Ո՛չ թե հումանիտար աղետ, ճգնաժամ, այլ իր բոլոր սկզբունքներով, որդեգրած ռազմատենչ ծրագրերով, քաղաքական սուր հարցադրումներ հետապնդող, ցեղասպան ալիևյան ռեժիմ
Զինաիդա ԲԱԼԱՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր
Աշխարհը խելառվել՝ խռովքի, պատուհասների, բնական երկիր-երկինք ցունամի առաջացնող անոմալ երևույթների, անբացատրելի կործանումների՝ կատակլիզմայի անդիմադիր լանդշաֆտում, երերող լավաներով, ջրհեղեղներով, հսկայածավալ հրդեհներով, կործանիչ երկրաշարժերով, ոչնչացնող պատերազմներով բացահայտում է ներսում խորացող ճգնաժամերի, ժայթքող ավերումների սարսափելի դիմագիծը: Դրանք մեկտեղվել են գոյութենորեն՝ կրակի, օդ ու ջրի, հողի և այլ տարրերի խելահեղ բախումներով՝ երկնքի և երկրի չափումներում արձանագրելով մարդկության լինելությանը սպառնացող վարքագիծ, կործանիչ հարված հասցնելու մռայլ եռանդ, որն անպայմանորեն վերջինիս՝ բնության դեմ ցուցաբերած անհեթեթ, սարսափազդու վարքագծի հետևանք կարելի է ընդունել՝ իմացյալ էյֆորիայով, վայրենի հաճույքով հրահրած, ստեղծած ու կատաղի կերպով կատարած հանցագործությունների կապարե ու արյունլվիկ դասական զոհասեղան:
Ուրեմն, իշխանավոր պաշտոնյա մարդիկ իրենց վերապահված իշխանական աթոռների գլուխներից էլ մարդկության հանդեպ կատարած չարագործությունների համար պետք է պատասխան տան՝ իրենց գլուխներով, նեխած, ազգակործան վտանգավոր ծրագրերով, ռազմատենչ ռեժիմներով…
Աշխարհի գերհզոր տերությունների խաղացողների խաղաքարտերում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային հարցադրումներում, իրենց որդեգրած շահերի լաբիրինթում բախվում են երկու՝ առաջադիմական-դեմոկրատական և տոտալիտար՝ հետադիմական, գաղութատիրական համակարգերով բևեռներ:
Այլևս քննելի են, թե այդ բախումներում գոյատևման, ազատագրական պայքարի ինչպիսի ուղեգիծ կվերցնեն պատմականորեն դաժան և պարտադրված, ստրկացնող, գաղութատիրական ռեժիմի տակ հայտնված ժողովուրդներից, երկրներից շատերը, այդ թվում նաև Հայոց Արևելից կողմանքը՝ Արցախի Հանրապետությունը, Մայր Հայաստանի Հանրապետությունը: Սկսվածն ամբողջությամբ հայ ժողովրդի սուվերենության, պետականության դեմ է:
Բնական աղետներին՝ կատակլիզմային, հաջորդեցին հումանիտար և բնապաշտական ճգնաժամերը, որոնք ՀՀ և ԱՀ հայության հանդեպ իրագործեց իրեն ամենազոր երևակայող Ադրբեջանի բռնապետը, իր մեծ եղբայրների, հանցագործ դաշնակիցների հետ ամբողջ աշխարհում օկուպանտ համարվող, իրեն դեմոկրատ ներկայացնող, տոտալիտար համակարգի ջահակիրներին պատճենող Ալիևը՝ որդեգրած ռեժիմով ու դրածոներով, սուտ էկոակտիվիստներ հանդիսացող մանիպուլանտներով: Վերջիններս փակեցին Լաչինը (Բերձորը), Արցախը աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը՝ փորձելով 44-օրյա պատերազմից հետո արցախցիների տնտեսական ու սոցիալական, ներքին կյանքի կաթվածահար դարձած օրգանիզմի պտուտակները լկտիաբար, անօրեն կերպով լարել և աշխատեցնել, քաղաքական խնդիրներին թելադրող ներկայանալ, զսպանակների շարժիչ մեխանիզմը դառնալ, ԱՀ քաղաքական ու դրանից ներքաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային կյանքի դեռևս ռիթմիկ, բաբախող կյանքի մեխանիզմը կաթվածահար անել, իր սատանայական հնարքներով փորձել ապացուցել աշխարհին, թե Արցախի հարցը վաղուց փակված է, և վե՛րջ:
Արցախդ ի՛մ վիրավոր, ցավանախշ, անտերունչ, լույս ու ստվերի, ահաբեկչության, շրջափակման, առաջնահերթորեն քաղաքական, ռազմական, ապա դրանց փոքր ու մեծ բաղկացուցիչ մասնիկներ հանդիսացող հումանիտար, բնապաշտական աղետի (դա կարելի է միանգամայն որակել որպես քաղաքական աղետ՝ ոչ ավելի, իր տարբեր դրսևորումներով հանդերձ) մեջ հայտնված, աշխարհի գերհզորների երազների երիցս ցանկալի իդեալական լանդշաֆտ ես դարձել: Հազար ու մի հարամու, խաբեբաների երեսից անորոշության մեջ ես հայտնվել, հազար ու մի անողնաշարավոր, անթասիբ, անհայրենիք իշխանավորների, օտարերկրյա «էլիտար», անբարո վաշխառուների կողմից՝ երկրի տերերի հանցավոր համաձայնագրերով թալանվել ես: Ժողովրդական-պետական հոգևոր արժեքներդ, հարստություններդ ծախվել, հանքերդ, վանքերդ, երգերդ, հողերդ, անդաստաններդ պղծվել, հրաշափառ ու գաղտնավոր երկինքներդ խաթարվել են: Պղտորվել է անեզր հոգիդ, խռովվել են արարչագործ մտքերդ, նահատակներդ անհասցե եզերքներում, ձորերի պռունկներին, լեռների կիրճերում, հայրենի անդաստաններում են մնացել, սառը, բզկտված մարմիններով տունդարձի ճանապարհներ են տենչում, ապրող, խղճուկ դավաճաններից ահեղ դատավճռով հարցմունքների պատասխաններ սպասում…
Արցախդ ի՛մ խիզախ, կողահաստ, հանց մենավոր, հազարամյա կաղնի՝ ստվերախիտ, դարերի հետ խոսք ու զրույցի, հերքումի ու հաստատումի ելած, արևի տակ հարատևելու համար բազում ելուզակների դեմ համառ ու երկարատև պայքարի ելած, աննահանջ, մրրիկներին դեմառդեմ՝ հզոր մռնչյունով խոհակից դարձած, ցավոք, հազար տեղից, հազար բորենուց հալածված ես, սիրելի՛ս: Ներս ու դրսից դավված ես, մերձավորներից՝ խոցված, սիրելիներից՝ անտեսված, հողիդ վրա, խախտված սահմաններիդ երկայնքով սահմանապահ տղերքի հրավառ ու հաճախ սառը շուրթերին պահանջատեր երդումներն են բարբառվում՝ թշնամյաց դեմ որպես շանթարգել ահազանգ, պատերազմի ու հաղթության երդում, դառնալով հազարամյա վրեժ ու ամենօրյա աղոթք ու փորձություն, ապա թե՝ հավիտենական ներկայություն՝ այս երկրի, այս հանճարաշուրթ ազգության չկրկնվող իղձերի, ազատության համար մարտնչող անպարտ զորագունդ, տրված ոգեղեն և մարտեղեն, չհերքվող ու չծախվող, հայրենապաշտ ու հայրենակարոտ մարտիկների կողմից՝ որպես ոգեկռիվ, մահվան ու պայքարի ահեղակոչ:
Դու զսպանակված մարտավարությամբ, խոլ-խիզախներով, հայրենիքի սրբությունները անվերապահորեն պահող-պահպանող, անբեկանելի ծածկագրով, արքենի հրովարտակով փաստված անբեկանելի ցասում ունես, սիրելի՛ս:
Նրանք՝ այդ երդումնավոր, գեղեցիկ ու ազնվագույն, վեհադեմ տղերքը, ազգային բանակի ռազմեղեն փարոսները, հայրենիքի միակ և անվերապահ նվիրյալները, հավատարմորեն կանգնած են սահմաններում`գիշեր ու տիվ, սառնամանիքին ու անձրևներին, բուք ու բորանին՝ հանո՛ւն հայրենյաց ազատության, հանո՛ւն հող-հայրենիքի սրբությունների պահպանման, մեռնե՜մ նրանց երդումին և բազկին…
Զորակցություններս, ի՛մ սիրելի քաջազուններ, անպարտնե՛ր:
Արցա՛խդ իմ Հայոց. քաղաքական խաղերի արդյունքում՝ խլված մայրական գրկից, ծավիաչվի, փիրուզյա աչքադիրով ես, սիրելի՛ս, վիրավո՛րս, վերքավո՛րս, ադամանդակիր առաքինությունների շաղախով ես դու, պսակակիր՝ ազատության, անկախության ոսկեգեղմով, երկնատես հանճարով, վաղնջական ժամանակներից արարված, մարտ վարելու մշակույթով, քաջությամբ եզակի՝ աշխարհին, բոլոր կարգի ներքին ու արտաքին թշնամիներին, բարեկամներին ի տես, ի զարմանս…
Հայո՛ց իմ Արցախդ անմրցակից, կանգնած ես աշխարհի քաղաքակրթությունների մայրուղում՝ արյունաքամ, ազնվադեմ, վարքամատյանի արյունլվիկ թերթիկներով, վարքակիր փայլով՝ ունկնդիր աշխարհի հզորների խաղերին, փնտրելով քո ազատության գողացված թալիսմանը…
44-օրյա պատերազմի ավարտի մասին նոյեմբերին կնքված պայմանագրի կետերն ամենևին չեն պահպանվում Ադրբեջանի կողմից:
Սա քաղաքական ցինիզմի վերջին մոլագար քայլերից է… Այն, կարծում եմ, անպայմանորեն կլինի շարունակական:
Հաստատ համոզվա՞ծ են մոլագարները, որ կմարսեն… Չեմ կարծում. ամենևին՝ ո՛չ…
Իսկ մեզ պարտադրված պատերազները շարունակական են, ունեն սողացող, այլադեմ բնույթ: Մեր բարեկամն առաջին հերթին մենք պետք է լինենք, առաջին հերթին ինքներս մեզ ապավինենք, գնահատենք քաղաքական իրավիճակի բարդությունը, մեծ խաղացողների հեռահար ծրագրերը քննենք առողջ մտքով, լինենք զգոն ու զգույշ՝ կարևոր քայլեր անելուց առաջ: Փաստենք միլիոներորդ անգամ՝ Արցախը պետք է մնա հայկական, հայեցի, հայրենապաշտ, անկախ, ազատապաշտ:
Փոքրից մինչև մեծ արցախցու ընտիր հատվածը զինվորացու-զինապարտ է՝ անկախ սեռից, մենթալիտետից, գործելու պատրաստ եղանակներից…
Իսկ այսօ՛ր… հումանիտար և բնապաշտպանական աղե՞տ (դա ոճրագործ խելագարի քաղաքական նենգավոր խաղն է): Հայ և օտար դիվանագետները թո՛ղ ձգտեն ճիշտը ներկայացնել աշխարհին, թո՛ղ կարողանան ընթերցել Ալիևի ներկայացրած պահանջների գաղտնագիրը և դրանցից բխող բոլոր հետևանքների ծանրությունը բացահայտել՝ Հայոց բնօրրան Արցախը հայաթափել, եղեռնի մատնել 120.000-անոց արցախահայությունը, խլված տարածքներին ավելացնել արքունի լանդշաֆտի վերջին բեկորները և անցնել-ծավալվել դեպի արդեն սկսած Մայր Հայաստանի սուվերեն տարածքներ…
Իսկ այսօ՞ր… փույթ չէ՝ ցրտի և սպասումի, անորոշության, խավարի ու ձնաբուքերի, հազարումի հարցադրումների մեջ ենք: Բայց…. բարձրահարկ ու ցածրահարկ տների պատուհաններից, որ երդիկներ են հիշեցնում, գալար-գալա՜ր բարձրանում է ծուխը՝ տաքացնելով մարդկանց՝ մանկանց ու տարեցների, մայր ու հայրերի ցրտահարված մարմինները, բայց… հոգիները բոլորիս ամուր են ու արհամարհող՝ դրսից ու հեռուներից սողոսկող անորոշության դեմ, լի պայքարի տրամաբանությամբ ու լույսի, հույսի արցախեղեն շռայլանքներով, սրբությունների հետբերմամբ, հայրենական հողերի ազատագրման աչքալուսանքներով, հաղթանակների այգաբացներով, Հայոց Արցախի շառավիղյալների արփիագեղ ճաճանչումներով: Հայոց Արցախի արևը խոստումնալից է ու մերթընդմերթ լիալույս մոր պես է մեզ անքննելի խապրիկներ ուղարկում երկնաերիզներից՝ ժպտալով գորովագութ շրթնածիրերով:
Փույթ չէ, դպրոցներում, բուհերում ևս դպրության ընթացքը տաք վառարանների հարևանությամբ է ընթացք ստանում կամ չստանում։ Արցախցին գիտի հարգել ու սիրել գիտությունը, մանչ ու պարմանիներին զինել ուսմամբ ու գիտելիքի զինանոցով, հայրենապահության դասերով, քայլել համաքայլ զարգացող աշխարհի հետ, գյուտել, հաղթել մրցաշարերում և ամենուր, բարձրացնել Հայոց Արցախի ու Հայաստանի Հանրապետության դրոշները, հնչեցնել ռազմի ու ազատության, սիրո կոչնակներ՝ մեր բազում սրբությունների կորստի ու դրանք պայքարով հետ ստանալու, քաջվորաց նահատակների հիշատակին ձուլված անկրկնելի մեղեդիներ արարելով…
Արցախցին գիտի տնտեսել ու ի՛ր քարից, հողից հաց արարել, սնել ի՛ր նամուսով որդկանց ու զինել ի՛ր մարտավարներին ու մարտափոխներին՝ տոգորված անչափելի սիրով, վաղվա հանդեպ հավատով, դժվարությունները, փորձանքները հաղթահարելու առաքինի մշակույթով զարդարված, ազգային գաղափարակարգից բխող գաղափարայնությամբ զինված:
Մի օրական չենք մենք, մեր անձնագիրը վավերացված է վաղնջական ժամանակներից, ու դարահեծ ձախորդությունները, սովն ու զրկանքները, պատերազմները, անհուսությունները մեկ անգամ չեն արցելել մեզ՝ կողահաստներիս ու մեր նախնյաց բոլոր-բոլո՜ր սրբություններին երդում տվածներիս…՝ այս սրբազան հողում մշտապես լինել ներկա՝ որպես տեր ու տնօրեն, որպես քայլող հավերժություն:
Հացապաշտ ենք, հացի նշխարով էլ կապրենք, մեր սեղանները կլինեն հացանախշ, մեր հաց արարողները՝ մշտարթուն ու սիրառատ, արցախյան տոհմիկ հոգեբանությամբ զինված, մենթալիտետի բարձր մակարդակով, արարման ոգով ամրապինդ… կհասնենք մեր լինելության հաղթակամարին, կդատապարտենք ներքին թշնամիներին դավաճանի պիտակով, կծիծաղենք նյութապաշտ օկուպանտների ստերի վրա, կարհամարհենք նրանց հնարած բոլոր կեղծապատիր մեթոդներն ու սպառնալիքները:
Մեր իկեբանաները յուրահատուկ են՝ աներևակայելի տարրերից բաղկացած ու… թանկագին են, բազմախորհուրդ. և այսպես՝
Պարունակություններն ու կառուցվածքը՝
Անձեռոցիկներով,
Ծխախոտատուփերով՝ տարատեսակ,
Մրգերով՝ բանաններով, խնձորներով, նարինջով, տանձերով,
Բիբարով, գազարով, բանջարի տեսականիով զարդարված,
Նռներ՝ արցախյան օրնամենտներով,
Թեյեր՝ սիզախոտերով, սիրախոտերով, տարբեր նշխար-խոտաբույսերով,
Ուրցախրձերով՝ զգլխիչ բույրերով, գաղտնավոր տարատեսակներով և այլն…
Լույս ու ստվերի, անողոք տեսիլների, հավատի ու խաբվածության, ցավի ու զրկանքների, անողոք կողոպուտի ենթարկված հազարամյա պատմական տարածքների համար վրեժամատյանի հարցումներին ո՞վ պետք է պատասխան տա, բազում նահատակ խիզախ տղաների տված վերջին երդումներին, պատասխանների սպասող նրանց ոգեկռվին ո՞վ ընկերակից կլինի, և արդյոք կլինի՞, անշուշտ-անշո՛ւշտ կլինի, կլինեն ի՛մ քաջ ու թասիբով տղերքը՝ անբեղ, անմորուս ի՛մ խիզախները, պատերազմների բովում հաղթանակած, իմաստնացած անվրեպ մարտավարները, հարենյաց նվիրյալ-պաշտպանները՝ պատրաստ նետվելու ռազմադաշտ՝ հայրենիքի անվտանգության դիրքերից տրված հրամանները սրբորեն կատարելու, ոչ թե ներքին դավաճանների կողմից տրված նահանջի հրամաններ սրբագրելու, հայրենիքը մատնելու կործանման…
Մենք պետք է ճիշտ հաշվարկ անենք, այդ ամենին փորձենք դիմադրել քաղաքական ճիշտ եղանակներով, որ հետո սխալված չլինենք, քանզի թշնամին խորամանկ ու խաբեբա է՝ զինված կեղծության, անօրինության, կաշառքի քարտերով, որոնք փորձում է հաստատել միջազգային բազմաբնույթ նորմերներին համապատասխան, իրավական ուժ ունեցող փաստաթղթերով:
Թո՛ղ ականջներին օղ անեն մոլագարները՝ Արցախը գերեվարել զառանցողները:
Արցախի հազար տարվա նահատակները, մեռյալները, ձորերը, լեռները, Մայր Տրտուն, սար ու անդաստանները, Քիրս ու Մռով, անդնդախոր և կուսական կիրճերը ևս զինվորյալ են… Մեռնե՜մ նրանց, իմ անզուգական Զորագնդի յուրաքանչյուր մարտիկին, մեռնե՜մ նրանց գործած ու գործելիք սխրանքներին, նրանց գրված ու չգրված անունների պատվավոր շարքին, նրանց ծնված ու դեռևս չծնված քաջազունների անմրցակից բանակին…
Օ՜ն, երդմնակիրնե՛րս հավատարիմ, սիրելինե՛րս՝ անզուգական, ազգապահպան, սահմանապահնե՛րս երդվյալ:
Կորուստներ տվածները կիմանան թանկագին կորուստների գինը, հաղթանակներ արձանագրածները կվերահաստատեն հաղթանակների անգնահատելի արժեքը ու կհասնեն վերջնական հաղթանակների, կտոնեն դրանք ազգովի…
Իմացե՛ք, Ալիև ու քո ողորմելի ուսուցիչներ, մենք անմրցակից Արցախցիներ ենք՝ այսօր և ընդմի՛շտ, ԱՐՑԱԽԱՄՈՒՐ ԱՇԽԱՐՀԻՑ…
Տողերս շարադրել եմ, փույթ չէ, ցրտահար մատներով, հրազեն հավատով, ոգեղեն անպարտելի լիցքերով լցված, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, լավագույններից յուրաքանչյուրը՝ ոգով, հավատով, զինավառությամբ անպարտները՝ հայրենիքի ապագայի հանդեպ լցված աչքալուսանքի զորեղ կանխատեսումներով…
Ստեփանակերտ, 10. 02. 2023 թ.