Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում նշվեց Հովսեփյանական պոեզիայի օրը: 1997 թվականից ի վեր, գեղեցիկ այս առիթը Հեշտիա է բերում շրջանի ղեկավարներին, բանաստեղծի ընկերներին, բարեկամներին, բազմաթիվ հյուրերի՝ Թբիլիսիից, Երևանից: Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում միասնական աղոթք բարձրացվեց: Այնուհետև ներկաները այցելեցին բանաստեղծի տուն-թանգարան, որտեղ հյուրերին դիմավորեցին բանաստեղծի կինը՝ Թերեզան, որդին՝ Մյունխենի նեյրովիրաբուժական և կենսաբանական հետազոտությունների համալսարանի պրոֆեսոր Սահակ Հովսեփյանը: Բանաստեղծի դուստրը՝ Գիսանեն, պատմեց Կարսից Կարին և Կարինից Ջավախք հասած Հովակիմի Հովսեփի սիրո մասին, որը, փաստորեն, Հովսեփյան տոհմի հիմնադրման պատմությունն է: Նա խոսեց Վիկտոր Հովսեփյան բանաստեղծի գրական ժառանգության, անտիպի տպագրման աշխատանքների, մասնավորապես, «Նանե՛, նանե՛, կրա՛կ տուր ինձ» մանկական ժողովածուի մասին: Սրահներից մեկում հյուրերի ուշադրությանն էին ներկայացվել բանաստեղծի. նկարների գծագիր բնօրինակներ, գրաֆիկական աշխատանքներ, նամակներ, ներկայացվել էր Հովակիմի Հովսեփի ձեռագիր ծաղկումներով Նարեկ-մատյանը, բանաստեղծի տատի՝ Խազոյի աղոթագիրքը, որի կողերին Խազոյի ու թոռան մատնահետքերն են մնում այսօր էլ: Մեկ այլ բաժնում վրաց դասական Տերենտի Գրանելու բանաստեղծությունների հայերեն, հովսեփյանական թարգմանության նկարազարդումներով բնագրերն էին, Գրանելու հայերեն ժողովածուի համար գրված բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարի առաջնորդող խոսքը, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի տողացիները… Բաժիններից մեկում ներկայացված էր Կարնո մեծ գաղթի մասին պատմող «Կորուսյալ Եդեմ, կամ որտեղից է սկսվում Արաքսը» վեպի բնագիրը:
Թանգարանից հետո ներկաները այցելեցին Հովսեփյանների տոհմական Եռակնյայի Սուրբ Գևորգ սրբավայր, ծաղիկներ խոնարհեցին իր նախնիների կողքին հանգչող Վիկտոր Հովսեփյանի շիրմին: Քահանա Հայրերի կողմից կատարվեց հոգեհանգստի կարգ: Գյուղի՝ Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում բանաստեղծի կրտսեր դուստրը՝ դպրոցի տնօրեն Բեռնիկ Հովսեփյանը, ներկայացրեց Վիկտոր Հովսեփյանին նվիրված անկյունը: Աշակերտները ասմունքեցին և երգեցին բանաստեղծի մանկական ստեղծագործություններից: Կեսօրին արդեն մարդաշատ էր Հեշտիայի ակումբը: Օրվա առիթով Հեշտիայում էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանների վարչության, կրթական, մշակութային, հասարակական կառույցների աշխատակիցներ, հյուրեր Թբիլիսիից, Երևանից: Ներկաներին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնության խոսքը փոխանցեց Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Ելույթ ունեցան ՎԳՄ «Վերնատուն» միության նախագահ, բանաստեղծ Ժորա Սնխչյանը, բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Նորայր Ղազարյանը (Երևան, ՀՀ), Արարատի շրջանի Զորակ գյուղի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրեն Տիգրան Բաբախանյանը: Համերգային ծրագրով հանդես եկան Նինոծմինդայի մշակույթի տան երգի և պարի, Հեշտիայի պարի համույթները: Իր անզուգական նվերը՝ հայ երգարվեստի գոհարներ, ներկաներին մատուցեց երգիչ Արմեն Մկոյանը:
Գիսանե ՀՈՎՍԵՓՅԱՆ