Կատարելագործել մարդուն մանուկ հասակից

Ֆիրա ԱկյանՀոկտեմբերի 8-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ մանկագիր, երգահան Ֆիրա Ակյանի մանկական (նոր տպագրված և օտար լեզուներով թարգմանված) գրքերի շնորհանդեսը:
Մանուկների համար գրելը դժվար ու պատասխանատու գործ է, դրա համար պետք է ճանաչել երեխաների աշխարհը և գրել նրանց լեզվով: Ֆ. Ակյանի հաղթանակը մանկան զգացողությունն ու մանկական աշխարհի վառ գույներն ընկալելու և այն գեղարվեստորեն վերարտադրելու մեջ է:
ՀԳՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդ. Միլիտոնյանը բացման խոսքում գնահատեց դահլիճում բազմաթիվ մանկական գրքերի առկայությունը, և միաժամանակ ցավով փաստեց, որ մանկագրության դաշտը այսօր ծերանում է:
Ըստ բանաստեղծ Արտեմ Հարությունյանի՝ Ֆ. Ակյանը էությամբ լինելով շատ բարի, բարություն է սփռում շուրջը: «Կատարելագործել մարդուն մանուկ հասակից` սա է Ֆիրայի ստեղծագործու­թյունների բովանդակությունը»,- ասաց նա և անդրադարձավ մանկագրի ստեղծած ժամանակակից կերպարներին:
Սփյուռքի նախարարության մշակույթի բաժնի պետ Գրետա Մնացականյանը ներկայացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքը, այնուհետև Սփյուռքում հայապահպանության գործում ունեցած ավանդի համար Ֆ. Ակյանին պարգևատրեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:
Խոսք ասացին նրա գրքերի խմբագիր Հասմիկ Բաբայանը, «Զատիկ» երգչախմբի գեղ. ղեկ. Լիլիթ Համբարձումյանը: Ֆ. Ակյանի գրած երգերով հանդես եկան «Զատիկ» մանկական երգի ստուդիայի սաները: Գրողի բանաստեղծություններից ասմունքեց Գայանե Սամվելյանը: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Ֆիրա Ակյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։