ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրաքննադատ, թարգմանիչ, արձակագիր
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ԼՈՒՐԹ ԱՉՔԵՐՈՎ, ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ
ԹՈՒՂԹ ՈՒ ԳԻՐ ԱՐՎԱԾԸ
Ալեքսանդր Թոփչյան քննադատին, թարգմանչին, արձակագրին, դրամատուրգին, հրապարակախոսին, կինոգետին թուղթ ու գիր են արել` երկնային շնորհի սոսնձով կպչել և տեր ու ծառա դառնալ թուղթ ու գրին:
Ալիկը (մտերմիկ այսպես են նրան դիմում) մի սերնդի պատմություն է ու պատմիչ: Գարունականների դատապաշտպանը խիզախորեն նրանց բանաստեղծական նավը քշեց չկամ, չընդունող, չընկալող, աշխարհի ժամանակակից պոեզիայից հեռու ինքնակոչ կուռք-դատավորների փշատերև ջունգլիի միջով ու, երբ նրանց` բանաստեղծներին, դուրս բերեց բացատ, լքեց ու գնաց ի՜ր գրին` Կիրկե կղզի:
Գրեց Ռուբեն Սևակի կենսավեպը, Բանկ Օտոմանի գործողության իր տեսլականը և պատմվածքներ, էսսեներ, հուշեր, թարգմանություններ…
Ուր էլ ապրեց, ասենք` Փարիզում, սրտագիրը Երևանի ու Հայաստանի պատմության ու ներկայի խորապատկերի վրա էր: Գրչածայրը` ցավը և թերին ցուցանող:
Նա աշխարհի մարդ է նաև, ընտիր ճաշակ, արվեստական իմացություն հաստատող և հաղորդող, հայոց Իգդիր քաղաքից սերված ազնվական բնույթով:
Այս ճաշակի ու ոգու պահպանման համար դեռ կռիվ ունես տալու ճահճի գոլությունը չմոռացած մեր զլմ-ների ու մշակույթի ասպարեզում, իմ լուրթ աչքերով, բարձրահասակ, 80-ամյա, պատանու հայացքով ընկեր:
Շնորհավոր ծնունդդ:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ՆԱՄԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԻՆ`
ԾՆՆԴՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Բնության ձայնի հետ ներդաշնակ ապրելու գաղտնիքները հասկանալու մղումով տարված ամերիկացի գրող ու փիլիսոփա Հենրի Թորոն շատ խոսուն բնութագրումով է ներկայացրել տանն իր ունեցածը. «Իմ տան մեջ,- ասում է նա,- երեք սեղան կա: Մեկը` մենակ լինելուս, մյուսը` բարեկամներիս հետ, երրորդը` հանրության հետ լինելուս համար»: Չեմ կարող ասել, թե հետո, հատկապես, ինչպես, ինչ խոսքերով է նա ներկայացրել իր սեղաններից յուրաքանչյուրը, բայց այսօր ես դրանց խորհուրդներն ուզում եմ արժևորել` կապելով գրող, թարգմանիչ, գրաքննադատ և հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանի կյանքի ու գործունեության հետ` առիթն ունենալով նրա ծննդյան տարեդարձը:
Հարգարժա՛ն հոբելյար, անշուշտ, Քեզ ևս քաջ ծանոթ են այս սեղաններից յուրաքանչյուրը: Չեմ կարող ասել, թե Դու դրանցից ո՞ր մեկի շուրջն ես առավել սիրով անցկացրել Քո կյանքի ժամանակը, բայց մենության համար նախատեսվածն իր մեջ ողջ աշխարհ է պարունակել, որի ապացույցն էլ Քո հոգևոր զարգացման ու իմաստասիրական խոհերի` մեզ ծանոթ հարստությունն է:
Բարեկամների հետ լինելու համար նախատեսված Քո սեղանը մարդկային բարձրարժեք պահվածքներով մշտապես զարդարուն է եղել, որի շուրջը Քո կարևոր ու գեղեցիկ ներկայությամբ մշտապես լրացրել ես ազգի սերն ու արժանիքները գնահատողների, դրանք բարձր պահողների շարքերը:
Մտավոր ու ընթերցասեր հանրության համար նախատեսված Քո կյանքի սեղանն ավելի քան ծանրաբեռն է: Խոսուն են վկայություններն այն մասին, որ հրատարակել ես մոտ 80 թարգմանական գրքեր` գնահատելով ֆրանսագիր գրողների տաղանդը: Իսկ տաղանդ գնահատելը, ինչպես ասում են, ինքնըստինքյան տաղանդ է: Որպես դրամատուրգի, Քո պիեսները խաղացվել են ոչ միայն Հայաստանում, այլև Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կիպրոսի, Սիրիայի, Լիբանանի, Կանադայի, ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում` գերազանցապես Անահիտ Թոփչյանի շնորհիվ: Բազմաբնույթ հարցեր բարձրացնող Քո արձակը, այդ թվում և «Արտագերս», «Բանկ Օտոման», «Եվ անգամ մահից հետո» ու մի շարք այլ գրքեր ու հրապարակումներ պահանջված ու մեծ հետաքրքրությամբ են ընթերցվել: Մարդը պետք է վերանայի իր վարքը, պատկերացումները, ցանկությունները, այլապես չարիքի զոհն է: Ահա թե ինչի մասին է Քո հեղինակած «Չարիքի զավակները» գիրքը: Այն աշխարհի ու մարդու վերաբերյալ շատ հետաքրքիր ու բազմակողմանի վերհանումներով լի` պատմական կարևորագույն, շրջադարձային ժամանակաշրջանի մասին գրական, գեղարվեստական ու իմաստասիրական խոհերի մի հուշարձան է: Կարևորագույն հուշարձան, որի ճակատին ես կփորագրեի` «Ճանաչենք ու ձերբազատվենք չարիքի զավակներից»:
Քո կյանքի էջերի ու օրերի մեջ մնայուն արժեքներ են այս երեք սեղանները, որոնք սպասում են պտղաբեր նոր մտքերի ու խոհերի, արժանավոր նոր բարեկամների, բազմաժանր նոր գրքերի:
Իսկ ես շնորհակալ եմ իմ ժամանակից, որ Քեզնով մատուցել է ոչ միայն մշակույթ, այլև մարդ ու աշխարհ ճանաչելու գեղեցիկ հնարավորությունը: Ուստի ընդունիր շնորհավորանքս ու բարի մաղթանքներս ծննդյանդ առաքինաշնորհ օրվա կապակցությամբ:
Լավագույն մաղթանքներով`
Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ
ԸՆԴԱՄԵՆԸ ՈՒԹՍՈՒՆ…
Ալեքսանդր Թոփչյանի 80-ամյակը, անկեղծ ասած, անակնկալ էր ինձ համար: Ոչ միայն, որ այդ տարիքը ամենևին չի համապատասխանում նրա եռանդուն ու անդադրում, բազմազան ու բեղմնավոր գործունեությանը, այլև նկատի ունենալով, որ ի սկզբանե Ալեքսանդր Թոփչյանի անունը անխզելիորեն կապվել է 60-ականների սերնդի երիտասարդական կոչված պոեզիայի նոր հոսանքի հետ: Ըստ էության` նա դարձավ արդի համաշխարհային բանաստեղծության շունչը, սկզբունքները, գաղափարներն ու ոճերը բերող սերնդի ճանաչված քննադատը: Հանուն արդարության պետք է ասել, որ այդ սերնդի ու նրա քննադատի` շուրջ երկու տասնամյակ տևած գրապայքարը, ինչպես Պ. Սևակը կասեր` ոչ թե ավանդույթների, այլ սովորույթների դեմ, ի վերջո, պսակվեց հաջողությամբ նաև գրական առողջ ուժերի, մամուլի օրգանների որոշակի օժանդակության շնորհիվ, որոնց շնչառությունը, կարծում եմ, հիշյալ տարիներին իր թիկունքում զգում էր նաև քննադատ Ալեքսանդր Թոփչյանը (հիշենք «Ավանգարդում», «Գարունում», «Գրական թերթում» պարբերաբար ծավալվող բանավեճերն ու քննարկումները):
Որոշակի պատմական ժամանակի կողմից իրեն բաժին ընկած առաքելությունը Ալեքսանդր Թոփչյանին մղեց նաև գեղարվեստական թարգմանության բնագավառը, և նա` ժամանակ առ ժամանակ ապրելով ու գործելով Եվրոպայում, բարձր մակարդակով իրականացրեց ինչպես համաշխարհային գրականության նմուշների ավելի քան ութ տասնյակ գրքերի ու ժողովածուների (այդ թվում` 1999-ին հիմնած «Էմիլ Վերհարն» մատենաշարով բելգիացի ֆրանսագիր հեղինակների երկերի 20 հատորների) թարգմանությունը, կազմակերպեց, աշխատասիրեց և իրականացրեց հայրենի դասական ու ժամանակակից գրականության արժեքների (առանձին գործերի ու անթոլոգիաների) հրատարակությունը տարբեր լեզուներով (ֆրանսերեն, լատվիերեն, լեհերեն, գերմաներեն ևն): Սա, թերևս, այն դեպքն է, երբ կարող ենք կրկնել Երվանդ Օտյանի` ժամանակին Արշակ Չոպանյանին ուղղած գնահատանքի այն խոսքերը, թե «Անկեղծորեն կրնամ ըսել, որ մեր մէջէն ամէնէն օգտակար գործը դուն կ’ընես կոր արտասահմանի մէջ»: Բնականաբար, այդ է հաստատում նաև այն, որ միջազգային գրական կապերի զարգացմանը մատուցած ծառայությունների համար 2010 թ. Ալեքսանդր Թոփչյանը Ֆրանսիայում արժանացել է Արվեստների և գրականության սպայի շքանշանի: Այս ամենին ավելացրեք նաև տարիների աշխատակցությունը միութենական, Սփյուռքի, հանրապետական գրական մամուլում, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Հայպետհրատում, և պատկերն ավելի պարզ կդառնա:
Թերևս, այսքանն էլ բավական կլիներ գրական-մշակութային բնագավառում որևէ հեղինակի ծանրակշիռ վաստակը հավաստելու համար, բայց… Ալեքսանդր Թոփչյանը` լեռնագնացի նման, անընդհատ գրոհել և գրոհում է նոր գագաթներ: Խոսքը, իհարկե, գեղարվեստական արձակի ու դրամատուրգիայի մասին է` «Կիրկե կղզին»-ից (1996) մինչև Ռուբեն Սևակի կենսագրավեպը (2005), «Բանկ Օտոմանը» (2008), հայրենի և միջազգային մի շարք բեմերում խաղացված պիեսները: Միայն թե այս դեպքում` դրդապատճառը որոնելիս չենք կարող չդիմել ֆրանսիական փորձված մեթոդին` «Chercher la femme»… Քանզի գրողական ասպարեզ մուտք գործելուն (իր իսկ խոստովանությամբ) Ալեքսանդրին դրդել է կինը` նույնքան ճանաչված դերասանուհի և արձակագիր Անահիտ Թոփչյանը: Ճակատագրական այդ քայլն անելիս Անահիտ Թոփչյանը, հավանաբար, նկատի է ունեցել նաև իր` արձակագրուհու փորձը, ով, ըստ իս, իր գործերով մի նոր տեսանկյուն բերեց միասնական հայ գրականության համապատկերում` սփյուռքահայ կյանքը և անհատին ներկայացնելով Հայաստանից գնացած և այդ միջավայրում բնակված, այդ կյանքի լավն ու վատը տեսած գրողի (կնոջ) հայացքով:
Վերջապես, Ալեքսանդր Թոփչյանի մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ Թոփչյանների տոհմի ֆենոմենին: Էդվարդ Թոփչյանից մինչև Էդվարդ Թոփչյան կրտսեր, մինչև Ստեփան, Ալեքսանդր, Արամ Թոփչյաններ… Մի ամբողջ դար այս տոհմի արժանավոր ժառանգները պատվով առաջ են տանում գրականության, արվեստի, մշակույթի նվիրյալի իրենց առաքելությունը` անբասիր տքնանքով:
Ահա թե ինչու, շնորհավորելով Ալեքսանդր Թոփչյանին հոբելյանի առթիվ, ուզում եմ փաստել, որ ութսունի այս հանգրվանը, ըստ էության, դիտարկելի է որպես ընդամենը ութսուն, որ դեռ մեծ ճանապարհ ունի անցնելու:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉԵԱՆԻ «ՈՒԹՍՈՒՆԱՆԿԻՒՆ» ԳՐՈՅ ՍԵՂԱՆԸ
Հարուստ է Ալեքսանդր Թոփչեանի հետաքրքրութիւնների աշխարհը: Այն լցնում է ամենայն հայկականը եւ միեւնոյն ժամանակ հայկականի առջեւ բացում համաշխարհային գրական թոհուբոհը, մասնաւորապէս ֆրանսիական լայն դարպասների շնորհիւ, որոնք կրնկի վրայ ի ցոյց են դնում մեր շնչառութեան, մեր գրական անդուլ հեւքի նոր սահմանները:
Անցած երկարուձիգ տարիների մէջ նա հաստատել է իր կտրած բազմածալ ճանապարհի մեծութիւնը: Դժուար, աւելին` անհնար է այսօր մէկ բնութագրումով սպառել նրա գրական բազմաշնորհ գործունէութիւնը: Դեռ անցեալ դարի 60-ական թուականներից, իր ազգանուանը հաւատարիմ, «գնդակի պէս» գրամշակութային կեանք ներխուժած մարդու կենսագրութիւնն է սա, որ առաջին պահ կարող է շփոթի մատնել անգամ փորձառու, խստականոն «սահմանապահներին»:
Նա սկսեց իբրեւ գրաքննադատ` հասցնելով անառարկելի ուսուցչի եւ ինչ-որ տեղ կենսագրի իրաւունքով ձեւաւորման հուն բացել 60-ական թթ. աշխարհ մտած բանաստեղծական եւ քննադատական սերնդի համար: Այդ շրջանում նա առաջիններից էր, որ հեռահար ու թափանցող սուր նշդրակով չափում էր նորագոյն պոլսահայ բանաստեղծութիւնը (Զահրատ եւ Զ. Խրախունի), մարդու եւ միջավայրի բախումի երեւոյթը լիտուական բանաստեղծական բաւիղներում (Մարցինկեավիչուս եւ Մեժելայտիս) եւ հայ գրական զարգացումներում ու նրա ուշագրաւ արձագանգները: Նրա համար հարստացուցիչ երակ էր ֆրանսիական ժամանակակից արձակի յայտնութիւնը` Լառօշֆուկոյից մինչեւ Սարտր, մինչեւ Սագան, օտարագիրներ Քաչայից մինչեւ Բարոնեան, գիծ, որ ուղեկցում է Թոփչեանի առօրեան ու ամբողջացնում նրա սեւեռուն մտահորիզոնը: Բաւական է հպանցիկ նշել, որ իր տարիների կշռով միայն բարձրարուեստ թարգմանութիւններ ունի, որոնք ստեղծագործական ջիղն են զօրացրել իր մէջ, անպայմանօրէն երեւան բերել տասնամեակների մէջ թատերագրի ու արձակագրի արթնութիւնն ու մնայուն յետագիծը մեր նորագոյն գրականութեան մէջ («Արտագերս», «Այնտեղ», «Եւ անգամ մահից յետոյ», «Բանկ Օտոման»): Ունի սփիւռքահայ գրական մտածողութեան` երբեմնի մշուշոտ յատկութիւնների ընկալման հանդէպ շահագրգիռ վերաբերմունք, որը վեր է պարզ նախասիրութիւնից: Ո՞րն է իր մեծագոյն ծառայութիւնը. կազմել է այդ դժուար տրուող աշխարհի գրափիլիսոփայական քարտէսը, մեկնութեան աղերսները համաշխարհային գրական ընթացքներին: Ա. Թոփչեանը այդ աշխարհի մէջ կատարել է իր ուրուագծումները, տեսողական հատու աչքով ընթերցողին շատերի հարցում առաջինը կողմնորոշել դէպի շարժում, դէպի դասական բարձունքների ճամբան (Շահան Շահնուր, Վազգէն Շուշանեան, Նիկողոս Սարաֆեան), իսկ դասական շրջանից` Ռուբէն Սեւակ:
Մեր առջեւ գիտնական անհատն է, որը չի շտապել պարգեւների կամ կոչումների ետեւից ընկնել, սակայն իր վերընթաց ուղիներում կրել է ինքնութիւն կազմած սերնդի հաւաքական տարրերը: Երբեմն զարմանում ես, թէ ինչպէս է կարողացել իր մէջ ամբողջացնել հանրագիտակ ճանաչողութեան սերմերը, ինչպէս է հասցրել դեռ «Գարուն»ին աշխատակցելու, յախուռն մասնակցութեան շրջանից մինչեւ այսօր ընդլայնել բառի, խօսքի գեղարուեստական եւ գիտական սահմանները, ինչպէս է արուեստագէտի ու գիտնականի ներուժի բաշխումը տարել առանց գայթակղութեան զարտուղութիւնների` յընթացս աներեւոյթ, իսկ յաճախ նաեւ ընդվզումով փշրելով խորհրդային կանոնիկ պատուհանները:
Սա արդէն «զուարթ գիտութեան» այբուբենն է, որն իրեն միշտ երիտասարդ է պահել կեանքի ութսուն ոլորաններում: Ուրեմն` սրտանց ողջունենք «ապագայի ներկայութեամբ» ապրող ու ապրեցնող յոբելեանը եւ հաստատենք` իրենից սովորելու բան շատ ունենք:
Սուրէն ԴԱՆԻԷԼԵԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ. ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Ալեքսանդր Թոփչյանն այն հազվագյուտ մտավորականներից է, որի ներկայությունը ոչ միայն մեծ էներգիա է փոխանցում, այլև ստիպում է նստել գրասեղանի մոտ: Նրա սակավ զանգերը միշտ ինչ-որ նորի լրաբերներ են, նոր գրքի հրատարակության լուր, որ զարմանք ու հիացում են ներշնչում:
Ես չգիտեմ նույնիսկ, թե, այնուամենայնիվ, Թոփչյանի կերպարում որն է հիմնայինը և նախապատվելին` քննադա՞տը, գրո՞ղը, հրապարակախո՞սը, թարգմանի՞չը, թեև բոլորը Թոփչյանի ժառանգության մասն են կազմում: Թվում է` ժամանակը կուտակվել է մի ինչ-որ կետի վրա, և երեկվանից այսօրը մի ակնթարթ է, երբ խոսում էին երիտասարդ 60-ականների սերնդի և նրանց քննադատի մասին, իսկ այսօր այդ երիտասարդը` Թոփչյանը, ինչ-որ պատկառելի տարիքի և անցած ճանապարհի մասին է խոսում: Մինչդեռ, երբ վերլուծում ես քննադատի անցած ճանապարհը, տասնամյակներ անց հասկանում ես, որ նախորդ դարից այսկողմ, զուտ գրական իմաստով, Թոփչյանի «Բառի սահմանները» (1971) հոդվածը միակն է մեր գրականագիտության մեջ, որ կենդանի է, շնչում է ներկայով և ապագայով: Գուցե ճիշտ էր քննադատը, որ բառի սահմանները ճշտելուց հետո խոսում էր «ապագայի ներկայությամբ», որ Թոփչյանի հաջորդ գրքի վերնագիրն էր (1988): Թոփչյանն ինքն էլ է ասում. «Գրչի մարդու արարքները նրա բառերն են, էջերն ու գրքերը, որոնք եթե գրվում են մեծ մասամբ օրվա հրամայականով, ապա իրենց մեջ կրում են ապագայի առջև պատասխանատվությունը»: Ահա ինչու երեկը միշտ այսօրվա հայացքի մեջ է, այսօրը ապագայի խարիսխն է Թոփչյանի հայացքում: Ժամանակների միջև` ժամանակի զարկերակը զգացող, երկրի ընդերքի տատանումները վերերկրյա սահմանները տանող, խռովյալ, մերժված ու մերժող, բանավիճող կրքի հետ իր ճշմարտությանը, աշխարհայացքին հավատարիմ և, միաժամանակ, մտավորականի կիրթ (Արտեմ Հարությունյանը կասեր` ասպետական) վարքի տեր է միշտ «երիտասարդ Ալիկը», մեր գրականության Ալիկը, որի գեղարվեստական ժառանգությունը, հրապարակախոսական անթվելի հոդվածները (մանավանդ հետանկախական շրջանում), թարգմանության մեծ ծավալը դասական մտավորականի առաքելության մասին են խոսում: Բայց իր դասական «բարձունքում» էլ Թոփչյանը հավատարիմ է նորին, որն իմ հիշողության մեջ պատկերվել է դեռ նախորդ դարի 90-ականներին: «Կիրկե կղզին» վեպը հրատարակելուց հետո (1996) «Գարունի» համարներից մեկում հոդված էի հրապարակել վեպի մասին: Թոփչյանը ծանոթանալով, հավանաբար ինչ-որ գրական նշույլ էր տեսել հոդվածում և չէր զլացել այցելել նորաթուխ քննադատին իր սրտի խոսքը փոխանցելու (զարմանալի՜ պարկեշտություն մեր օրերում): Այդ օրվանից գուցե շարունակվում է այն չասված մտերմությունը, որ ներքին պահանջկոտություն ունի, ինչն Ա. Թոփչյանի պարագայում այլ կերպ հնարավոր էլ չէ: Եվ հիմա, երբ հրապարակի վրա է արդեն ութտասնամյա գրողի «Չարի զավակները» պատմվածքների գիրքը, որ, թերևս, հոբելյարի ինքնանվերն է, իսկ դրան նախորդում են «Եվ անգամ մահից հետո» (2005), «Բանկ Օտոման» (2008), այլ գրքեր և թարգմանություններ, Թոփչյանի աշխատասիրությամբ լույս տեսած Ռ. Սևակի, Վ. Շուշանյանի, Հր. Զարդարյանի, Զահրատի, Զ. Խրախունու գեղարվեստական առանձին գործերը և ընտրանիները, տարիների և տասնամյակների ծանրակշիռ վաստակն է Թոփչյանի, որ ներքին համակարգվածություն ունենալով հանդերձ, ապագայի վարագույրն է բացում նրա առաջ: Որովհետև Ա. Թոփչյանը` հավերժ երիտասարդ Ալիկը, արժանի է մեր գրականությանը, որ տրվել է իրեն ժառանգությամբ, երակներում հոսող արյան շրջանառությամբ, որի առաջաբանը գուցե գրվել է, բայց վերջաբանը գրելու համար դեռ տասնամյակներ ունի Թոփչյանը:
Սուրեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՆԱՀԱՊԵՏԻ ԱՇՈՒՆԸ. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ԱՇԽԱՐՀԸ
Դժվար է պատկերացնել հայ գրականությունն ու մշակույթն առանց մեր ժամանակների լավագույն գրականագետ ու հրապարակախոս, վիպասան ու թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի: Դժվար է նաև երևակայել, որ նա արդեն բոլորում է իր կյանքի 80-րդ աշունը:
Ալեքսանդր Թոփչյանի անվանն առաջին անգամ հանդիպել եմ «Գրական թերթի» էջերում` ուսանողական տարիներին: Հետագայում, Հայաստանի անկախացումից հետո, մենք ծանոթացանք, երբ ինքս սկսեցի թղթակցել «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը: Այդ ժամանակ նա նույնպես «Ազատությունում» հանդես էր գալիս մեկնաբանություններով: Այսօր կարոտով եմ հիշում մեր հեռախոսային խոսակցություններն ու Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին քննարկումները: Շատերի մոտ ձևավորված կարծրատիպ կա, թե գրականագետն ու գրողը չի կարող քաղաքականության մասին այնպես մեկնաբանել, ինչպես քաղաքագետները: Ալեքսանդր Թոփչյանն իր ելույթներով փշրեց այդ կարծրատիպը. նա միանգամից գրավեց ռադիոլսողների ուշադրությունը, դարձավ սիրված ձայն «Ազատության» ռուսական ծառայության եթերում: 1988-94 թթ. նա ակտիվորեն գրում էր նաև հայաստանյան, Սփյուռքի ու արտասահմանյան մամուլի համար, ընդ որում` թե՛ հայերեն ու ռուսերեն, և թե՛ ֆրանսերեն: Նրա հրապարակախոսությունն աչքի էր ընկնում յուրահատուկ ձեռագրով:
Որոշակի ժամանակ անց թե՛ ես, և թե՛ ինքը հայտնվեցինք արտերկրում: Մեր ջերմ բարեկամական հարաբերությունները շարունակվեցին Պրահա-Փարիզ հաճախակի հեռախոսային շփումներով: Անկասկած փարիզյան տարիներն արդյունավետ էին ոչ միայն Թոփչյան գրող-թարգմանչի, այլև ժամանակակից հայ գրականության համար: Չմոռանալով ֆրանսերեն գրականությունից կատարված նրա կատարյալ թարգմանությունները, պետք է հանուն ճշմարտության ասել, որ այդ ընթացքում նա նախևառաջ հարստացրեց իր գրականությունը:
Անցած տարիների ընթացքում բազմաթիվ գրքեր եմ ընթերցել, մի մասը չեմ էլ հասցրել մինչև վերջ կարդալ: Բայց Թոփչյան տաղանդավոր վիպասանի «Եվ անգամ մահից հետո» 600 էջանոց վեպը կարդացել եմ մեկ շնչով, երկու օրում: Մոգական լեզվով և ազդեցիկ սյուժետային հենքով գրված վեպը իրավամբ կարելի է համարել ժամանակակից հայ գրականության գոհարներից մեկը: Ցավալին այն է, որ թեև պետական մակարդակով արժանացավ բարձր գնահատականի, սակայն համընդհանուր տարածում չստացավ: Այնինչ պետք է դպրոցական պարտադիր ընթերցման դասագիրք դառնար, նաև հոլիվուդյան մակարդակի ֆիլմի սցենար կարող էր ծառայել: Հետագայում ծնվեցին նոր գործեր` «Բանկ Օտոմանը», պատմվածքները, սակայն եթե նա միայն Ռուբեն Սևակին նվիրված այդ վեպը գրեր, միևնույն է, պետք է դասվեր հայ դասականների շարքը, առանց որևէ չափազանցության:
Մեր ժամանակների հայ մտավորականության բացառիկ դեմքերից մեկն է Ալեքսանդր Թոփչյանը: Նրա գրական լեզուն, վերլուծական ճկուն միտքը, բարձրաճաշակ մոտեցումը արվեստի ու գրականության ամենատարբեր հարցերին, խորքային գիտելիքները, հանրագիտարանային հիշողությունը և հայ ազգային մտքի շարունակական արծարծումը միայն խորը հարգանքի և ակնածանքի են արժանի:
Անուրանալի է նրա ներդրումը 1970-ականներին «Հայֆիլմ» կինոստուդիայում` իբրև գլխավոր խմբագրի (հայկական լավագույն ֆիլմերը նկարահանվել են այդ տարիներին), «Գարուն» ամսագրում` նրա ներդրումը երիտասարդ տաղանդավոր բանաստեղծների մի ողջ համաստեղության բացահայտման գործում:
Սարդարապատի ճակատամարտի հերոս Ստեփան Թոփչյանի թոռը, Հայաստանի գրողների միության երկարատև նախագահ, ՀԽՍՀ Գերագույն խորհդրի նախագահ Էդուարդ Թոփչյանի որդին` Ալեքսանդր Թոփչյանն իրավամբ շարունակեց իր ծնողների գործը, դարձավ իր երկրին ու ժողովրդին, նրա մշակույթին նվիրված մշակ, ով ուր էլ գնաց, ինչ գործ էլ նախաձեռնեց, միայն հարստացրեց հայկական աշխարհը, միաժամանակ ստեղծելով իր` թոփչյանական բացառիկ աշխարհը:
Ցանկությունս է, որ այդ աշխարհը երկար տարիներ մնա հրաշքների կածանում և մեզ հպարտանալու նոր առիթներ պարգևի:
Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ
«ՕՐԵՐ» եվրոպական անկախ ամսագրի
գլխավոր խմբագիր
Պրահա
ԱՒԵԼԻ ՔԱՆ ԿԷՍԴԱՐԵԱՅ ՆԵՐԿԱՅՈՒԹԻՒՆ
Ինչպէ՞ս խտացնել, քիչ բառերով եւ տրամադրելի սիւնակի մը սահմաններով, Ալեքսանդր Թոփչեանի աւելի քան կէսդարեայ լիաժամ ներկայութիւնը` հայ գրականութեան, հոգեմտաւոր կեանքի հերկերուն մէջ: Գրադատութենէ` ընդհանրացում դէպի գրապատմական տեսութիւն, հայրենի գրական հերկերէ` ընդլայնում դէպի Սփիւռք, դէպի արեւմտահայերէն լեզուաճիւղի արժէքաւոր դէմքեր եւ գործեր, միանգամայն խոր ու նորոգ ընկալչութեամբ մը` հանդէպ այնտեղ դիտուող երեւոյթներու եւ դրուող էական խնդիրներու. ապա եւ` բացուածք սեփական լեզուէ – գրականութենէ դէպի այլ գրականութիւններ – կամրջում` երկու ուղղութիւններով, թարգմանական վաստակ` արտասովոր բեղմնաւորութեամբ: Իսկ, յատկապէս վերջին երեսնամեակին, մշակումը գրական-ստեղծագործական սեփական արձակի մը` պատումային թէ թատերգական, այնքան երիտասարդ, խիտ ու կորովի…:
Բոլոր այս ոլորտներուն` Ալեքսանդր Թոփչեանի մասնակցութիւնը սկիզբէն իսկ բնորոշուեր է սեփական կնիքով` համադրականի նոյն ձգտումով, միանգամայն բովանդակալի ու հեռանկարային:
Հայրենի 60-70-ականներու բանաստեղծութեան, ապա եւ նոյն տասնամեակներու պատումային արձակի զոյգ սերունդներուն` երիտասարդ գրաքննադատին բերած գնահատումները, նախ` գրական մամուլի էջերէն, ապա հատորներով, ունեցեր են` արժեւորումէ անդին` ուղենշային տարողութիւն: Լայն ընկալումով, համապարփակ տեսողութեամբ, ան եղեր է դրական` առանց զիջողականութեան, յատկապէս նոր պոեզիայի «կոյս-անտառին» մէջ ձգտելով ջոկել վաւերականն ու էպիգոնը, միւս կողմէ` ունկնդիր` խորհրդային գրաքննադատութեան լուսանցային, առաջադէմ ձգտումներուն` նորարարելով, թելադրելով կարեւորել հարազատը, խորքայինը – «ներքին կառուցումը […] նոր թեմայի»…:
«Բացուածքի», ընդգրկողութեան գիծերը Թոփչեանի մօտ էական արտայայտութիւն են գտեր միջ-մշակութային, միջ-լեզուական գրական գործունէութեամբ` թարգմանութիւններով: Իր թարգմանական վաստակը ծաւալով եւ որակով հազուադէպ երեւոյթ է մեր մշակութային իրականութեան մէջ: Իր իսկ երկերը, արդէն, գրաքննադատականէն ու գրապատմականէն մինչեւ սեփական ստեղծագործական լեզուն, լեզուամտածողութիւնը, ներծծուած են եղեր արդի մարդու մտաւոր աշխարհի բնորոշ էական մի քանի գիծերով, վերածուած` գրական-մշակութային ուրոյն ոլորտի:
Թոփչեան սեւեռման նիւթ է դարձուցեր նաեւ արեւմտահայախօս Սփիւռքի արժէքաւոր վաստակներ, իրեն ժամանակակից թէ նախորդ սերունդի: Ձեռնհասօրէն ուղղորդելով արդէն տասնամեակէ մը ի վեր դէպի Սփիւռք բացուած լուսարձակ մը, կատարելագործելով, ընդլայնելով նախընթաց ճիգերը իրեն հարազատ Եդուարդ Թոփչեանի մը (կամ այլ խորհրդային գրադատ-գրապատմաբաններու, յաճախ նուազ շնորհալի),- ան գիտցեր է հայրենի ափ հասցնել Նիկողոս Սարաֆեաններ, Վազգէն Շուշանեաններ, աւելի նորերէն` Զարեհ Խրախունիներ, միշտ հետամուտ վաստակի ինքնուրոյնութեան ու միանգամայն հաւատարմութեան` հաւաքական ինքնութեան մը: Աւելին` ան յաջողեր է, նոյնալիք կանչերով, կամրջել հայրենի երիտասարդ մտածողութիւնը Սփիւռքի տարածքին ծլող սերնդակից առաջապահ տարրերու ոլորտի մը` դարձեալ յանուն հաւաքական ինքնութեան մը նորստեղծումին- ընդդէմ այնտեղ տիրող լճացման, հայապահպանումի «գաղափարախօսութեամբ» դրսեւորուող:
Վերջին տասնամեակներուն, Ալեքսանդր Թոփչեան մշակեց ստեղծագործ արձակ մը – վէպ, վիպակ, թատերգութիւն: Այստեղ կարելի չէ, թէկուզ հպանցիկ, անդրադառնալ այս մարզին: Կ’արժէ սակայն անպայման շեշտել, որ այդ գործերը, որ ընդհանուր բնորոշումով մը կրնանք բնորոշել որպէս գաղափարակիր գործեր, կը վերահաստատեն Թոփչեանի արդէն ծանօթ էական ընտրանքները, կը մնան սերտօրէն կապուած` նոյն գաղափարական աշխարհին, որ ստեղծուած էր այլաբնոյթ իր գործերուն շուրջ. արդէն մարդկային իր տեսակին համար` չէր կրնար տարբեր ըլալ…:
Այսպէս, ամենաուշագրաւ վիպումներն ու թատերական գործերը, մէկ կողմէ, կը յայտնաբերեն բացուածքի, ընկալչութեան ատակութիւն, նիւթերու երիտասարդացման անվիճելի շնորհ, ապա եւ, ու մանաւանդ` հոգեմտաւոր խոր պարկեշտութիւն («Եւ անգամ մահից յետոյ», «Բանկ Օտոման» – արեւմտահայութեան պայքարներն ու տառապանքը), միւս կողմէ նշելով քաղաքացիական գիտակցութեան բարձր որակ («Կիրկէ կղզին» եւ այլք – հայրենի նորանկախ պետութեան մէջ ստեղծուած համակարգային աղէտը` անոր ղեկավարութեան կոչուած տարրերու ձեռքով):
Զոյգ այս թեմաները, ու յատկապէս` վերջինը, կը վերարծարծեն բուռն ձգտումը` «քաղաքացիական» յանձնառու կեցուածքի: Թոփչեան Էվրիլոքն է, որ «մտածում [էր] այն մարդու մասին, որը լեռան բարձունքներից առաջինը պիտի ոտք դնի այդ աւեր անապատը եւ փորձի նորից բարութեան ծիլեր աճեցնել մարդկային անշտկելի արատների պարարտ ու քարացած հողի վրայ»: Միանգամայն ձգտում պայքարելու չարիքին դէմ, հեռու` ամէն տեսակի կրաւորականութենէ: Մարդը աշխարհի վրայ ունի կոչումը բարին արարելու, բայց եւ չարը պատժելու, առանց ապաւինելու աստուածային արդարահատուցման, կոչումը` հանդիսանալու «ե՛ւ Մարդ, ե՛ւ Աստուած»:
Կա՞յ կարիք աւելցնելու, թէ գրական այս գործերը, թէեւ բնորոշելի որպէս գաղափարակիր, չեն բնաւ անկենդան սխեմաներ` գաղափարներու վրայ հագցուած հագուստներ: Պատումի կենդանութիւնը, տիալոկներու բնականութիւնը, եւ առհասարակ գրողական ընտրանքներու շարժունութիւնն ու պրկութիւնը, ապա եւ այս բոլորի ներքեւ առկայ հոգեբանական-մարդաբանական հմտութիւնը,- կ’ապահովեն գործերու «գրական» բնոյթն ու որակը:
Ութսունամեակի սեմին, այս վաստակը, արդէն պատկառելի, բայց միշտ երիտասարդ` ոգիով, Ալեքսանդր Թոփչեանի հոգեմտաւոր հարազատներուն կ’արտօնէ ակնկալիքը նորանոր ստեղծագործութիւններու:
Հարութիւն ՔԻՒՐՔՉԵԱՆ
Աթենք
ԲԱԶՄԱՏԱՂԱՆԴ ԳՐՈՂԻՆ ՈՒԹՍՈՒՆԱՄԵԱԿԸ
Բացառիկ երեւոյթ է որ յայտնի ընտանիքի մը անդամներու քանի մը սերունդ օժտուած ըլլան ստեղծագործական նոյն տաղանդով, ինչպիսին է Թոփչեաններու արուեստագէտ գերդաստանը, սկսած գրողներու միութեան նախագահ Էտվարտ Թոփչեանէն:
Արդ, մեծ ուրախութեամբ ու խայտանքով կ’ողջունենք մեր սիրելի գրչեղբօր` Թոփչեանական տաղանդով օժտուած Ալեքսանդրին ծննդեան ութսունամեակը: Ի դէպ, հոբելեար մեր ընկերը երիտասարդի թափով ու խանդավառութեամբ կը շարունակէ ստեղծագործել իր գլուխ գործոցները ու իր խանդով վարակել իր շրջապատը:
Մեր բոլորին սիրելի Ալիքը, իր արձակագրի ձիրքին կը միացնէ նաեւ խորաթափանց գրական քննադատի կոչումը:
Թոփչեան տաղանդաւոր եղբայրներուն Ալիքին ու յայտնի գրականագէտ անոր եղբօրը` Ստեփանին հետ մեր ծանօթութիւնը կ’երկարի կ’երթայ այն թուականը երբ անոնք ձեռնարկեցին` «Սփիւռքահայ գրականութիւն» ընտիր հատորին հրատարակմանը, բան որ զարմանքի մատնեց սփիւռքահայ գրական շրջանակները: Ութսունական թուականներուն, Ստեփանի գլխաւորութեամբ, երկարատեւ պայքարներու գնով անոնք նախաձեռնեցին «Սփիւռքահայ գրողներու» շարքին: Առաջին հատորը լոյս տեսաւ 1985-ին «Սովետական Գրող» Հրատարակչատունէն: Սակայն հազիւ լոյս աշխարհ եկած, ի ցաւ հայրենի ու մասնաւորապէս սփիւռքահայ գրասէրներուն, ինչպէս նաեւ շատ մը ազնիւ գրողներուն, հրապարակէն հաւաքուեցաւ տարեգիրքը, ուրտեղ դրուած էին սփիւռքեան զանազան գաղութներէն հետեւեալ գրողներուն գործերը: Իգնա Սարըասլան, Թուրքիա: Վարանդ, Պարսկաստան: Հիլտա Գալֆայան, Ֆրանսա: Զորայր Միրզոյան, Պարսկաստան: Եւ Պօղոս Գուբելեան, ԱՄՆ:
Սակայն խանդավառութիւնը երկար չտեւեց ու դժբախտ ճակատագրի արժանացաւ Սովետի սփիւռքահայ լծակներու մեքենայութեանց պատճառով: Ու հրապարակէն անյայտացաւ այլապէս արժեգաւոր այդ հրատարակութիւնը:
Արդեօք անոնք իրենց հրատարակած տարեգրքին սուղ էջերը թուրք հեղինակներուն յատկացուցին… թէ անարժան, անարիւն հայ գրողներուն: Ոչ՛, հազար անգամ ո՛չ: Սփիւռքէն ղրկուած զրպարտագիր մը` թէ դաշնակցական հակումներով կարգ մը գրողներ սպրդած էին Թոփչեաններու հրատարակած տարեգիրքէն ներս: …անոնց այդ զանցառումը պատճառ դարձաւ որ կասեցուէր Սփիւռքահայ գրականութեան նուիրուած, սովետահայ քարացած մտքերը յեղաշրջելու կոչուած այս շատ կարեւոր շարքը: Իրենք զիրենք «հայաստանասէր, յառաջդիմակա՛ն գրող» համարող սողուններ, այդ օրերուն կատարեցին իրենց վստահուած ստորին պարտականութիւնը… եւ վե՛րջ: Յաճախ ես ինծի հարց կու տամ թէ Թոփչեաններու նման տաղանդաւոր անհատներ արդեօք հայրենիք պիտի չմնային ու պետական պաշտօններ վարէին: Սակայն հակառակ այդ իրողութեան, անոնք կը շարունակեն իրենց հուժկու ներդրումը ունենալ ծանօթացնելով հայութեան երկու հատուածներու գրականութիւնն ու գրողները, իրենց ստանձնած դժուարին առաքելութեան ճամբով, ամուր կամուրջ հանդիսանալով:
Եղածը եղաւ, սակայն այդ ժողովածուն պատճառ դարձաւ որ լայնախոհ ու իրաւ հայրենասէր Թոփչեան եղբայրներուն հետ բարեկամական կապեր հաստատուէին: 1992ին առաջին անգամ Ստեփանին, Ալեքսանդրին ու անոր հանրածանօթ դերասանուհի տիկնոջ` Անահիտին հանդիպեցայ Երեւան, ուրկէ մանչուս հետ կը պատրաստուէինք Ղարաբաղ անցնիլ…:
Ջեռուցիչի, ելեքտրական հոսանքի եւ հոսող ջուրի չգոյութեան, պանդոկները փակ էին, ու մենք բարեկամի մը դատարկ տունը իջեւանեցանք: Սննդեղէն ճարելու սուր հարց ունեցանք ինչպէս ոեւէ տեղացի: Օր մը ձիւնապատ, սառած փողոցի մը վրայ, մանչուս հետ հերթի կայնած էինք վասն յանապազօրեայ հացի, երբ անցորդ մը ամերիկացի քաղաքացիներուս «խեղճացած» վիճակը տեսնելով, սկսաւ հռհռալով բարձրաձայն խնդալ: Ստեփանն էր… մեզ ալ վարակեց անոր խնդուքը: Հայաստան, Թոփչեաններու կողքին, Տէր Գուլանեանն ու ղափանցի Դերենիկը մօտիկէն զբաղուեցան մեր կեցութեամբ եւ իբրեւ այդ խաւար օրերուն Երեւան ժամանած հազուագիւտ հիւր գրողներէն մին, զիս պետական հեռուստակայան հրաւիրեցին ու առիթ ստեղծեցին որ երկու անգամ գրողներու միութեան սրահը ելոյթները ունենամ:
Յետոյ արդէն Ալեքսանդրը Փարիզ հաստատուեցաւ, իսկ Ստեփանը օր մը անակնկալօրէն Քալիֆորնիայի մեր ափերը յայտնուեցաւ: Գրականագէտ երկու եղբայրներն ալ արտասահմանի մէջ շարունակեցին գրական-քննադատական եւ վիպագրական իրենց աշխատանքը: Սակայն 1996 թուականին, Ալեքսանդրը, հայ գրական աշխարհը զարմանքի մատնեց «Կիրկէ Կղզին» անտի-ութոփեայի ոճով գրուած իր վէպով, բան մը որ գրական շրջանակները ուժգին ցնցեց, յատկապէս երբ այդ երկը, սկիզբը` «Գարուն» ամսագրի մէջ լոյս տեսաւ, ապա` 1996ին գրքով, զարմանքի մատնելով նոյնիսկ ամենէն լաւատեսները:
Ալեքսանդր Թոփչեան յաջողած է Եղեռնի ժամանակաշրջանը կենդանացնել, դրական եւ բացասական կերպարները շարժման մէջ դնելով: Անոնք դէպի իրենց ճակատագիրը կ’ուղղուին գալիքի կատարեալ գիտակցութեամբ: Շեշտուած զուգահեռ մը գծած է հեղինակը Վարդանանց Հերոսամարտի եւ այդ երկու հարիւրէ աւելի արեւմտահայ աքսորեալ մտաւորականներու փաղանգին միջեւ:
Իսկ Ալեքսանդրին գեղեցիկ արեւելահայերէնը, անոր անկաշկանդ պատումը, անբռնազբօսիկ սահուն ոճը, անոր լայն գիտելիքները քեզ կը կապեն ընթերցման, արհամարհել տալով ընթրիքդ, թելեվիզիոնի վրայ ցուցադրուող սիրած յայտագիրդ ու յաջորդ օրուան վճարելիք մուրհակները…
Ինծի համար օրհնութիւն եղաւ Թոփչեաններու հետ ծանօթացումս: Անոնք ամէն առիթով ցոյց կուտան իրենց եղբայրական զգացումը եւ կառչած ու հաւատարիմ կը մնան եղբայրական իրենց զգացումներուն:
Կեանքիս մէջ շատ մը կարծեցեալ բարեկամներ ունեցէր եմ որոնք հազիւ կռնակս դարձուցած, հազիւ դժուարութեան ու տագնապի մատնուած, շոգիացէր ու յաւէտ անհետացէր են: Հպարտ եմ ըսելու թէ Թոփչեանները այդ դասակարգի մէջ չեն մտներ: Կը շնորհաւորեմ սիրելի գրչեղբօրս ութսունամեակը գրական նորանոր յաջողութիւններ մաղթելով անոր եւ իր արուեստագէտ ազնիւ տիկնոջը:
Պօղոս ԳՈՒԲԵԼԵԱՆ
Կլենտէյլ, 8-26-2019