձեր հանգիստ ու հավասարակշռված կերպարով:
Ու տա Աստված, որ շատերի համար Դուք օրինակ լինեք, որովհետև Ձեր նմանների կարիքը մեր հասարակությունը շատ ունի:
Սիրելի՛ Ժենյա Քալանթարյան, Ձեզ արևշատություն ու երկար տարիների կյանք:
Լիլիթ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ՈՒԹՍՈՒՆԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
Մարդու կյանքի ֆիզիկական տարիները թեև անկարևոր չեն, սակայն ավելի կարևոր ու առաջնակարգ են նրա հոգեղեն-հոգևոր ժամանակները, մանավանդ երբ խոսքը վերաբերում է ստեղծագործող, արարիչ մարդուն։ Այս երկրորդ դաշտում նա առավել արտահայտիչ է, հետաքրքիր ու գնահատելի։ Տխրությամբ եմ նկատել, որ կան երիտասարդներ, որոնք արդեն ծեր են, և տարեցներ, որոնք ապրում են, նայում, մտածում, հարաբերվում են աշխարհին երիտասարդական հոգեկերտվածքով։ Սա, իհարկե, քո ցանկությամբ պայմանավորված չէ, այլ այդպես պետք է ծնված ու կրթված լինես, ֆիզիկականից վեր ու տարբեր։ Այդպիսիք ընդհանրապես շատ չեն, սակայն, բարեբախտաբար, եղել են ու կան և մեր գրական ասպարեզում։ Այդ քչերից մեկը Ժենյա Քալանթարյանն է, ով այսօր որակավորում է հայ գրականագիտական խոսքն ու մտածողությունը։ Հետևաբար՝ այստեղ քիչը բնավ էլ քիչ չէ, այլ՝ շատ, և հարստացնում է մեզ։
Տիկին Ժենյայի ու իմ տասնամյակների հարաբերությունները, ինչպես և մի քանի ուրիշների, բացարձակապես գրական հիմք ու հիմնավորում ունեն, ես ինձ տեսա նաև նրա ստեղծագործության մեջ, արդյո՞ք նա էլ՝ իմ… Բայց սա կարևոր չէ, այլ էական է, որ գրականագիտության տիրույթում մենք որոշ հարցերում նայում ենք մեկ ուղղությամբ, խնդիրների պատասխաններ որոնելիս երբեմն, ոչ հաճախ, որ անբնական կլիներ, հասնում գրեթե նույն մտածական հանգրվանին։ Այս տողերը գրելիս ես զգուշանում եմ սխալ բառ և շեշտադրություն հնչեցնել, որովհետև գիտեմ, թե հարգելի տիկինը որքան զգայուն է հայերեն բառ ու շեշտի հանդեպ, որոնց անտեղի գործածությունը քեզ կարող է հեռացնել ճշմարտությունից։
Ինչո՞վ է ինձ հոգեհարազատ գրականագետ Ժենյա Քալանթարյանը.
– նրա խոսքի պատասխանատվությունը,
– շատերի դեպքում, որոնք ընդամենը շարժում են անում և ոչ գործողություն, քչերին մտերմանալու ձգտում,
– չոր փայտի բոցը և ոչ մխացող թաց փայտը, ինչին գրական հնոցում ավելի հաճախ կարելի է հանդիպել և մխից խեղդվել,
– գրական բարձր չափանիշներով ղեկավարվելը մեր այս անչափանիշ մթնոլորտում, որտեղ «հանճար» բառը դարձրել ենք մանրադրամ և լրջորեն բաժանում ենք բանջարներին,
– գիտական երկի խորքային վերլուծությունը նրան բնորոշ գեղարվեստականության նշաններով,
– քննադատություն անելիս նախ և առաջ ցույց տալ ստեղծագործության լուսավոր կողմերը, հետո միայն ստվերը, արատներն ու մութը՝ Բելինսկու մոտեցումն է, որին համախոհ եղավ և Պարույր Սևակը,
– բազում և բազմաբնույթ գրական զուգահեռներ,
– պատմական ավանդույթների հանդեպ սեր ու հարգանք, բայց ոչ ստրկամտություն։
(Այս առիթով, առանց որևէ մեկին առանձնացնելու, կուզենայի ասել նաև՝ գրականագիտությունը սովորաբար գնում է գեղարվեստական գրականության ետևից, պետք է վերջինս գոյություն ունենա, որ նա քայլ քայլի և մոտենա նրան։ Եթե չլիներ հին հունական գրական մշակույթը, հավերժական Արիստոտելը ինչպե՞ս կստեղծեր իր «Պոետիկան»: Կարծում եմ՝ չէր կարող։ Սակայն հին ու նոր պատմության լավագույն գրականագետները, քչերից քչեր, ետնապահ չեղան և երբեմն հայտնվեցին շարժման առջևում՝ կարևոր նպաստ բերելով իրենց մեծ եղբոր՝ գեղարվեստական գրականության զարգացմանը)։
Իմ անձնական գրադարանում են նաև Ժենյա Քալանթարյանի կազմած և մանրամասնորեն ծանոթագրած «Հայ գրական քննադատության քրեստոմատիա» գրքի երկու ստվարածավալ հատորները, որ նա իրականացրել է իր, ինչպես այժմ, երիտասարդ հոգևոր տարիներին։ Այս տևական ու դժվարին աշխատանքը գրական հայացքների մշակման, գիտելիքների ամբարման, հայոց լեզվի ու գրականության հանդեպ սիրո և պատկառանքի ծաղկման դպրոց եղավ նրա համար, որ այնուհետև լավագույնս դրսևորվեց հեղինակի բազմաթիվ մենագրություններում և հարյուրավոր հոդվածներում, որոնք մեր արդի գրականագիտության Քալանթարյանական էջեր են, արժեքավոր և անշփոթելի։
Նորայր ԱԴԱԼՅԱՆ