Մեզ շատ կարևոր մի բան է պակասում / Հրանտ ԳՅՈՒԼԱՍԱՐՅԱՆ

Սա երևի հենց այն պահն է, երբ չգիտես` ինչից սկսել: Մտքերն այնքան հախուռն են վրա տվել, որ գլխումս միայն գվվոց է, և դա անհանգստացնող է: Նոր եմ վերադարձել Գերմանիայից, որտեղ որդիս` Հրայրն է: Այնտեղ հինգ տարի առաջ եմ եղել և տպավորություններս տպագրել եմ մամուլում: Այն ժամանակ այնպիսի վիճակում էի, որ թվում էր` հեքիաթից միանգամից դառն իրականու­թյուն եմ վերադարձել, ու մենք սրընթաց ետ ենք գլորվել: Մինչդեռ հույսն էր, որ դեռևս ինձ գամում էր տեղում: Նա վերջինն է, չէ՞, մեռնում: Հավատում էի, թե մեր կյանքում ինչ-որ տեղաշարժ կլինի: Հավատն է, որ առաջնորդում է մեզ: Բայց գիտեք, կասկածը միշտ էլ կրծում է հոգին, ու մենք ամենալավ պահերին անգամ անհանգիստ ենք: Անհանգստացնում են վաղվա անորոշությունն ու ճանապարհը, որ գնում ենք: Դրա համար էր երևի, որ գրեցի` ձևափոխելով Լերմոնտովի հանրահայտ տողը. «Ողջույն, անլվա Հայաստան» («Մնաս բարով, անլվա Ռուսաստան»): Տպագրված այդ նյութից օրեր անց էր, որ անանուն հեռախոսազանգ ստացա` «Ընկեր ջան, գլուխդ քոր ա ՞ գալիս…»: Այն ժամանակ դրան այնքան էլ ուշադրություն չդարձրի, մանավանդ, որ գիշերային այդ կարգի սպառնալիքից հետո դադարեցրին:
Սակայն մի՞թե դա է խնդիրը: Մենք իրո՞ք ետ-ետ ենք գնում, թե՞ մեր մեջ այնքան մեծ է տրամադրվածությունը, որ ամեն ինչ սև ենք տեսնում:
Երանի այդպես լիներ: Երբ այս անգամ Գերմանիայից վերադարձա և շուրջ մեկ ամիս անց նստել եմ ճերմակ թղթի առջև, ինչպես մեծն Հրանտ Մաթևոսյանն է ասում, իմ գլխում դարձյալ պտտվում է Լերմոնտովի շրջված-խմբագրված տողը` Ողջույն, անլվա Հայաստան:
Բան չի փոխվել, եթե չասենք ընդհակառակը: Ո՛չ, ո՛չ, այս անգամ չեմ ասելու` այս չկա, այն չկա… Ամեն ինչ էլ կա: Պարզապես մեզ մոտ ողջը գլխիվայր է: Ինչ անում ենք, ինչ-որ հակառակ բան է ստացվում: Մեր իշխանավորներն այնպիսի վերամբարձ տոնով (և հումորով) են խոսում իրենց արած-չարած գործերից, որ մնում ես զարմացած: Վատն այն է, որ իրենք հավատում են իրենց ասածներին: Բայց, սիրելինե՛րս, ինչ որ անում եք, ստացվում է, որ ձեզ համար եք անում, ձեր ընչաքաղցությանը հագուրդ տալու, ձեր գրպաններն ավելի ուռճացնելու համար, քանզի մեր` հասարակ մահկանացուներիս վիճակը մնում է նույնը:
Ետ ենք գնում:
Արտագաղթն ուժգնանում է, և բանկիրները դրա կողմնակիցն են, վարչապետն էլ, գլխավոր ֆինանսիստն էլ: Որքան շատ գնան, այնքան շատ կուղարկեն:
Մեր գլխավոր դատախազը պաշտոնաթող եղավ: Հուզիչ տեսարան էր: Դուռը կողպեց, պիջակը գցեց ուսով ու գնաց… Հեռուստալրագրողի հարցին պատասխանեց.
– Երկիրը թունավորված է: Հակաթույն է պետք:
Գնում է հակաթույն բերելու:
Հեքիաթի նման եղավ: Բայց Աստված տա, հրաշքներ լինում են, թեև հրաշքների այլևս չենք հավատում:
Մի քիչ Գերմանիայից խոսեմ:
Կլևեն մինչ պատերազմը առողջարանային քաղաք էր համարվում: Այնտեղ հանգստանալու էր գալիս Գերմանիայի կայսերական ընտանիքը, նրանց շքախումբը: Այնտեղ նրանց պալատն էր` անտառով, զբոսայգիներով, կանաչ գազոններով, շատրվաններով, և այդ նախշազարդ գորգը ձգվում էր մինչև Ռայնը: Այն տպավորությունն է, թե դու պալատից շատրվանների, կանաչ զարդանախշերի ու ջրավազան-ջրանցքների վրայով մի ակնթարթում կսահես-կգնաս մինչև անսահմանություն, գուցեև` մինչև անցյալ, երբ այստեղ ճեմում էին կայսրը, ընտանիքը, պալատականները: Պատերազմի ժամանակ ամերիկացիները հիմնովին ավերել են Կլևեն, պալատը` զույգ թևերով, զբոսայգին` շատրվաններով, կանաչ գորգով:
Պատերազմից հետո ամեն ինչ վերականգնել են: Չի հաջողվել միայն վերակառուցել պալատի զույգ թևերը: Դրանց փոխարեն ծառերի ճյուղերից հյուսել են երկհարկանի շինության պես մի բան, որ կանաչ լուսամուտներ ու ճեմասրահներ ունի, որոնք ասես անտառի շարունակությունն են: Բարձունքից ողջ տեսարանը երևում է` ինչպես ափիդ մեջ: Ձախ կողմում հաստաբուն, բարձրագնա ծառեր են, որոնք, ինչպես որդիս էր ասում, կայսերական ժամանակներից են: Ընդհանրապես, այստեղ ձգտել են ամեն ինչ պահպանել այնպես, ինչպես այն ժամանակ: Պալատում փոքրիկ ռեստորան կա, ուր սպասարկումը ևս այն ժամանակների հանգույն է: Զբոսայգում ամեն ինչ անվճար է, նվագախումբը նվագում է, ունկնդիրները ամենօրյա համերգները վայելում են անվճար, խաղահրապարակները երեխաներին տրվում են ան­վճար: Այստեղ հանգստանալու են գալիս ամենքը և հանգստավետ երեկոն վայելում կայսերաբար: Ես մտովի պատկերացնում էի, թե ինչպես է բարձրաստիճան շքախումբը ճեմում ծառուղիներով` վայելելով երեկոյան անդորրը:
Ոչ մեկի մտքով չի անցնում հրաշագեղ այդ տարածքում ռեստորանային ու հյուրանոցային համալիր կառուցել:
Օրենքը թույլ չի տալիս, օրենքը գործում է: Ու ես նախանձով լցվեցի: Ամեն ինչի համար: Նաև նրա համար, որ մեզ մոտ կա՛մ օրենք չկա, կա՛մ էլ եղածը չի գործում: Հիշեցի մեր Խոսրովի արգելոցը: Հիշեցի, ու սիրտս մղկտաց: Մերոնք, մեր ամենազոր փողատերերն ու իշխանավորներն ամեն ինչ անում են այդ տեղից ինչ-որ բան հափշտակելու համար: Համոզված եմ, որ շուտով ականատես կլինենք վատթարին: Խոսակցություններ են պտտվում, թե արգելոցի ինչ-որ հատվածում կասկածելի համբավ վայելող շինություն կա: Աստված տա, որ սխալված լինենք ամենքս… Բայց դե, ախր, այնքա՜ն արտառոց բան ենք լսել ու ականատես եղել, որ արդեն ամեն ինչի էլ հավատում ենք:
Ուզում եմ հիշել, թե մեր իշխանավորները երբ են ինչ-որ բան արել սեփական ժողովրդի կյանքը քիչ թե շատ տանելի դարձնելու համար: Օրերս հայտարարեցին, թե կենսաթոշակները 2014 թվականի հունվարի 1-ից բարձրացնելու են 15 տոկոսով:
Ո՞ւմ է պետք այդ ցուցադրանքը: Մոտավոր հաշվումներով իմ կենսաթոշակը դրանից հետո կհասնի 40 հազարի: Կարո՞ղ եմ գոյատևել այս համատարած ու անկասելի գնաճի պայմաններում: Փորձե՞լ եք հասկանալ, թե որտեղից է գալիս այս ահագնացող արտագաղթը: Ինչո՞ւ են մարդիկ այսպես շուտափույթ չվում երկրից: Հարգելի՛ հարուստներ և իշխանավորներ, այդ խնդիրը ձեզ չի՞ հուզում: Ինչի՞ց է, որ ավելի ու ավելի է խորանում մեր և ձեր միջև անդունդը: Այնքան ոգևորված եք խոսում մի չնչին բանի մասին, աշխատատեղերի ստեղծման, գործազրկության նվազման մասին, այնքան եք դա աշխարհի ականջին թմբկահարում, ասես հրաշք է կատարվել, ու մենք ձեր շնորհիվ հայտնվելու ենք դրախտում:
Ազատամարտիկները փողոց են դուրս եկել, հացադուլի են նստել: Վատ են ապրում, տուն չունեն, աշխատավարձ չեն ստանում, թոշակը չնչին է: Բա ամոթ չէ՞: Չէ՞ որ դուք նրանց ու զոհվածների արյան գնով հայտնվեցիք թամբին: Նրանք որ չլինեին, դուք էլ չէիք լինի:
Գերմանիայի Կլևե և Օբերհաուզեն քաղաքները լիքն են Ռուսաստանից ու Ղազախստանից ներգաղթած ռուսներով: Նրանք Եկատերինայի ժամանակներից հրավիրված ու Հայրենական պատերազմի գերմանացի աքսորված ռազմագերիների ժառանգներն են, որոնց գրկաբաց, առանց քաշքշուկների ու պայմանների ընդունել է Գերմանիան, բերել ու իր հողին է հանձնել անգամ մահացած կամ զոհված գերմանացիների ոսկորները: Նրանք, ասում են, մեր զավակներն էին:
Չգիտեմ ինչու, ինձ թվում է, թե իշխանության ամենավերևներում մենք թշնամիներ ունենք: Այլապես ինչո՞վ բացատրել, որ մի լավ առաջարկ, թեկուզ չնչին, որ այս ժողովրդի վիճակը քիչ թե շատ կբարելավի, մերժվում է: Մտածենք` ընչաքաղց ենք, անկուշտ: Էս սարը իմն է, էս ծառը իմն է… Մինչև կգա հատուցման պահը:
Մի՞թե այսպես չենք կործանվել. Կիլիկիան… Ծովից ծով… դարասկիզբ… և հիմա:
Անհամեստություն չթվա, հիշեցի իմ քառատողը.
– Այս ահալի քաոսում
Մեզ մի Քուռկիկ Ջալալի,
Նաև մի Թուր կեծակի
Ու Դավիթ են պակասում…
Էպոսագետը վայ թե ճիշտ էր…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։