
Ձախից աջ՝ ճարտարապետ Ստեփան Քյուրքչյան, Մարտին Կակոսյան, Երվանդ Քոչար, ճարտարապետ Ռոբերտ Սահակյան
«Տափաստաններից երբեմն-երբեմն հայտնվում էին վայրի նժույգների գիժ ու կատաղած երամակները չգիտես որտեղից և ինչ ոգով առաջնորդվելով` խրտնած սլանում էին դաշտերով, հաճախ իրենց հետ տանելով ընտանի ձիերին, նույնիսկ մտրուկներին:
Ոչ ոք չէր կարող կանգնեցնել նրանց խելահեղ ընթացքը: Երամակները դարավանդներով հասնում էին բլուրներին, ձորերին, նրանցից շատերն ընկնում էին, կոտրում ոտքերը, բաժին դառնում գազաններին: Նրանց վրնջյունների մեջ զգացվում էր ազատության ըմբոշխնումը, լծված կամ հեծնված չլինելու մշտնջենական ձգտումը: Երամակներին մշտապես հետևում էին գայլերի ոհմակները: Վիրավոր ղազախներից մեկը պատմում էր, որ գայլերը հին հաշիվներ ունեին մարդկանց հետ` իրենցից խլված, թալանված, ապականված անտառների, ձորերի ու մարգագետինների համար: Իսկ երբ մտնում են բնակավայր, առաջինը սպառնում են շներին, ոչ թե գուժելու կամ իրազեկելու համար, այլ որպես ազգակից դավաճանների, որ մի խղճուկ թերմացքի համար ծառայում են տերերին»: Մարտին Կակոսյանի «Կոտրված պայտը» պատմվածքից այս հատվածով եմ սկսում ակնարկը, որովհետև նրա ազատության նժույգների վրնջյունները և քամահրոտ հայացքը մի կտոր հացն ազատությունից գերադասած, գայլությունն ուրացածների հանդեպ այս խելահեղ աշխարհում նրա ապրելու կերպի շաղախն են:
Ծանոթությունից առաջ բանաստեղծուհի Հռիփսիմեն ասաց` «Այս մարդը աշխարհով մեկ արձաններ կառուցելով` գնում է: Եվ մինչև հիմա սիրահարված է իր կնոջը»: Ծանոթության առաջին վայրկյաններին մեկեն հասկացա, որ Հռիփսիմեն պարզապես բանաձևել է, իսկ հաջորդ երկվայրկյաններին զգացի, որ ուզում եմ գրել այս բացառիկ մարդու մասին. բացառիկ, որովհետև չեմ կարողանում մտաբերել մի ուրիշ երջանիկ հայի, ով անձնական և անանձնական այսքան բերկրանքներով ու ձեռքբերումներով է անցել ու դեռ անցնում է իր կյանքի ու արվեստի ճանապարհը: Գուցե պատճառը համարյա իրական այն տեսիլի լուսավոր ու տաք զգացողության մեջ է, որ Կակոսյանի ճակատին Սիրո և Արվեստի աստղերն են ճառագում:
Ծննդից մինչև այսօր` բոլոր առումներով հայի ճակատագիր, հայի բախտ, բայց հակառակ ամեն ինչի` հայի բարի բախտ` հրճվելով զարմանում ու զարմանքով հրճվում եմ: Եվ համարյա շնչահեղձ եմ լինում այդ երջանիկ կյանքի վավերագրերի՝ լուսանկարների և հիշողությունների առատությունից, որ ակնարկի սղության մեջ զուր պիտի փորձեմ տեղավորվել:
Արձանագործ և դիզայներ Մարտին Կակոսյանին ճանաչում են Հայաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նրան հրաշալի ճանաչում էին նախկին ԽՍՀՄ-ում. նրա կյանքին ու գործերին լիուլի անդրադարձել են հայաստանյան, ռուսական և ամերիկյան մամուլում: Առաջին հերթին նրա նախածննդի մասին, որով սկսվում է, երևի, բոլոր հայերի կենսագրությունը` Եղեռնի հիշողության ցավով և ապրելու հրաշքով, ամերիկյան որբանոցում մեծացած իր Էլիզա տատից վերսկսված տոհմածառի կենսունակության մասին: Այն մասին, թե ինչպես գյումրեցի շնորհաշատ բրուտ Սերոբի թոռ Մարտինը մանուկ հասակից զգաց կավի խորհուրդն ու ուժը և արվեստապաշտ Գյումրիից իր հետ տանելով գեղեցիկի և կարգուկանոնի, նաև պատվախնդրության զգացողությունը, ուսանելու եկավ Երևան: Պետական համալսարանում սովորելու տարիներին գտավ իր մեծ սիրուն` գեղեցկուհի Մաքսենային, ում հետ ընտանիք կազմեց և երջանիկ սիրով թևավորված` քայլեց իր կոչման ճանապարհներով: Միայն 1958 թ. Գյումրի-Երևան ավտոբուսի ուղևորների հետ` հայ-թուրքական սահմանը պատահմամբ հատած և խորհրդային կողմից ռմբակոծված ամերիկյան ինքնաթիռի աղետին ականատես լինելու, ցնցումի տպավորությամբ այդ ինքնաթիռի մանրակերտը պատրաստելու, ապա վթարի վայրում ՝ Ներքին Սասնաշենում, 17 օդաչուների հիշատակին խաչքար կանգնեցնելու, տարիներ անց ջարդված խաչքարի տեղում նորը վերակերտելու մասին կարելի է մի ամբողջ գիրք գրել, մանավանդ ամերիկացիների երախտագետ գնահատանքի, զոհված օդաչուների հարազատների և բարձրաստիճան պաշտոնյաների այցի ու նաև Կակոսյան -արվեստագետին, հային պատիվ բերող այլ մանրամասներով, օրինակ` վարձատրությունից հրաժարվելու և դրա փոխարեն հայկական դպրոցների համար համակարգիչներ խնդրելու հայրենասիրության մասին: Երվանդ Քոչարին աշակերտելու, Քոչարի հետ շփումների և Սասունցի Դավթի անգերազանց արձանի կերտման ժամանակների ու համատեղ գործերի մասին` առանձին գիրք: Նմանապես Երևանում դեռ խորհրդային տարիներին դիզայնի ինստիտուտ բացելու հանդուգն երազանքն իրագործելու մասին: Ամերիկյան 18 -ամյա կենսափորձը նույնպես երջանիկ հայի բացառիկ պատմություն է` ճանաչվել, գնահատվել որպես արվեստագետ, շփվել երևելի ամերիկացիների հետ, հպարտանալ կայացած զավակների հաջողություններով և սիրելի կնոջ հայրենանվեր գործունեությամբ: Միայն Հռոմի կենտրոնում ՝ Ս. Պետրոս տաճարի հարևանությամբ, Վատիկանին կից, Աբամելիք-Լազարևի տոհմական կալվածքում, ուր այսօր ՌԴ դեսպանությունն է գտնվում, Մարտին Կակոսյանի ձեռամբ վեր խոյացած Սիմոն- Աբամելիք Լազարյանի (Լազարեվի) հոյակերտ արձանը բավական պիտի լիներ գնահատելու նրա վաստակը և տաղանդը: Ինչ-որ իմաստով դա ոչ թե կամ ոչ միայն Լազարևի արձանն է, այլ՝ գեղեցիկ, հպարտ, արժանապատիվ և հաղթող Հայի:
Ամերիկայում հաստատվելուց ի վեր` նրանց ընտանիքի 18 տարիները ազգային ինքնության պահպանման, ազգային արմատների որոնման և աշխարհին արժանապատիվ ներկայացնելու պատմություն են: Համբերատար և նպատակասլաց աշխատանքի տարիներ: Մարտին Կակոսյանի համար` որպես արձանագործ վերստին հաստատվելու և բարձրանալու տարիներ: ԱՄՆ-ի Գրինվիլ քաղաքում Երկրորդ աշխարհամարտի թանգարանի համար քանդակված զինանիշ արծիվն այնքան տպավորիչ էր, որ ի տրիտուր` այն ժամանակ նահանգապետ Ջորջ Բուշն անձամբ Կակոսյան ամուսիններին շնորհեց Գրինվիլի պատվո քաղաքացիների կոչում: Հետո Մարտինի աշխատանքները սփռվեցին նորանոր վայրերում` «գրավելով» Ամերիկան:
Գրինվիլի թանգարանի պատվերն առիթ դարձավ, որ Մարտինը և Մաքսենան լցվեն հայի պատվախնդրությամբ և ձեռնամուխ լինեն Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամերիկյան զորքերում կռված ու նահատակված մեր հայրենակիցների անունների փնտրտուքին: Քրտնաջան պրպտումներից պարզվեց, որ պատերազմին մասնակցել է 35 ամերիկահայ զինվոր, որից 5 հազարը զոհվել է: Նրանցից Էդվարդ Դերվիշյանին ԱՄՆ նախագահ Էյզենհաուերը կոչել է 1944 թվականի ամերիկյան լավագույն զինվորը: Այդպես Ամերիկյան վետերանների ռազմական խորհրդի պատվերով Կակոսյանը կերտեց Երկրորդ աշխարհամարտում հայ զինվորի հուշակոթողը: Նախապես որոշված էր այն տեղադրել Հյուսիսային Ֆրանսիայում, որտեղ ափ էր իջել ամերիկյան առաջին զորքը, սակայն որոշումը վերանայվեց, և հուշակոթողը տեղադրվեց Դալլասում` ամերիկյան խոշորագույն ռազմական հուշահամալիրի հենց բացման օրը: Դրան հետևեց փառահեղ մեկ ուրիշ աշխատանք. Մեն նահանգում, Վաշինգտոնի մերձակայքում, Ֆորտ-Միդ ռազմաբազայում գաղտնագրման թանգարանի պատվերով Կակոսյանը կերտեց սպիտակագլուխ արծիվ: Հաջորդ արծիվն արդեն թևատարած էր` ԱՄՆ ռազմաօդային ուժերի թանգարանի / իր տեսակի մեջ աշխարհում մեծագույնը, ուր ցուցադրված են հնարավոր բոլոր օդանավերն` իրենց էվոլյուցիայի մեջ/ մուտքի մոտ, Օհայո-Դենթընում, որտեղ Ռայթ եղբայրները պատմության մեջ առաջին անգամ թռել են ինքնաշեն օդանավով: Թանգարանի հուշատախտակին հավերժացված են Երկրորդ աշխարհամարտի մասնակից հայտնի օդաչուների անունները, այդ թվում` Կակոսյանի նախաձեռնությամբ, նաև ազգությամբ հայերի:
Արծիվներից ամենասիրելին ու ամենաթանկն արվեստագետի համար հայոց հողը հսկող, մասիսահայաց արծիվն է, որ խոյանում է ՀՀ ՊՆ մուտքի մոտ: Հեղինակի նվերը Հայկական զինված ուժերին, Հայրենիքին: Նույնքան հզոր, նույնքան հպարտ և կատարյալ, որքան մյուսները, ճիշտ նույնկերպ ձուլված բրոնզից, սակայն բրոնզից, որ արդեն կենսագրություն ուներ. արծիվը ձուլված է Արցախյան պատերազմից մնացած հրետանային պարկուճներից: Հաղթանակ բերած պարկուճներից:
Թվում է` հանգիստ շունչ քաշելու և արվածով հպարտանալու, նաև արդեն զավակների՝ Նյու-Յորքի նման մեգապոլիսում որպես գինեկոլոգ և ատամնաբույժ կայացած-հաջողակ զավակներով հպարտանալու ժամանակները պիտի գային: Սակայն լսվում է ամերիկյան զինանիշ արծվի թևաբախյունը և իբրև մարդեղացած կեցվածքով ու հայացքով հայաստանյան արծվի փոխկանչը: Եվ մտածում ես, որ ամեն ինչ դեռ առջևում է:
…Նորից ետ եմ շրջվում. Մարտին Կակոսյանի արծիվները Արարատին են նայում անգամ անդրծովյան խելագար հեռուներից: Եվ բոլորը մարմնավորում են հաղթող ու արժանապատիվ հային: Նրան, որ դեռ պանծացնելու է հայի անունն ամենուր: Եվ որ Հայրենիքը վհատության այս ափերից տանելու է դեպի Արարատին հպարտ նայելու ժամանակը:
…Գիտեի, որ Մարտին Կակոսյանին հնարավորինս ամբողջական ներկայացնելու փորձը չէր հաջողելու. հընթացս հասկացել էի, որ ինչ էլ գրեմ` շարունակելի պիտի լինի: Շնչասպառության աստիճանի գրելիք կա դեռ` զրույցներ արվեստի փիլիսոփայության և արվեստագետի կոչման մասին: Սիրո և ընտանիքի, ավանդույթի և ազատության մասին: Տարագրման և կարոտաբաղձության մասին: Փոքրիկ` հնգամյա Կակոսյանի վաստակած առաջին հացի և հացի ու հայի բոլոր փորձությունների մասին:
