ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր
ԺԻՐԱՅՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ
80-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Հարգարժա՛ն Ժիրայր Դանիելյան.
Հայաստանի գրողների միության բոլոր անդամների անունից սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:
Անցած տասնամյակների Ձեր անբասիր կյանքն ու անխոնջ գործունեությունը հայ իրականության գրեթե բոլոր ասպարեզներում ամբողջացրել են Ձեր կերպարը՝ որպես անկաշառ հայրենասերի, լավատես մարդասերի, հայ գրականության, կրթության և մշակույթի զարգացմանը նախանձախնդիր գրող-մտավորականի: Անուրանալի է Ձեր վաստակը մասնավորապես հայ մատենագիտության, մամուլի պատմության, հրապարակագրության, բանասիրության ասպարեզներում: Ձեր հեղինակած «Լիբանանահայ տպագրութիւնը պատերազմի տարիներուն. 1975-1984» (1986), «Բանասիրութեան բաւիղներուն մէջ» (2011), «Մատենագիտութիւն ընդդէմ ցանկագրումի. «Լիբանանահայ գիրքը…» (2018) աշխատությունները, հիրավի, նշանակալից երևույթներ են նշված ոլորտներում:
Մեծ է Ձեր ներդրումը լիբանանահայ գրական մամուլի զարգացման, մասնավորապես «Շիրակ» (1956-1997) և «Կամար» (հիմն.՝ 2005) գրական-մշակութային հանդեսների խմբագրման գործում: Հանդեսներ, որոնցում ծավալուն տեղ է հատկացվել հայ ժողովրդի պատմությանը, Հայաստանում և Սփյուռքում հրատարակվող գրքերին, հայ արվեստին ընդհանրապես: Ձեր անկեղծ ու առինքնող խոսքով ու գրով, Լիբանանահայ գրողների համախմբումի կազմակերպչական արդյունավետ գործունեությամբ Դուք մեծապես նպաստել եք ինչպես հայ ժողովրդի դժվարին կյանքի ու ճակատագրի միջազգային ճանաչմանը, այնպես էլ Հայրենիք-Սփյուռք ազգային, գրական-մշակութային կապերի սերտացմանն ու ամրապնդմանը, ազգային նվիրական նպատակների իրականացմանը:
Կրելով ինչպես 70-ականի կեսերի լիբանանյան ողբերգական իրադարձությունների, այնպես էլ բոլորովին վերջերս բեյրության աղետալի պայթյունների անմիջական ցավալի հետևանքները՝ Դուք ոչ միայն կարողացել եք պահպանել Ձեր հոգու ամրությունն ու պայքարելու կամքը, այլև այդ ամենը փոխանցել մեր հայրենակիցներին:
Բազմակողմանի և բազմարդյուն Ձեր գործունեությունը նկատվել ու գնահատվել է լիբանանահայության, նաև Հայրենիքի գրական-մշակութային հանրության, պետական ու ակադեմիական շրջանակների կողմից. ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայապահպանման գործում ունեցած ավանդի համար, Դուք պարգևատրվել եք Մովսես Խորենացի մեդալով, իսկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան՝ հայագիտության ասպարեզում վաստակաշատ գործունեության համար, Ձեզ արժանացրել է ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչման:
Մեկ անգամ ևս շնորհավորելով նշանակալից հոբելյանի առթիվ՝ մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ՝ ի փառս մեսրոպաշունչ հայ գրականության ու մշակույթի հարստացման, մեր երկրի ու ժողովրդի հետագա զորգացման:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
Հայաստանի գրողների
միության նախագահ
Հայաստանի գրողների
միության վարչություն