Օրերս Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը հյուրընկալել էր Կարինե Ռաֆայելյանին: Առիթը նրա «Ժամանակի նոր չափումներում» պատմվածքների ժողովածուն էր, որի շնորհանդեսն այս հարկի ներքո հավաքել էր գրական աշխարհի և ընթերցողների պատկառելի բազմություն:
Գրքի արժանիքները, դրանում քննվող խնդիրները տարաբնույթ վերլուծությունների նյութ էին դարձել օրվա բանախոսների համար: Շնորհանդեսի մեկնարկը տրվեց բանաստեղծ, Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանի խոսքով: Գրականագիտական իրենց վերլուծությունները կարդացին գրքի խմբագիր, բան. գիտ. թեկնածու Անի Փաշայանը, բան. գիտ. դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը, գրականագետ Սամվել Յոլչյանը, ելույթ ունեցան գրողներ Ալիս Հովհաննիսյանը, Հովիկ Վարդումյանը, Աշոտ Հովսեփյանը, քամանչահար Հակոբ Խալաթյանը:
Ժողովածուի պատմվածքներին ծանոթ հանդիսականները նորովի ընկալեցին Կարինե Ռաֆայելյանի պատմվածքները՝ սիրված դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի մատուցմամբ: Իսկ ովքեր նոր պիտի կարդային ժողովածուն, խոստովանեցին, որ դերասանուհու ընթերցումն իրենց համար արդեն սիրելի դարձրեց «Ժամանակի նոր չափումներում» գրքույկում ընդգրկված գործերրը:
Մեր ընթերցողին ենք ներկայացում Անի Փաշայանի գրախոսականը «Ժամանակի նոր չափումներում» ժողովածուի մասին:
ԺԱՄԱՆԱԿԸ՝
ՆՈՐ ՉԱՓՈՒՄՆԵՐՈՒՄ
Կարինե Ռաֆայելյանի ժողովածուն առաջին անգամ կարդալուց հետո հասկանալի դարձավ, որ գործ ունեմ հետևողական և կարևոր արձակի հետ: Առաջին հայացքից պարզ, դանդաղ այս պատումը մանրամասնությունների տարածք է. արձակի առաջին հատկանիշը: Պատմողը հետևողական է իր գեղարվեստական տարածքի ամեն մի պատկերի և շարժման նկատմամբ: Նախ խորագիրը՝ «Ժամանակի նոր չափումներում»: Ուրեմն՝ նոր որոշիչն էլ պատահական չէ ամենևին: Գրողը նոր հայացք է նետել իր ժամանակին: Այսօր արդեն երեկը չէ, այսօրն այսօր է: Հոգու չափումներ են. հատկապես այն, որ խորագիրը կրող պատմվածքը շարքի վերջինն է՝ մոր հետ զրույցը, ժողովածուն էլ նվիրված է հեղինակի՝ Կարինե Ռաֆայելյանի մոր՝ Սիրանուշ Գրիգորյանի հիշատակին: Ինը պատմվածք, բոլորն էլ պատմողի կողմից. իր սիրած ձևն է: Ուզում եմ գրել հերոսների մասին, նրանց բնավորությունների՝ կերպարային, որը ժողովածուի առաջին հաղթաթուղթն է: Հերոսները՝ կին, աղջիկ, ոստիկան, արհեստավոր, վարորդ, կատու, շուն, դուստր, անգամ արձան, և այն էլ՝ Սասունցի Դավթի, ընկերուհի, ուղևոր, ծնողներ և այլն: Կարինեի բոլոր հերոսները մեկ բան են ասում. նրանք հաճախ լուռ կամ կիսաձայն աղաղակում են բոլոր մեր թերությունների մասին, արատների, ճեղքվածքների, անկատարությունների, այն մասին, թե որքան կիսատ ենք ապրում, որովհետև չենք հասկանում իրար, չենք ուզում լսել, զգալ, սիրել… Եվ այս ամենը նա անում է հերոսների տխրության, անհաջողությունների, դժբախտությունների ցուցանքով: Անում է առաջին հայացքով՝ աննյարդ, կարծես հանգիստ, վիրաբույժի նման, սակայն արձակի ռիթմն այն բանալին է, որը հստակ ցույց է տալիս գրողի ներքին տվայտանքը: Դա երևում է անզուսպ տեղատարափի պատկերում, ձայների, կենդանական գզվռտոցի, խոր տագնապների ահագնացող ռիթմում: Արձակի ռիթմը՝ պատումի ամենակարևոր հատկանիշը: Չկա ռիթմական պատկեր, չկա արձակ: Ահա մեկ-երկու օրինակ, երբ հանդարտ պատումում մեկ էլ հնչում է. «Իսկ տեղատարփը բուռն էր ու կատաղի», կամ պատկերի շարժում, որ բնութագրում է խորքերում կատարվողը. «Ամառ էր, տապ, մի շերտ ստվերը երկնային մանանայի քաղցրությամբ հրապուրում-կանչում էր մարդկանց»: Շարժում կա առանձին գործերի վերնագրերում, ինչպես «Թռիչքներ՝ կապարե թևերով», «Անսարք խողովակների սիմֆոնիան»…
Ինչ վերաբերում է տարածությանը և ժամանակին, ապա այն ևս հետաքրքիր է պատկերված: Ժամանակը հոսում է՝ այն գալիս է անցյալի հիշողություններից՝ մանկության առանձին դրվագներից, ներկան էլ հոգու տարածության չհասկացված լինելն է, հասարակության աղբը, որ մի պատմվածքում երևում է քառակուսիների տեսքով: Քառակուսին, որպես մետաֆոր, հնչում է անվերջ, ազդարարում այն մասին, որ, իսկապես, մի բան այստեղ սխալ է: Իսկ սխալը հասարակական անփութությունն է, չգրված և կեղծ օրենքների աղտեղությունը, որ պատրաստ է ճզմել մարդկային հոգիները՝ դարձնելով նրանց դժբախտ: Ուրեմն՝ սա ժողովածու է նաև հոգու անսահման տարածության մասին, որը պատրաստ է ամեն պահի մտորել, սիրել, ընկճվել, հուսահատվել… Մնում է տոկալ… Սա եմ ես հասկացել՝ նոր խոսքով այս ժողովածուն կարդալուց հետո: Տոկալ և ժամանակի նոր չափումներով շարժվել: Սխալվել, բայց ուղղել սխալը, ապա թե ոչ, կարող ես հայտնվել ժամանակի բոլորվին այլ չափումներում, որտեղ կարող են քեզ, ուղղակի, այլևս չտեսնել: Այսպիսով, ոչ մի գիրք պատահական չի ծնվում:
Անի ՓԱՇԱՅԱՆ