ԶԱՀՐԱՏԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ

Հոկտեմբերի 24-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Զահրատի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսություն Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողների մասնակցությամբ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց պոլսահայ գրականության, Զահրատի պոեզիայի առանձնահատկությունների, Հայաստանում նրա ստեղծագործությունների տարածման ու նրա հետ ունեցած հանդիպումների մասին: «Զահրատի բանաստեղծությունները հետաքրքիր են իրենց նորարարությամբ ու լեզվամտածողությամբ: Նա իր պարզ հայացքով բերում է կյանքի բանաստեղծական տեսողություն, ընդարձակաթյուն, ընկալումների համայնապատկեր»: Մանկավարժական համալսարանի հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը նշեց, որ Զահրատի 100-ամյա հոբելյանն այս տարվա ուսանողների համար նրան ավելի շատ կարդալու ու սիրելու առիթ էր: «Ամեն սերունդ նորովի է ընկալում Զահրատին և տեսնում, որ նրա անցած ճանապարհն անցնում է իր սրտի միջով: Մենք էլ նորովի ենք սիրում Զահրատին ու ապրում նրանով»,- ասաց նա:
Գրականագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը նշեց. «Զահրատը մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից մեկն է՝ իր սերնդի բանաստեղծների առաջնորդներից, և՛ իր մտածողությամբ, և՛ իր պոեզիայով»: Նա բարձր գնահատեց Սուրեն Դանիելյանի կազմած և «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի համագործակցությամբ հրատարակած Զահրատի «100 բանաստեղծություն» ժողովածուն: Մանկավարժական համալսարանի հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Քնարիկ Աբրահամյանը գրականգիտական հետաքրքիր վերլուծությամբ անդրադարձավ Զահրատի պոեզիային՝ բացահայտելով պոլսահայ գրականության մեջ նրա հսկայական ներդրումը:
Բանաստեղծ Գոհար Գալստյանը խոսեց Զահրատի մասին՝ որպես բանաստեղծի, ինչպես նաև Գրականության և արվեստի թանգարանում նրա անվանական հավաքածուի գիտական մշակողի: «Ծանոթանալով Զահրատի արխիվին՝ բանաստեղծի կերպարը բազմակողմանի է հառնում քո առջև: Զահրատն ու իր բանաստեղծությունը մեկ են, և կեղծիք չկա Զահրատ մարդու և իր գրականության միջև»,- նշեց նա: Գ. Գալստյանը տեղեկացրեց վերջերս Զահրատի մասին Կանադայի «Հորիզոն» թերթում տպագրված իր հարցազրույցի ու բանաստեղծության մասին և ընթերցեց այն: Հերմինե Նավասարդյանն արտասանեց Զահրատին նվիրված իր բանաստեղծությունը: «Բանաստեղծներ կան, որ լուսաստղի պես են. գալիս են, մնում երկնոլորտում ու մշտապես լույս բխում առ երկիր ու մարդիկ: Այդպիսին է Զահրատը,- ասաց նա:
Ուսանողներն արտասանեցին Զահրատի բանաստեղծություններից: Ժաննա Հովհաննիսյանը կատարեց Զահրատի «Կաղանդի ծառ մը» բանաստեղծության հիման վրա Պերճ Թյուրաբյանի գրած երգը: Օրը շնչում էր զահրատյան բանաստեղծության ղողանջներով՝ հաստատելով, որ մեծ բանաստեղծների համար դարը սկիզբն է հավերժության:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։