Եվրախրհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կոչ է արել Թուրքիայի նախագահ Էրդողանին հետ կանգնել բռնած ուղուց: «Ով փորձի քայքայել ազատ մամուլը, նա կսպանի ժողովրդավարությունը, և այս պահին Թուրքիայում կատարվողը ոչ միայն մտահոգիչ է, այլև անընդունելի»,- ասել նա: Ամերիկյան The Washington -ն էլ նշում է, որ «մի անձի պաշտամունքը հարվածում է Թուրքիայի ժողովրդավարության երազանքին: Նախագահ Էրդողանը լքել է ժողովրդավարությանը և կառուցում է մեկ անձի պաշտամունքի մշակույթ»: Ֆրանսիական Le Mond-ի կարծիքով՝ Էրդողանը գնալով ավելի է հեռացնում Թուրքիան Եվրոպայից ու եվրոպական արժեքներից: Թերթը նաև նշում է, որ վերջին շրջանում Թուրքիայում այնքան մարդ է ձերբակալվել, որ բանտերում տեղ ազատելու համար իշխանությունները շուրջ 38 հազար դատապարտյալի են ազատ արձակել: Ըստ թերթի՝ «Թուրք առաջնորդը սխալ հաշվարկ է անում: Այսպիսի ռեժիմը չի կարող երկրում միասնականություն ապահովել»: Սակայն Էրդողանի ականջները վաղուց խցանված են սթափ խոսքի և իրականության ազդակների համար: Կայսերապաշտական իր ցնորքներին հլու, նրա հաշվարկները բոլորովին այլ ուղեծրում են, ներանձնական այլ տրամաբանության շրջանակում: Այսօր Թուրքիայում կասկածի տակ է ամեն ինչ ու ամեն ոք, և մանավանդ եվրոպական արժեքները, որը թույլ է տալիս Էրդողանին հայտարարել, թե «Արևմուտքը Թուրքիայի համար ոչ մի լավ բան չի արել: Ի՞նչ պետք է Թուրքիան ակնկալի Արևմուտքից, եթե արդեն 53 տարի է, ինչ մեզ ստիպում են սպասել Եվրոպական միության պատերի տակ»: Միաժամանակ նա հավելել է, որ վերջին երեք տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ստիպել են Թուրքիային փոխել իր հայացքներն ու իր համար նոր ճանապարհ ընտրել: Էրդողանը մոռացել է երևի, որ իր երկրի արտահանման 50 տոկոսը ուղղվում է Եվրամիություն, իսկ Թուրքիայում ներդրումների 60 տոկոսը իրականացվում է Եվրամիությունից: Եվ եթե Էրդողանի քաղաքականության պատճառով Եվրամիությունը որոշի Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառել, որի հիշատակումը վերջերս կրկնապատկվել է, ապա, հավանաբար, Էրդողանը ստիպված կլինի իր նոր հայացքները ձևավորել ու իր նոր ճանապարհն անցնել նաև տնտեսական դժոխքի միջով: Առայժմ, սովորույթի ուժով, ապավինելով Արևմուտքի բարյացակամությանը, Էրդողանը հեղաշրջման փորձի անվան տակ փորձում է Թուրքիան վերաձևել իր ցնորքների հանգով, մերժելով և ոչնչացնելով այն ամենը, ինչը, ըստ նրա, կարող է խոչընդոտել այդ վերափոխմանը: Թուրք հայտնի գրող Օրհան Փամուքը, մեկնաբանելով Թուրքիայում տիրող ներկա իրավիճակը, այն համեմատել է իր «Ձյունը» վեպի իրադարձությունների հետ: «Ես վեպը գրել եմ 15 տարի առաջ, և խոսքն այնտեղ անհաջող պետական հեղաշրջման փորձի մասին էր: Իմ վեպում դա կատարվել էր երկրի հյուսիսարևելյան հատվածում` Կարս քաղաքում: Սակայն վերջին հեղաշրջման փորձն իրականացավ ոչ թե Կարսում, այլ կենտրոնական Թուրքիայում` Անկարայում և Ստամբուլում: Դա էլ հենց զարմանք է առաջացնում»,- ասել է հայտնի գրողն ու ավելացրել, որ իր վեպի հերոս Քան հայտնվել էր եվրոպական իդեալների և թուրքական իրողությունների միջև, որոնցից գլխավորը քաղաքական իսլամիզմի վերելքն էր: «Այն ժամանակ դա համարվում էր բազմաթիվ հնարավոր կանխատեսումներից ամենահամարձակը, սակայն անցած տարիների ընթացքում իսլամիստները փաստացի դուրս եկան քաղաքական հարթակ, ամրապնդեցին իրենց իշխանությունն ու սկսեցին ճնշել խոսքի ազատությունը»: Թերևս Էրդողանի նոր հայացքների զինանոցում գլխավորներից է երկրի իսլամացումը, որի ներկայության կողքին քաղաքակրթական շատ արժեքներ կորցնում են իրենց նշանակությունը: Այն տպավորությունն է, որ Էրդողանի բոլոր գործողությունները սերվում են ցնորքից և ավարտվում խելահեղությամբ: Վերջերս Ռիզե (պատմական Տայք) քաղաքի համալսարանում Էրդողանի ելույթը դժվար է որևէ խելամիտ տրամաբանության մեջ ներառել: Ըստ նրա, բացի Թուրքիայի 79 միլիոն բնակչությունից. «Միլիոնավոր եղբայրներ ունենք, որոնք ապրում են մեզ հետ աշխարհագրական կապ ունեցող տարածքներում: Մեր հետաքրքրությունների ոլորտում է Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Ղրիմը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Բոսնիան ու եղբայրական այլ շրջաններ: Երբ Թուրքիան կորցնի իր անկախությունը և կորցնի ապագան, այդ ժամանակ մենք կկորցնենք հետաքրքրությունն այդ տարածքների նկատմամբ: Շատ պատմաբաններ համարում են, որ Թուրքիայի սահմանների մեջ պետք է մտնեն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Քիրքուկը, Բաթումը, Սալոնիկը, Վառնան և Էգեյան ծովի կղզիները»: Իսկապես, մեկնաբանություններն ավելորդ են: Թուրք սյունակագիր Մեհվեշ Էվինը, անդրադառնալով Էրդողանի կողմից ավելի հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարություններին, դրանք անվանել է ագահություն և չտեսություն: Նրա համոզմամբ՝ Էրդողանին ամբողջ աշխարհն էլ տան, չի բավարարվի:
Կարդալ նաեւ․․․
Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ
Արցախցին ի՞նչ պայմանով կվերադառնա Արցախ Սեպտեմբերի 19-ից հետո արցախցու կյանքը…
ՍԱՀՄԱՆԱԶՐԿՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ ՀՈՐՋՈՐՋՎԱԾ / ՆԱՆԵ
Այս նյութը գրել էի «Սրբազան պայքար» շարժումից առաջ, բայց…
Թադևոս ՏՈՆՈՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ Այստեղ իմ ցեղի սերմերն են պահվում՝ Որպես վաստակի քրտնակաթիլներ,…