Սիգիտաս Գյադան լիտվացի հայտնի բանաստեղծ է, դրամատուրգ, էսսեիստ, գրականագետ և թարգմանիչ: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, որոնցից ամենահայտնիներն են Լիտվայի ԽՍՀ պետական (1985), Լիտվայի ազգային (1994), Լիտվայի Հանրապետության կառավարության (1997), Յատվյաժի (1997) և Բալթյան ակադեմիայի մրցանակները (1998):
Գրական և մշակութային բնագավառների մրցանակներից բացի, պարգևատրվել է Լիտվայի Մեծ իշխան Գյադամինասի շքանշանի սպայական խաչով (1998 թ.)։
Լիտվերեն թարգմանել է «Երգ երգոցը», «Ղուրանը», Կորնեյ Չուկովսկու, Սերգեյ Եսենինի, Իոսիֆ Բրոդսկու, Մարինա Ցվետաևայի, Գենադի Այգիի, Պոլ Սելանի, Գեորգ Թրակլի, Յոհաննես Բոբրովսկու, Արթուր Ռեմբոյի, Շառլ Բոդլերի, Ֆրանսուա Վիլոնի, Օմար Խայամի, Ադամ Միցկևիչի, Չեսլավ Միլոշի, Նովալիսի բանաստեղծությունները, Դանթեի «Vita nuova» («Նոր կյանք») ժողովածուն և Շեքսպիրի սոնետները։
Սիգիտաս Գյադայի բանաստեղծությունների գրքերը թարգմանվել և հրատարակվել են անգլերեն, հայերեն (Ֆրունզիկ Կիրակոսյանի թարգմանությամբ), լատվիերեն, գերմաներեն, նորվեգերեն, լեհերեն և ռուսերեն: Ս. Գյադայի բանաստեղծությունները ռուսերեն են թարգմանել Գեորգի Եֆրեմովը, Վլադիմիր Միկուշևիչը, Դմիտրի Շչեդրովիցկին։
Հայ պոեզիայի անթոլոգիայի համար Սիգիտաս Գյադան թարգմանել է Վահագն Դավթյանի, Ռազմիկ Դավոյանի, Զահրատի և Արտեմ Հարությունյանի բանաստեղծությունները։ 1985 թ. Սիգիտաս Գյադայի թարգմանությամբ լույս է տեսել Վահագն Դավթյանի «Նռան գույնը» բանաստեղծությունների գիրքը։ Ավելի քան տասը տարի լիտվացի բանաստեղծը աշխատել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանի թարգմանության վրա, որը լույս է տեսել 2000 թվականին, իսկ 20 տարի անց Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի շնորհիվ լույս է տեսել երկրորդ հրատարակությունը։
ՍԻԳԻՏԱՍ ԳՅԱԴԱ – 80
Վերադարձ Կովկասից
Մանուկներն այստեղ թուխ են կավի պես,
Եվ արծաթյա են գառնուկներն ասես:
Այստեղ տենչալով ու երազելով
Ո՞վ է մահացել, ո՞վ է կենդանի:
Ուրիշ ափերից այստեղ հասնելով՝
Կուզեի դառնալ ես Լեռ ու Քամի:
Կսուրա դեպի անսահմանություն
Թրթռուն ու տաք կյանքը գյուղական…
Խրախճանք պիտի սարքեն այս գետում
Էլեկտրոններն ու վտառը ձկան:
Իսկ մենք, իմ հոգի՛, պիտի դանդաղենք
Ու պատմենք պիտի մեր ամբողջ կյանքում,
Թե ինչպես էին հովիվներն այնտեղ
Սրինգ նվագում:
Թե ինչպես հետո ողջ Ռուսաստանին
Մի կանաչավուն մշուշ էր թառում,
Ու բեկված խաչով ժամատունը հին
Սպիտակին էր տալիս անտառում:
Եվ հոգիս, հոգիս համրանա պիտի
Ու շնչի հազիվ,
Երբ ամեն անգամ իմ հայացքի դեմ
Բնանկարը փռվի Կովկասի:
* * *
Ես Լիտվայի մեջ սուզվեցի կրկին,
Այնտեղ հավքեր կան, քամի կա ու կին:
Իմ արյունատար երակներն էին
Քամու հետ խայտում…
Եվ թևածում էր մի հսկայական,
Շիկավուն արտույտ:
Երակների պես բաբախող գետեր
Եվ կանայք, որպես գունավոր թիթեռ,
Եվ աչքերիս մեջ ու աչքերիս դեմ՝
Ծփացող խոտեր…
Եվ խոտերի մեջ,
Որ ալիքներն են իմ դեմ տարածում,
Մի ինչ-որ կարմիր հոտ է արածում:
Ես կայի՞ արդյոք, թե՞ ես չեմ եղել,
Գուցե երազ է դա մի հողեղեն…
Թարգմանությունը՝ Վահագն ԴԱՎԹՅԱՆԻ
1972 թ.
Սիգիտաս Գյադայի նամակները Ֆելիքս Բախչինյանին
* * *
Սիրելի՛ Ֆելիքս,
«ՎԱԳԱ» հրատարակչությունը այժմ կազմում է գրքերի թարգմանության պլաններ, որոնք լույս կտեսնեն 1986-1990 թվականներին: 1989-1990 թվականի պլանի մեջ ես առաջարկեցի ներառել Նարեկացու գրքի թարգմանությունը (գուցե մի մասը կթարգմանի հարգարժան Է. Մեժելայտիսը, այժմ նա ասում է, որ ես մենակ թարգմանեմ… Տեսնենք): Պետք է Քո օգնությունը: Կարո՞ղ եմ ես հայերեն որևէ տողացի թարգմանության ակնկալիք ունենալ: Գուցե Դու լսե՞լ ես, թե Մոսկվայում երբ լույս կտեսնի Վ. Միկուշևիչի թարգմանությունը: Նա ինքը Նիդայում եղած ժամանակ խոսում էր այդպիսի գրքի մասին: Այն, որը Դու նվիրել ես ինձ, ես ունեմ:
Շատ եմ խնդում Քեզ օգնել ինձ:
Մեծ ողջույններ Լիտվայից:
Քո Սիգիտաս Գյադա
Վիլնյուս, 06.11.84 թ.
* * *
Սիրելի՛ Ֆելիքս,
Ի սրտե շնորհակալ եմ նամակի և շնորհավորանքների համար:
Նախևառաջ ես ուրախ եմ, որ դու ողջ և առողջ ես:
Այս ընթացքում մենք կորցրինք մեր ընդհանուր ընկերներից, ծանոթներից, կոլեգաներից, մտերիմներից շատերին: Ոմանք մահացան, ոմանք պարզապես բաժանված են սահմաններով, կյանքով և այլն: Այն, որ Օրհնյալ Գրիգոր Նարեկացին (երբեմն ես նրան անվանում եմ լիտվական լադով) լույս տեսավ լիտվերեն, նաև Քո մեծ վաստակն է: Ես ինքս հավանաբար չէի համարձակվի: Պետք է անկեղծորեն խոստովանեմ՝ ես վախենում էի… Հիմա արդեն ամեն ինչ իրականություն է դարձել: Ի դեպ, Գրիգորի շնորհիվ ես կատարեցի ևս մի աշխատանք՝ թարգմանեցի Դավիթի «Սաղմոսագիրքը» կամ սաղմոսները: Գիտե՞ս Նարեկացու մոտ կան շատ մեջբերումներ, հարասություններ սաղմոսներից, իսկ լիտվերեն կանոնական թարգմանությունները ինձ համար կարծես հարմար չէին:
Իմ հոբելյանի առթիվ քսյոնձ Վացլովաս Ալյուլիսը (նա խմբագրել է Սուրբ գրքի լիտվերեն մի քանի հրատարակություններ, երկար ժամանակ աշխատել է Հռոմում որպես Մարիայի շքանշանի գեներալ, այժմ կրկին Վիլնյուսում է) ինձ ուղարկեց գրքի թարգմանության վերլուծությունը: Գովեստի շատ խոսքեր էր գրել, գլխավորը՝ բերանից թռցրել էր, որ Սիգիտասը «դժոխքում չի այրվի» (երկնքի մասին՝ ոչ մի խոսք, լավ կլինի քավարան գնալ): Եվ այս ամենը, ցավոք սրտի, գիրքը լույս տեսնելուց չորս տարի հետո: Ժամանակները փոխվեցին, ես մտածում էի, երբեք էլ լույս չի տեսնի: Լավ է, որ այդ ընթացքում հասցրինք այն «դուրս կորզել» թարգմանությունների շարքից: Առանձին հատորը աղոթագրքի տեսք ունի: Հայր Վացլովասը որոշ ժամանակ եղել է «պրոֆեսոր» ԱՄՆ-ի վանքերում. նա պատմում էր, որ այնտեղ վանականները այնպես էին միաձուլվում Գրիգորի աղոթքներին, որ լաց էին լինում: Ես ինքս շատ եմ խոսել նրա մասին Գերմանիայում և Շվեդիայում (անցած տարի այնտեղ լույս է տեսել իմ պոեզիան): Ի դեպ, դու հիշատակում ես Ս. Գյադայի հայերեն գրքի մասին: Ո՞վ է այն թարգմանել: Առաջին անգամ եմ լսում այդ մասին:
Գալ Հայաստան, մանավանդ՝ աշնանը և այդպիսի առիթով, իսկական տոն կլիներ: Աշունը Հայաստանում հավանաբար կախարդական է, ես այնտեղ եղել եմ միայն գարնանը (հավանաբար 1964 թ., 40 տարի առաջ):
Գրիր, թե Դու ինչպես ես ապրում: Մենք տեղափոխվել ենք Անտակալնիս, գետից ոչ հեռու, Սբ. Պողոս և Պետրոսի մոտ:
Ուրշուլեն արդեն սովորում է համալսարանի երրորդ կուրսում, ուսումնասիրում է պատմություն, սովորել է իտալերեն: Վիլնյուսում այժմ գործում է Իտալական մշակույթի կենտրոն: Գրաժինան աշխատում է «Տարվա եղանակների» խմբագրությունում, իսկ ես՝ «Հյուսիսային Աթենքի»: Վերջին թարգմանությունները, այսինքն՝ գրքերը, որ լույս են տեսել, Օմար Խայամի «Ռուբայաթներն» են և «Երգ երգոցի» նոր թարգմանությունը: Ես ստացել եմ տարբեր մրցանակներ և շքանշաններ, բայց հին բարեկամներն ու մտերիմները ավելի լավն են:
Անկեղծորեն՝ Սիգիտաս
Սրտագին ողջույն
Մեր հասցեն. Ս. Գյադա,
Յունյուսի փող. 1-23, 2055 Վիլնյուս
26 փետրվարի, 2003 թ.