«Որտեղ էլ լինենք, դռան հակառակ կողմում ենք…»

«Ինչպես առաքյալն ուղարկվեց երկիր, որպեսզի մահկանացու մարդու, նրա փրկության համար աղոթք անի, այդպես էլ արվեստագետը` նկարիչը, երաժիշտը, գրողը երկիր են գալիս, մի գիրք են գրում, մի սիմֆոնիա են ստեղծում աղոթքի պես… Մարդու փրկության աղոթքն է լավ գործը…»,- փետրվարի 28-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Լևոն Խեչոյանի կենդանի ձայնով բացվեց արձակագրի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը:
Վեպն իրականում Խեչոյան-արվեստագետի և մարդու պատգամն է մեզ` ապրողներիս: Ակնարկային և լրագրողական ոճական հնարանքների, գիտական և գրողական վերլուծությունների և նկարագրությունների միահյուսումը միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանն ամեն ինչ՝ անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար:
«Մհերի դռան գիրքը» պատասխանատվության կոչ է ու պահանջ. այն Լևոն Խեչոյանի ուղերձն է մեզ, որ «լուսադեմին մեր սրբությունների համար դեռ պայքար ունենք մղելու»:
Բանաստեղծ, թարգմանիչ, վեպի խմբագիր Հակոբ Մովսեսը վստահեցրեց, որ Լևոնի դեպքում մահը պայմանական մի բան է: Դրա ապացույցը իր թողած հիասքանչ գրական ժառանգությունն է` պատմվածքները, վիպակները, հարցազրույցները, ճանապարհորդական նոթերը, որոնցով մեր գրականության, մեր արձակի մտածողությունը մի նոր հեռանկարի մեջ է մտել: Նրա հավաստմամբ` Լևոն Խեչոյանը ստեղծել է գործեր, որոնց տեղը հայ արձակի մեծ վարպետների ստեղծագործությունների կողքին է: Նա այս վեպը Լևոնի լավագույն ստեղծագործությունը համարեց, սակայն առանց ստվեր գցելու նրա նախկին ստեղծագործությունների վրա: Հ. Մովսեսը վեպը դիտարկեց երեք տե­սանկյունից: Նախ արժևորեց ձևի ընտրությունը. «Լևոնը կարողացել է գտնել վեպը պատմելու մի ձև, որը միանգամայն նորություն է: Վեպը վերաշարադրանքն է մեր ազգային վեպի` էպոսի, որն արված է փայլուն լեզվով»: Երկրորդ շերտը մեր ազգային վեպի և այսօրվա մեր հարաբերությունն է, որտեղ ընդգծված է ոչ միայն էպոսի հերոսականությունը, այլ առաջին անգամ մեր ազգային վեպի` էպոսի մեջ տեսնված է մեր գենի քրոմոսոմը, մեր գենետիկական կոդը, փորձ է արված էպոսի բոլոր կերպարները, իրավիճակները դիտարկել որպես մեր գիտակցության արքետիպեր: Եվ երրորդ կողմը այն է, որ էպոսը ոչ թե սոսկ մերկ վերաշարադրվում է, այլ վերաշարադրվում է այսօրվա մարդու համար: «Լևոնը խիզախություն է ունեցել նույնիսկ որոշակի խզումի, կոնֆլիկտի մի դաշտ ստեղծել այսօրվա մեր մտածողության ու երեկվա մեր ստեղծած արքետիպերի միջև»,- ասաց Հ. Մովսեսը:
Բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Թամրազյանը, խոսելով մարդու և բնաշխարհի խորհրդավոր կապի մասին, Լևոն Խեչոյանին բնորոշեց իբրև մարդ-երևույթի, բնաշխարհի և բառաշխարհի հազվագյուտ կերտվածք ու բյուրեղացում: Նրա հավաստմամբ` Լ. Խեչոյանը մարդեղենացնում, անձնավորում էր իր շուրջն ամեն ինչ` բնության տարերքները, բույսերը, կենդանիներին: Անդրադառնալով արձակագրի ստեղծագործություններին` Հ. Թամրազյանը փաստեց, որ նրա գրականությունը ասք է, անսահման ոգի մարդկային հավերժող մտքի մասին, որ նա ներարկում էր մայր բնությանը: «Նա այնքան էր բնական, տարերային, այնքան էր ներթափանցված բնությամբ, որ թվում է` նրա զրույցը բնության հետ երբեք չի ընդհատվում, այլ դարձել է նրա հարահոս բառական շերտերից մեկը: Այդպես բնությունն ու բնագիրը փոխներթափանցում են` ստեղծելով մի միջնաշխարհ, որի հուշը, իբրև ներքին մարդու կերպարանք, իբրև տարագիր մի էություն, մշտապես թափառելու է երկրային տիրույթներում` դառնալով ասք մարդու մասին, որ հայելացել է բնության խորքերում, և որի մեջ մեն-մի ակնթարթ բնությունն իր դեմքն է տեսնում»,- ասաց նա: Եվ կարդաց իր բանաստեղծությունների շարքը` նվիրված Լևոն Խեչոյանին:
Բանաստեղծ Աղվան Վարդանյանը, տեղե­կացնելով, որ գրքի տպագրությունը հնարավոր եղավ Մշակույթի նախարարության աջակ­ցությամբ, շնոր­հակալություն հայտնեց Հասմիկ Պողոս­յանին, Պարույր Հակոբյանին, Ռալֆ Յի­­րի­կյանին, Արտաշես Թու­մանյանին, ով մշտապես եղել է գրողի ընտանիքի կող­քին, և խոսք ասաց՝ նվիրված Լևոն Խեչոյանին:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոյանը նախընտրեց Լ. Խեչոյանի և հատկապես «Մհերի դռան գիրքը» վեպի հետ կապված մի քանի բառ արտասանել իրար ետևից` Լևոն, Ծովինար, Սանասար, Մհեր, Դավիթ, Մհեր, ժայռ, դուռ, արդարություն, Հայաստան, Լևոն, գիրք, դուռ, Մհեր, լույս: Ապա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են գիրքը հրատարակելիս:
«Մհերի դռան գիրքը» վեպից հատվածներ ներկայացրին արտիստ Սերգուշ Բաբայանը, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ՀՀ վաստակավոր դերասանուհի Գրետա Մեջլումյանը: Երաժշտական կատարումներով ելույթ ունեցան Ի. Ս. Բախի անվան միջազգային երգեհոնային մրցույթի դափնեկիր Աննա Բակունցը, Անահիտ Ներսիսյանը, ՀՀ ժող. արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Արտաշես Մկրտչյանը:
Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց հատված ռեժիսոր Ջուլիետ Կաժոյանի` Լևոն Խեչոյանին նվիրված ֆիլմից:
Երեկոն վարեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Քուշկյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Լուսանկարները՝ Նառա Վարդանյանի

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։