Մանվել Միկոյանի բանաստեղծությունները «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագրում

«Ինոստրաննայա լիտերատուրա» (Մոսկվա) գրական-գեղարվեստական ամսագրի այս տարվա սեպտեմբերի (թիվ 9) համարում տպագրվել է Մանվել Միկոյանի բանաստեղծությունների ծավալուն շարքը (17 գործ, 11 էջ)՝ Գուրգեն Բարենցի թարգմանությամբ։ Մ. Միկոյանի ստեղծագործությունը այսպես է ներկայացված համառոտ գրախոսականում. «Մանվել Միկոյանը հայ ամենաինքնատիպ և հետաքրքիր պոետներից է։ Կատարելապես տիրապետելով հայ ավանդական պոեզիայի ողջ զինանոցին` նա առավելապես նախապատվությունը տալիս է վերլիբրին։ Գրաքննադատները նշում են նրա գործերի բարդությունը, նույնիսկ բարդացած մետաֆորայնությունը, սակայն մետաֆորայնությունը նպատակ ունի ոչ թե ընթերցողին ապշեցնելու, ցնցելու, այլ՝ հանդիսանում է աշխարհատեսության առանձնահատկություն։ Մ. Միկոյանի պոեզիայի կարևոր առանձնահատկությունն իրականության հակասական, աբսուրդային դրսևորումների իրոնիկ ընկալումն է։ Մետաֆորայնությունը ներդաշնակ տարրալուծվում է հոգեբանական պատկերների և սատիրական դիտարկումների համատեքստում։
Մ. Միկոյանի պոեզիան նաև խորապես սոցիալական է, իսկ մի շարք դրսևորումներում՝ նաև հրապարակախոսական։ Բանաստեղծը մասնակից է այն ամենին, ինչ կատարվում է շրջապատում։ Նա անդրադառնում է կարևոր հիմնահարցերի և հակասությունների, բարոյականության որոնումների, ժամանակակից մարդու բոլոր զգացմունքների ու զգացողությունների լայն շրջանակին։
Մ. Միկոյանը գեղարվեստական և լեզվական մտածողությամբ զարմանալի կերպով համատեղում է այնպիսի, թվում է, անհամատեղելի երևույթներ ու մոտեցումներ, ինչպիսիք են մեր օրերի բանաստեղծների ոճային, իմաստային, ռիթմային լուծումները և դասական, ավանդական պոեզիայի որոնումներն ու ձեռքբերումները»։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։